Ե․Կ․Տ․ Հայուհի․ Ելպիս Կեսարացյանն ու իր «սոխակները»

Կիսվել:

Այնտեղ, ուր Բոսֆորն ամենագեղեցիկն է ծփում․ ստամբուլյան ամենավայելուչ ափերին՝ Բեշիկթաշում է ծնվել Ելպիս Կեսարացյան-Դողրամաջյանը, որին վիճակված էր հետագայում դառնալ հայ առաջին կին լրագրողը և խմբագիրը, հիմք դնել պոլսահայ ֆեմինիստական շարժման, քննադատվել, մեկուսացվել և չընկրկել, այնպես, որ տասնամյակներ անց էլ անցյալի խորքից նրա անունը մնա որպես պատգամ և ոգեշնչում։ Չենք սխալվի, եթե ասենք, որ Ելպիսը կար և մնաց արևմտահայ մշակութային զարթոնքի ամենաազդեցիկ կերպարներից մեկը։

Պոլսի Օրթագյուղի և Բեշիկթաշի հայկական վարժարաններում է կրթություն ստացել Ելպիս Կեսարացյանը, այնուհետև մանկավարժությամբ զբաղվել Մաքրուհյանց վարժարանում, թղթակցել պոլսահայ մամուլին։

1862-ին 32-ամյա Ելպիսը հիմնում է «Կիթառ» հանդեսը, որը համարվում է հայ իրականության մեջ առաջին կանացի պարբերականը։ «Կիթառ»-ում, ինչպես և իր գրեթե բոլոր հոդվածներում Կեսարացյանը այն ժամանակվա համար բավականին հանդուգն լեզվով բարձրացնում էր սեռերի անհավասարության, կանանց կրթության և հասարակական կյանքում պասիվ ներգրավվածության խնդիրները։ Նա վստահ էր՝ կանանց բացառապես կենցաղի մեջ ընկղմելու և ամբողջ հանրային դաշտը միայն տղամարդկանց թողնելու բաժանումը արհեստական է և կեղծ, իսկ կանանց ազատագրման ելքը տեսնում էր նախևառաջ կրթության մեջ։ Հետաքրքրական է, որ Կեսարացյանն իր բոլոր գրվածքները ստորագրում էր Ե․Կ․Տ․ Հայուհի մականվամբ։

Շատ կարճ կյանք ունեցավ «Կիթառ»-ը․ ընդամենը 7 համար։ Պատճառը՝ ֆինանսական դժվարությունները։ Պոլսահայ պահպանողական շրջանակները սառնությամբ ընդունեցին Կեսարացյանի գործունեությունը, ոմանք սուր քննադատությամբ, ոմանք էլ պարզապես արհամարհանքով արձագանքեցին նրա գաղափարներին։ Շատերը նրա մտքերը համարեցին ավանդական կարգերի և ընտանիքի ինստիտուտի տապալման փորձ։ Արդյունքում «Կիթառը» պարզապես չունեցավ բավարար բաժանորդներ և եկամուտ շարունակելու իր ընթացքը։ Չնայած այս ամենին Ելպիս Կեսարացյանը երբեք հետ չկանգնեց իր և ոչ մի խոսքից, իսկ նրա՝ «Իրավունք բանեցնելը հանդգնություն չէ» հոդված-մանիֆեստը մինչ օրս համարվում է հայ ֆեմինիստական շարժման հիմնաքարերից։

«Կիթառի» փակվելուց հետո Ելպիս Կեսարացյանը շարունակեց մանկավարժական գործունեությունը, թեև երկար տարիներ հեռացավ հասարակական կյանքից։ Շուրջ 15 տարի անց միայն վերադարձավ  «Նամականի առ ընթերցասէր հայուհիս» գրքույկով, որտեղ հանդես եկավ խրատական և մանկավարժական մի շարք հոդվածներով։

 

 

Ելպիս Կեսարացյանը մահացել է 1911-ին, ըստ որոշ աղբյուրների՝ Ալեքսանդրիայում։ 

 

 

«Ագռավ» տղամարդիկ և «սոխակ» կանայք

 

Բավականին կոշտ ու անզիջում է «ելպիսական» ֆեմինիզմը։ Իր գրվածքներից մեկում նա տղամարդկանց համարել է «ագռավներ», որոնք խանգարում են կանանց ինքնուրույն «երգել»՝ իրենց հպարտությունից ելնելով։

«Կանայք նման են սոխակներուն, որոնք փոխանակ ինքնուրոյն երգելու, թոյլ կու տան ագռաւ-տղամարդոց հպարտութենէն փքանալու»։

Ակնհայտ է, որ հետագայում հայ ֆեմինիստական մտքի այլ առաջամարտիկները, ինչպիսիք են Մարի Բեյլերյանը, Հայկանուշ Մառքը, Սիպիլը և այլոք, ավելի «փոխզիջումային» ֆեմինիզմ են փնտրում և ներկայացնում, մինչդեռ Ելպիս Կեսարացյանի լեզուն առավել կտրուկ է և «գրոհային»։ Նրա խոսքն առավել սուր է դարձնում հրապարակախոսության ժանրը, մինչդեռ, օրինակ, հայ առաջին կին վիպասան Սրբուհի Տյուսաբը խոսում է կերպարների միջոցով։

Ինչպես և ժամանակի մյուս ֆեմինիստ հայուհիները, Ելպիսը նույնպես մեծ տեղ է հատկացնում հայրենասիրության քարոզին և պարբերաբար ոգեշնչում հայ կանանց՝ դժվարին այդ ժամանակներում ուժ և կորով ունենալ դիմագրավելու ազգային մարտահրավերներին։ Իր՝ «ՅՈՐԴՈՐ ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹԵԱՆ» հայտնի հրապարակախոսության մեջ նա, դիմելով կանանց, գրում է․

«Երբ աչքերնիս դարձնենք մեր Հայրենի գաւառը՝ կը տեսնենք Հայաստանի միգապատ հորիզոնին տակ՝ վեհակերպ ոգի մը իւր փառքերէն մերկացած խորին տխրութեամբ արտասուաթոր աչքերը դէպի Բիւզանդիոն ուղղելով, եւ վշտահար սրտին հառաչալիր ձայներով իւր ողբաձայն մրմունջները հարազատ որդւոց կը հնչեցնէ։

«Սիրասուն որդեակնե՛րս, դարձուցէ՛ք ձեր գթալիր աչքերը յիս, տեսէ՛ք եւ գթացէ՛ք ձեր Հայրենեաց վիճակին վրայ, ուրկէ այրիացեալ ոգիս բազում դարերով թշուառութեան մէջ կը թափառիմ. տեսէ՛ք զիս կապտուած բոլոր վայելչութիւններէս, եւ արգիլուած դժնդակ բաղդին անգութ հարուածներուն տակ. տեսէ՛ք աչացս բղխումն՝ որ ամայի ձորերու մէջ հեղեղներ կը կազմեն, եւ սրտիս հառաչանքները լուռ ամպոց մէջ կարձականքեն։

Երբ կը յիշեմ փառաւոր տունս, հոյակապ շէնքերս, եւ վեհ տաճարներս՝ որոց ճակատները վսեմ յիշատակներս քանդակուած էին, այժմ ամայութեան մէջ թանձր հողերուն տակ կը ծածկին. ո՞ւր են զարդարուն սեղաններս առատ բարիքներով լի, ո՞ւր քաջաբեղուն այգիներս որոցմէ անմահ կենաց եւ սիրոյ ոգին կը բղխէր, այժմ փշալից մացառներով կը ծածկեն. անտառաց շքաւոր նոճիներու հովանեաց տակ թռչնոց խրախալի երգերը դադրած՝ ամեն ուրէք ողբ, եւ կոծեր կը հնչեն. շքեղ պարտէզներս գազանաց որջեր եղած, եւ ահռելի երկիւղ կը տիրէ։ Եւ բոլոր հեշտալի առարականերս տեղի տալով սուգ եւ վտանգ միայն ինձ ժառանգ մնացած են։ Ահա գոհարազարդ գլուխս այժմ այս սեւագոյն քօղով ծածկել արժան է, ոսկեթել բեհեզներուս տեղ՝ այս տխուր քուրձով կ’պատսպարուիմ. եւ քստմնելին այն է ինձ՝ զի յետ ամենեցուն իմ սիրասուն զաւակունքս գրկէս կորսնցուցած եմ...։ Նոյն նախագուշակ ողբը Հայաստան մօր վրայ լսեցէ՛ք, «Այգիներս ոտնակոխ եղած, ժառանգութիւնքս յափշտակուած, զաւակունքս գերի վարուած. ես միայն մնացած եմ մերկ եւ թափուր»։

Կեսարացյանի՝ հայրենիքին նվիրված տողերը բազմաթիվ են, բոլորը բավականին զգացմունքային և ցավագին, գրված դասական արևմտահայերենի՝ 19-րդ դարի առաջին կեսին հատուկ նվազագույն հղկվածությամբ․

 

․․․«Հայկեան դաշտեր պճնին շքով գեղափայլ,

Վեհ Հայաստան առցէ ցաւոյն մխիթար.

Զայս ուղեւորն, ետ աւետիս վեհագոյն,

Եւ Հայաստան սթափեցաւ ի ցաւագոյն»․․․

 

Առավել ուշագրավ է այն գիծը, որով Կեսարացյանն ամենուր ազգային զարթոնքը և արևմտահայության իրավունքների իրացումն անմիջականորեն կապում է կանանց ազատագրության հետ, իսկ վերջինս՝ նրանց պատշաճ կրթության։ Ըստ նրա՝ «տգիտության շղթաների» լուծարումը կանանց շրջանում ոչ այլ ինչ է, քան բոլորի ազատագրումը։

 

Արդ՝ փութացէ՛ք Հայկեան կուսանք դուք սիրով,

Պճնիլ համայն վսեմ փառաց զարդերով.

Ո՜հ փութացէք լնուլ սրտիս իմ կարօտ,

Անմահութիւն հիւսեմ ճակտիցդ նարօտ։

 

Տգիտութեան ձեր շղթաներ գամ լուծել,

Փափուկ մատանցդ վարդից շարեր բոլորել.

Համր լեզուացդ ազդեմ ջերմիկ եղանակ,

Եւ ձեր քմաց քաղցր ուսման տամ ճաշակ.

 

Բազուկ հզօր կապել թեւոցդ յաղթական,

Թռել, ճախրել դէպի յազատն այն սահման,

Հապա՜ կուսանք յառաջացէ՛ք մէկ սրտով,

Ազատութիւն Արդ՝ գրկեցէք եւ հոգւո՛վ։

 

Ելէ՛ք խնդրել ձեզ նոր վիճակ պատուական,

Բառնալ սիրով պէրճ դրօշակ վեհ ուսման։

 

Օ՛ն կազմեցէ՛ք զգաստութեան ձեր ջահեր,

Երթալ սրտով ձեր Հայրենի սուրբ դաշտեր։

 

Անդ ծածանի աւետաբեր Աստղ Հայկեան,

Ուր կը շողայ եւ ձեր Արեւ կենսական։

 

Ալ զօպացէք քաջալերեալ մէկ սրտով,

Ազատութիւն հնչել քաղցրիկ տաղերով,

Նա ձեզ պաշտպան նա զօրաւիգ եւ մեծ յոյս,

Նովաւ ապրիք եւ տեսանէք ձեր նոր լոյս»։

 

Սոֆյա Հակոբյան

Դիտումներ: 73

Մեկնաբանություններ

Դեռ մեկնաբանություններ չկան։