Կապո՜ւյտ-կապո՜ւյտ պատերը

Պատերը պիտի ներկեր: Ո՞վ է տեսել, որ տան պատերը կարմիր լինեն: Առաջ ջահել էին, մեկին՝ արյան կամ սիրո մեջ խեղդելու ցանկությունը մեծ էր, հասկանալի էր: Հիմա ձմեռը չոքել էր դռանը, փառք Աստծո, կարտոֆիլն ու փայտը բոլ-բոլ էին. սոված չէին մնա, չէին մրսի:
-Էդ դռան մոտի ձյունը մաքրիր գոնե, կարող ա երեխեքը գալիս են,-ասում էր պառավը:
-Բա ամռանն ինչի՞ չեն գալիս,-լռում էր ինքը:
Բայց պատերը պիտի ներկեր: Պառավին չասաց՝ ուր է գնում, բահը վերցրեց, ներքնակի տակից ներկի համար փողը վերցրեց ու սկսեց ձյունը մաքրել, որ ճամփեն բացի:
-Գոնե մի բանի պիտանի ես,-մրմնջաց պառավը:
Քաղաքը հեռու չէր, Սահակի ջորին էլ կապույտ էր՝ իր աչքերի պես: Սահակի հետ մի դասարանում էին սովորել, հետո Սահակն ընդունվեց Պոլիտեխնիկ, ինքը մնաց գյուղում: Իր հերը միշտ ասում էր, որ ինքը Սահակի չափ էլ չկա. «Հեն ա՝ քաղաքում ինչքան սիրուն շենք կա, Սահակն ա սարքել, իսկ դու մինչև հիմա չգիտես սկզբից նասկին են հագնում, թե շալվարը»: Սահակի կինը շուտ մեռավ: Քառասունքը քաղաքում տվեց ու հետ եկավ գյուղ: Պաշտոնապես հայտարարեց, որ էլ չի ամուսնանալու, բայց գյուղի անմարդ կնանիք հաճախ էին առավոտները դուրս գալիս Սահակի սիրուն տնից:
Ջորին Սահակի հորից էր մնացել: Հենց դրանով էլ երկու ընկեր քաղաք գնացին, քանի որ գյուղում շինանյութի խանութ չկար, երևի որովհետև գյուղում բան չեն կառուցում, երևի որովհետև գյուղում բան կառուցող չկա, ու դրա իմաստը չկա:
-Սիրուշը լա՞վ ա,-մեքենան խոդի տվեց Սահակը:
-Հետս չի խոսում, չգիտեմ,-ասաց ինքը:
Կապույտ ջորին դանդաղ առաջ էր գնում՝ ձյան վրա սև հետագիծ թողնելով:
-Երեխեն հետ գալու միտք չունի, չէ՞,-մի սիգարետ վառեց Սահակը:
Ինքը ոչինչ չասաց. ինքը պատուհանից էր նայում, որից երևում էին ամեն ծաղիկ ծածկած, սպիտակած դաշտերը:
...
Սիրուշը մսով ճաշը դրեց վառարանին: «Էս ձմեռով սա էս ո՞ւր գնաց»,-անցավ մտքով: Ճաշի կաթսան փոքրացել էր: Սիրուշն սկեսուրից մեծ կաթսա էր ստացել, նա էլ իր սկեսուրից էր ստացել, բայց մեծն էլ պիտանի չէր: Երևի հնությունից, կամ տաք վառարանի վրա մաշվելուց՝ ծակվել էր: Սիրուշը բայց դեն չէր նետել ժառանգությունը, դրել էր նկուղում՝ հույսով, որ մարդն իր գործիքները մեջը խնամքով կդասավորի, բայց մարդը գործիք չուներ, գործ անող չէր: «Կյանքում ոչ մի բան արած չէր»:
«Բայց էս ո՞ւր գնաց»,-նորից մտածեց Սիրուշը:
Մի աղջիկ ունեին՝ Անահիտը: Տասը տարի առաջ պսակեցին: Փեսեն գերմանացի է: Եկել էին իրենց գյուղը՝ մարդասիրական ծրագրով, ու ինչպես գյուղապետ Ճարտարյանն ասաց՝ հարսանիքի սեղանի շուրջ՝ «մարդասիրությունը դարձավ սիրահարություն»: Երկու թոռ ունի արդեն Սիրուշը: Երկուսին էլ դեռ չի տեսել, բայց հաջորդ տարի ամռանն անպայման գնալու է՝ տեսնի. աղջիկն է խոստացել, երբ վերջին անգամ՝ մի ամիս առաջ զանգեց, խոստացավ:
Կարտոֆիլը մսով ճաշի մեջ փափկել էր արդեն, երբ Սահակի կապույտ ջորին կանգնեց տան դիմաց:
-Էդ ի՞նչ ա,-ասաց Սիրուշը:
-Ներկ ա,-ասաց ինքը,-բերել եմ, որ պատերը ներկեմ:
-Կարա՞ս,-չդիմացավ Սիրուշը:
Ինքը ոչ մի բան չասաց: Ներկը դրեց սենյակի անկյունում, կոշիկները հանեց ու գնաց լվացվելու:
-Կյանքդ ներկիր, կյանքդ,-ասաց Սիրուշը:
Ինքը չլսեց. ջուրը միացրած էր:
Ճաշը աղի էր: Ինքը ձեն չհանեց: Սիրուշն էլ գիշերը պաչեց ճակատը, որ սուսուփուս կերավ:
...
Ներկը կապույտ էր՝ իր աչքերի պես: Սիրուշը գոմում գործ էր անում, ինքն էլ աշխարհի վերջը գուժող թերթերը փռեց պատերի տակ ու սկսեց: Քթի տակ խնդաց, երբ հիշեց՝ Սիրուշը մի անգամ ասել է, որ ներկի հոտը շատ է սիրում: Ծովի կապույտ էր, կամ երկնքի, չնայած՝ ինչ տարբերություն: Պատուհանները բացեց, որ ներկը շուտ չորանա: Հետո հավաքեց թերթերը, տարավ դրանք թափեց, ավլեց-մաքրեց ամբողջ տունը, գնաց ձեռքերը լվաց ու սկզբում նստեց, հետո պառկեց բազմոցին:
Սիրուշը բժիշկ չկանչեց. իմաստ չուներ: Ուշ էր:
Անահիտը չկարողացավ գալ: Ինչպես ասաց գյուղապետ Ճարտարյանը՝ հոգեհացի սեղանի շուրջ. «Աստված նրա չապրած տարիները նրա զավակներին տա»:
Իսկ թաղմանը, երբ թափորը ձյան վրա թողնում էր սև հետագիծը, Սիրուշը հանկարծ կանգ առավ ու շշնջաց. «Երանի քեզ»:
-Էդ ինչի՞ ես վռազում,-հետևից ասաց Սահակը:
Հովիկ Աֆյան