Այդպես լինում է...

«ArtCollage»-ը  ներկայացնում է Գեղեցիկ Մարգարյանի «Այդպես լինում է» պատմվածքի երկրորդ մասը: Պատմվածքի առաջին մասը կարող եք կարդալ՝ այստեղ:

 

***

Թագուհին այդպես էլ չհասկացավ` պաստառապատումն էր ավելի դժվար, թե պաստառապատման հետևանքները մաքրելը: Կանգնել էր սենյակի կենտրոնում ու չգիտեր՝ ինչից սկսեր: Դռան թակոց չլսեց. Մաքսը դեռ երեկվանից, առանց դուռը թակելու, մեկ էլ տեսար ներս էր մտնում, որևէ գործիք ձեռքին, անում հերթական գործը ու գնում: Անհարմար էր զգում, բայց և չէր առարկում: Ինչ առարկեր, երբ համբերությունն արդեն սպառվում էր այդ անկարգության մեջ, թափթփվածության ու անհարմարության մեջ: Քիչ է թե` անգամ առաջին անհրաժեշտության իրեր չկային, իսկ թե լինեին էլ, տեղ էր պետք, չէ՞, որ դրվեին…

-Հաց կերե՞լ ես,- թիկունքում լսեց Մաքսի ձայնը:

Հո չէր ասի՝ չէ.

-Այո', իհա'րկե...

-Ի՞նչ ես կերել. տանդ սկի բան չկա: Սուտ էլ ես հա՞ խոսում:

Ինքն իրեն չէր տեսնում, բայց զգում էր, որ մի լավ կարմրեց: Ստելը իրենը չէր. բայց հո չէ՞ր ասի՝ սոված մեռնում է…

Գրեթե քարշ տալով` Մաքսը նրան տարավ իրենց տուն…

Հետո էլ ճանապարհեց…

Թագուհին լավ կուշտ էր, ու գլխում՝ մի միտք՝ տեսնես ինչու կնոջ հետ չի եկել:

Ասա թե քո ինչ գործն է…

 

***

Երկու օր շարունակ մաքրություն էր արել: Կարելի է ասել՝ առանց քնելու: Դա էր պատճառը, որ շատ ուշ արթնացավ: Երբ արդեն ուրիշները քնել էին պատրաստվում:

Ինչ խոսք, տունը տան նման էր դարձել, անցել էր խանութներով ու գնել անհրաժեշտ պարագաները, հնարավորության չափով, և, որ ամենակարևորն էր, գործում էր լոգասենյակը:

Լոգանքից հետո որոշեց մազերը հարդարել. այդ երբվանի՞ց հանկարծ կարևորեց արտաքին տեսքը: Անգամ ուսանողական տարիներին, երբ անհոգությունը տերուտիրական էր, արժանանում էր իրենց տեսքին խիստ հետևող ընկերուհիների նախատինքներին, որ ինքը բնավ չի կարևորում արտաքինը: Ոչ շրթներկ կտեսնեիր քսած, ոչ ներկած եղունգներ, ոչ զարդուզարդարանք: Ինքն էր ու գոնե շաբաթը մեկ փոխվող, բայց կրկնվող զգեստները, սանրվածքը հիմնականում կարճ, գրեթե տղայական, ինչն իրեն ազատում էր անիմաստ ժամանակ ծախսելուց, որը կարող էր տրամադրել մի երկու բան ավելի կարդալուն...

Ու հիմա ինքն իրեն բռնեց այն մտքի վրա, որ ուզում է դուր գալ:

Անգամ երաժշտություն միացրեց. նվագարկիչը, որ անպետք իրի էր վերածվել, կրկին գործի անցավ: Սուբհրամանյա Գրապպելի  «Պատրանք». մի ժամանակ գրեթե ամեն օր էր լսում: Ձայնը սովորականից բարձր էր միացրել, պատից այն կողմ՝ լսելի: Սատանան էր առաջնորդում իրեն…

Ու չուշացավ: Եկավ սպիտակ, կիսաթև մայկայով, սպորտային կանաչավուն շալվարով:

Ժպտաց կինը, ասաց՝ էսօր էլ ինձ մոտ թեյենք, գնամ մամայիդ էլ կանչեմ: Մաքսը Սաստեց, չթողեց: Ուրիշ անգամ՝ ասաց: Ասաց՝ երկուսով կթեյենք…

Հատակին փռված հնամաշ գորգը մաքրելուց հետո նորի տեսք էր ընդունել: Մաքսը, որ տանտիրոջ կերպի մեջ էր, ծալապատիկ նստեց գորգին, որի վրա ժամանակավոր դրված էր նվագարկիչը. որևէ հարմարանք դեռ չկար, որը կծառայեր որպես պատվանդան: Թեյը ևս գորգի վրա պիտի մատուցվեր: Սեղան էլ չկար: Բաժակներ կային, նաև մի հին սրճեփ, որը թեյի, սուրճի, լվացումների համար ջուր տաքացնելու, բոլոր բաների համար էր գործածվում:

Հաճելի էր, երբ դեռ դատարկ չէին թեյի բաժակները:

Թեյախմությունից հետո Թագուհին, իր համար էլ անսպասելի, սկսեց անհանգիստ շարժումներ անել, անհանգիստ մտքեր արտահայտել՝ մեկ առաջարկում էր նկարներ նայել (այդ պահի համար ամենահիմար մի բան), մեկ հիշեցնում, որ ժամն արդեն շատ ուշ է, մեկ խոսում էր առավոտ վաղ իր արթնանալուց, որ աշխատանքից հանկարծ չուշանա. այս ամենն անուղղակի ձևակերպումներն էին՝ «դե գնա', էլի՜...»-ի: Կարծես ինքը չէր երաժշտությունն այդքան բարձր քոքողը, մտահրավեր հրահրողը...

Մաքսը բնավ զգացնել չէր տալիս, թե պատրաստվում է դուրս գալու, ավելին, իր ձեռքով բացեց մահճակալին հավաքած անկողինը, պառկեց, շրջվեց դեպի պատը, ու...

Տարակուսանքի, արդեն անգամ երկյուղածության մեջ կանգնել էր` սպասքը ձեռքին, որ չէր հասկանում՝ այդ պահին որտեղ դնի, ու աներես հարևանին համոզում էր մի գլուխ, որ դուրս գա՝ գնա, էդպես չի լինի, չի կարելի...

Հասավ նրան, որ սպառնաց «մամայիդ կասեմ»-ով...

Մաքսի համբերությունը, թե զայրույթը հատեց.

-Պատշգամբից կշպրտեմ...

Դա ասվեց այնքան լուրջ ու այնքան ցասումով, որ կինն առաջին անգամ նրա աչքերի մեջ տեսավ ԴՐԱՆ, այս անգամ շատ հստակ, սարսափելու չափ...

Հետո օրեր շարունակ փորձում էր ինքն իրեն համոզել, որ սխալվում է, որ չափազանցնում է, որ դա սովորական տղամարդկային զայրույթ-սպառնալիքի նման մի բան էր: Թևաթափ, վախվորած նստեց տան միակ բազկաթոռին. աթոռներ չուներ ու չունեցավ էլ դեռ երկար ժամանակ...

Բավական ժամանակ անց նա, որ խորը քնած էր ձևացնում, վեր կացավ, գրկեց կնոջը, համբուրեց ճակատը, բառեր ասաց, բառեր, բառեր... Դրանք բնավ կապ չունեին այն հայացքի հետ, որ տեսել էր կինը: Դրանք սպասված էին, փոթորկող, մերձեցնող-մերկացնող-հանձնող...

Որքան ցանկալի էր շունչը: Տարիների մենակությունը անցյալում էր թվում, ու իր անկյունն ունենալու անհագ ցանկությունը կարծես թե եկել դուռն էր հասել: Իսկ ինքը... Փոխանակ այդ ցնորքին տրվեր, բաներ է հորինում, թե ինչպես ազատվի Մաքսից...

...Հետո լաց էր լինում: Ցավի՞ց, թե՞ հաճույքից՝ այն ժամանակ չզգաց, հիմա էլ չի հասկանում: Եթե նույնիսկ ցավ էր դա, մեկ է, ինքը հաճույքից էր լալիս...

Առավոտյան արդեն ի'նքը ձևացրեց, թե քնած է:

Մաքսը հագնվեց: Դուրս եկավ: Չմոռացավ համբուրել Թագուհու աչքերը, ճակատը, պարանոցը` մերթ սիրալիր, մերթ նախատինքով լցված բառեր կրկնելով` моя Сима, родная, дура ты, дура...

Լույսը բացվել էր արդեն:

Գիշերվա մեղքը միշտ ցերեկին է վիճակված քավել:

 

***

Մաքսը գիտեր՝ ինչ է անում:

Թագուհին էլ միացնում էր նույն երաժշտությունը, այն օրվա, վերջին տարիների իր սիրելին: Ավելի ցածր ձայնով, բայց ոչ այնքան թույլ, որ պատի այն կողմում չլսվեր, խորհրդային բարակ միջնորմ-պատի...

Երրորդ օրվա երեկոյան դռան թակոց լսվեց:

Փորձեց անջատել նվագարկիչը: Բայց միայն փորձեց: Ինչ կփոխվեր դրանից. Չէ՞ որ հոգու խորքում գիտեր, որ շարունակություն է լինելու:

Ինչո՞ւ ես եկել՝ հարցին հարևանը շատ հանգիստ պատասխանեց՝ կանչեցիր, եկա: Հետո ավելի կոպիտ.

-Դու ինձ հիմարացնել չես կարա: Я же знаю, зачем ты включила эту музыку. И я зашел. Что тут непонятного?

Առանց սպասելու, թե՝ անցիր նստիր, տեղավորվեց տան միակ բազկաթոռում:

-Ուշ ժամ է: Թե՞ սովորություն է դառնում այստեղ մնալը...

-Ես ինձ վատ չեմ զգում էստեղ. եթե դու վատ ես զգում, կարաս գնաս:

-Բայց սա ի'մ տունն է. էդ դու պիտի գնաս:

-Ով է ասում, որ քո տունն է. միասին չե՞նք սարքել:

Թագուհին, ասելիքը չիմանալով, ձայնը կտրեց: Լուռ էին երկուսն էլ:

 

***

Որոշեց խռովել, չխոսել, բարևին չպատասխանել, սակայն միջանցքում կոկորդ մաքրելու ձայնից անգամ Թագուհին հասկանում էր՝ նա է: Խռովության երրորդ օրը, կոկորդ մաքրելու ձայնին համաժամ, իբր թե պատահական՝ դուրս եկավ, քայլեց մինչև վերելակը, որ իբր ցույց տա խռով լինելը, չպատասխանի նրա բարևին...

Հիմար որոշում. առաջ անցավ. ոչ բարև, ոչ բարի լույս, Մաքսը ձևացրեց, որ ոչ էլ նկատել է իրեն: Շփոթված էր: Ինքը միայն մյուս սցենարն էր կազմել՝ էն որ պիտի բարևին չպատասխանի: Բայց որ Մաքսը չի էլ բարևելու իրեն՝ մտքով չէր անցել...

Ումի՞ց խռովի, երբ իրեն բանի տեղ դնող չկա:

Ե՞րբ է խելքի գալու:

Ինչո՞ւ է այդքան պարզունակ, ինչո՞ւ ախր...

Օրեր շարունակ լռություն է, չկա ու չկա...

Հարևանուհին թեյի հրավիրեց. ինչ անի՝ գնա՞, թե՞ չէ... Երևի գնա: Գուցե մի բան կիմանա: Իսկ եթե մայրն արդեն գիտի՞ իրենց պատմությունը: Միևնույն է. որոշեց չմերժել:

Մինչև թեյը պատրաստ կլիներ, ինքն արդեն ամեն բան իմացավ. մայրն անկեղծ էր Թագուհու հետ, ասես իր աղջկա հետ զրուցելիս լիներ: Հինգ-վեց րոպեում հասցրեց պատմել ամենը`որտեղ է տղան, ինչու է գնացել, քանի օրով, երբ է վերադառնալու...

Եվ սպասում էր: Ո՜նց էր սպասում: Հանելուկ: Կին...

 

***

-Որտե՞ղ ես աշխատում:

-Գոծակալությունում:

-Գործակալություն` это агенство? Ի՞նչ ես անում:

-Խմբագրում-սրբագրում եմ… Գիտե՞ս` դա ինչ է…

-Գիտեմ, գիտեմ: Երևում է: Երևի բոլորին խմբագրում ես: Էս քեզ թուղթ, էս էլ գրիչ, մի հատ գրի՝ որտեղ է…

Ընդամենը մեկ-երկու շաբաթ էր անցել Մաքսի գալուց, բայց նա արդեն զգալիորեն ազատ էր խոսում և արտահայտվում գրական հայերենով: Լեզվական բացառիկ զգացողություն ուներ:

Թագուհին, թեև շփոթված, բայց թղթին է հանձնում մի գծագրություն՝ կանխավ հիշելով, որ Մաքսը հայերենի տառերը գրեթե չգիտի. ավելի հեշտ էր նկարելը, քան կիասհայերեն-կիսառուսերենով այդքանը բացատրելը…

 

***

Կնոջ աշխատասենյակ կոչվածը աշխատակիցներով լցված մի տարածություն էր: Ինչը սեփականություն էր՝ մի քանի գրիչ ու մատիտ, մի նոթատետր, որում անհրաժեշտ գրառումներ էր անում, մի ջրի բաժակ և մի ափսե, որում խաչապուրի կամ լահմաջո էր հայտնվում՝ երբեմն-երբեմն: Իսկ երբ հրատարակչությունը «լեվի գործ» էր արած լինում, դրանք փոխարինվում էին քաբաբի կամ խորովածի բրդուճներով…

Բոլոր աշխատակիցների սեղանները գրեթե նույն բովանդակությամբ էին, մի բան ավելի, մի բան պակաս, բայց գրեթե նույնը…

Ահա էսպիսի աշխատասենյակ, և տարածքը հսկող մի շուն, որին ամեն աշխատակից իր նախընտրած անունով էր դիմում: Թագուհու համար շունը պարզապես Քոթո էր…

 

***

Հարցուփորձը աշխատատեղի գտնվելու մասին զուտ սպորտային հետաքրքրություն չէր, ինչպես մտածում էր կինը: Մեկ օր անց՝ ընդմիջման ժամին, բաց դռների արանքում կանգնած էր Մաքսը:

Թագուհու երկակի պահվածքն ակնհայտ էր. այնքան առինքնող ու ներկայանալի էր տեսքը, որ ներքին մի հրճվանք լցվեց ներսը՝ իր տղամարդն է. նման տղամարդու այցելությանը շատ կանայք կսպասեին:

Սակայն օրեր առաջ տեղի ունեցածը հանգիստ չէր տալիս իրեն:

Հայացքը, որով ասվեց՝ պատշգամբից կշպրտեմ, եկել կանգնել էր աչքերի դիմաց: Դա անհասկանալի հայացք էր. անհայացք հայացք, վայրի, անկանխատեսելի: Աչքերի կլորավուն բացվածքը, ձայնի միանգամից ա'յլ դառնալը:

Դա սովորական բան չէր:

Իսկ ի՛նչ էր ԴԱ…

 

***

-Ես զավեդույուշիից թույլտվություն եմ առել. իրերդ հավաքիր, դուրս գանք…

Կինը շփոթմունքից բոլորովին այլ բաներ էր խոսում: Պատմում էր այն գրքից, որի վրա այդ պահին աշխատում էր, հյուրասիրության փորձ էր անում, թեև առանձնապես բան էլ չկար, բայց միայն սեղանին լցված թղթերի հետ մեկ-երկու հերթապահ կոնֆետներ, որոնց նկատում էին, երբ այլևս ոչինչ չէին ունենում քաղցը հագեցնելու համար, մինչև տուն կհասնեին…

Երկրորդեց ասելիքը, որ արդեն հրամանի էր նման.

-Ինչ է՝ ты с одного раза не понимаешь? Ասում եմ՝ собирайся, գնում ենք…

Արդեն Մաշտոցի պողոտայում Թագուհին իմացավ, որ գնում են Սուրբ Սարգիս եկեղեցի: Աքլոր պիտի մատաղեն. հոսանքը խփել է. Մաքսը մահից է պրծել, ու էդ առիթով մատաղ է խոստացել…

Տեղ հասան, երբ բոլոր աքլորներն արդեն վաճառվել էին…

Աքլորի տեղակ Մաքսը հավ վերցրեց, բայց դա արդեն մատաղի թեմայի մեջ չէր տեղավորվում. առժամանակ հետաձգվեց մատաղը: Իսկ հավն առանց «համեմունքների հո չէ՞ր լինելու: Մաքսի մոտ գումար չկար. եղածը հերիքեց միայն հավին: Սիման չվարանեց, հանեց պայուսակից ունեցած ամբողջ գումարը և մեկնեց նրան:

Դեռ չգիտեր, որ դա սկիզբն է լինելու իր անհասկանալի պատմության:

Տալու պահին համոզված էր, որ այդ գումարը հաջորդ իսկ օրը կվերադարձվի իրեն:

Տուն հասան բավականին ուշ: Միանգամից Մաքսենց տուն մտան. Սիմային տրվեց ընդամենը մի քանի րոպե, որ մտնի տուն, փոխվի, կարիքներն հոգա ու վերադառնա:

Երբ դեռ մի քանի քայլ չէր արել, լսեց Մաքսի մոր կշտամբալից ձայնը՝ լավ էլ ուրյուր ճարալ ըք: էսքան փօղ եք խարջալ, վէր հի՞նչ ինի…

Երբ Սիման վերադարձավ, հարևանուհին դեռ չէր խաղաղվել՝ մօմէն լյուսավն էլ վէր շօռ կյայիք, ուրյուր ճարէլ չիք..

Սեղանի շուրջ հացը հարամ եղավ. մի փոքր գինուց բորբոքվեցին Մաքսն ու նրա հարևանը, խոսքը խոսք բացեց, գոռոցը՝ գոռոց, Սիման ևս ընկավ էդ թափի տակ…

Ու անգամ մեկ պատառ չվերցրած՝ լացախառն դուրս եկավ, գրեթե վազքով մտավ տուն, կողպեց դուռը, ընկավ անկողնուն, և անզուսպ հեկեկոցը բռնեց տան պատերը:

Կինը դարձյալ տեսավ ԴՐԱՆ…

Այս անգամ ևս նույն կլոր աչքերն էին, նույն կատաղի ձայնը, նույն անսանձ զայրույթը: Բոլորովին այլ մարդ էր նստած իր դիմաց: Դիմացը, քանի որ համատեղ կյանքի հետագա տարիների ընթացքում Մաքսը երբեք չնստեց Թագուհու կողքին…

Այլ միայն հեռվից հեռու աչալուրջ հետևում էր՝ վայ թե մեկը որևէ բառ կամ արտահայտություն թույլ կտա կնոջ մասին, կամ որևէ խոսակցության մեջ կներքաշի իր Սիմային. դրանից հետոն ոչ մեկը կանխատեսել չէր կարող…

Թագուհին հիշում է, թե ինչպես քաղաքային ավտոբուսի դռնից Մաքսը դուրս շպրտեց պատահական ուղևորին, որը, նրա կարծիքով, մի քիչ մոտ էր կանգնել կնոջը. նա վերջին դռնից էր բարձրանում, կանգնում էր կնոջից հեռու և տարօրինակ հայացքով հետևում: Շպրտելն ամենամեղմն էր: Իսկ երբ սկսվում էին խրատականները, ինչն անպայման ձեռնամարտի էր վերածվում, Թագուհին քարանում մնում էր, հասկանում էր, որ ԴԱ նորից գլուխ է բարձրացրել, որ իրավիճակը ոչնչով փրկել չի կարողանա:

Գազանն արթնացել է:

Սև է լինելու օրը…

 

Գեղեցիկ Մարգարյան