Թումանյանի դատավարությունը

«Մենք եկել ենք խաղաղության, եթե ոչ, մենք այն պարտադրելու ենք»

«Ինձ հետ վարվեցին քաղաքական հանցագործի պես։ Լուսանկարեցին գլխարկով, առանց գլխարկի, նստած, կանգնած, ձախ թևիս համար կպցրին, թանաքի մեջ թաթախած մատս թղթի վրա դրոշմել տվին։ Էսպես է եղել աշխարհքի բանը- լավությունն էլ է պատժվում-էն էլ ավելի շատ»։

Հովհաննես Թումանյանը դատավարությունից առաջ

 

Թվացյալ սովորական այս հանցագործն ամենևեին էլ հասարակ մահկանացու չէր. Թումանյանն էր՝ Ամենայն հզոր բանաստեղծը։

Գրականագետ Գարեգին Լևոնյանը հիշում է Ջիվանու թաղումը․ թափորը բարձրանում էր Մետեխի բանտից վեր՝ դեպի Խոջիվանք։ Հանկարծ նկատեցին, որ բանտի բաց պատուհանից թաշկինակներ են երևում․ Իսահակյանն ու Թումանյանն էին թափահարում՝ իբրև իրենք ևս մասնակից են արարողությանը։

Ի՞նչ էր պատահել, որ այս երկու (և ոչ միայն) մեծերը հայտնվել էին ճաղերի հետևում։

Թվում է՝ ամեն բան գիտենք Ամենայն հայոց բանաստեղծի կյանքի ու գործի մասին։ Բայց շատ փաստաթղթեր դեռ արխիվում են ու փակ։ Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանը հանրությանը ներկայացնում է նոր ուսումնասիրված փաստաթղթերը՝ բացահայտելով նոր մանրամասներ նրա աղմկահարույց դատավարությունից:

Ե՛վ ռուսական, և՛ վրացական արխիվային նյութերի մի մասը, որոնք բաց էին, Թումանյանի ընտանիքը կարողացել է ժամանակին ֆոտոպատճենել։ Երկու տարի առաջ թանգարանը Թբիլիսիի գործընկերներից ձեռք է բերել փաստաթղթեր, որոնցում գրվածը գիտեինք, սակայն չունեինք փաստաթղթերը՝ որպես ապացույցներ։ Թանգարանում պահվելու են թվային օրինակները։ Տնօրենը խիստ կարևորում է այդ տեղեկությունների հանրայնացման խնդիրը։ Կան, իհարկե, անհասանելի արխիվներ, որոնք բացելով՝ ստանում ենք այս կամ այն իրողության մասին փաստաթղթերը։ Ենթադրվում է, որ կան ավելի մանրամասներ բացահայտող նյութեր, որովհետև ունեցած տեղեկությունների և փաստաթղթերի շղթան պարբերաբար կտրվում է։

Թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանը պատմում է․ «Թումանյանի որոշ հուշեր և նամակներ մեզ հուշեցին, որ արխիվային նյութերում անպայման պետք է որ պահպանված լինեն փաստաթղթերը։ Այդ թղթերում ոչ միայն Թումանյանի, այլ նաև մյուս մտավորականների՝ Ա․ Ահարոնյանի, Ա․ Իսահակյանի, Գ․ Նժդեհի անձնական գործերն են։ Նրանք հենց այդ օրերի ձերբակալվածներն են։ Այսինքն Թումանյանը ոչ միայն իրեն էր նկարագրում, այլ նաև մի ամբողջ մտավորական սերնդի»։

Ցուցադրությունը կազմակերպվել էր ոչ թե թանգարանի ներսում, այլ դրսում՝ բացօթյա, որպեսզի շատ ավելի հասանելի լինի հանրությանն ու չունենա տարածքի սահմանափակումներ։

Թումանյանի տան աստիճանների կողասյուներն ի վեր ալիքաձև, խորհրդանշորեն գետի նման շարունակվում են ձերբակալության մասին մանրամասները։ Ներքևից այն սկսվում է Թումանյանի «Վայրէջք» բանաստեղծությամբ, որին ի պատասխան՝ որդին բանտում գրում է «Վերելքը»։ Աստիճանների վերևի մասում տեսնում ենք «Վերելքը»։

Ըստ տնօրենի միջոցառման հաղորդագրությունն է․ եթե դու սիրում ես քո ժողովրդին, ազգը, դու չես ընկրկի որևէ մի բանի առջև, եթե անգամ դա վտանգում է քո ազատությունը։

Թումանյանի գործը համարում էին «դաշնակցական» կամ՝ «159-ի» գործ։ Նա, սակայն, իր մտածողությամբ շատ ավելի լայն է դիտարկում կյանքը, քան ցանկացած կուսակցական մոտեցում։ Նրա շրջապատում շատ կային կուսակցականներ, սակայն Թումանյանը վստահ էր, որ ցանկացած կուսակցություն զրկում է ազգին լիարժեք ծառայելու ազատությունից։ Նրա առնչություններն այս կամ այն կուսակցությանը պայմանավորված էին բացառապես ազգային խնդիրներին լուծումներ գտնելու անհրաժեշտությամբ։

1900-ականներ։ Թումանյանը Թիֆլիսի պահնորդական բաժնի համար վերածվեց կասկածելի անձի և հայտնվեց «քաղաքական անբարեհույսների» ցուցակում։

1901 թվական՝ հունիսի 7։ Ժանդարմերիայի գաղտնի ցուցակներում Թումանյանի անունը Ժոկեյ էր։

1902 թվական՝ փետրվարի 15-ի լույս 16-ի գիշեր։ Թումանյանի տունը խուզարկվում է, որպես իրեղեն ապացույց վերցնում են 1 գիրք՝ П. Зарубин «Современные социалисты революционеры»։

1905 թվական։ Թումանյանը թռուցիկ-կոչով դիմում է Ղազախի թուրք բնակչությանը․ «Մենք, լոռեցիներս, չենք հարձակվում և չենք կռվում մեր հարևան թուրքերի հետ և ոչ մի կողմի վրա, որովհետև, եթե ուժեղ ենք-անիրավություն է, եթե թույլ ենք-հիմարություն է։

Մենք պահպանում ենք խաղաղություն և հաշտություն, դրա համար բարձրացնում ենք սպիտակ դրոշակ և կոչ ենք անում մեր հարևան թուրքերին էլ մեզ հետ միասին պահել խաղաղություն։ Եվ երդվում ենք միշտ բարձր ու մաքուր պահել սպիտակ դրոշակը։

Իսկ եթե նրանք մեզ չեն լսիլ և կհարձակվեն մեր գյուղերի վրա-կաշխատենք պետական ուժով դրա առաջն առնել, և եթե այդ անկարելի եղավ, մենք ինքներս դուրս կգանք նրանց դեմ և անխնա, բայց այնուամենայնիվ դարձյալ չենք գնալ նրանց գյուղերի վրա»։

Նվարդը պատմում է, որ գյուղացիները եկել էին ճանապարհ ընկնելուց առաջ Թումանյանի ճառը լսելու: Հորաքույր Աստղիկն էլ սպիտակ ու կարմիր (խաղաղության և կռվի) դրոշակներ էր կարում։ Բանաստեղծի տանը հարյուր ձվից ձվածեղ պատրաստեցին, հաց ու պանիր դրեցին բախչի սեղաններին։ Օհաննեսը նստեց Մարսի վրա, որ մեկուկես անգամ մեծ էր սովորական ձիուց, ու գնաց։ Սա հայ-վրացական հարաբերությունների լարվածության վերջը պիտի լիներ։ Ի՞նչ էր իրականում տեղի ունեցել։ Լոռին պարբերաբար հարձակումների էր ենթարկվում թուրք-թաթարական խմբերի կողմից. երբեմն դրանք սադրում էր վրացական համայնքը։ Թումանյանը հասկացավ, որ դա բնական վիճակ չէ, դա ժողովրդի ցանկությունը չէ, դա ավելի հրահրվում էր, քան իրականում կար։ Աղբյուրները տանում են դեպի հյուսիս։ Քանի որ այդ ժամանակ ազգային ինքնության պոռթկումներ կային հայ երիտասարդության շրջանում, դրանք պետք էր ինչ-որ կերպ զսպել։ Թումանյանն իր վրա վերցրեց ժողովրդի մեջ բորբորքված կրքերը հանդարտեցնելու առաքելությունը։ Թումանյանն այն կարծիքին էր, որ եթե անգամ մեկ տող գրած չլիներ, միայն այն, որ նա կարողացավ այդ շրջանում մերկացրած սրերի ծանր արյունահեղությունը կանխել, ուրեմն իր առաքելությունը կատարված էր։ Մետեխում իր 40 ամյակին գրեց «Մի կաթիլ մեղրը»։ Սա պատահական չէր, այլ՝ ուղերձ։

1908 թվականի ձերբակալությունից առաջ տունը մի քանի ժամ խուզարկեցին։ Նվարդը մանրամասներ է գրում, թե ինչպես հոր ձեռագրերը գտան գետնին թափված, գրապահարանի դռները բաց՝ գրքերը հատակին։ Հիշում է՝ տարան հորն ու Մուշեղին։

1908 թվականի դեկտեմբերի 24-ի N 21 հրամանագիրը Հովհաննես և Մուշեղ Թումանյանների ձերբակալության մասին է։

Պահպանվել է նաև 1909 թվականի հունվարի 4-ի  Հովհաննես Թումանյանի գրավոր ցուցմունքը՝ 1905-1906 թվականների խաղաղասիարական գործունեության մասին․ «․․․․ ես իմ առջև նպատակ դրեցի աջակցել խաղաղության վերականգնմանը և անդորրության հաստատմանը․․․ խնդրեմ չմոռանալ, որ իմ խաղաղարար գործը կատարվում էր այն օրերին, երբ ռուսական հեղափոխությունը գտնվում էր ամենաթեժ վիճակում, և դաշնակցությունն էր իշխում մեր կողմերում»։

1909 թվականի հունվարի 8-ին Օլգա Թումանյանը դիմում է գրում Կովկասի փոխարքա Վորոնցով-Դաշկովին որդուն՝ Մուշեղին, և ամուսնուն բանտարկությունից ազատ արձակելու համար։ Թումանյանն իր հաջորդ ցուցմունքում ևս խնդրում է ազատել որդուն, որը 3-րդ գիմնազիայի 8-րդ դասարանում էր սովորում և «բացի դասերից ոչնչով չի հետաքրքրվում»։

1908 թվականի դեկտեմբերից մինչև 1912-ի մարտն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած ձերբակալությունների, դատաքննությունների, ապա պետերբուրգյան դատավարության ընթացքում բանաստեղծը կարողացավ հիմնավորել, որ ինքն իր ամբողջ կյանքում գործել է միայն ի շահ ժողովրդի խաղաղ համակեցության և Պետերբուրգի կառավարական սենատի հատուկ ատյանում ԱՆՊԱՐՏ ճանաչվելով՝ վերադարձավ տուն։

1911 թվականին երկրորդ ձերբակալությունը Մետեխիում էր։ Մեկ ամիս անց նրան տեղափոխում են Պետերբուրգ։ Նվարդը հիշում է, որ Թումանյանը և ևս մի քանի հոգի առանց ձեռնաշղթաների էին՝ հաշվի առնելով նրանց դիրքը, հեղինակությունն ու ազնվական ծագումը։ Աշխենը պատմում է, որ ճանապարհի համար հոր հետ տաք հագուստ դրեցին, բաճկոնի կոճակների փոխարեն հինգռուբլիանոց ոսկեդրամներ կարեցին։

Բանտում տեսակցություններ թույլատրվում էին, սակայն նամակները պետք է պարտադիր ռուսերեն լինեին։ Երեխաներն այցելում էին հորը, նամակներ գրում։

Դատավարությունը տևեց մի քանի ամիս։ Աշխենը գրում է, որ Պետերբուրգի դատական դահլիճ Թումանյանը մտել է ձեռքը գրպանում, ժպտալով։ Ասում էին, որ հարցաքննության ժամանակ շատ էր կատակում և սրախոսում։

Դատին մի քանի լոռեցի էին տարել կեղծ վկայություն տալու, թե իբր Թումանյանը խժդժություններ է հրահրել այդ օրերի իշխանությունների դեմ։ Այս մասին Աշխենն է պատմում, թե ինչպես համագյուղացի ոմն Շահբազ, որ «շատ կեղտոտ տիպ էր», սպանել էր եղբորը, որի համար համագյուղացիներն ուզում էին հաշվեհարդար տեսնել․ «բայց հայրիկը չթողեց։ Չնայած դրան՝ նա նպատակաուղղված եկել էր Պետերբուրգ նողկալի ցուցմունքներ տալու, հայրիկին կործանելու համար։ Հետո մենք իմացանք, որ նա աշխատում էր ցարական պահնորդական բաժնում»։

Թումանյանի համար տարօրինակ և զարմանալի էր, որ դատավարության ընթացքում օտարազգիները, դատախազները պաշտպանում էին իրեն, իսկ իր հայրենակից լոռեցիները՝ մեղադրում։ խենթանալու բան էր։ Նա ասում էր, որ մենք վերլուծելու և ինքներս մեզ ճանաչելու ճանապարհ պետք է անցնենք։

Թումանյանի դատապաշտպան, ազգությամբ հրեա Օսկար Գրուզենբերգի կարծիքով իր պաշտպանյալներից, որ 13 հոգի էին, գլխավորը Թումանյանն էր։ Գրուզենբերգն Աշխեն Թումանյանին գրում է․ «Ձեր հայրիկի գործը շատ լուրջ է, մեղադրանքը՝ շատ ծանր, իսկ նա դա չի ուզում հասկանալ։ Գնում եմ նրա մոտ գործին ծանոթանալու, իրեն նախապատրաստելու․․․ Հասկացնում եմ նրան այս ամենը, իսկ նա՝ ոչ մի ուշադրություն, հմտորեն փոխում է զրույցը  փիլիսոփայական ու գրական թեմաների։ Եվ դժբախտությունն այն է, որ նրան հաջողվում է ինձ ներքաշել այդ զրույցների մեջ։ Նրա մոտ երկու ժամ լինելուց հետո դուրս եմ գալիս փողոց և նոր միայն անդրադառնում, որ իրականում գործի վերաբերյալ ոչինչ չիմացա։ Սիրելի՛ս, երբ լինեք նրա մոտ, փոխանցեք, որ նա ինձ օգնի, այլապես հետևանքները ծանր կլինեն»։

1912 թվականի հունվարի 17-ին Սենատի հատուկ ատյանի Սպիտակ դահլիճում մեկնարկում է «Դաշնակցության գործի» կամ «159-ի դատավարությունը»։

159 մեղադրյալներից ներկա էին 146-ը։ Հայտարարվում է, որ գործը քննվելու է 102-րդ հոդվածով, որը նախատեսում էր պատիժ պետության դեմ հանցագործության և պետական դավաճանության համար։

Թումանյանն իր բացատրական ելույթում համոզված էր, որ ճշմարտությունը կհաղթանակի, և իրեն կարդարացնեն։

Դատախազ Սերգեևի ճառը երեք օր է տևում։ Աշխենը հիշատակում է նրա խոսքը բանաստեղծի մասին․ «Թեև բոլոր ասածներին չեմ հավատում, բայց ինքն էլ է հավատացնում, վկաներն էլ են հաստատում, որ նա շրջում էր սպիտակ դրոշակով։ Ինձ մնում է ասել՝ գնա, փաթաթվիր քո սպիտակ դրոշակի մեջ և հանգիստ քնիր։ Ես հրաժարվում եմ քեզանից»։

Սանկտ Պտերեբուրգի Դոնոն ռեստորանում 1912 թվականի մարտի 20-ին հայ և ռուս մտավորականները Թումանյանին ողջունում են ծափահարություններով։ Նա ԱՆՊԱՐՏ է։

Թումանյանը հայի այն տեսակն էր, որ ոչ թե խաղաղություն էր մուրում, այլ խաղաղություն էր պարտադրում։ «Մենք եկել ենք խաղաղության, եթե ոչ, մենք այն պարտադրելու ենք»։ Հետո շատերը պետք է հաստատեն, որ Լոռվա սարերի անսասան լինելը Թումանյանի՝ այդ օրերի աշխատանքի արդյունքն է։

Հետո, երբ պետք է միանար հայ դատի գործին, ասում է .«Հայ ժողովրդի արդար դատի համար չկա ոչինչ կարևոր, բացի ճշմարտությունից»։ Թումանյանը հետագայում պահանջում է մի քանի հատորանոց այդ գործը, կարդում, և նշումներ անում, թե ով ինչ կեղծ ցուցմունք է տվել։

Ուրեմն, ինչպես Մահարին էր ասում՝ պետք է միայն չմեռնել, և արդարությունը կհաղթի։ Ապրենք, որ հաղթի արդարությունը ու կարողանանք խաղաղություն պարտադրել։

 

Վանուհի Բաղրամյան