Մարի Բեյլերյան․ կինը Մարսից կամ՝ 1915-ի անտեսանելի զոհը

Կիսվել:

Եթե մեկ բառով փորձեի նկարագրել պոլսահայ ամենահամարձակ և ամենից մոռացված կին մտավորականներից Մարի Բեյլերյանի (կամ ինչպես հենց ինքը կստորագրեր արևմտահայերենով՝ Մառի Պեյլերյան) կյանքն ու գործունեությունը, առանց մեկ վայրկյան վարանելու կասեի «պայքար»։ 

Ու թեև կրկին ապրում ենք ժամանակներ, երբ այս բառը կարող է շատ հոգնեցուցիչ թվալ, այնուամենայնիվ, խորհուրդ եմ տալիս կարդալ ու հիշել Մարի Բեյլերյանին՝ հայկական ֆեմինիզմի առանցքային անուններից, որը պայքարեց բարձրաձայն, նահատակվեց անձայն և հիշատակվեց անարդարացիորեն հազվադեպ։

 

«Չափավոր» և «բնական» իրավունքների մասին       

 

1877-ին Պոլսում է ծնվել արևմտահայ հասարակական գործիչ, մանկավարժ, խմբագիր և Օսմանյան կայսրությունում ծագած հայ ֆեմինիզմի ամենակարկառուն դեմքերից մեկը։ Եսայան վարժարանն ավարտելուց հետո դասավանդել է նույն վայրում, թղթակցել «Արևելք»-ին։ Չի խորշել զբաղվել  քաղաքականությամբ, թեև Հնչակյան կուսակցությունում նրան «շատ երիտասարդ» համարեցին և որոշվեց Բեյլերյանին առայժմ վստահել թղթակցի պաշտոնը։ Տարբեր քաղաքական հետապնդումներից հետո 1896-ից Բեյլերյանը ապաստանեց Եգիպտոսում, որտեղ էլ հիմնեց «Արտէմիս» ընտանեկան հանդեսը։ Ասում են՝ վերջինիս հրատարակության համար Բեյլերյանի հեղափոխական ամուսինն անգամ հասել է Էջմիածին՝ Խրիմյան Հայրիկից անձամբ օրհնանք և աջակցություն ստանալու։ Կանանց իրավունքների համար այդքան խիզախորեն պայքարող «Արտեմիս»-ին կաթողիկոսը ոչ միայն լիակատար աջակցություն է հայտնում, այլև նույնիսկ տրամադրում իր մի շարք գրվածքներ՝ դրանց եկամուտը նվիրելով հանդեսին։

 

Artemis

 

Միայն Երիտթուրքական հեղափոխությունից հետո կայսրություն վերադարձած ամուսինները շարունակում են գործել Զմյուռնիայում, Եվդոկիայում և այլուր, սակայն իր ամբողջ կյանքի ու բոլոր գործերի կիզակետում Մարի Բեյլերյանը պահեց ու փայփայեց մեկ բան՝ կանանց իրավունքների անզիջում պայքարը։

Բեյլերյանի բոլոր հրապարակումներում ակնհայտ է տարբեր հասարակությունների կանանց քաղաքական և սոցիալական կարգավիճակների հիման վրա արված համեմատությունները, անկեղծ նկատառումները, որ եվրոպական ֆեմինիզմը հաճախ համատեղելի չէ հայ կանանց իրավունքների պայքարի՝ առնվազն ներկա փուլի հետ։ Բեյլերյանական այս համեմատության մեջ է ծնվում կանանց «բնական» ու «հասարակական ու քաղաքական» իրավունքների միջև բաժանման նրա թեզը։ Ըստ պոլսահայ կին գործչի՝ եվրոպացի կանայք վաղուց ստացել են իրենց բնական իրավունքները և պայքարում են բոլորովին այլ բանի համար, մինչդեռ հայ կինը դեռ բնական իրավունքների և դրանցից ամենակարևորի՝ սեփական ճակատագրի տերը լինելու իրավունքի ձեռքբերման տանջալից ճամփաբաժանին է։

Բեյլերյանը ի տարբերություն մյուս կին ֆեմինիստների, ինչպիսիք էին Զաբել Եսայանը կամ Սիբիլը, իր ժամանակակից կանանց համար ոգեշնչման աղբյուր չէր համարում հայ կանանց հնագույն անցյալը։ Նա նույնիսկ մերժում է տեսակետն այն մասին, թե Եղիշեն կամ Խորենացին մեծ պատկառանք էին տածում հայ կնոջ նկատմամբ։ Ըստ նրա՝ նրանց տեքստերը նկարագրում են բացառապես արքայական էլիտայի ներկայացուցիչ կանանց և ոչ հասարակ հայ կնոջը, որը նախկինում նույնպես ուներ հասարակության ներսում ձայնի իրավունքի խնդիր և գնահատված չէր որպես ընտանիքի լիարժեք և հարգարժան անդամ։

«Անցեալի հայ կնոջ համար ընտանեկան կեանքը դժողք մըն էր. նա՝ ստուեր մը պետք էր ըլլալ. ուրիշ ոչինչ։ Ամօթ էր կտրիճ տղամարդուն համար իր կնոջ հետ սրտաբաց, ընկերաբար, սիրով խօսիլը. կնաբարոյ կը կոչուէր ան այդ պարագային իր շրջանակէն.

Եվ կը մեղադրուէր ու կը նախատուէր իրեններէն։ Եթե ըսելիք մը ունէր, պարտաւոր էր խօսիլ խստաադէմ գրեթէ առանց կնոջը երեսը նայելու։

Մենք հայ կանայքս, համեմատաբար, ամենէն աւելի զրկանք ու բռնութիւն տեսեր ենք։ Քաղաքակրթութիւնը հազիւ այսօր քիչ մը թուլցուցած է մեր ստրկութեան շղթաները. Իսկ գաւառացի խեղճուկ հայուհին դեռ նոյն զրկանքներու տակ կը հեծէ»․․․

Պոլսահայ  մտավորականը մեծ քննադատության է ենթարկում հաշվարկի վրա հիմնված ամուսնությունները, որտեղ «հաշվի չի առնվում սրտի ձայնը» և անվանում դրանք ոչ այլ ինչ, քան կանանց առքուվաճառք։ 

Միևնույն ժամանակ իր ամենակոշտ հրապարակախոսություններում անգամ Մառին շեշտում է, որ այդ ամենը պետք է դիտարկել հենց ի բարօրություն և ի շահ հայ ընտանիքի ապագայի, որը Բեյլերյանի գործերում մնում է բարձրագոււյն արժեք։ Բեյլերյանի «փոխզիջումային» ֆեմինիզմը, որտեղ նա ակնհայտ ջանում է «չհատել սահմանը», իսկապես ուշագրավ է․

«Չափավորենք մեր պահանջները, զգացնելով սակայն թե՝ գիտակցութեամբ, և մեր իրաւունքներուն հաւասարութիւնը լիովին ըմբռնելով՝ ետ կքաշւինք։ Բայց ուժգին մաքառեցինք այն կարգ մը նախապաշարումներուն դեմ, որոնք մեզի դժբաղդացուցեր են դարերէ ի վեր, և այսօր կը սպառնան մեր կեանքի բաղդաւորութեան։

Պահանջենք որ իրավունք ունենաք սիրելու բացարձակ և համարձակ, իրաւունք ունենանք ընտրելու առանց ոևէ թելադրանքի ու ստիպումի, ազա՜տ կամքով. Մեր կեանքի ընկեր այն՝ որուն սրտին հետ կապուած է եւ մեր սիրտը։

Իրաւունք ունենանք ազատ խօսելու և համարձակ կարծիք յայտնելու այն ամեն խնդիրներու մասին՝ որոնք կը շօշափեն հասարակական կեանքը, և պահանջենք, որ մեր ալ կարծիքները նկատողութեան առնվին ու գաղափարները յարգուին։

․․․Այս սահմանէն անդին չանցնինք. Կամովին ու սիրով մնանք մեր սըրբազան դերին մեջ, յիշելով, թե՝ ամենէն բարձր գոհունակութիւնը, ամենէն մեծ երջանկութիւնը պարտականութեան անթերի կատարման մէջ կը կայանայ»։

 

Ընտանիքն առաջնահերթ ու բացարձակ արժեք համարելու Բեյլերյանի միտքը հստակ արտահայտված է հենց իր գլխավորած հայտնի «Արտէմիս» ամսագրի առաջին համարում, ուր պոլսահայ կին գործիչն իր խմբագրականում գրում է հետևյալ տողերը․

«Մայրեր տուեք ինձ, և ազգեր տամ ձեզ. ըսեր է մեծ խորհող մը։ Արտէմիսի նպատակը պիտի ըլլայ ուրեմն պատրաստել օրիորդներ, ամուսիններ, մայրեր, որպէսզի օր մը հպարտութեամբ կարենայ ըսել, ահա՜ ձեզ մայրեր, տւեք ազգը»։

Ծնունդով Պոլսից Մարի Բեյլերյանը ժամանակի եզակի գործիչներից էր, որը  խոսել է նաև գավառաբնակ հայ կանանց ճակատագրի, խնդիրների, իրավունքների մասին։ Եթե 20-րդ դարասկզբին եվրոպական մշակութային ու կրթական ազդեցության տակ պոլսահայ կանայք արդեն քննարկում էին ֆրանսիական հեղափոխությունը, կրթվելու և հավասար պայմաններում աշխատելու, ընտանիքում սիրո, ոչ թե պարտադրանքի վրա հիմնված միության իրավունքը և կենցաղում կնոջ ներդրած ջանքերի՝ վճարվող աշխատանք համարվելու թեմաները, ապա արևմտահայ գավառներում աղջիկները սովորաբար չէին հասնում չափահաս տարիքի՝ նման բաների մասին մտածել հասցնելու։ 

«Եւ թարմ ու ծիծաղկոտ, իր տասներկու գարուններով, գուրգուրանքի ու խանդաղատանքի ջերմիկ մթնոլորտէն ինկեր էր ան, գահավէժ անկումով, խոժոռ տուն մը՝ ուր խիստ նայուածքներու, կոպիտ վարմունքներու միայն հանդիպեր էր… ինքը՝ որ մինչեւ այդ օրը համբոյրի, գգուանքի, մշտական ծիծաղի մէջ ապրեր էր…», - գրում է Բեյլերյանը իր՝ «Դէպի Վեր» ժողովածուի մաս դարձած «ԿԵՍՈՒՐԸ (ԳԱՒԱՌԱԿԱՆ ԿԵԱՆՔԷ)» աշխատության նախաբանում, քննադատելով մանկահասակ աղջիկների ամուսնությունները գավառներում։ Այս համատեքստում հետաքրքրական է նկատել, թե ինչպես վերոնշյալ հարցը կտրուկ գահավիժում է գրանցում հետո՝ ցեղասպանությունից ֆիզիկապես փրկված և Արևմտյան Հայաստանի լեռներում ապրող համայնքների օրինակով, ուր մանկահասակ երեխաների ներհամայնական ամուսնությունները ոչ միայն քննարկման ենթակա չէին, այլև այդ «ջունգլիներում» ողջ մնալու և գոյատևելու հիմնական նախապայմաններից մեկը դարձան։ 

 

Կինը «Մարսից»

 

Մարի Բեյլերյանի՝ մշտապես իրատեսության սահմաններում մնալ փորձող մտքերն ու պայքարը շատ յուրահատուկ կերպով զուգակցվում է երազել հանդգնած կնոջ վայելուչ համարձակությամբ։ Նրա երազանքները հասնում էին տիեզերք՝ բառի բուն իմաստով։ Այսպես իր՝ «ԿԱՆԱՆՑ ԲԱԺԻՆԸ․ ԿԻՆԸ ԵՒ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՐԾԻՔԸ» հրապարակախոսության մեջ նրա խիստ զգացմունքային «թռիչքը» դեպի Մարս մոլորակ չի կարող չտպավոել և չհուզել․

«․․․Ֆլամմարիոն կ՚ըսէ թէ մեր երկրին դրացի «Մարս» մոլորակին մէջ ապրող մարդկութիւնը, ամէն բանի մէջ նախապատուութիւնը տուած է կնոջ. թէ հոն՝ կինը շատ աւելի գերազանց կը նկատուի այր մարդէն ամէն տեսակէտներով։ Իհարկէ չգիտենք թէ ո՛ր աստիճան ստոյգ է այդ ենթադրութիւնը, միայն թէ մեզ համար ուրախալի է որ Ֆլամմարիոնի պէս մարդ մը արդէն համոզում գոյացուցեր է կնոջ կոչման բարձրութեանը վրայ, ճանչցեր ու գնահատեր է անոր արժանիքները, եւ «Մարս»ի երեւակայական մարդկութեան մէջ տուեր է անոր այն տեղը՝ զոր չ՚ունի հոս՝ երկրի վրայ…։

Սակայն «Մարս»ը մեր երկրէն շատ աւելի ծեր, փորձառու, զարգացած ու նրբացած կ՚ենթադրուի. ո՞վ գիտէ, երբ մեր երկիրն ալ հասնի անոր տարիքին, ի՞նչ ճակատագիր կը վիճակուի մեզ կանանցս համար. բայց այդ ապագան որքան յանկուցիչ այնքան ալ հեռաւոր է դժբաղդաբար. ատիկայ՝ մեզի յաջորդող բաղդաւոր սերունդներուն վերապահուած է։ Մենք ջանա՛նք ցորչափ կ՚ապրինք, մեր ներկայ այս անտանելի դրութիւնը բարւոքելու, որը շատ դժուար ալ չէ»։

Նույն ստեղծագործության, թերևս, ամենաուշագրավ հատվածներից է Բեյլերյանի՝ կանանց վրա հասարակական ճնշման վերաբերյալ տխուր, կոշտ քննադատությամբ լի, բայց և գեղեցիկ մնալ հաջողած բելյլերյանական լեզվով մեկնաբանությունը․

«Ի՞նչ պիտի ըսեն»-ի մտածումը կնոջ ամենէն մեծ սարսափն ու արհաւիրքը եղած է միշտ. նա կը սոսկայ հանրային կարծիքէն, ինչպէս մարդ կը սոսկայ կախաղանէն։

Երբեմն կը տեսնես աչքերը կը փայլին, սիրտը կը բաբախէ, բերանը կէս մը կը բացուի խօսելու, ազատ ասպարէզ տալու իր ներքին հոգեկան աշխարհին մէջ յուզուող ու եռացող զգացումներու բուռն հոսանքին, եւ սակայն ինքզինքը կը զսպէ. հո՛ն է հանրութիւնը, որ լարուած ուշադրութեամբ մէկիկ մէկիկ կը կշռէ, կը վերլուծէ իր իւրաքանչիւր խօսքը, աչքերը չորս բացած կը քննէ իր ամէն մէկ արարքը, ամէն մէկ շարժումը, դէմքին խաղերն իսկ կը զննէ, կ՚ուզէ թափանցել անոր մտածումներուն մինչեւ խորերը, եւ շատ անգամ ինչ որ չտեսներ՝ կը կարծէ գուշակել եւ այդ՝ առանց կարմրելու իբրեւ ճշմարտութիւն հրապարակ կը հանէ։

Ուրիշներու կարծիքները ու գաղափարները ընդունելու եւ իւրացնելու սովորած՝ ինքը անկախ միտք, ազատ մտածումներ, եւ ինքնուրոյն գաղափարներ չէ ունեցեր մինչ ցարդ եւ այսպէս հանրային կարծիքը կաշկանդելով կինը իր մտածումներուն եւ զգացումներուն մէջ՝ անոր բարոյական կեանքի մակարդակը զգալի կերպով ցածցուց։

Նա սորվեցաւ կեղծել եւ սքանչելապէս յաջողեցաւ»։

 

Երբ «Վիրաւոր հայրենիքը կը խօսի»

 

Իր կյանքն ու գործունեությունը կանանց իրավունքներին նվիրած և 1915-ի ապրիլի 24-ի չարաբաստիկ գիշերն անհայտության ուղղին բռնած նահատակ Մարի Բեյլերյանի գրիչն առանձնահատուկ անմխիթար ցավով է խոսել հայրենիքի ծանր վիճակի, անմեղ նահատակների և նրանց չսպառվող երազների մասին։

«….Ու գիշերները երբ ամենքը կը քնանան, ու ես մթութեան մէջ մինակս կը հսկեմ դարերէ ի վեր անքուն աչուըներովս, հեռո՜ւն սա լեռներուն ետեւէն հսկայ ստուերներ կը մօտենան կը թափառին շուրջս, իրենց երկար թեւերը ճօճելով, իրենց տժգոյն գլուխները տրտմօրէն աջ ու ձախ շարժելով, եւ ականջիս կը փսփսան ցաւագին շեշտերով… Ո՞ւր են Հայկաշէն, Տիգրանակերտ, ո՞ւր են Արտաշատ, Անի, ո՞ւր են մեր պալատերը, ո՞ւր են մեր թագերը, ո՞ւր են մեր յաջորդները եւ ո՞ւր են մեր թոռները…։

Ու ես կը լռեմ, գլուխս կուրծքիս վրայ ծռած ու կուլամ. եւ անոնք իրենց երեսները սոսկալի վիշտով մը ծամածռած՝ տարտամ քայլերով կը հեռանան քովէս կամաց կամաց, ու անոնց հեռանալէն ետքն ալ լեռները երկար ատեն վտշագին կը կրկնեն անոնց ողբերուն ու լացին արձագանքը։

Ամե՛ն գիշեր, ամե՛ն գիշեր գերեզմաններէն դուրս կ՚ելլեն անհանգիստ ստուերները զաւակներուս եւ կուլան կը հեծեծեն ականջիս տակ…։

Բայց դո՛ւք ինձմէ աւելի երջանիկ էք, սիրակա՛ն ստուերներ, որ հանգչելու տեղ մը ունիք գոնէ, ըլլա՛յ այդ հողին տակ. եւ Ձեր արցունքները թափելու համար ունիք մայրական հարազատ գոգ մը, ըլլա՛յ ջախջախուած… Իսկ ե՛ս, Ձեր ծնող մայրը ո՞ւր դնեմ իմ խոնջ ու ծանրացած գլուխս, քարէ բարձր մ՚ալ չունիմ, եւ ո՞ւր թափեմ իմ արցունքներս, մա՜յր չունիմ. խորթ քոյրեր ամենքն ալ, որոնք իմ արցունքներս կը ծաղրեն եւ իմ հառաչանքներս համրելով կը զուարճանան…»։

Վերջին այս տողերը հատկապես ծանր և ապշեցուցիչ են կարդացվում, երբ սկսում ես տեսնել դրանք որպես գույժ և հնարավոր ներքին ինչ-որ տարօրինակ կանխազգացում հեղինակի կողմից՝ իր իսկ հետագա ճակատագրի վերաբերյալ։

«Վիրաւոր հայրենիքը կը խօսի»-ն նրա վերջին ստեղծագործություններից է, որը տեղ է գտել 1914-ին Իզմիրում լույս տեսած «Դէպի վեր» ժողովածուի էջերում։ Մեծ Եղեռնի օրերին հայ անվանի մանկավարժ, գրող, խմբագիր, հասարակական և քաղաքական գործիչ Մարի Բեյլերյանը դարձավ դարի ամենասարսափելի ոճրագործություններից մեկի անգերեզման զոհերից մեկը, երկար տարիներ չխոսվեց ու չմեջբերվեց, տեղ չգտավ մեր դասագրքերում, սակայն շարունակեց շարժվել «Դէպի վեր»՝ ամուր պահելով այն իդեալները, որոնց համար դեռ մեկ դար անց երկար ու խորդուբորդ ճանապարհ ունենք անցնելու։

 

 

Սոֆյա Հակոբյան

Դիտումներ: 180

Մեկնաբանություններ

Դեռ մեկնաբանություններ չկան։