Ճշմարտությունը՝ վսեմ նահատակություն․ Սրբուհի Տյուսաբ
Սրբուհի Տյուսաբ․ անուն, որն արևմտահայ գրականության անսասան հենասյուներից մեկը լինելուց բացի դարձել է նաև կանանց իրավունքների շարժման յուրահատուկ խորհրդանիշ, իր մեջ ամփոփելով կնոջ տոկունության և նրբության ամբողջ գունապնակը միաժամանակ, և ճանապարհ հարթելով հազարավոր կանանց կամ պարզապես մարդկանց համար, որոնք ընտրել են իրավահավասար կյանքի, անկաշկանդ ստեղծարարության և արժանապատիվ համակեցության ուղին։
Սրբուհի Վահանյանը լույս աշխարհ է եկել 1840-ին՝ Բեշիկթաշի Միջագյուղ (Օրթաքյոյ) թաղմասում, որտեղ էլ՝ ֆրանսիական վարժարանում, ստացել է սկզբնական կրթությունը։ Հայ առաջին կին վիպասանը երիտասարդ տարիքից լայն կապեր է հաստատել ֆրանսիացի հայտնի մտավորականների հետ։ Դեռևս մեկ տարեկանում հորը կորցրած Սրբուհին նաև հասցրել է բնական գիտություններ ուսանել հարազատ եղբոր՝ Հովհաննես Վահանյանի մոտ, որը նշանավոր քիմիկոս և քաղաքական գործիչ էր։ Ապագա հայտնի կին գրողը նաև հայերենի դասեր է վերցրել պոլսահայ բանաստեղծ Մկրտիչ Պեշիկթաշլըյանից։ Ավելի ուշ՝ Պեշիկթաշլըյանի վաղաժամ մահը մեծ տրտմություն է պատճառում Սրբուհի Վահանյանին, որն այդ առիթով գրում է իր հայտնի «Ի հիշատակ պ. Մ. ի» ողբերգը։
1870-ին Սրբուհի Վահանյանն ամուսնացել է ֆրանսիացի դաշնակահար Պոլ Տյուսաբի հետ, ում հետագայում անվանել է «ամուսիններից լավագույնը»։
Թեև մինչև այդ Սրբուհին որպես օգնական ատենադպիր աջակցել է իր մոր՝ Նազլը Վահանի հիմնած Աղքատախնամ տիկնանց ընկերության գործունեությանը, սակայն նրա լիարժեք մուտքը հասարակական ակտիվ կյանք կապված է Դպրոցասեր հայուհյաց ընկերության հետ, իսկ այդ ամբողջ ընթացքում նա չէր դադարում գրել։ Քչերը գիտեն, որ նշանավոր վիպասանը սկզբում գրել է նաև մի շարք բանաստեղծություններ։ 1880-ին լույս տեսած «Աշխարհաբար հայ լեզուն» գրքույկում նույնիսկ հանդես է եկել «նոր լեզվի» պաշտպանությամբ։
Նրա ամենահայտնի՝ «Մայտա» վեպը, որն արևմտահայ կանանց ֆեմինիստական շարժման կարևորագույն հենասյուներից է համարվում, հրատարակվել է Պոլսում՝ 1883-ին։
«Գիտեմ որ ոմանք պիտի վիրավորվին, ոմանք պիտի սրտմտին, շատերը հանդուգն պիտի համարին զիս։ Գրիչը ճշմարտության գործիքն ըլլալու է․ ին՞չ փույթ եթե հալածվի և դատապարտվի։ Ճշմարտությունը վսեմ նահատակություն մի չէ՞ արդյոք», - «Մայտա»-ի առաջաբանում գրում է Տյուսաբը, գուցե և դեռ չկասկածելով, որ գործ ունի իր ներկա ու ապագա ամենահայտնի վեպի հետ։
Կանանց իրավունքներին նվիրված իր մյուս ստեղծագործություններից մեկում՝ «Սիրանույշի» էջերում Տյուսաբն ուշադրություն է հրավիրում ընտանեկան ինստիտուտի պահպանման կարևորության վրա և որպես դրա ամենաբնական ու անխուսափելի միջոց առաջադրում հենց սիրո հիման վրա կառուցված հարաբերությունները։
«Սիրանույշ անուն փոքրիկ վեպս՝ ի լույս ընծայելով նպատակ ընտրած եմ դարձյալ ուսումնասիրել և դատապարտել ընկերական անիրավությանց մեկ քանիներն որք զկին կը ճնշեն ամուսնական պայմանաց ներքև։ Ամուսնությամբ ընտանիքը կը կազմվի, ընտանյոք՝ ընկերությունը։ Որչափ ամուսնություններն երջանիկ ըլլան՝ նույնչափ զավակները բարեկիրթ կը հանդիսանան, և նույն համեմատությամբ ընկերությունն ընտիր անդամոք կը ճոխանա։ Ամուսնությունն ընկերության հիմն է ուրեմն, և ամոլից մեջ միաբանությունն ընկերային բարեկարգությունը կը ձևացնե, ինչպես և բարոյականությունը սիրո հիմն կը հաստատե։ Ուր որ սեր չկա՝ պարտականության գաղափարը կա պարզապես, և միայն այդ գաղափարը ամուսնական հարկին ներքև կը ներկայե մարմին մի առանց հոգվո՝ այսինքն կենաց կմախքը»։
Որպես առաջին հայ կին վիպասան՝ Տյուսաբը ոգեշնչման աղբյուր դարձավ բազմաթիվ պոլսահայ կին գրողների, ֆեմինիստների համար։
Իր՝ «Տիկին Տյուսաբ իր սրահին մեջ» հայտնի ակնարկում բանաստեղծուհի, գրող և հասարակական գործիչ Սիբիլը այսպես է հիշում Տյուսաբի հետ հանդիպումը․
«․․․Հազիվ ներկայացման ձևակերպությունները ավարտեր էին, երբ տիկին Տյուսապ ներս մտավ սրահեն, և իր առաջին ժպիտով բոլոր երկչոտությունս փարատեց: Սևեր հագած էր, գլուխը սև ժանյակով քողարկված որուն տակեն գորշ մազեր կր խորհրդի աղվոր ճակատը կը շրջանակեին կիսովի: Դեմքին անայլայլ տժգնության վրա տրտմությունը հոգնած բան մը կը դներ, իր ձայնը դաշն, երկար հագներգութենե մը ետքը՝ բեկած շեշտով կը հասներ կարծես:
Խոսակցությունը սկսավ ֆրանսերեն: Բոլոր հյուրերը եվրոպացի էին, երիտասարդները, օրիորդներ, տիկիներ, ծերունիներ, որոնց ամենուն սիրուն խոսք մը, սրամիտ բառ մը ըսելու ժամանակ կը գտներ, սքանչելի ֆրանսերենով մը, մինչ իմ քովս նստած, հետս անցյալ հիշատակներու վրա կը խոսեր հայերեն, ու քանի կը խոսեր, կը կերպարանափոխվեր, իր աչքերուն մեջ կը վառեր հուրքը հանճարին, ձայնին ելևէջներն անսոր թրթռումներով կը հնչեին ջինջ, իր շարժուձևերը աշխույժ, փութկոտ ու վայելուչ, զինքը կ՚երիտասարդացնեին: Ճակտի հազվագյուտ կնճիռները կը պարզվեին, ու հիմա թանձր սրահակներու մթնշաղի մեջ՝ դեռահաս կին մը կ՚երևար ինծի անդիմադրելի հրապույրներով, հեգնող շրթունքով, իր վիճարանողի անստգյուտ հատկությամբ, որ բոլոր սրահին կը սիրապետեր: Գլուխը վեր բռնած, հասակը մեծցեր էր, և դեմքը կը ճառագայթեր»:
Նույն ակնարկի մեջ Սիբիլը խոստովանում է, որ Տյուսաբը «Մատաղ հասակիս ոսկեծաղիկ երազը եղած է» և նրան կոչում է «իդեալ կին մը»։
Սիբիլը շեշտում է, որ Տյուսաբի ստեղծած գրականությունը, դրանից մշտապես հորդող ռոմանտիկությունը, որը, ըստ նրա, խիստ կանացի է և «շատ ավելի իրական, քան անոնք որ բնապաշտ երեվալու ճիգերով ճշմարտությունը կը խեղաթյուրեն»։
Հայտնի է, որ Տյուսաբի կերպարը և իր ստեղծած գրականությունը ներշնչանքի աղբյուր են եղել ժամանակի գրեթե բոլոր պոլսահայ կին գործիչների համար, նրանցից, թերևս, պետք է առանձնացնել 20-րդ դարասկզբի արևմտահայ գրականության ամենավառ անուններից Զաբել Եսայանին, որը բազմիցս խոսել է Տյուսաբի՝ իր կյանքի և գործունեության վրա թողած խորը հետքի մասին։
«Մեր հասարակության մեջ կին գրող ըլլալը շատ ավելի դժվար է, քան տղամարդ ըլլալը։ Դու պետք է պատրաստ լինես հարվածների, նախանձի և անարդարության», - ժամանակին պատգամել է Զաբելին տիկին Տյուսաբը՝ հորդորելով մնալ տոկուն և երբեք չընկրկել։
Իր հերթին Զաբել Եսայանը մշտական հիացմունքով է հիշում սիրելի Տյուսաբին, խոստովանելով, որ դեռատի հասակում իր վրա մեծ ազդեցություն են թողել վերջինիս «Մայտա», «Սիրանոյշ» և «Արաքսիա կամ Վարժուհին» վեպերը, իսկ ավելի ուշ խիստ ազդվել է հենց Տյուսաբի տոկուն կերպարից և անձնական շփումներից, որոնք այդքան թանկ էին Եսայանի համար։ Իր՝ «Սիլիհտարի պարտեզները» ինքնակենսագրական վեպում դեռատի Զաբելի և առաջին կին վիպասան Սրբուհի Տյուսաբի հետ առաջին հանդիպումը վեպի, թերևս, ամենահուզիչ դրվագներից է․
«Ընդարձակ հիւրասենեակին խորքին մէջ, տիկին Սրբուհի Տիւսաբ, սեւազգեստ, նստած էր թիկնաթոռի մը վրայ։ Ան տասնեակ տարիներէ ի վեր անմխիթար մնացեր էր իր տասնըվեցամեայ աղջկան՝ Տորայի մահուան համար։ Անոր ճերմակ եւ գանգուր մազերը կը զարդարէին գրաւիչ դէմքը, որ մեծ վիշտի մը դրոշմը կը կրէր։ Ան մեզ տեսնելով – որ գրեթէ դեդեւելով կը քալէինք անվերջանալի սրահին մէջ – ընդառաջ եկաւ եւ ձեռք տուաւ։ Անոր քիչ մը թանձր շրթները մեղմ ժպիտ մը ունէին եւ բարութիւն կ’արտայայտէին։ Մէկ ձեռքով իմ եւ միւս ձեռքով Արշակուհիին ձեռքէն բռնած ան մեզ առաջնորդեց դէպի իր թիկնաթոռը եւ մեզ հրաւիրեց նստիլ իր երկու քովերը դրուած աթոռներուն վրայ։ Մենք երկուքս ալ կորսնցուցեր էինք մեր բոլոր միջոցները եւ բոլորովին մոռցեր էինք այն խօսքերը, որ նախապէս պատրաստեր էինք։ Բայց տիկին Տիւսաբ ժամանակ չտուաւ որ մենք ընկղմինք մեր շուարումին մէջ։ Ան անմիջապէս հարցումներ ուղղեց մեզ եւ քաջալերական ջերմ խօսքեր ուղղեց մեր հասցէին», - հիշում է Եսայանը՝ իր դեռատի ոգևորության ամբողջ հուզմունքը փոխանցելով ընթերցողին։
Նկարագրված հանդիպումը տեղի էր ունեցել ժամանակներում, երբ Սրբուհի Տյուսաբն ապրում էր իր գրական գործունեության մայրամուտը և գտնվում բավականին պատկառելի տարիքում։ Հազվադեպ էր այցելուներ ունենում.
«Յայտնապէս զգածուած էր մեր այցելութենէն։ Այդ միջոցին տիկին Տիւսաբ մոռցուած հեղինակ էր։ Շատեր չէին գիտեր նոյնիսկ թէ դեռ ո՞ղջ է թէ մեռած։ Նոր աստղ մը կը փայլէր Պոլսոյ հայ գրական երկնակամարին վրայ՝ Սիպիլը։ Ան էր պաշտօնական գրագիտուհին։ Կարդացեր էի Սիպիլի վիպակները եւ բանաստեղծութիւնները եւ այն ժամանակ յանդգնութիւնը ունէի չհաւանելու այդ սեռի գրականութեան, հակառակ ընդհանուր հիացումին։ Ես այն կարծիքը ունէի որ ժանեակներու մեծանուն բանաստեղծուհին չնչին եւ անկարեւոր նիւթերով կը զբաղի։ Իմ մտաւորական նորազարթ ու մեծ ախորժակս յագուրդ չէր գտներ այդ գերանուրբ փափկութիւններով։
․․․Տիկին Տիւսաբ լսելով որ գրական ասպարէզին թեկնածու մըն եմ, ինձ նախազգուշացուց, ըսելով որ այդ ասպարէզը կնոջ համար աւելի շատ տատասկներ ունէր, քան դափնիներ։ Ինձ ըսաւ թէ մեր իրականութեան մէջ դեռ անհանդուրժելի կը համարեն որ կին մը հրապարակ գայ եւ ուզէ իր տեղը գրաւել։ Յաղթահարելու համար այդ բոլորը, պէտք էր միջակութենէ վեր ըլլալ։ «Էրիկ մարդ գրագէտը ազատ է միջակ ըլլալ, բայց ո՛չ կին գրագէտը»։
Տիկին Տիւսաբ իր գեղեցիկ աչքերը սեւեռեց իմ վրաս եւ խորհուրդ տուաւ որ նախ առողջութիւնս ամրացնեմ եւ յետոյ մտածեմ իմ ընելիքիս մասին»։
1889-ին Սրբուհի Տյուսաբը դստեր հետ մեկնում է Փարիզ՝ բուժման նպատակով։ Արդեն տևական ժամանակ էր, ինչ նա դադարեցրել էր գրական գործունեությունը՝ սուր գլխացավերի պատճառով։ Նրա մոտ հայտնաբերվում են նյարդային սուր լարումներ, որոնք մասամբ հաղթահարվում են հետևողական բուժման արդյունքում։ Երկու տարի անց, սակայն, Պոլիս վերադառնալուց հետո թոքախտից մահանում է նրա 16-ամյա դուստրը, դառնալով Սրբուհի Տյուսաբի ամենախորը վերքը։ Ուղիղ 10 տարի անց մեծանուն հայուհին մահացավ քաղցկեղից՝ ընդամենը 60 տարեկանում։ Նրա գերեզմանը սիրելի դստեր կողքին է ՝ Շիշլիի լատինական գերեզմանատանը, իսկ շիրմաքարին հարազատները թողել են հետևյալ գրությունը․ «Հրաշալի կնոջն ու մորը, նրան, որ ուներ սրտի բոլոր առաքինությունները և մտքի բոլոր շնորհները։ Հավերժ հարգանք ու ափսոսանք»։
Սոֆյա Հակոբյան
Դիտումներ: 184
Մեկնաբանություններ
Դեռ մեկնաբանություններ չկան։