Մայրը՝ Ֆիլմում, կտավում և տանը

Հայ մայրը մայր չէ միայն իր երեխայի համար

Մայրերի մասին երգել են Pink Floyd-ը, The Beatles-ը, Ֆրեդին, Շուշան Պետրոսյանը, Ջագը և այլք: Վրձնված մայրերը դիմավորում են «զավակներին» ինչպես Լուվրում, Էրմիտաժում ու Պրադոյում, այնպես էլ երևանցիների մանկության, երիտասարդության և հավերժի Վերնիսաժում՝ Կոզիրյոկի հարևանությամբ: Վեպերն ու պոեմները՝ նվիրված մայրերին, անհաշվելի են: Բազմաթիվ են նաև կինոժապավենները, որոնք պատկերում են նուրբ ու անմոռանալի էակներին՝ «Երաժշտության հնչյուններից» (1965) մինչև «Երեք ազդավահանակ Էբբինգի սահմանին, Միսսուրի» (2017) և «Հարսնացու հյուսիսից» (1975): Մայրերը ամենուրեք էլ մայր են՝ սիրո ու հոգատարության անսահման չափաբաժնով, բայց հետաքրքիր է դիտարկել՝ ինչպիսին է հայ մայրը, արդյո՞ք տարբերվում է նա բրազիլացի կամ իռլանդացի մայրերից, դժվար կլինի պարզել՝ հաշվի առնելով հետազոտության շրջանակը, բայց ընդգծել տեղային առանձնահատկությունները և մայրության հայկականությունը`կօգնեն հայ կինեմատոգրաֆի երեք ֆիլմեր՝ «Հարսնացու հյուսիսից» (1975), «Անուշ մայրիկը» (1983) և «Ուրախ ավտոբուս» (2001):

Փորձում եմ հիշել տեսածս բոլոր ֆիլմերը և հեռուստասերիալները մայրերի մասին՝ հին Հոլիվուդից մինչև եվրոպական հեղինակային կինո, և Netflix-ի շոուներով մտքիս խաղը հետաքրքիր մի տեսարանի վրա կանգ առավ, որը բոլորովին անսպասելի էր: «Կրքի անատոմիա» (2005-...) հեռուստասերիալում գլխավոր հերոսուհու՝ Մերեդիթ Գրեյի (Էլեն Պոմպեո) հղիանալու որոշմանը նրա լավագույն ընկերուհին՝ Քրիսթինա Յանգը (Սանդրա Օ) արձագանքում է հիացմունքով՝ ընդգծելով, որ դա շատ հասուն որոշում է, և որ ինքը հպարտանում է Մերեդիթով: Այս դրվագը մտորելու հետաքրքիր և հայ մայրերի հետ զուգահեռներ անցկացնելու հրաշալի առիթ է: Արևմտյան մշակույթում մայրությունը հաջորդում է հասունությանը, հայկական մշակությում հասունությունն է հաջորդում մայրությանը. կանայք երիտասարդ հասակում կայացնելով մայրանալու որոշումը՝ ընթացք են տալիս իրենց հասունությանը՝ այդպիսով մայրությունը դարձնելով ավելի բնազդային, որ ավելի ճիշտ է ասել՝ բնությանն ավելի սերտ կապված: Եթե 2000-ականների սկզբին մայրությունը Հոլիվուդում եղել է ամենակրքոտ դերը (1), ապա բոլոր ժամանակների հայկական կինեմատոգրաֆում այն ամենաբնականն է: 1975 թվականին հայ կինոռեժիսոր, սցենարիստ, դերասան Ներսես Հովհաննիսյանի նկարահանած երաժշտական-քնարական ֆիլմում՝ «Հարսնացու հյուսիսից» կատակերգության մեջ, ամենակուլտայինը հենց Արտակի մոր՝ Արուսյակ Վարդանյանի (Վերջալույս Միրիջանյան) կերպարն է: Ազնվազարմ վանեցու դիմագծերով Վերջալույս Միրիջանյանի դերասանական կարիերան հարուստ է մոր կերպարներով: Անմոռանալի է նրա խաղը Ալբերտ Մկրտչյանի «Հին օրերի երգը» ֆիլմում հերոսի մայր՝ Հայաստանի դերում: Ֆիլմում հնչող «Արշալույս էր, նոր էր բացվել» կատարումն առաջին վայրկյաններից մինչև վերջինը արտացոլում է այն ցավը, որ հայ մայրը կարող է կրել իր՝ ոչ այդչափ դժբախտության համար նախատեսված ուսերին: Հայաստան մայրիկի հիշատակումը բոլորովին պատահական չէր: Հետաքրքիր է, որ Վերջալույս Միրիջանյանի կերտած մոր կերպարը «Հարսնացու հյուսիսից» կինոնկարում չի տարբերվում «Հին օրերի երգը» ֆիլմում Հայաստանից. երկու կինոնկարներում էլ նույն մայրն է՝ տարբեր իրավիճակներում. մեկում Հայաստանը սևազգեստ է, մյուսում՝ պատրաստվում է որդու պսակադրությանը: «Հարսնացու հյուսիսից» կինոնկարը ներկայացնում է Արտակի (Արա Բաբաջանյան) և Վալյայի (Նատալյա Բեսպալովա) սիրո պատմությունը, որոնց ամուսնության մասին լուրը ընտանեկան դրամա է առաջացնում՝ երևան բերելով հայկական ընտանիքի անդամներից յուրաքանչյուրի ամենատիպական հատկանիշները: Վերջին ֆիլմում Արուսյակ Վարդանյանի կերպարը չի սահմանափակվում մոր դերով. պահպանելով մայրության առաջնայնությունը, Արուսյակ Վարդանյանը պակաս դերակատարում չունի նաև իր ամուսնու, եղբոր, ինչպես և իր որդու հարսնացուի կյանքում: Եվ այս դերերը ոչ թե առանձնացված են միմյանցից, այլ կազմում են մայրության ամբողջականությունը. հայ մայրը մայր չէ միայն իր երեխայի համար, այլ մայրությունը երեխա ունեցող կնոջ ինքնության գերակշիռ մասն է կազմում և ստանում է տարբեր դրսևորումներ համապատասխան հարաբերություններում:

Հոգատարության նրբին դրսևորումները բոլորովին այլ փոխակերպում են ստանում հայ կինոռեժիսոր Արա Վահունու նկարահանած, 1983 թվականին «Հայֆիլմում» թողարկված «Անուշ մայրիկը» ֆիլմում: Կինոնկարը պատմում է երևանյան ընտանիքի մասին՝ անընդհատ վիճող ծնողները, երիտասարդ որդին, նրա սիրային արկածներն ու մայրը՝ Անուշը (Լիա Ախեջակովա), որի հոգատարությունը որդու նկատմամբ նման է առավելապես նրա կյանքը կառավարելու անհույս փորձերի: Անուշ մայրիկը հետևում է որդուն ամենուրեք՝ ժամադրությունների ընթացքում, բանակում, նույնիսկ եթե պետք է տունը փոխել, այլ երկիր տեղափոխվել, Անուշ մայրիկը պատրաստ է ցանկացած քայլի՝ որդու կողքին լինելու, նրա կյանքից չբացակայելու համար: Ըստ հոգեվերլուծական տեսությունների, մայրական սերն իր ուժի մեծ մասը ստանում է մոր անհատականության մեջ նարցիսիզմի և մազոխիզմի տարրերից (2): 1914 թվականին Ֆրեյդը գրել է. «Եթե նայենք իրենց երեխաների նկատմամբ սիրող ծնողների վերաբերմունքին, չենք կարող չընկալել դա որպես իրենց սեփական, վաղուց լքված նարցիսիզմի վերածնունդ և վերարտադրություն: Նրանց զգացմունքը, ինչպես հայտնի է, բնութագրվում է գերագնահատմամբ, որը օբյեկտի ընտրության մեջ նարցիսիստական հատկության հստակ նշում է...» (3): Անուշ մայրիկի նարցիսիստական և մազոխիստական հատկանիշները դրսևորվում են բոլոր հարաբերություններում, ինչպիսին էր հոգատարությունը՝ Արուսյակ Վարդանյանի պարագայում: Անուշ մայրիկն իր կյանքը և բոլոր հարաբերությունները կառուցում է որդու  հանդեպ սիրո դրսևորմամբ: Անգամ ամուսնու հետ հարաբերությունները, թեև դրանք մեծամասամբ ոչ բարեկամական շփումներ են, հիմնված են որդու նկատմամբ զգացմունքների վրա: Անուշ մայրիկը նմանություններ է տեսնում որդու և ամուսնու միջև, ինչից խորապես վշտանում է և իր գործողությունների հիմքում գիտակցաբար դնում որդուն՝ հոր ճանապարհը բռնելուց հետ պահելը, այնինչ ենթագիտակցորեն Անուշի գործողությունների հիմքում նարցիսիզմն է:

2001-ին ռեժիսոր, սցենարիստ Ալբերտ Մկրտչյանի նկարահանած «Ուրախ ավտոբուս» գեղարվեստական ֆիլմը կփոխի «Դրամայի թագուհի» տրամադրությունը, որը ստեղծում է Անուշ մայրիկը՝ փոխարենը էկրանին պատկերելով իրական դրամա՝ 1988 թվականի Սպիտակի երկրաշարժից հետո միայնակ մնացած երեխաների և մեծահասակների մասին։ Ֆիլմում գլխավոր դերերը խաղացել են Անահիտ Քոչարյանը և Գեորգի (Ժորա) Բաղդասարյանը՝ մարմնավորելով Սաթենիկին և Գագիկին: Երկու հերոսներն էլ կորցրել են իրենց ընտանիքները և վերագտնում են այն միմյանց շնորհիվ: Դժբախտությունը միավորում է մարդկանց: Կինոնկարը, թեև իր դրամատիկությանը, անմասն չէ կատակերգականությունից. կատակերգությունն անհրաժեշտ է ողբերգությունն ավելի իրական դարձնելու համար: Բացի այդ, ֆիլմը միտված է ներկայացնելու կյանքն ինչպես որ է՝ լույսի ու խավարի անցումներում, հետևաբար «Ուրախ ավտոբուսը» ներկայացնում է էմոցիաների բախում. վախի և ցավի ժամանակ մենք հակվում ենք սիրո և հարմարավետության, ինչն էլ և անում են ֆիլմի հերոսները: Հատկանշական է, որ շարժապատկերում Գագիկն է Սաթենիկին դրդում «մայրանալու», և միայն այն ժամանակ, երբ երեխայի համար կրկին կա վտանգի սպառնալիք, Սաթենիկը վերագտնում է խորքում թաքնված մայրությունը և բնազդաբար վերադարձնում իր երբեմնի ինքնությունը:

Մայրերը տարբերվում են միմյանցից. մեկը դրամատիկ է, մյուսը՝ բարկացկոտ, մեկն ընկեր է զավակի համար, մյուսը՝ և՛ մայր, և՛ հայր, մեկին գոհացնելը բարդ է, մյուսը գոհանալու կարիք չի զգում, բայց էկրանին, կտավներում, թե տան շեմքին կանգնած՝ նրանք նույն նյութից են կառուցված:

Անի Գաբուզյան

Հղումներ՝

1. Addison H., Goodwin-Kelly M. K., Roth E., Motherhood Misconceived: Representing the Maternal in U.S. Films, 2009.

2. Lomas P., "The Concept of Maternal Love", p. 256, 2016.

3. Freud S., "On Narcissism", in Collected Papers 4:30-59; London Hogarth, London; p. 48.