Թոփալ Անդոյի թոռան ծնունդը

Աքլորի հետ էր զարթնում: Ոտքերն ինքնուրույն գտնում էին մահճակալի տակ սիրուն դրված հողաթափերն ու սկսվում էր ամենօրյա քստքստոցը: Հատուկ առավոտյան արարողություն էլ կար. մոտենում էր հայելուն ու ասում.

-Թաղե՛մ քեզ:

Հետո միանգամից խաչակնքվում էր՝ շրթունքներով կամ հոգով աղոթք մրմնջալով: Բիձեն շուտ գնաց: Համարյա կես դար հոգին կրծեց, բայց շուտ գնաց: Մահճակալը չհանեց տնից. «Բալքի մի օր փոշմանի»,-ինքն իրեն ասաց:

Տունը մաքրությունից պլպլում էր, չնայած՝ պատերին սոսնձված ծխախոտի հոտին: Պահարանի վրա երեխեքի լուսանկարներն էին: Բոլորն էլ ժպտում էին: Քիչ հեռվում՝ իրենն ու մարդունը, էն ժամանակ դեռ ջահել՝ բուլղարական Վառնայում, մարդը՝ սիգարետը բերանին, ինքն էլ ավազից էլ դեղին սրբիչով փաթաթված: Էդ մի ծովը եղավ: Էդ մի ծովից երեք երեխա եղավ, ամեն մեկն իր քաղաքի պատվավոր քաղաքացի, աղջիկն իր պես ժպտերես, մեծ տղան՝ հոր պես կապուտաչ:

Նկարների փոշին ամեն առավոտ տալիս էր: Հետո մոտենում էր սառը ջրի ծորակին ու քանի որ երազները բոլորը տեսել-պրծել էր և պատմելու բան չկար, մի բաժակ ջուր էր խմում ու գնում գործի: Ամեն օր աշխատավայր մտնելիս խաչակնքվում էր, չնայած՝ գործի տեղը եկեղեցին էր: Տերտերը լավ մարդ էր. բիձու մահից անմիջապես հետո կանչեց մոտը, թե բա.

-Մոմ կարա՞ս ծախես:

Ինքն էլ ամաչեց, բայց գլուխը բարձր ասաց.

-Ես ծախել չեմ կարում:

Տերտերը մի պահ մտածեց ու ասաց.

-Ուրեմն հատակը կավլես,-ու քանի որ եկեղեցու զանգերը ղողանջեցին, հանկարծ հիշեց,-մեղավորների ոտնահետքերից:

Եվ եկեղեցին սկսեց պլպլալ: Պատարագից առաջ գալիս էր, իր գործն անում, իր երեք մոմը վառում, օրավարձը վերցնում ու գնում: Ամեն շաբաթ օր գերեզման էր գնում, կանգնում բիձու առաջ ու ասում.

-Հը, ո՞նց ես:

Մյուս օրերին գյուղի ծայրի բլուրն էր գնում: Դրանից այն կողմ՝ տանող-բերող ճանապարհն էր: Իր քարն ուներ, մի քիչ նստում էր, մի քիչ լռում էր, մի քիչ նայում էր ու գալիս էր տուն:

Համարյա չէր ուտում: Ամենաշատը սիրում էր տաքերին՝ կանաչեղեն, ցրտերին՝ ոսպ: Հարևանները լավ մարդիկ էին, դաշտերում կանաչը բոլ-բոլ էր:

-Աստված քեզ երկար կյանք տա, մայրի՛կ,-ամեն առավոտ ու երեկո ասում էին գյուղի տղամարդիկ:

-Աստված թող աշխարհը մաքուր պահի,-ասում էր ինքը:

Ոսպով ճաշը բլթբլթում էր, աքլորն էլ կանչում, երբ տերտերի մոտից մարդ եկավ ու ասաց, թե Տեր Հայրը շտապ կանչում է: Չհասցրեց էլ ճաշի տակն անջատի, ափալ-թափալ դուրս վազեց: Ծեր քահանան մորուքն էր շոյում.

-Գիտե՞ս մեր գյուղում քանի մարդ կա,-ասաց:

Ինքն արագ-արագ շնչում էր ու քահանան շարունակեց.

-Երեսուներկու: Տուն չէ է. մա՛րդ: Ես ու դու էլ մեջը:

Քահանան մի պահ լռեց, հետո տեղից բարձրացավ ու հանեց մեծ խաչը.

-Իսկ գիտե՞ս քանի անասուն կա...Հարյուր հիսունյոթ՝ թոփալ Անդոյի կորած սև ոչխարները հանած:

Քահանան նորից նստեց տեղը.

-Հիմա կարա՞ս ասես՝ իմ ու քո գործն ո՞ւմ ա պետք:

Ինքը գլուխը կախեց՝ առաջին անգամ եկեղեցում:

-Տղես կանչում ա մոտը,-տերտերն էր,-ասում ա՝ աղոթքներդ տեղ հասան:

Նկատեց, որ արցունքներ կային քահանայի աչքերի մեջ:

-Նենց որ,-շարունակեց քահանան,-էլ պետք չի, որ գաս: Աստված երկար կյանք տա քեզ:

-Երկար կյանքն Աստված չի տալիս,-վերջապես խոսեց,-հակառակը:

Քահանան մենակ ասաց. «Ամեն»:

Ճաշը եռալուց թափվել էր հատակին: Ինքն էլ եկավ տուն ու ամբողջ ոսպն ավլեց ու թափեց:

Հողաթափերը մնացին նույն տեղում, պահարանին դրված լուսանկարներն էլ՝ փոշոտ: Աքլորը կանչում էր, բայց երեսուներորդ կանչից դադարեց, երևի հոգնեց, կամ մի բան գիտեր: Ամեն դեպքում թոփալ Անդոյի մոտ մարդ էր եկել ու հայտնել, որ հեռու քաղաքում թոռ է ունեցել, ու Անդոն ավերակ տնից դուրս եկավ ու ասաց.

-Ջհանդամը ոչխարները, էսօր քեֆ ենք անում:

 

Հովիկ Աֆյան