Խրամորթից Թաղավարդ՝ երկիր ունենալու ամենօրյա ջանքը

Անցյալ տարի այս օրերին էր, որ կրկին Արցախի ճանապարհներին էինք: Դեպի Ստեփանակերտ ճանապարհն առաջին անգամ այդքան երկար, դեպի անհայտություն սլացող լաբիրինթոսի պես էր: Եվ առաջին անգամ Շուշին այդքան հեռու էր մի քանի մետր այն կողմից ու առաջին անգամ Արցախը փորձում էի այնքան պինդ բռնել ձեռքիս մեջ, ինչպես փոքր երեխան նոր ստացած կոնֆետը:

«Բայց դուք կգնա՞ք Խրամորթ», -բազմանշանակ հարցրին մեզ Արցախի ՄԻՊ-ի գրասենյակում՝ գերությունից վերադարձած երկու խրամորթցու հետ հարցազրույց անելու մեր ցանկության մասին լսելով:

Ինչ խոսք, սկզբում անհասկանալի թվաց հարցը: Եթե թուրքական տանկերով շրջապատված Դերսիմ գնացել ենք, Խրամորթում ինչ կա՞ որ: Իսկ Խրամորթում, պարզվում է, շատ բան կա: Առաջին հերթին մեջքից հարված ստացածի անբացատրելի ցավ, երկրորդը՝ կամքի ուժ, որոնք այստեղ սովորաբար կողք-կողքի են քայլում:

Պարզվեց, որ Աղդամի հանձնումից հետո Խրամորթ գնալն ամենաուրախ արկածներից չէ: Ավելին՝ նույնիսկ տեղի բնակիչները, որոնք անգիր գիտեն հայրենի արահետներն ու անտառների ամեն թուփը, երբեմն հայտնվում են ադրբեջանական վերահսկողության գոտում ու գերեվարվում:

Ի վերջո, մեր խրամորթցիներն իրենք առաջարկեցին գալ Ստեփանակերտ, իսկ մենք դեռ երկար ու անգամ մինչև հիմա շարունակում ենք մտածել, թե ինչու և ինչպես ստացվեց, որ Խրամորթ գնալը դարձավ հերոսություն...

Մեկ տարի անց հենց այս օրերին առաջին անգամ Խրամորթի անունն արծարծվում է հայկական մեդիա դաշտում, ինչպես երբևէ: Իհարկե՝ այն երկար չի կարող մնալ «թրենդի» մեջ, ինչպես ցանկացած, նույնիսկ ամենաշոկային ու կարևոր լուր: Բայց Խրամորթի ու խրամորթցու ամենօրյա ապրած կյանքի պատմությունն իր բոլոր ողբերգական ու հերոսական էջերով շարունակելու է այդ ոդիսականը, շարունակելու է պտտել պատմության անիվն ու ոչ մի օր չդադարող դիմադրությունը:

Մինչդեռ այլևս կա մի իրականություն, երբ Արցախում, Սյունիքում, Գեղարքունիկում կամ Երասխում ապրելն ամենօրյա, անդադար ջանք է: Առհասարակ՝ երկիր ունենալը հենց ամենօրյա ջանք է:

***

Իմ փոքրիկ ու ժպտադեմ Մարի: Այս անտանելի տխուր օրերին ամենաշատը կուզեի գրկել քեզ և քո փոքրիկ մարմնի մեջ՝ ամբողջ Արցախ աշխարհը:

Զարմանալի է, բայց ես աշխարհի ամենաերջանիկ մարդն էի, երբ թաղավարդցի փոքրիկ Մարիի ու նրա քույրիկի հետ թափառում էինք հետպատերազմյան Թաղավարդում, 2021-ի ամռանը, չնայած որ շատ շոգ էր, իսկ հարևան բլուրներից մեզ էին հետևում ադրբեջանցի զինվորները: 

Մարիենց տունը դիրքերից մի քանի տասնյակ մետր է հեռու, Թաղավարդը կիսած տխրահռչակ փշալարից մի քանի քայլ այս կողմ: Հերթափոխի զինվորի համար թխվածքաբլիթ, աղի ձողիկներ վերցնելով դուրս թռավ տնից Մարին, երբ իմացավ, թե ուր պիտի ուղեկցի մեզ: 

Ոչ քանդված տներն ու ռմբակոծված ապակիների տակ պառկած տխուր շունը, ոչ քիչ այն կողմ տատանվող ադրբեջանական դրոշը, ոչ էլ անորոշության սուր զգացումը, որով լցված էր օդը, ի զորու չէին ազդել մեր տրամադրության վրա: Ես, Մարին ու հերթափոխի միակ զինվորը բազմիմաստ լուռ ու ավելի քան միահամուռ էինք այդ պահի մեր տրամադրվածության մեջ. լոխ լյավ ա իննական: Երևի: 

-Վերցրեք, ձեզ համար է, -փորձում եմ համոզել զինվորին, որ չմերժի բերածս քաղցրը:

-Չէ, խնդրում եմ, երեխային տվեք: 

-Երեխանն իրենը ստացել է, սա ձերն է, մերժում չենք ընդունում:

-Սկզբից երեխային: 

-Իմ եղբայրն էլ է այստեղ ծառայել պատերազմի ժամանակ, եթե չվերցնեք` շատ վատ կզգամ, -դեռ համառում եմ: 

«Իմ եղբայրն էլ է»... Այս բառերը միակն են, որ Արցախում ունակ են կոտրել նույնիսկ, ինչպես ասում են, արցախցու չոր կողը:

Ասում են`Թաղավարդի բազմիմաստ լռությունը սկսել է խախտվել ավելի հաճախակի կրակոցներով, սպառնալիքներով ու ատելությամբ: 

Ընդհանրապես` պատերազմից հետո բոլոր այն օրերին, երբ անմիջապես Արցախում չես, շատ բարդ է վերցնել հեռախոսն ու զանգել Թաղավարդ, Խաչմաչ, Կարմիր Շուկա, Մարտակերտ, Ստեփանակերտ: Որովհետև գիտես` ասելու շատ բան չկա: 

Բայց կան բաներ, որոնք պետք է անել, համարձակվել ու վախին զուգահեռ, կողք -կողքի, գուցե նույնիսկ դեմ-դիմաց քայլելով հաղթահարել: 

«Գայանը, խոխեքը հո՞ւնց ըն, Նինա ջան», -գրում եմ սիրելի Մարիի մորաքրոջը:

«Թաղավարդում վիճակը էդքան էլ լավ չի, իսկ Գայանը երրորդին ա սպասում, ոչ մի տեղ էլ գնալ չի պատրաստվում»...

 

Սոֆյա Հակոբյան