Այդպես լինում է...

«ArtCollage»-ը ներկայացնում է Գեղեցիկ Մարգարյանի «Այդպես լինում է» պատմվածքի երրորդ՝ վերջին մասը: Պատմվածքի առաջին և երկրորդ մասերը կարող եք կարդալ հղումներով:

 

***

 

Տարբեր ազգություններով բնակեցված այդ քաղաքում, որտեղ անցել էր Մաքսի մանկությունը, ինչեր ասես չէին լինում: Այդ ինչերից էին բակային «միջ-ազգային» կռիվն ու ծեծկռտուքները: Քիչ է ասել, թե դրանց մասնակցում էր փոքրիկ Մաքսը. նա հաճախ դրանց կենտրոնում էր հայտնվում:

Երբ մահացավ հայրը՝ բոլորովին անսպասելի ու անժամանակ, նա ընդամենը հինգ-վեց տարեկան տղուկ էր: Միանգամից տղամարդացավ: Ինքն էր անում տան առևտուրը, որոշում, թե ով իրավունք ունի իրենց այցելելու, ով` ոչ: Տուն չէր թողնում անգամ մոր հաճախորդներին, որոնք զգեստներ պիտի պատվիրեին: Իսկ խնջույքների էլ, եթե մասնակցում էին, անգամ երբ դրանք իրենց տանն էին անցկացվում, մայրն իրավունք չուներ նայելու որևէ մեկի ուղղությամբ կամ զրուցելու որևէ մեկի հետ:

Մի անգամ խարույկ էին վառել իրենց բակում և տղաներով հավաքվել դրա շուրջը, երբ  ադրբեջանցի ընկերը Մաքսենց պատուհանի տակ աճող ձիթենուց դալար ճյուղեր պոկոտեց և նետեց կրակի մեջ: Մաքսը սաստեց ընկերոջը, որ չպոկոտի, որ դա իր պապի տնկած ծառն է: Նրա լեզգի ընկերն էլ իր կողմը բռնեց, ու երկուսով կարգին խեղճացրին ադրբեջանցուն: Սակայն վեճը թեժացավ, ամեն մեկն իրենը պնդեց, ադրբեջանցի ընկերը վազեց տուն և րոպեներ չանցած` վերադարձավ հոր հետ: Վերջինս, առանց որևէ բառ ասելու, բռնեց Մաքսի ոտուձեռից, պահեց խարույկի վրա ու սպառնաց, թե`

-Հիմա ոնց ես, որ գցեմ կրակի մեջ, դու քանի՞ գլուխ ունես, որ տղիս բան ասես կամ վրան ձեռ բարձրացնես:

Տնեցիներն էին ասում, որ այդ դեպքից հետո Մաքսը գիշերները գոռում էր, վեր թռչում անկողնուց, տարբեր անհասկանալի բաներ ասում…

-Լավ եմ հիշում, որ տատս ինձ տարավ մի տարիքով մարդու մոտ: Էդ մարդը մոմ թափող էր, վախը չափող, ինքը իմ վախը չափեց, ու դրանից հետո գիշերները չէի գոռում, վախս էլ անցավ:

Այս նույն բանը նույն բառերով քանի-քանի անգամ էր պատմել Սիմային, ամեն անգամ էլ թերևս ինքն իրեն հավատացնելու համար, թե ոչնչից չի վախենում:

Սակայն ամեն անգամ էլ` ԳԱԶԱՆԻ խաղաղվելուց հետո, նա գրկում էր Սիմային, հեկեկում մանկան պես, խնդրում, որ մոռանա իր հասցրած հարվածներն ու բառերը, աղաչում, որ ազատի իրեն վախից, պատմում էր, թե ինչպես են իրեն հետապնդում, ինչպես են ուզում իրեն սպանել...

Վախն անցավ թե չանցավ մոմ թափելուց հետո, բայց մայրը պատմում էր, որ մինչև բանակ գնալն էլ հաճախ էր լսում որդու լացի ձայնը, թե ինչու ինքը հայր չուներ, որ իրեն պաշտպաներ այն ժամանակ, ու էլի ուրիշ անգամներ, որ եթե հայրը ողջ լիներ, ոչ ոք չէր համարձակվի իր հետ այդպես վարվել:

Մի դաժան փորձություն էլ խորհրդային բանակն էր եղել. ծառայություն, որն անցել էր ադրբեջանցիներով լցված զորամասում. մի քանի հայ տղաներ միայն, ու ամենօրյա, գրեթե ամենօրյա ծեծկռտուքներ ու պատիժներ...

Այդ պատմությունները Թագուհին լսել չէր կարողանում, նեղվում էր, հաճախ ձևացնում էր, թե լսում է, որպեսզի խուսափեր Մաքսի հարվածներից: Սակայն նա միայն պիտի չլսեր, պիտի ուղիղ նայեր ամուսնու աչքերի մեջ. այդպես պիտի լսեր, այլապես հետևում էր հարցը` куда ты смотришь?, ու ինքը հերթական անգամ կապտուկները ծածկելու հնար էր փնտրում…

Քանի՜-քանի անգամ փողոցով միասին քայլելիս Թագուհին անակնկալի է եկել, թե ինչպես է Մաքսը կտրուկ շրջվում, ձեռքերով պաշտպանում գլուխը, դեմքը, անհասկանալի շարժումներ անում, հայհոյում ինչ-որ մարդկանց, հետո բացատրում Թագուհուն, որ իրեն հետևում են…

Կարկամում էր Թագուհին, լռում, քանի որ ինչ պատասխան էլ գտներ, անխուսափելի էր լինում շրջանցել սարսափը. հենց փողոցում` հայհոյախառն արտահայտություններ, հարվածներ, անասելի նվաստացում, ցավ. և պիտի լռեր ինքը, պիտի թույլ չտար որևէ մեկի միջամտությունը, քանի որ հետևանքն անկանխատեսելի կարող էր լինել: Եվ այդ ամենի մասին պիտի շատ արագ մոռանար, չհիշեցներ հանկարծ` ԳԱԶԱՆԻ հաջորդ արթնացումից խուսափելու համար: Թեև որքան էլ ջանում էր, ոչինչ չէր ստացվում. Երկու-երեք շաբաթ ձգվող ընդմիջումները հաճախացել էին: Դրանք արդեն յուրաքանչյուր երկրորդ-երրորդ օրն էին կրկնվում:

Ահա թե ինչպե'ս էր անցել վախը…

Մանուկ Մաքսն այն ժամանակ դեռ չգիտեր, որ դա սկիզբն էր, որ ոչ միայն ձիթենու ճյուղը, տարիներ անց տունուտեղից պիտի իրենց պոկեին, որ տակավին 18-20 տարեկան` պիտի ինքը ընտանիքին հրաշքով փրկեր կոտորածից, գնացքի վագոնում, ընդամենը երկու հոգով` ինքն ու քեռին, պիտի կանգնեին մի խումբ ադրբեջանցիների դիմաց, մի կարգին ջարդ պիտի տային, ու դեգերումներով պիտի Երևան հասնեին: Ու մայրն ամեն լուսաբացի անգիր արածի պես պիտի կրկներ` էն Աստուծ, հուր ում մին կտօր հաց տըվալ, վէր խօխեքս էտ դժոխքան պըրծալ ըն…

 

***

Իզուր չեն ասում, որ ցավը մի քանի դռնով է ներս մտնում…

Ինչ կա առավել սարսափելի ամենքին ու ամեն բան կորցրած մոր համար, քան տեսնել, թե ինչպես է տառապում որդին, և ինքը ոչինչ փոխել չի կարողանում…

Հետո Թագուհին երկար պիտի փորձեր սկեսրոջն արդարացնել ծնողների աչքում, երբ ամեն անգամ մայրը անիծում էր ամուսնու մորը, որ աղջկանից թաքցրել է որդու հիվանդությունը, որ չի ասել ճշմարտությունը ու չի կանխել այն տառապանքները, ինչի միջով անցնում էր Թագուհին:

-Չե՞ք հասկանում. մայր է-, ընդամենը այս մեկ նախադասությունն ամեն անգամ, և խնդրում էր մորը`այդ թեմայով այլևս խոսակցություն չբանալ...

Թագուհին ինքն էլ երբեմն տրվում էր մոր հոսանքին, բայց և դարձյալ անմիջապես կորցնում իրականությունը մտքով ընկալելու կարողությունը. ախր ո'ր մայրը չէր փորձի ամեն գնով պահել էն փոքրիկ լույսը, որը պիտի վերջին հույսի նման վառվեր որդու ճամփին: Ու այդ լույսը ինքն էր, իր ներողամտությամբ ու լռությամբ, իր անսահման նվիրվածությամբ և հոգածությամբ:

-Չե'ք հասկանա, մայր է,- ասում էր ու արդարացնում ամուսնու մորը. հետո ինչ, որ որդու կինն էլ պիտի անցներ այն նույն դժոխային տեսարաններով, որոնցով տարիներ շարունակ, գոնե ամիսը մեկ-երկու անգամ, անցել էր ինքը: Դիպվածներ էր վերափոխել, ԴՐԱՆ քողարկող մանրամասներ էր հորինել, դուրս չէր եկել տնից օրերով` կապտուկները մարդկանց աչքերից թաքցնելու համար, չոքել էր տան սրբի անկյունում ու ողբացել, ողբալով անիծել էր որդուն էդ օրին հասցնողներին ու իր բախտը...

Մա'յր էր...

Երբ դեռ նոր հանդիպեց ԴՐԱՆ, Թագուհին չէր կարողանում ինքն իրեն համոզել, որ հավատար զգացածին ու տեսածին: Հոգեբանական-հոգեբուժական հոդվածներ էր գտնում, կարդում, թաքուն, ամուսնու աչքից հեռու ֆիլմեր էր դիտում անձերի երկվության մասին, ամեն անգամ փորձում էր դրվագները համադրել-վերլուծել, երբ կորցնում էր գլուխը, հանդիպումներ էր փնտրում մի քանի ընկերուհիների հետ, որոնք դեռ մնացել էին իր կողքին, որոնց մոտ բացել էր սիրտը ու որոնցից թաքցնել չէր կարողանում այն մղձավանջը, որում ապրում էր:

Հակառակում էր նրանց` հոգու խոսքում համաձայնելով նրանց մտածումներին...

Բայց ինչ օգուտ, երբ...

Երբ խաբված լինելը գերադասում էր իրականությունից:

Կին էր...

 

***

Այն օրվանից, երբ Մաքսի համար պարզ դարձավ, որ մայրն անբուժելի հիվանդ է, երբ հասկացավ, որ մարում է վերջին հույսը` փրկելու իր սրբության սրբոցին, նրա մոտ սրացումները հաճախակի դարձան:

Դրանք սկսվում էին ոչնչից...

Եվ ավարտվում էին ոչնչով…

Ոչնչով, քանի որ ամեն անգամից հետո Սիման որոշում էր`վերջ, հեռանում է, գնում է, փախչում է տնից: Որոշում էր ու կառչած մնում ընտանեկան պատերից…

Հետո սկսվում էին խաղաղության օրյակները, մոռացվում էին կապտուկները, հիշոցները, գոռոցները, սպառնալիքներն ու անտանելի գիշերները…

Հեռանալը հետաձգվում էր բնազդային գազանության հերթական դրսևորմամբ…

Ու քանի գնում, այնքան անիրական էր դառնում հեռանալու կամքի դրսևորումը…

Անտանելի էր, անդիմադրելի, երբ ամեն բան մոռացած`Մաքսը անպաշտպան երեխայի նման, որ վախենում է իր ստվերից անգամ, գրկում էր Թագուհու ծնկները, չոքում դիմացը և հավաստիացնում, որ այլևս երբեք-երբեք չի կրկնվի ԴԱ…

Քանի անգամ երդումի տեքստերով թելեր կապեց դաստակին, ու քանի անգամ այդ թելերը կտրվեցին անզորության դանակով. ոչինչը չէր կարողանում կանխել ԴՐԱ հայտնվելը...

Այդ ԳԱԶԱՆԸ հայտնվում էր ոչնչից ու հեռանում ոչնչով…

Ամուսնու մայրը ոչ մեկին տեսնել չէր ուզում, հատկապես ծանր վիրահատությունից հետո, երբ գամված էր անկողնուն:

Հիվանդասենյակում միակ վստահելին Սիման էր:

Բոլորը գիտեին, որ դա վերջն է, բայց լուռ համաձայնությամբ խաբում էին մեկը մյուսին, թե քիչ մնաց, շուտով ոտքի է կանգնելու, շուտով տուն են գնալու…

Վերջից ընդամենը երեք օր առաջ, քանի դեռ հասկանալի էին սկեսրոջ հատուկենտ բառերը, նա բռնել էր Սիմայի ձեռքը, արցունքի միջով աղաչել` дочка, умоляю, не бросай его, он погубит себя, обещай мне...

Ու հալվել էր Սիմայի սիրտը, ու հերթական անգամ մոռացության էր մատնել դժոխային դիպվածները, որոնցով անցել էր ու դեռ, համոզված էր, անցնելու է: Աչքերը հավիտյանս փակած սկեսրոջը խոստում էր տվել, որ ինչ էլ լինի, չի թողնելու  որդուն...

 

***

Ու ապրում էր խոստումի և տագնապալից անորոշության արանքում:

Մի դարձուցանէր զերեսս քո յինէն` յուրաքանչյուր լուսաբացի, երբ բացվող օրից վախեցած, թե`այս անգամ ինչ կբերի, շշնջում էր հայտնի սաղմոսի տողերը, երանի էր տալիս այն անհոգ օրերին, երբ գրաբարի դասին այնքա~ն թեթևությամբ ասում էր նույն տողերը` գնահատական ստանալու համար, ապա նաև յուրաքանչյուր բարդ քննությունից առաջ` ի տես իր խենթ ու խելառ կուրսընկերների, որոնք ամեն անգամ հակադարձում էին իրեն, թե ինքը Տիրոջ կարիքը չունի, որ իր գերազանցը կա ու կա...

Ի՛նչ իմանար, որ  «յավուր նեղութեան» պիտի մենակ մնար իր իսկ ձեռքով բացած անդուռ-անելք օրերի դիմաց...

Ինչ իմանար, որ երբ մոռանում ես անձդ, անպայման հայտնվում է մեկը, մի դիպված, մի ուժ, որ կառավարում է քեզ, ու այդժամ, որքան էլ պաղատես, աղաղակդ առ Տեր չի հասնում...

 

***

Ամուսնու մոր ծննդյան և մահվան օրերին  այցելում էին նրան, խունկ ծխացնում, մոմեր վառում, ու երդվում էր Մաքսը, որ այլևս երբեք-երբեք ձեռք չի բարձրացնելու Սիմայի վրա: Երդումից հետո դաստակին էր կապում հյուսած թելը /դրանցից իրենց պահարանի հազարումի մանրուքի դարակում արդեն մի քանիսը կային/…

Խոնավանում՝ ջուր էր դառնում հերթական թաշկինակը...

Գնահատանքի ու սիրո հավաստիացումներ, ու համբույրներ, ու խոստումներ...

Մինչև ԳԱԶԱՆԻ հաջորդ արթնացումը…

Գիշերները, երբ կեսքուն-կեսարթուն աչքերը բաց էր անում տարօրինակ ձայնից (ամուսնու ձայնից. նա կանգնած էր լինում հայելու դիմաց ու ինչ-որ սյուժեներ էր պատմում` հետևելով իր դիմախաղին, մի քանի անգամ էր պատմում, նույնը, սակայն բառեր էր ավելացնում կամ պակասեցնում, ձայնը մերթ սաստիկ, մերթ մեղմ դարձնում, նաև ծիծաղում, ապա խաղաղվում, նորից սկսում….), աշխատում էր լուռ մնալ, անգամ շարունակում էր համաչափ շնչել ու արտաշնչել, որ Մաքսն հանկարծ կասկած չունենար, թե արթուն է ինքը և լսել է իր մենախոսությունները (թե՞ երկխոսությունները. դրանք բնավ նման չէին մենախոսությունների. դրանք ՄԵԿԻՆ ուղղված հարցերի ու ՄԵԿԻՑ ստացած պատասխանների էին նման... Միայն թե հասկանար Սիման` ում...):

Թագուհին լավ է հիշում բյուրեղապակյա ծանր մոխրամանի հարվածը. մի ամբողջ թաշկինակ, ավելի ճիշտ, այրված-գրեթե մոխրացած թաշկինակ տեղավորվեց գլխին բացված վերքի խոռոչում…

Էլի մի անմեղ դիպվածից հետո…

Օր օրի վրա փակվում, կծկվում էր ինքն իր մեջ: Չէր խոսում ոչ մեկի հետ: Հարազատներ, ընկերներ, ծանոթներ…

Կնոջ մտերիմներին պատժելու Մաքսի հոխորտանքներն այնքան ահասարսուռ էին, որ զգուշավորությունից ելնելով`Թագուհին բոլորին հեռու էր պահում ԴՐԱՆԻՑ: Դադարել էին այցելություններն ու հյուրեր ընդունելը: Աշխարհը տեղավորվել էր մի սև քառակուսում, որտեղ յուրաքանչյուր պահ կարող էր տեղի ունենալ ողբերգություն:

Ելք էր պետք...

Հուսահատ մի օր Թագուհուն թվաց, թե գտել է այդ ելքը:

Անպայման պիտի գնալ հոգեբույժի մոտ: Ինչ գնով ուզում է լինի: Ինքը կստի, կասի, որ իրեն է դա պետք, որ սարսափներ են հետապնդում իրեն: Ինքը կգտնի Մաքսին հոգեբույժի մոտ հասցնելու ձևը: Երբ նա սովորական էր, կատարում էր Սիմայի սրտի ցանկությունները, իսկ երբ մի փոքր վատառողջ էր լինում կինը, երեխայի նման կողքից չէր հեռանում: Հիմա էլ կհորինի, կասի, որ հոգեբույժի կարիք ունի, ու կգնան: Ինքը կխոսի բժշկի հետ առանձին, կասի` ինչն ինչոց է, հետո դուրս կգա, կթողնի, որ բժիշկը զրուցի ամուսնու հետ:

Գրեթե չէր կասկածում, որ կհաջողվի իրեն, որ շուտով կսպանվի Մաքսի մարմնում թե հոգում ապրող այդ ԳԱԶԱՆԸ…

Ավա~ղ, դա խեղդվողին բաժին ընկած փրփուրն էր`պարզվեց…

Հերթական անհաջող փորձը` փրկելու իրե՞ն, թե՞ ամուսնուն…

Ինչպես և մտածել էր, նախ ինքը մտավ բժշկի մոտ: Որքան էլ փորձում էր հանգիստ ներկայացնել իրականությունը, չէր ստացվում: Խոսելիս խառնում էր ժամանակները, դեպքերի ընթացքը, կարևորն ու անկարևորը, դիպվածների նկարագրությունը դժվար էր վերարտադրում, ինչը պիտի մասնագետին  ճիշտ պատկերացում ունենալու հնարավորություն տար: Հուզվում էր, կորցնում մտքի թելը, դեռ մի բանը չավարտած` սկսում էր հաջորդ ասելիքը, կիսատ թողնում դա էլ...

Ու արցունքը կոպերի տակ սեղմելով` նայում էր բժշկուհու հարցական դեմքին: Մի՞թե չի հասկանում իրեն:

Չէր հասկանում:

Եթե ինքն իրեն լսելու հնարավորություն ունենար, ինքն էլ կհասկանար, որ իր ասածից որևէ բան հասկանալն ու համապատասխան եզրակացություն անելն անհնար էր: Պատմածի կեսից ավելին իր մասին էր, այն դառնադարձ օրերի, որոնցով անցել էր այդ տարիներին, իր իսկ ձեռքով խորտակած անուրջների մասին:

Թերևս իրեն լսելուց հետո յուրաքանչյուր սովորական մարդ, անգամ ոչ հոգեբույժ, կմտածեր, որ հենց իրեն է անհրաժեշտ հոգեբույժի օգնություն:

Միայն լսեց, որ ի պատասխան իր հարցին, թե` կանչե՞մ ամուսնուս, բժշկուհին նախ անորոշ թոթվեց ուսերը, ապա թե`կանչեք...

Երբ ամուսինը դուրս եկավ բժշկուհու չափազանց սիրալիր ուղեկցությամբ, ինքն արդեն հասկացավ, որ հույսն ի դերև ելավ:

Ի տարբերություն իրեն`ամուսինն այնքան վարժ էր տիրապետում բժշկական  բառապաշարին, իրավիճակները հօգուտ իրեն ներկայացնելու շնորհքին, որ տունդարձի ճանապարհին արդեն հանգստացնում էր կնոջը, թե` ոչինչ, դու մի քիչ հոգնած ես, մի քիչ շատ ես կարդում, մի քիչ վատ ես քնում, մի քիչ....

Ապա արդեն հեքիաթի ժանրից` որ ինքն աշխատանք կգտնի, ինքը կվաստակի գումար, կնոջը տանը կնստեցնի, իրենք բալիկ կունենան, ամեն բան դեպի լավը կգնա…

Ճանապարհին չմոռացավ մտնել դեղատուն և հանգստացնող ինչ-որ հեղուկ վերցնել. մի երկու օր անձամբ հետևում էր, որ կինն օրը երեք-չորս անգամ խմեր այդ կաթիլները...

Շատ սպասեցնել չտվեց:

Աղամանը մոռացել էր դնել սեղանին:

-Դու հեչ բան չե՞ս մոռացել...

Սիման թե` ամեն բան դրել եմ, ես որ պակաս բան չեմ տեսնում... Կասե՞ս` ինչը...

Սպասումի մի քանի րոպե...

Եվ...  

Մեկ շաբաթ տևեց, որ հնարավոր լիներ դուրս գալ տնից: Գլխին, մեջքին ու ամբողջ մարմնին տեղացած անասելի ցավոտ հարվածները Թագուհուն զրկել էին քայլել կարողանալու հնարավորությունից:

Բայց և վերջապես հասցրել նրան, որ դա վերջն է մի նոր սկզբի:

Որ ինքը պիտի քայլ անի:

 

***

Դեռ լույսը նոր էր բացվել, երբ սկսեց հագնվել:

Մաքսը հաստատ քնած էր: Ինքը գիտեր` երբ է քնած ու երբ է ձևացնում, թե քնած է: Դեռևս մեկ-մեկուկես ժամ առաջ էր հյուրասենյակից լսվում Մաքսի տեքստը. այն, որ գիշերվա կեսին կանգնում էր հայելու դիմաց ու պատմում տասն անգամ, հետապնդումների մասին, Աստծո մասին, իր չվախենալու մասին, բոլորին մորթելու մասին…

Հետո մտել էր անկողին, դանակը դրել կողապահարանի բաց դարակում, բարի գիշեր ասել իրեն ու քնել: Անկախ նրանից` արթուն էր ինքը, թե քնած`քնելուց առաջ իրեն միշտ ասվում էր այդ բարի գիշերը:

Քայլում էր թաթերի վրա:

Վերցրեց անձնագիրը, պայուսակը, զարդասեղանին դրեց ամուսնական մատանին (այլ զարդեր կրելու սովորություն չուներ. իր ունեցած ամբողջ ոսկեղենն ընտանեկան զարդատուփում էր), նայեց պատին կախված սևաշրջանակ լուսանկարներին. դրանցում բոլորը, երեք սերունդ, վաղուց այն մի կյանքում էին: Արցունքը կուլ տալով հրաժեշտ տվեց իր տասներեք տարիներին, շատ զգույշ բացեց դուռը, ապա փակեց և իջավ աստիճաններով: Վերելակ չկանչեց. առանձնակի աղմուկով աշխատող 60-ականների վերելակի ձայնը չլինի թե արթնացներ ամուսնուն:

 

***

Վաղ էր դուրս եկել. դեռևս դատարկ էին փողոցները. չկային ավտոբուսներ ու երթուղայիններ, իսկ տաքսի նստելու սովորույթ չուներ:

Մինչև գերեզմանոց քայլեց:

Կանգնել էր սկեսրոջ շիրմաքարի մոտ և խոստումի դրժումն արդարացնող բառերն էր փնտրում, որոնք, արցունքի կաթիլներին խառնված, լքում էին իրեն...

 

Գեղեցիկ Մարգարյան