Ողբերգական ու ռոմանտիկ Պավլեն՝ «Մենք ենք, մեր սարերի» գագաթին

Պավլեն զիլ է և ինտելեկտուալ

Ֆիլմերին հատուկ են հերոսները, որոնք ստեղծվում են հանդիսատեսին հերոսացնելու համար: Առավել հաճախ ռեժիսորները հնարավոր բոլոր հնարքներով ընդգծում են գլխավոր հերոսին, հազվադեպ հրաժարվում են հերոսից՝ հօգուտ հավաքականության, իսկ երբեմն, որն ամենահետաքրքիրն է, փորձում են թաքցնել գլխավոր հերոսին՝ թողնելով նրան բացահայտելու բարդ նշաններ:

Հենրիկ Մալյանի «Մենք ենք, մեր սարերը» (1969) ֆիլմում առաջին իսկ տեսարաններից ընդգծվում է Պավլեն (Խորեն Աբրահամյան): Տեսարանում, որտեղ հնձվորներն իրենց ամենօրյա աշխատանքն են կատարում, Պավլեն տարբերվում է. ի տարբերություն մյուս հնձվորների, նա ընգծված հեշտությամբ է հնձում խոտը՝ ուսերը ներքև իջած են և տարուբերվում են ոչ շեշտակի շարժումներով: Կարևոր է նաև վայրկյաններ տևող դրվագը, երբ Պավլեն, միակը, արձագանքում է ինքնաթիռին. կանգ է առնում, նայում է վերև և քմծիծաղ տալիս: Քմծիծաղը ենթադրում է հաղորդակցություն, հետևաբար՝ ներսը մարմնավորող Պավլեն հաղորդակցվում է դուրսը խորհրդանշող ինքնաթիռի հետ: Այս կապը կտեսնենք նաև Պավլեի հագուստի վերլուծության ժամանակ:

Հագուստն օգնում է ստեղծել կերպար, որով մարդիկ հանդես են գալիս առօրյա կյանքում: Հագուստը ինքնատիպ նշան է, որի ընտրությամբ մարդը փորձում է հասկացնել, թե ով է ինքը: Եվ ուշադիր ու մանրամասն զննության արդյունքում կարելի է բազմաթիվ հաղորդագրություններ վերծանել: Ինչպես իր «Семиотика культуры повседневности» գրքում գրում է ռուս մշակութաբան, նշանագետ, գեղարվեստական քննադատ, փիլիսոփայական գիտությունների դոկտոր (1992), պրոֆեսոր (1993), Տեղեկատվայնացման միջազգային ակադեմիայի անդամ Սվետլանա Մախլինան, հագուստի նշանները միշտ կարևոր դեր են խաղացել. «Հագուստը կատարում է հաղորդակցական գործառույթ՝ մարդուն տալով իր անհատականության մասին շրջապատին ազդարարելու հնարավորություն: Հագուստում արտացոլվում է ոչ միայն անհատական ինքնազգացողությունը, այլև հուզական վերաբերմունքը իրականությանը»:

«Մենք ենք, մեր սարերը» ֆիլմում ամենից շատ նշանային համակարգեր պարունակում է Խորեն Աբրահամյանի հերոսի՝ Պավլեի հագուստը: Գերանդիով խոտը հնձելու ձևով առաջին իսկ կադրերից առանձնացած Պավլեն պետք է առանձնանար նաև ամբողջ պատումի ընթացքում:

 Պավլեն, ում արածը հունձն է, հնձածն էլ՝ խոտ, զիլ է և ինտելեկտուալ: Հագուստը, որը նա կրում է, թույլ է տալիս նման ենթադրություններ անել: Թեև նրա ինտելեկտն արտահայտվում է նաև երկխոսություններում, բայց այդ մասին՝ հաջորդիվ: Կարևոր դետալներից մեկն այն է, որ Պավլեն կրում է սպորտային կոշիկներ՝ դասական կեդեր, որն ունի ամերիկյան ծագում : Նախնական շրջանում կեդերը մեծ ժողովրդականություն էին վայելում խելացի մարդկանց (nerds) շրջանում, մինչ այն պահը, երբ կեդերի գովազդի թիրախում հայտնվեցին սպորտսմենները (4): Բացի այդ, կեդերը սիրեցին նաև 1970-80-ականների փանք-ռոք խմբերը, ինչի արդյունքում դրանք ստացան նաև ըմբոստության հատկանիշ: Այսպիսով, Պավլեն, որի մասնակցությամբ տեղի է ունենում ֆիլմի գլխավոր տեսարաններից մեկը (սարերում ընթացող հարցաքննությունը), որի ընթացքում էլ պատումն ավարտվում է, թեև ֆիլմը ևս մի քանի րոպե շարունակվում է, զիլ է, խելացի և ըմբոստ: Պավլեն ըմբոստանում  է և չի ներկայանում հարցաքննության և իր այդ քայլով դրդում է լեյտենանտին սար բարձրանալ: Պավլեն խելացի է, ինչը տեսնում ենք բեմադրված հարցաքննության ժամանակ: Եվ ըմբոստ ոգի և ինտելեկտ ունենալն արդեն իսկ նշանակում են, որ տվյալ կերպարը զիլ է: Նա վիճում է լեյտենանտի հետ, այնուհետև դատավորի դերը ստանձնելով` հաղթում է նրան. զիլ լինելու ևս մեկ ապացույց: Բայցի այդ Պավլեն կրում է ջինսե տաբատ: Վեսթերնին հատուկ այս տաբատը, որը և պատմության մեջ, և կինեմատոգրաֆում տարածվել է կովբոյների շնորհիվ, հատուկ վայրի տարրեր է հաղորդում Պավլեին: Բացի բոլոր բրուտալ հատկանիշներից, որոնք վերագրեցինք Պավլեին, հարկ է նշել նաև, որ նա ռոմանտիկ է: Սկզբում Պավլեին տեսնում ենք սպիտակ վերնաշապիկով, որի վերին կոճակներն արձակված են, իսկ հետո տեսնում ենք սև սվիտերով, որի վզի հատվածը բավականին լայն բացվածք ունի: Հագուստի միջոցով մարմինը ներկայացվում է ավելի էրոտիկականացված: Իսկ էրոտիզմը ռոմանտիկ է: Հագուստը լրացնում են նուրբ բացվածքները՝ Պավլեի վերնաշապիկի միշտ վեր բարձրացված թևքերը և բաց վիզը: Եվ երբ այս ամենին ավելանում է Պավլեի մելամաղձոտ բնավորությունը, ամբոխից առանձնանալու մղումը, նրա կերպարը դառնում է ամբողջական: «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմում Պավլեի հագուստի գունային փոփոխությունը հետաքրքիր հերթականությամբ է տեղի ունենում՝ սպիտակից՝ սևի, ինչը նշանակում է Պավլեի կողմից ներքին խնդիրների հետ կյանքը շարունակելու մարտահրավերի ընդունումը:

Պավլեի դեմքը նշելիս պետք է ուշադրություն դարձնել քրտնարտադրությանը (թեև սա հատուկ է ֆիլմի գրեթե բոլոր հերոսներին). խոշոր պլանով ցուցադրվող Պավլեի դեմքը հունձ անելիս վկայում է այն մասին, որ քրտինքը կերպարի կառուցման հարցում կարևոր նշանակություն ունի: Ինչպես «Հռոմեացիները կինոյում» իր էսսեում նշում է Ռոլան Բարտը, անդրադառնալով Մանկևիչի «Հուլիոս Կեսար» ֆիլմում կերպարների քրտնելուն, քրտինքը հանդիսանում է բարոյականության նշան.

«Այս ֆիլմում բոլորը քրտնում են, քանի որ բոլորը լուծում են ինչ-որ ներքին խնդիրներ»: Ըստ Ռ. Բարտի՝ մենք ականատես ենք լինում ողբերգության, ինչը և արտացոլվում է քրտնելով :

Դեմքի մյուս կարևոր հատկանիշը խիտ մազածածկույթն է: Մորուքն իշխանության նշան է: Դեռ հեթանոսական շրջանում հայ տղամարդկանց առնականության խորհրդանիշ էր համարվում մորուքը, որի կողքին դասվում էին նաև երկար մազերը, ինչը ֆիլմում, սակայն, բացակայում է: Փոխարենը տեսնում ենք կարճ սանրվածքներ և մորուք: Այս համադրությունը հայ տղամարդուն ներկայացնում է հակասությունների արանքում. մորուքի շնորհիվ ցուցադրվում է նրա ըմբոստությունը, իսկ ահա կարճ սանրվածքը խորհրդանշում է քրիստոնեական հնազանդությունը : Ֆիլմի գլխավոր տեսարաններից մեկում՝ սարերում բեմադրված հարցաքննության ժամանակ կտրուկ փոխվում է կերպարների մազածածկույթի չափն ու ձևը: Զավենը (Արմեն Այվազյան) և Ռևազը (Արտավազդ Փելեշյան) ամբողջությամբ սափրված են, Իշխանը (Ֆրունզիկ Մկրտչյան) և Ավագը (Ազատ Շերենց) սափրել են այտերի մազածածկույթը՝ թողնելով միայն բեղերը: Լեյտենանտը (Սոս Սարգսյան) ինչպես ֆիլմի ամբողջ ընթացքում, հիմա նույնպես, սափրված է: Միակը, ով պահպանել է այտերի մազածածկույթը, Պավլեն է: Ֆիլմի եզրափակիչ հատվածում սափրվելը կարող է նշանակել, որ հերոսները հաղթահարել են իրենց ներքին ողբերգությունը: Միակը, ում ողբերգականությունը շարունակվում է, Պավլեն է, ինչը, փաստորեն, ցուցադրվեց նաև հագուստի գունային փոփոխության միջոցով:

Ամբողջ ֆիլմի փիլիսոփայությունը եթե փորձենք գծանկարի տեսքով ներկայացնել, ապա սարի պատկեր կստանանք: Պավլեի խաղաղ հունձից և երկնքում ինքնաթիռին անվրդով հայացք նետելուց հետո նյարդերը պայթում են Պավլեի և լեյտենանտի բախման ընթացքում: Եվ դրանք սարից ներքև գլորվող քարի նման ցած են իջնում բեմադրված հարցաքննության ժամանակ: Ինչպես  ամբողջ ֆիլմի տրամաբանությունն է, այնպես էլ, հետևաբար, զարգանում են կերպարները՝ իրենց ժեստերով, մարմնի շարժումներով և ձայնի տոնի փոփոխությամբ:

Այս բոլոր նշանները հղում են Պավլեի կարևորությանը: Դետալները, որոնք քննարկվեցին հոդվածում, առանձնացնում են Պավլեին իր ընկերների խմբից՝ դարձնելով նրան պատումի առաջնորդ: Պավլեն «Մենք ենք, մեր սարերը» կինոնկարի սկիզբն է, կուլմինացիան և ավարտը:

 

 

Հղումներ՝

Махлина С. Т., 'Семиотика культуры повседневности’, 2009, с. 143.

 Барт. Р., 'Римляне в кино', rumagic.com.

 

...