Թաղավարդի թուլացած, բայց չդադարող շնչառությունը

Արցախի՝ այժմ արդեն «ծայրամասային», սահմանամերձ դարձած Թաղավարդ գյուղի անունն այսօր ասոցացվում է ոչ թե վարդերի շեն այգիների ու սառնորակ աղբյուրների,  այլ երկու մասի կիսված տարածքի ու նույն կերպ «կիսված» ճակատագրի, ինչպես նաև փշալարից այն կողմ մնացած մշակութային ու նյութական ահռելի ժառանգության հետ։ Ասում են ժամանակին Արցախի Վարանդայի մելիքության մաս կազմած Թաղավարդը գրչության խոշոր կենտրոն էր, որտեղ 17-18-րդ դարերում ընդօրինակվում էին ձեռագիր Ավետարաններ, Սյունեցու «Ադամգիրքն» ու բազմաթիվ այլ կարևոր աշխատություններ։ Ժամանակին Արցախի ամենախոշոր բնակավայրերից մեկն այսօր իր ներսում է կրում ցավոտ բաժանարար գիծը՝ նոր սահմանից այն կողմ թողնելով ադրբեջանցիների բռնազավթած Վերին կամ Բուն Թաղավարդը։ Դե իսկ ադրբեջանական դիրքերն ու նորակառույց ճանապարհները պարզ երևում են փրկված Ներքին Թաղավարդի բոլոր տների պատուհաններից՝ երեք կողմերից շրջապատելով փոքրացած գյուղը։

Փշալարից այս կողմ կյանքը շարունակվում է՝ ի հեճուկս օդում թափառող ապագայի հանդեպ անորոշության զգացումի, անվտանգության գրեթե զրոյական երաշխիքների ու անպատասխան մնացող բազմաթիվ հարցերի։ Հետաքրքիր է՝ Թաղավարդում փոքրից մեծ բոլորը գիտակցում են, որ իրենց՝ այստեղ ապրելու համար չափազանց թանկ ու ծանր գին է վճարվել, և այդ իրողությունն ավելի քան ակնհայտ է դառնում նրանց ամեն խոսքից ու քայլից։ Հենց այստեղ, 2020-ի աշնանը ծանրագույն մարտերում հետ մղվեց դեպի Շուշի շարժվող հակառակորդը՝ հետ շպրտվելով Թաղավարդ-Կարմիր Շուկա-Ստեփանակերտ մայրուղուց, իսկ մինչև ատամները զինված թշնամին ստիպված էր  փոխել ծրագրերն ու շարունակել ճանապարհն անտառներով՝ այդպես էլ չհասնելով մայրուղու երկայնքով ձգվող բազմաթիվ հայկական գյուղեր, որոնք մինչև օրս էլ շարունակում են «շնչել»՝ փրկվելով բռնազավթումից։

Հենց այդ պատճառով է գուցե, որ ամեն Թաղավարդ գալիս մի պահ հօդս են ցնդում պարտվողական տկար մտածողությունը, «ամեն ինչ իզուր էր» կամ «այլևս ինչի համար պայքարենք» հարցերն ու մտորումները, իսկ կորստի ցավի կողքին փրկված կյանքերի, շեների ու լեռների արժեզրկումն՝ անհանդուրժելի թե՛ զոհվածների, թե՛ այդ զոհողության գնով ապրողների կյանքի գինը գիտակցելիս։ Եվ գուցե հենց այդ պատճառով է, որ իրականությունը Թաղավարդում ավելի մոտ է թվում, քան մայրաքաղաք Երևանում կամ առավել ապահով թվացող ցանկացած այլ վայրում։

 

 ***

Հետաքրքիր, ծայրահեղ մարդիկ ենք․․․ Ծայրահեղ գեղեցիկ ու անսպառ ոգեշնչման աղբյուր փոքրիկ երկրի՝ ծայրահեղությունից ծայրահեղություն փոխվող ու անսպառ զարմացնող ժողովուրդը։ 

Մինչև շատերը ենթադրում են, որ Թաղավարդին վտանգավորության աստիճան մոտեցած ադրբեջանական դիրքերի սպառնալիքի տակ գյուղը կսկսի նոսրանալ՝ թաղավարդցիները տոնում են նոր կարի արտադրամասի, գեղեցկության սրահի բացումը, սպասում ջերմոցների կառուցման ու անասնապահության վերաբերյալ նոր ծրագրերի։

«Համեցեք, համեցեք, մունք էլ ծեզ ընք սպասում», -արագախոս ու զվարթ իր տոնով մեզ ներս է հրավիրում թաղավարդցի տիկին Երմոնյան՝ երկար սպասված իր կարի արտադրամասի բացման բուռն պատրաստությունների մեջ մեկ այս, մեկ այն կողմ վազելով։

Անվերջ կարելի է հիանալ այս կնոջ անսպառ էներգիայով, բարեհոգությամբ ու անկոտրում կամքով, որը շատ հստակ դաջված է խնդուն աչքերի մեջ ու մի քիչ էլ թաքնված նրա  հումորներում․ հենց այդպես է տիկին Երմոնյան հաճախ փորձում կոծկել թաղավարդցուն բաժին հասած ճակատագրի տխուր էջերը, անգամ գյուղացիներին միկրոֆոնով սպառնացող ադրբեջանցիների մասին հատուկ հումորներ ունի։

«Ուրանց շենը (գյուղը) լոխ տի ըն (էդպիսինն են)», -արձագանքում է Ստեփանակերտից եկած լրագրողը մեկ այլ կոլեգայի՝ տիկին Երմոնյայի «բաեվոյ» տեսակի մասին նկատառմանը:

Հետպատերազմյան Արցախի ամենաթեժ կետի՝ Թաղավարդի, տարեց դերձակուհին երբեք չի խոսում գյուղը լքելու մասին, ավելին՝ Արցախից դուրս իր կյանքը չի պատկերացնում։  

Միայն մեկ բան է, որ չի լրացնում թաղավարդցիների «կիսատությունն» ու չի սփոփում ոչ ոքի․ ադրբեջանցիների վերահսկողության տակ անցած Վերին Թաղավարդում են մնացել գյուղի թե՛ պատմական եկեղեցին, թե՛ գերեզմանատունը։ Թաղավարդում ժամանակին հաշվառված ավելի քան 20 հուշարձաններից ամենակարևորները՝ Սուրբ Աստվածածինն ու Կարմիր /կամ Հին/ եկեղեցին մնացել են ադրբեջանցիների ձեռքում։ Եվ միայն այս մասին խոսելիս է, որ Թաղավարդում բոլորը մի պահ լռում են, միայն այս թեման է, որի շուրջ այստեղ խոսակցությունները շատ կարճ են տևում։ Նույնիսկ տիկին Երմոնյան՝ փոքրիկ մարմնի մեջ անսպառ դրական էներգիայի ու լավատեսության այս մարմնացումն, մի պահ կարծես հոգով կծկվում, է՛լ ավելի է փոքրանում ու լռում, երբ խոսք է գնում Վերին Թաղավարդից․․․ Ինքն էլ այնտեղ է ծնվել ու մեծացել։

«Հարս եմ եկալ Կալեր/Ներքին Թաղավարդ, երկար տարիներ գործ արել Կռասնի Բազարումը։ Բայց դե մեր հանգիստները (գերեզմանները) լոխ ընդեղ, մեր մանկությունն ընդեղ, եղցին, մեր շենը․․․», -մի պահ երկու Թաղավարդերն իրար կապող ժամանակի միջև ասես կանգ է առնում տիկին Երմոնյան՝ կարծես նախընտրելով միայնակ ու լուռ ապրել իր անձնական վիշտը։

                                              

***

Ճոշտ Պռվածառ, Սուրբ Աստվածածին, Բերդահոնջ եղցի, Կարմիր եղցի, Շինատեղին արտ․․․ Բուն Թաղավարդում թողած սրբատեղիների, վանքերի, եկեղեցիների ու գերեզմանների անունները թվագրելիս բարդ է պատկերացնել, թե ինչպիսին է կյանքը դրանց այդքան մոտ, դրանց հետ ու առանց դրանց։ Պատկերացնել Զատիկին, Ամանորին, Խաղողօրհնեքին հաջորդող մեռելոցներն ու Մայիսի 9-ը առանց գերեզմանատուն մուտք գործելու հնարավորության։ Թաղավարդի կիսատությունը հենց այդտեղից սկսվում և իր ավարտին է հասնում փշալարի մոտ և ոչ թե հակառակը։

Հետաքրքիր է, որ այս կոթողներից շատերի մասին տեղեկությունները համեստ ու սակավ են այնքան, որ թվում է, թե մենք գրեթե միշտ մեր երկիրն ու ժառանգությունն ընկալել ենք ոչ թե որպես արժանիք, այլ իրավունք՝ աներկբա ու անձեռնմխելի իրավունք, որը երբեք չեն խլի ու որին արժանանալու համար ջանք թափելու կարիք, երևի, չենք զգացել։

Հավանաբար 17-րդ դարին թվագրվող ու նույնանուն ամրոցից քիչ այն կողմ գտնվող կիսավեր Բերդահոջի եկեղեցու և Թաղավարդի երբեմնի այցեքարտերից համարվող Կարմիր եկեղեցու մասին առավել ծավալուն ուսումնասիրության համար շատ ենք  ուշացել, հաշվի առնելով, որ թշնամու ձեռքում դրանց հետագա ճակատագիրն անհայտ է։ Ոչինչ հայտնի չէ նաև թաղավարդցիների ամենասիրելի ու առավել հաճախ այցելություններ ունեցող, 19-րդ դարի Սուրբ Աստվածածնի ճակատագրի մասին, որը նույնպես օկուպացված Վերին Թաղավարդի հետ համալրել է երանելի «մոտիկ- հեռու»-ների շարքը։ 19-րդ դարի վերջին Արցախ աշխարհի գրեթե բոլոր փոքր ու մեծ շեներն աշխարհին բացահայտած Մակար եպիսկոպոս Բարխուդարյանցի նշումների ու հատուկենտ ուսումնասիրողների լուսանկարների շնորհիվ միայն պահպանված է եկեղեցու կառուցման մասին արձանագրության հիշողությունը, որը հակիրճ տեղեկություններ է տալիս դրա՝ 1840-ականներից մինևչ չարաբաստիկ 2020-ը ձգված պատմության մասին․ «Շինեցաւ եկեղեցիս յանուն Սրբոյ/ Ա[ստուա]ծածնին՝ արդեամբ եւ ծախիւք ազնիւ Բէ/րամ աղայի որդոյ պօլկովնիկ Մելիք Ջ/իւմշիտեան Շահնազարեանցի, յիշատ/ակ կենդանեաց եւ համայ[ն] նընջեցելոցն/ իւրեանց ի Քրիստոս»։

Ըստ վերջին տվյալների՝ Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում չտուժած Սուրբ Աստվածածինն արդեն նախորդ տարի ենթարկվում էր ադրբեջանցիների ոտնձգություններին և, ըստ արբանյակային թարմ լուսանկարների, լրջորեն վնասված էր։

 

Սոֆյա Հակոբյան