Ո՞ւր է հոգու եկեղեցին

Եվ եթե նույնիսկ չհասնեմ լույսին, զուր չէին բոլոր աղոթքներս, Տե՛ր:
Մատենադարան կառուցող ճարտարապետի հայացքով, տրամաբանությամբ, Ճարտարապետական համաչափությունների, կշիռների չափումներով Արթուր Մեսչյանը տողը տողի վրա է շարում, որ ճիչը՝ աղոթք դարձած, հասնի մարդու մեջ ապրող Աստծուն:
Մեր լեռների բարձունքում բազմած վանքի պես է նրա երգը, որի վեմերը աստվածապաշտ (և ոչ աստվածավախ) քրիստոնյան է բարձրացրել, որի խորանում պատանի Մեսչյանն է, որ մաքրամաքուր ձայնով շարական է երգում։ Իր երգի տաճարում աստվածները լուռ չեն։
Հոգնել էր եկեղեցիներից, որոնց մեջ Աստված չկար: Ու սկսեց փնտրել, որովհետև հարցեր կային, որ պատասխան չունեին, որովհետև անարդարությունը խեղդում էր, փրկօղակ չկար, որովհետև ձայնը կախվել էր առաստաղից ու անարձագանք էր մնում:
Մեսչյանն ասում է՝ ինչքան երջանիկ կլիներ, եթե իր երգերը ժամանակավրեպ դարձած լինեին: Բայց չեն դառնում: Ամեն ներքին ու արտաքին պատերազմ ավելի է մոտեցնում նրա ձայնին, բառին, տողին:
Ու հիմա էլ:
Հարցը մնում է կոկորդ սեղմող. Հայկը հաղթե՞լ, թե՞ պարտվել է Բելին:
Մեսչյանն ընդամենը 16 տարեկանում երկխոսություն սկսեց Աստծո հետ. գրեց «Ո՞ւր էիր, Աստված» ստեղծագործությունը: Անարդարության նկատմամբ ընդվզումը երգով սկսվեց, շարունակվեց և է: Մի անդուլ պայքար էր, որ իր հայրենի երկիրը մասնատող ներքի՛ն թշնամիների ու սպառնալիքների դեմ էր: Դեռ պատանի՝ արդեն հաստատել էր, որ երակներում եռում է գենետիկ ազատատենչի, արդարության մունետիկի արյունը: Պատահական չէ, երևի, որ «Գիշերվա մեջ առկայծող կրակը» ֆիլմում հենց ազատության երգչին՝ Նալբանդյանին էր մարմնավորում:
Նույն 16 տարեկանում գրեց «Կտակը»: Դեռ չհայրացած՝ հասկանում էր, որ պատգամ ունի. չուրանալ լեզուն, հայրենիքը, թե չէ հայոց հայրերի առասպելական անեծքն անխուսափելի կլինի:
Մեսչյանի մեղեդին ու բառը գալիս են խոր պատմությունից: Նա վավերագրում է ոչ թե պարտություններն ու հաղթանակները, այլ փնտրում է խնդիրներն ու պատճառները ու ցավ ապրում, երբ գտնում է անողոք պատասխաններ:
Երբ իր չքնաղ երկիրն ավերելու ու հոշոտելու համար մի անխելքի պես աղաչում էր ու աղոթում Աստծուն ու լսում, որ Աստված լուռ է, ու մրմռում այդ անփարատ ցավից, կարող էր կռիվ տալ ինքն իր սեփական հավատքի հետ: Բայց երբ ներսից են քանդում տաճարը, ում կանչել աղոթք լսելու:
Մեսչյանի հայացքն ուղղված է դեպի ներս՝ դեպի մարդը: Նա ներողամիտ չէ մարդկային այն արատների նկատմամբ, որ բերում են համաշխարհային աղետների. ոչնչացնում են արժեհամակարգեր, բնաջնջում են մարդուն: Նրա երգը նետն է ազատության, որ թափառիկ ցավի պես քրքրում է մեր միտքը, հոգին:
Ազատություն, արդարություն, սեր. այն արժեքներն են, որոնք անընդհատ փորձության մեջ են: Ահազանգում է. մեր դատավորը մեր խիղճն է, որից գողացել են կշռաքարերը. դրա համար չափումներում սխալվում ենք:
Մեսչյանը կյանքը տեսնում է մեծ ժամանակի մեջ, մոնումենտալ մասշտաբներով: Նրա համար հաշվելի վայրկյանից մինչև անծիր հավիտենություն մեկ քայլ է՝ հետ կամ առաջ: Նա պտտվում է օրվա 24 ժամի մեջ ու պիտակում օրերը՝ լերկ, առանց «Հայր մեր», լուռ, անիմաստ, խենթ, հարբած: Այստե՞ղ պարտվեցինք:
Մարդու կյանքի ժամանակից ընդարձակվում է, հասնում ազգերի հեռու պատմություն: Բեմում հնչում է «սառնասրտորեն». Հայկը պարտվեց ոսոխ Բելին: Հա՞յկը հաղթեց, թե՞ հակառակը: Դա ի վերջո բառախա՞ղ է:
Երբ առաջին անգամ Երևանում բեմից հնչեց՝ Հայկը պարտվել է Բելին, դահլիճից անհանդուրժող բղավեցին՝ ո՛չ:
Լրագրողը հարցնում է՝ դժվա՞ր է ընդունել, որ մենք պարտվելու վտանգի առաջ ենք: Նա պատասխանում է՝ վտանգի առա՞ջ. դա այն է, երբ վտանգը տեղի չի ունեցել դեռ, իսկ մենք ամեն օր պարտվում ենք: Սա տագնապ էր: Խնդիրը Բելը չէ կամ արտաքին թշնամին. տեսակի հարցն է: Բելը մարմնավորում է բյուր ճիվաղներին, իրենց երեսից ամոթխած դիմակը հանած լրբերին: Հայկը համբերող այն ժողովուրդն է, ազգը, որին ինքը շարունակ փնտրում է: Որակական չափանիշների բախում կա: Հայկի տեսակը չի վերանում, բայց այդ տեսակը մեր երկրում, մեր մեջ ի՞նչ տեղ է գրավում: Հայկն ամեն օր, ամեն ժամ պարտվում է: Սա տագնապ է: Ըստ Մեսչյանի՝ հայ լինելը սարսափելի դժվար է. պետք է ունենաս մեծ հոգի, որ կարողանաս հայ պատմությունից հանել ամբողջ թույնը, վատը, զտես, վերցնես լավագույնը:
Ո՞րն է ելքը, որ մենք մեր առաջ ունեցած պարտությունների շղթան կտրենք: Ինքն ասում է. «խորաթաների ժամանակն ավարտվել է. գործելու ժամանակն է»: Ինքը գործում է:
Բայց կռիվը ներս ու դրսի չի ավարտվում, քանի դեռ մեր պատմության ճամպրուկում խոր քուն են մտել «կիսված վերջին փամփուշտը և վերարկուն նախորդ պատերազմից»: Նախորդ ու հաջորդ պատերազմների պակաս չկա:
Կյանքի ճանաչողության ու աշխարհաճանաչողության ճանապարհին չդադարեց հավատալ սեփական ժողովրդի ու հումանիզմի հաղթանակին: Համենայն դեպս պայքարը չի նահանջել. «և եթե նույնիսկ չհասնեմ լույսին, զուր չէին բոլոր աղոթքներս, Տե՛ր»:
Մեսչյանի «բանաստեղծությունն» անանձնական է: Բաժանում է մարդկանց ոսկեզարդ խորանների աղոթքը, արծաթե ջահերը վանքերի, իրեն մնում են իր հեքիաթները. իր աղոթքները զուր չէին: Միստիցիզմի փիլիսոփայություն կա. ինքնամաքրման ճանապարհն անցնում է մեծ տառապանքով: Ահա Մեսչյանը նրանց կողքին է, ովքեր ցավից պարում են: Կհասնե՞նք լույսին: Իր որոնումը սկսվեց նարեկյան. «Ո՞ւր էիր Աստված»: Եփվեց մարդու ու հայրենիքի ցավի կրակներում, թրծվեց որպես մարդ ու արվեստագետ, կառուցեց իր քաղաքը, իր մտքի, հոգու Մատենադարանը ու հասավ գագաթին՝ հաղորդությանը. «Մեկ առ մեկ հղկված քարերը հպվեցին իրար, Սալերով պատվեց Քո նավը և դարձավ տաճար...»:
Գտնենք մեր հոգու եկեղեցին ու կամքը ու հավատը չուրանանք. Հայկը հաղթելու՛ է Բելին: Եվ սա բառախաղ չէ:
Վանուհի Բաղրամյան