Այդպես լինում է....

Դեռ ինքնաթիռում էր որոշել՝ ինչ էլ լինի, չի վիճելու, ինչ էլ ասվի, այլևս երբեք չի կռվելու մոր հոտ, չի ցավեցնելու նրան: «Վիշապի բերանից էլ կազատվեմ, եթե իմանամ՝ մայրս սպասում է….»: Ինքնիրեն էր ասում, բայց լսեցնում բոլորին: Էնպես լավ էր ասում. ոչ սովորական: Պաթոսով, բայց որքան անկեղծ: Անգիր արածի պես... Այդպես կրկնում էր աղոթք դարձած խոսքերը, որ մայրն ամեն բացվող օրվա հետ հղում էր տիրոջը իրենց նոր կացարանի նեղլիկ պատշգամբից` էն Աստուծ, էն Աստուծ, հո՞ւր ում մին կտօր հաց տըվալ, վէր խօխեքս էտ դժոխքան պըրծալ ըն…

Վերելակից դուրս եկավ…

Սիրտը տեղից թռչում էր…

Մայրն ընդառաջ վազեց: Գրկախառնվեցին: Լաց էին լինում: Մայրը վերցրեց ամենածանր պայուսակը, թե՝ ջանին մատաղ, թող ես տանեմ…

Ինքը գոռաց: Որոշո՞ւմ: Չի էլ եղել...

Դեռ անգամ տուն չէր հասել:

Չգոռալ չկարողացող երեխայի պես գոռաց…

 

****

Թագուհին հոգսերի մեջ էր: Գլխից դուրս հոգսերի…

Կենցաղը մոլորեցրել, նյարդերի մի գունդուկծիկ էր դարձրել: Մի բառն հերիք էր, որ պայթեր: Հեշտ չէր նոր տուն տեղափոխվելը, տուն, որը նման էր ռմբակոծությունից հետոյի: Ճիշտ է ասել՝ ավերակ…

Պետք էր նախ հասնել զրոյի, հետո զրոյից նոր սկսել վերանորոգումը…

-Բարև Ձեզ,- լսեց այնքան հաճելի մի ձայն՝ օտար հնչերանգով, ռուսախոսի շեշտադրմամբ…

-Բարև…

-Դուք երևի մեր նոր հարևանուհին եք:

-Ըհը:

-Իմ անունը Մաքս է: Максим Акопович: Ես էստեղ եմ ապրում: Ձեր անո՞ւնը…

-Թագուհի…

-Ի՜նչ զոռ անուն է: Տագուխի… Սխալ եմ չէ՞ ասում… Ուրիշ անուն չունե՞ք…

-Պատկերացրեք՝ ունեմ: Երկու անուն ունեմ՝ տնային և դրսային: Սիմա…

-Դե էդպես ասեք… Թե չէ՝ Տագուխի… Ճի՞շտ եմ ասում…

-Չէ, սխալ եք ասում՝ Թա-գու-հի… Եկեք պայմանավորվենք. Ձեզ թույլ եմ տալիս տնայինով ինձ դիմել: Հո չե՞ք չարչարվելու ամեն ասելիս…

-Եթե ինչ-որ օգնության պետք լինի, չամաչեք, կասեք, լա՞վ, Սիմա…

-Շնորհակալ եմ…

Թագուհին տեղը չէր գտնում. մի՞թե լինում է այդպես. գիտեր, որ նախորդ օրը վերադարձել էր հարևանուհու որդին: Հենց իր` նոր բնակարան տեղափոխված օրը: Բայց որ նման հանդիպում է լինելու, որ օգնության առաջարկ է լինելու, այն էլ՝ վերին աստիճանի պատրաստակամությամբ, չէր սպասում: Հիմա ամենաշատը նրան օգնող ձեռքն էր պակասում: Չնչին աշխատավարձը բավարարում էր միայն կենցաղային մանր-մունր հոգսերին. վարպետ կանչելն ու վճարելը իր գրպանի բանը չէր:

 

****

Հեշտ չգտավ բնակարանը: Պետք էր գին սակարկել. ունեցած գումարը չէր մոտենում  անգամ իր ամենահամեստ ցանկությանը: Հարցուփորձեց, հին ու նոր ընկերներից ճշտումներ արեց նրանց տարածքներում վաճառվող բնակարանների մասին: Օրեր շարունակ թերթեց List.am-ի մեկսենյականոցների հայտարարությունները: Ընկերուհիներից մեկի օգնությամբ, որ շենքի հնաբնակներից էր, վերջապես գտավ այդ կիսաավերակը:

Ամիսներ անց Թագուհին հիշեց, որ ընկերուհին պատմում էր, թե մի միջոցառման ժամանակ ինքը պարել է իր նոր հարևանուհու որդու հետ: Շշմելու երիտասարդ էր, ասում էր, ափսոս որ՝ ամուսնացած արդեն: Այդպես էր պատմել…

Բանալին արագ հանեց դռան անցքից, գլխի թեթև շարժումով բարևեց Մաքսին`առանց նրա կողմը երկար նայելու, ու մտավ տուն:

«Տեղի թրջվածություն չկա. այնպես առույգ է ու խնամված: Դեռ խոսքի մեջ էլ ասաց, որ մեկ ամսով է եկել. պիտի վերադառնա: Խոսեց անգամ դստեր մասին, որին վաղուց չի տեսել: Ով գիտե` ինչու չի տեսել…» - և ինչո՞ւ է ինքը բանուգործ թողած այդ մտքերին տրվել ախր…

Կարծես սաստեց ինքն իրեն ու գործի անցավ, թեև արդեն գիշերանում էր...

 

****

Ֆիզիկոս ընկերը, որ փորձում էր թեթևացնել Թագուհու հոգսը, առավոտյան այցելեց: Այնպես անկանոն էին այդ այցերը: Հույս դնել, որ այդ տեմպերով մոտ օրերին գործն ավարտին կհասնի, քանդուքարափը կարգի կբերվի, անիմաստ էր: Ավելի շատ փիլիսոփայական լուսումութ հարցերի քննարկումներ էին լինում, ֆիզիկայի մոռացած կանոններ վերհիշվում...

Իր այդ վիճակին միայն ֆիզիկան էր պակասում...

Պտուտահան էր պետք:

Թակեց հարևանի դուռը: Հարևանուհին չէ, դուռը որդին բացեց: Ձեռը տալու-ճամփելու փոխարեն հետը եկավ`առանց հարցնելու` կարելի է, թե չէ:

-Ծանոթանանք, Մաքս,- ձեռքը մեկնեց ֆիզիկոսին: Ապա մեկ-երկու բառ փոխանակեցին ու անցան գործի: Հասկացան իրար:

Երբ արդեն բավականին ուշ էր, մեկը մյուսի ներկայությունից ամաչում էին մնացած գործերն առաջինը թողնել-գնալուց: Ու մինչև երեկո տուն-ավերակը տեղը տեղին բնակարան էր դառնում....

Հետո ճանապարհ գնացողը գնաց, բայց Մաքսը անգամ չարձագանքեց մոր կանչին, թե` հացը սառավ: Ավելին, պատվիրեց, որ մայրը մի հոգու համար ավել սպասք դնի ու մի բաժին ուտելիք էլ Սիմայի համար պատրաստի. իրենք մենակ չեն ընթրելու...

Սիմա անունը չզարմացրեց մորը: Թագուհուն պարզ դարձավ, որ իր մասին խոսվել է այդ տանը, այլապես իր անվան հետ կապված անհասկանալիություն կնկատվեր հարևանուհու դեմքին...

 

****

Հոսանքը միացնելիս վախեցած պպզել էր Մաքսի կողքին:

Դեռ մանկությունից Թագուհուն հետևում էր այն միտքը (հիմա էլ...), որ ինքը հոսանքով է գնալու: Բացատրություն չուներ այդ չարաբաստիկ մտքի համար: Անկեղծացավ, պատմեց, ու մի լավ ծիծաղեցին, ավելի ճիշտ, տղամարդը ծիծաղեց վրան ու իր թևավոր խոսքով վերջակետեց, թե` հոսանք միացնելու մեջ բարդ բան չկա. это-мелочи жизни… Հետո էլ թարգմանեց ինքն իրեն՝ գյանքի մանրունքներ են…

Կինը մտավ իր դերի մեջ՝ կյանքի մանրուքներ…

Դժվարությամբ, բայց Մաքսը կրկնեց: Ու պատմեց, թե որքան շատ է ջանացել հայերենը չմոռանալու համար. ոչինչ, որ բարբառով է խոսում, բայց հո գիտի, չէ՞…

Երբ վերջապես հոսանքը կար, ու տունը լուսավորվեց, տղամարդը հավաքեց այդ ընթացքում մեկը մյուսի ետևից բերած գործիքներն ու դուրս եկավ: Ասաց` հինգ րոպեից սպասում են Սիմային, ու մտավ իրենց տուն, սակայն դուռը չփակեց հետևից…

Թագուհին նայում էր հարևանի բաց թողած դռանը ու երկմտում...

Իր համար անսովոր վիճակ…

Տարիների շարունակ մենակեցությունը խլել էր նրանից ընտանեկան սեղանի շուրջը նստելու վայելքը, բայց և գեղջկական ամոթխածություն կար, թե ընդուներ առաջարկը:

Մինչ կամուկացի մեջ էր, նորից հայտնվեց Մաքսը: Ստիպված եղավ հետևից գնալ, քանի որ հրավերն արդեն խոսք չէր. նա կոպտորեն առաջ հրեց իրեն, փակեց դուռը, վերցրեց բանալին: Այլընտրանք չկար…

Որքա՜ն ցանկալի էր այդ կոպիտ հարկադրանքը…

Մի պահ տրվեց տիրովանալու պատրանքին, լուսնաթերթեր կաթկթեցին հոգու դատարկության մեջ: Մի խլրտուն պահ միայն...

Փոքր-ինչ դանդաղեց, հապաղեց ու հետ դառնալ էր փորձում: Ապա անորոշ մի ալիք անցավ մարմնով, անհանգիստ մի դող, երբ հայացքն ընկավ Մաքսի դեմքին, աչքերի ոչ սովորական արտահայտությանը. մի՞թե տեսավ ԴՐԱՆ, ինչը մեկ-երկու ամիս անց պիտի գլուխ բարձրացներ ու պիտի ավիրեր չքնաղ պատրանքը….

 

****

Թագուհին այնքան հեշտ էր պատկերացնում պաստառապատում կոչվածը: Նրան թվում էր՝ մեկ-երկու ժամում ինքը մենակ կվերաջացնի դա. ինչ է որ. չափում կտրում կպցնում ես էլի…

Պարզվում է՝ հաշվարկ է, նախշերի համընկնում է, էլի ինչ-որ բաներ, և իր խելքը դրանից բան չի կտրում…

Այն որ իր խելքի բանը չէր պաստառապատումը` նաև ֆիզիկոս ընկերն էր ասել. այլ բառերով միայն, սիրուն, թեթև, ժպտացող բառերով…

Մաքսն այդպես չասաց. կարճ ու կոնկրետ էր՝ ինչ կնգան խելքի բան է. գնա' տես` մամայիս ինչ կա քոմակ անելու…

Ձայնի խստությունից` Թագուհին անգամ չքննարկեց ասվածը: Սուսուփուս դուրս եկավ. ասես մի վերին հրաման կատարելիս լիներ…

Օգնելու բան չկար: Երկու կանայք զրուցեցին դեսից-դենից, անկեղծացան, սիրտ սրտի տվին, թեյեցին…

Ա'յ թեյը երբեք չի մոռանա:

Մի ամբողջ ծիսակարգ էր...

Իրենց գյուղում այդպես չէին թեյում: Համ էլ թեյո՞ւմ էին որ: Մայրը ջուրը եռացնում էր, լցնում բաժակները, մի քանի գդալ բալի մուրաբա խառնում ջրին, մեկ-մեկ էլ, հիշում է, մայրը բոստանից`առուների եզրերից, հավաքում էր դաղձը, լվանում, սրբում, երբեմն գոգնոցի փեշով, հետո դեռ թեյնիկի ջուրը չտաքացած՝ դաղձի մի քանի թուփ էր գցում էդ ջրի մեջ, թողնում, որ մի լա~վ եռա: Անունը դնում էին թեյ ու խմում: Ո'չ մուրաբայի համն էր մնում, ո'չ դաղձաբույրը...

Իսկ Մաքսի մայրը...

Ջուրը եռալուց հետո այն դատարկվեց հատուկ թեյնիկի մեջ, որում արդեն լցված էր թեյի խոտը, մեխակի ու հիլի հատիկներ, դարչինի մեկ փայտիկ, հետո խոհանոցային սրբիչով  կոկիկ ծածկվեց թեյնիկը, շուրջ 10-15 րոպե: Ապա եռման ջրով նախապես ողողած բաժակները դրվեցին սեղանին: Արծաթե բաժակակալներով, բյուրեղապակյա թափանցիկ բաժակներ, թեյի արծաթե գդալներ, թզի մուրաբան, ափսեներ՝ յուրաքանչյուրում մեկական կտոր այդ ընտանիքի «բրենդ-թխվածքը»՝ «լիմոնով պիռոգը»:

Իսկ տանտիրուհու հոգածությունը...

Անհոգի ու կույր էր պետք լինել՝ այն չնկատելու համար…

Թեյը վայելելուց հետո փորձեց սեղանը հավաքել: Բայց մայրական քնքուշ ձայնը հետ պահեց իրեն`дочка, не надо, я сама…

Չպնդեց: Նման էր որդու ձայնի վերջնահաստատ տոնին: Հարևանուհու ջերմությունից հուզված`մի քանի անգամ  «շնորհակալ եմ, շնորհակալ եմ, ապրե~ք, չե~մ մոռանա» ասաց ու դուրս եկավ:

 

****

Տղաները վերջին էին հասել:

Ուրախ էր խաղում...

Չլինի թե ֆիզիկոսն ու Մաքսը զգան իր ընկճվածությունը:

Ինքն այնքան անհմուտ, այնքան պարզունակ էր զգացմունքները տարբերակելու հարցում. մի ապրումը մեկ այլի հետ էր շփոթում, ապա օրերով, երբեմն ամիսներով խաբված լինելու փաստից տառապում:  

Չլինի՞ թե խղճան իրեն...

Մեկն անցյալն էր, մյուսը՝ անհայտը:

Իսկ ինքն այսօրի մեջ էր. իր ներկան այդ կենցաղային խառնափնթորն էր, որ բնավ կապ չուներ սրտի ուզածի հետ:

Դուռը փակելուն պես մտավ անկողին, սակայն քնել չէր լինում:

Որքա~ն շատ բան էր կապում չափազանց դժվարությամբ ձեռք բերված այդ պատերի հետ: Ոչինչ, որ հոգսն ուտում է իրեն, ոչինչ որ դեռ վերջը չի երևում: Լավ կլինի: Անպայման լավ կլինի: Չէ որ ասվում է` կյանքը սև ու սպիտակ գծերի հերթագայություն է, ու երկուսն էլ անցողիկ են: Եթե սա սևն է, ուրեմն բան չի մնացել: Շուտով, շատ շուտով վերջ կդրվի հոգեմաշ կռիվներին, որ տալիս է ինքն անապավեն ցերեկների ու անպտուղ գիշերների դեմ…

Ու արտասվում էր Թագուհին: Տամկանում էին ծորուն հուշերը: Մանկություն ու պատանեկություն տանող արծաթ ակոսները տեղ-տեղ կտրտվում էին: Այդ թելիկները իրար էին կապվում ընթացած ու չհասածի, տեսած ու չունեցածի նարեկյան հոգոցներով...

Լաց էր լինում, քանի որ խուսափելով այլոց կարեկցանք-խղճմտանքից` հենց ինքն էր ինքն իրեն խղճում…

 

Գեղեցիկ Մարգարյան