Կառուցելը հակադրվում է կորուստներին. շինարարի կերպարը հայ կինոյում

Բարի և առաքինի շինարարը քաղաքացու լավագույն օրինակն է

Մասնագիտություններ կան, որ ավելին են, քան պարզապես կարիերայի համար կրթական հիմքը: Ռուսները փայլուն տիեզերագնացներ են, իտալացիներն ամենաորակյալ կոշիկներն են կարում, անգլիացիները լավ ֆուտբոլ են խաղում, հնդիկները հաջողում են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում: Ո՞ր մասնագիտությունն է բնորոշում հայ ազգին: Շախմատիստները մեր հավաքական ուղեղի արգասիքն են, գրողները՝ պատմիչներ են անցյալի և ներկայի, բայց կա մի մասնագիտություն, որն իր մեջ ամբողջացնում է հայ ազգի ինքնությունը, այն է՝ շինարարը: Հայոց երկրի հայ շինարար լեգենդ դարձած արտահայտությունը տարիների ընթացքում բազմաթիվ պաթետիկ կոնոտացիաներ է ձեռք բերել՝ շնորհիվ բոլորիս հայտնի երգի, այնուամենայնիվ, այն շատ ավելի խոր իմաստներ է  պարունակում: Շինարարի մասնագիտությունը լավագույնս ներկայացնում է հայ մարդու հատկանիշները, որոնք դիտարկելու համար ընտրել ենք հայ կինեմատոգրաֆի երկու ֆիլմ՝ «Հայրիկ» (1972) և «Այստեղ, այս խաչմերուկում» (1947):

Որտեղի՞ց է ի հայտ գալիս մի ամբողջ ժողովրդի նկարագիր հանդիսացող մասնագիտությունը: Այն նկարագրում է ազգի վարքը, ներքին արժեքները, ազդում է լեզվամտածողության և ամենօրյա վարքի վրա: Թատրոնի և կինոյի ռեժիսոր Հենրիկ Մալյանի՝ 1972 թվականին նկարահանած «Հայրիկ» ֆիլմը Հովսեփի (Մհեր Մկտրչյան) և նրա ընտանիքի պատմությունն է: Երևանյան պատմությունը մայրաքաղաքում ապրող ընտանիքի մասին շատ պարզ է՝ ամուսինների միջև կենցաղային բախումներ, սերունդների կոնֆլիկտ և ծաղկող քաղաք՝ իր գեղեցիկ բնակիչներով: Ֆիլմի գլխավոր հերոսը՝ Հովսեփը, մասնագիտությամբ շինարար է: Ազնիվ աշխատանքով իր ընտանիքի ապրուստը հոգացող Հովսեփն իր մեջ ամփոփում է հայ մարդու լավագույն հատկանիշները, ինչին խորապես նպաստում է մասնագիտությունը: Այս պահին դժվար է խոսել հայրենիքի ամբողջականության և պետականության մասին, խիստ ցավոտ է, բայց հետաքրքիր է դիտարկել շինարարի մասնագիտությունն այս երկու հասկացությունների կոնտեքստում: Կառուցելը, կարևոր չէ՝ տուն, թե ճանապարհ, հակադրվում է կորուստներին, որոնք հայ ազգը կրել է դարեր շարունակ և այսօր էլ կրում է՝ պատմական հայրենիքի զավթում թշնամու կողմից, պետականության կորուստ: Շինարարի աշխատանքն այլաբանական պայքար է հանուն այդ երկու արժեքի՝ հայրենիքի և պետականության պահպանման:

Վերադառնալով «Հայրիկ» ֆիլմին՝ Հովսեփի բարդ հարաբերություններով լի կյանքը կայունությամբ լցնում է հենց աշխատանքը: Որդիների խնդիրները, կնոջ կշտամբանքները, հոր փնթփնթոցը անհետանում են աշխատավայրում. շենքի տանիքին կանգնած Հովսեփը ներկայացվում է որպես քաղաքի ստեղծող, որը ֆիլմի ավարտին պիտի քայլի իր իսկ ձեռքերով կառուցած Երևանում՝ որդուն ուսերին առած՝ ինչպես քաղաքն ինքն է ուսերին առնում իր բնակիչներին՝ դառնալով ապավեն՝ առանց որևէ ակնկալիքի: Բարի և առաքինի շինարարը քաղաքացու լավագույն օրինակն է: Քաղաքը կառուցող, քաղաքի մարդկանց հետ հաշտության մեջ ապրող Հովսեփի բարության հիմքերը շատ ավելի խորն են, քան տեսանելի է: Կերպարի ինքնության արմատներում անգլիացի նշանավոր կինոդերասան, կատակերգու, սցենարիստ, երգահան և ռեժիսոր Չարլզ Սփենսեր Չապլինի ամենահայտնի՝ թափառաշրջիկ Չարլիի կերպարն է: Հովսեփը չէր վախենում լավը լինելուց և բարի էր այնքան, որ կամաչեր անգամ շնից (Չեխով): Նա միակն է, որ ծննդատանն այցելում է Մայային (Կարինե Սուքիասյան): Անօգնական Հովսեփը՝ ձեռքին մեծ փաթեթ, կանգնած է աղմկող մարդկանց ամբոխի մեջ: Նա վերջապես որոշում է կանչել Մայային, որն էլ պատուհանից դուրս է նայում, և այդ ժամանակ ֆիլմը վերածվում է խուլ ու համր կինոյի: Կես րոպե շարունակվող զրույցն ընթանում է ժեստերի լեզվով, տեսարանը դառնում է պանտոմիմա (1):

Մեծագույն բացահայտում էր ինձ համար «Այստեղ, այս խաչմերուկում» կինոնկարը: Խորհրդային, ռուսական և հայկական կինոյի ռեժիսոր, սցենարիստ, Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության անդամ Կարեն Գևորգյանի ֆիլմը Երևանի բնակիչների սիրային արկածների մասին է, որը ներկայացնում է երեք սերունդների փոխհարաբերությունների տարբերությունները: Երիտասարդ, նոր-նոր միմյանց սիրահարվող նախկին դասարանցիներից մինչև միջին հասակի՝ ընտանիք կազմող զույգ և արդեն երկար տարիների ամուսիններ, որոնք երևանցիների հարաբերությունների երեք շրջափուլերն են բացահայտում հանդիսատեսին:

Թեև զույգերի պատումները փոխկապակցված են, հետաքրքրական է դիտարկել միջին հասակի զույգի՝ Կարոյի (Ֆ. Ասատրյան) և Նինայի (Ե.Դեմիդենկո) փոխհարաբերությունները: Երեք զույգերի հարաբերություններն էլ հստակորեն ցույց են տալիս շինարարների կյանքում ընտանիքի կարևորությունը, բայց Կարոյի և Նինայի պատմագիծը ցուցադրում է դրա կազմման ընթացքը, ինչը ռեժիսորի նուրբ աշխատանքի շնորհիվ Կարոյին դարձնում է սուպերհերոս: Մենք սովոր ենք տեսնել թռչող, դատարկ ձեռքերով կրակող, թափանցիկ դարձող և կախարդող սուպերհերոսների՝ արտասահմանյան, մասնավորապես, հոլիվուդյան ֆիլմերում: Մեր կինեմատոգրաֆի հերոսը հայ շինարար Կարոն է, որն իր բռնկուն խառնվածքով հանդերձ շատ մեղմ է ընտանիքում՝ երեխաների և սիրելի կնոջ հետ հարաբերություններում: Կինոնկարի ավարտին Կարոն, որի առաջին կինը մահացել է, և ինքը միայնակ խնամում է երկու անչափահաս երեխաներին, Նինային իր տուն է տանում և այդ կարճ դրվագում ստեղծվում է ընտանիք: Նինան անմիջապես անցնում է տնային աշխատանքների՝ լվացք է անում, Կարոն հավաքում է սեղանը: Երեխաները պատրաստվում են քնելու, ինչի մասին լուրը Նինային հայտնելուց հետո շինարար Կարոն նրբորեն գլուխը մոտեցնում է վերջինիս, ինչին ի պատասխան լսում է. «Mожет не надо?»: «Պետք ա: Առանց քեզ չեմ կարող»,- պատասխանում է Կարոն:

Կարճ ժամանակ անց, երբ երեխաներն արդեն անկողնում են, Կարոն կրկին մոտենում է Նինային և ասում. «Գնա պառկի, գնա: Պատի մոտինը քո անկողինն ա: Գնա, ես ստեղ կքնեմ»:

Այս անմեղ և կարճ զրույցը, որը վերբալ է միայն Կարոյի պարագայում, ցուցադրում է հայ տղամարդու լավագույն որակները՝ հարգանքը սիրելի կնոջ նկատմամբ, վեհությունը և հոգատարությունը: Կնոջ ցանկությունը սեփականից վեր դասելու Կարոյի այս քայլը շինարարին դարձնում է հերոս, որը հայ կինեմատոգրաֆում ներկայացվում է որպես ընտանիքի մարդ: Կարոյի հերոսական նկարագիրը այսքանով չի ավարտվում: Սեքսուալ կոնտեքստ ունեցող այս զգայուն տեսարանին հաջորդում է առավոտը, երբ արդեն լիարժեք ընտանիք ունեցող Կարոն երեխաներին դպրոց է ուղեկցում և նախորդ օրը՝ Նինայի տուն գալուց զարմացած երեխաների հարցերին պատասխանում:

- Բա երեխաներին ի՞նչ ասենք:

- Ասա՝ մամաս ա:

- Նինա ասեմ, թե՞ մամա: Նինա կասեմ:

- Նինա ասա:

- Չէ, ոչ մի բան էլ մի չեմ ասի:

- Ոչ մի բան էլ մի ասա:

- Բա ի՞նչ ասեմ:

- Ասա՝ մամա:

- Նինա կասեմ:

- Լավ:

Լակոնիկ հարց ու պատասխանը հոր և որդու միջև ստեղծում է հոր իդեալական կերպար՝ մեկը, որը չի բռնանում երեխայի կարծիքի վրա, մեկը, որը քաջալերում է ազատ լինել հաղորդակցման մեջ, մեկը, որը հայտնում է իր ցանկությունն՝ որդուն առաջարկելով Նինային մամա ասել, բայց և չի պարտադրում դա, երբ որդին հրաժարվում է:

Այսպիսով, որպես ամփոփում կարելի է ընդգծել երեք հանգամանք, որոնք կապվում են շինարարի մասնագիտության հետ: Շինարարը պետականության կրող է, շինարարը քաղաքացի է, շինարարը ընտանիքի մարդ է: Այս երեք արժեքների կրող լինելը շինարարին դարձնում է հերոս՝ կինոյում, թե փողոցում, օդի +41 ջերմաստիճանի պայմաններում իմ, քո և իր սեփական երեխաների համար նոր փողոց ու շենք կառուցելիս:

 

Հղումներ՝

Калантар К., 'Очерки Истории Армянского Кино', 2007, стр. 129

 

Անի Գաբուզյան