Հոգու ջուրը ու Կուսգետ չվերադարձածները

Հոգու ջուրը ու Կուսգետ չվերադարձածները
Երանելի ինչ-որ բանի հետ է ասոցացվում Սասունի Կուսգետը, Սասունի հարավում տարածվող այդ դրախտային անկյունը։ Ոչ, սա «կորուսյալ հայրենիքի» դրախտայնության ու կատարելության մասին հերթական պատմությունը չէ, դեռ մի թերթեք էջը։ Դե, ես լինեի՝ կթերթեի։ Բայց Կուսգետը իսկապես դրախտային է, հավատացե՛ք։
Չգիտեմ՝ ինչու է ինձ մոտ այն միշտ ասոցացվել դրախտայնության, անգերազանցելի ինչ-որ մի բանի հետ, բայց այն իսկապես գեղեցիկ է, կարևոր ու գրավիչ։
Առաջին կուսգետցին, որին ճանաչել եմ Սադո հորեղբայրն էր՝ Ստամբուլից։ Նրանք ապրում էին Սամաթիայի նավահանգստից վերև տարածվող նեղ մի փողոցի միօրինակ շենքերից մեկի չորրորդ հարկում, կնոջ՝ կուսգետցի Նանի հետ ունեին չորս երեխա, որոնք ծնվել էին արդեն Պոլսում և խիստ հպարտանում էին պոլսահայի իրենց ինքնությամբ։ Պոլսում կուսգետցիները շատ են։ Նրանցից ոմանք դեռ շարունակում են ամառները գյուղ գնալ, պոպոկ ու խաղող քաղել, պաստեղ եփել, մի քիչ շնչել ու վերադառնալ խոր աշնանը։ Ոմանք էլ, ինչպես Սադո հորեղբայրը, գյուղից դուրս գալուց հետո երբեք հետ չնայեցին։ Հետո իմացա, որ նրա հայրը հենց գյուղում է սպանվել, ի՞նչ հանգամանքներում՝ բոլորը լռում էին։
Սադոյի կին Նանը, ի տարբերություն ամուսնու, հայերեն չէր խոսում, բայց ամեն կերպ փորձում էր «լավ հայ» լինել։ Պարտաճանաչ կերպով միշտ ներկա էր Սամաթիայի Սուրբ Գևորգի կիրակնօրյա պատարագներին, ամենաառաջինն էր հաղորդություն ստացողների շարքում, Զատկի տոնին էլ ամենաճերմակ շապիկներն էր հագցնում երեխաներին, որոնք բոլորն էլ եկեղեցուն կից Սահակյան-Նունյան հայկական վարժարանի սաներն էին։ Այս ու ամեն կերպ Նանը լուռ ու ժպիտով փորձում էր «սրբել» հայերեն չիմանալու «ամոթը»։
«Երբ մենք փոքր էինք՝ արդեն չէր խոսվում գյուղում։ Մեզնից առաջվա սերունդը հայերեն գիտի, մենք չհասցրինք։ Արդեն որոշ իրադարձություններ եղան, մարդիկ լարված էին, չէին խոսում․․․ Այ ինքը գիտի, ինքն ինձնից մեծ է», ամուսնուն էր մատնանշում երիտասարդ կինը՝ էլի ժպիտով պսակելով իր բաժին պատմության չբախտավորված այդ էջը։
Մենք, իհարկե, շատ հազվադեպ էինք լսում Սադոյի հայերենը, որից նա հաճախ քաշվում էր, թե՝ «իսա քիղի լիզուն է», և գոհունակությամբ ցույց տալիս երեխաներին, որոնք «վարժարան կ՛էրթան» ու «օրիժինալ հայերեն գինան»։ Միայն վախը, հոգնածությունն ու բարկությունն էր, որ ոչ մի այլ «լիզվով» Սադոն չէր կարող արտահայտել, քան իր «քիղի լիզուն», և պարբերաբար գոռում էր՝ «Վա՛յ, բաբո»․․․
Ի՞նչ բան է երբեք Կուսգետ չվերադառնալը։
Հիմա, 2024-ի աշնանը, իմ անվերադարձ «ելք»-ից հետո սա ինձ ավելի քան հետաքրքրող հարց է։ Ես, իհարկե, այն երբեք չեմ հարցնի Սադո հորեղբորը, նա էլ երբեք չի պատասխանի, և մենք երկուսս երևի մի ամբողջ կյանք առանց այդ մասին խոսելու ուղղակի կապրենք զգալով՝ ինչ բան է «չվերադառնալը»։
***
Կուսգետ հասնելու համար Հազզոյի այժմյան կենտրոնից՝ Քոզլուք քաղաքատիպ ավանից նախ պետք է բարձրանաս դեպի Նորշեն՝ Սասունի ամենատպավորիչ հարավային գյուղերից մեկը, որը կարծես գայթակղիչ գեղեցկուհու կամակորությամբ, արհամարհելով ժամանակը, մարդկանց հիմարությունն ու անգամ կիզիչ արևը, Խարզան գետի երկու ափերին է փռել իր շեկ վարսերը և անշտապ, անգերազանցելի կնոջ վստահությամբ ու հանգստությամբ վայելում է իրեն բաժին հասած ժամանակի երևի թե վերջին փուլը։ Ժամանակին նրա երկու ափերը միացնող անհավանական մեծ կամուրջը, որը մենք չենք տեսել, բայց որի երբեմնի փառքի մասին մեզ հուշում են նրա՝ երկու կողմից հենց հիմքերում տեղավորվող ամբողջական քարավանատները, պատառ-պատառ է արված, ինչպես այս կողմերում ամեն մի պատմություն։ Ասում են՝ քրդական շարժման ակտիվացման տարիներին են պայթեցրել։
Այսօր մենք չենք գնում Նորշենի Սուրբ Կոնոնոսի միակ ողջ մնացած պատը դիտելու, այլ շարունակում ճանապարհը դեպի Կուսգետ՝ Նորշենից շատ ավելի վեր։
Ալիսը, նույն ինքը՝ Զեհրան, նիրհած հրաբխային լեռների պես լուռ է։ Բաթմանի օդանավակայանից մինչև այստեղ՝ ժամից ավելի միայն մեկ բառ է դուրս պրծնում նրա բերանից․ «Այ այստեղ, այս սարի հետևն էինք գնում բանջար հավաքելու, գարնանը․․․»։ 30 տարի է անցել։ 30․․․
Մինչև օրս քչերը Պոլսում գիտեն, որ Ալիսը Զեհրա էր, իսկ հայրենի գյուղում ոչ ոք չի ճանաչում Ալիսին։ Երկու Ալիս, չէ՛, մեկ Ալիս ու մեկ Զեհրա՝ հաջողել են այսքան տարի մեկ մարմնում իրար բրդբրդելով, իրարից բռնվելով, իրար արցունք սրբելով ու իրար երբեմն չհասկանալով ապրել, շարունակել ապրել։ Պոլսում Զատկի պահք պահող, կրոնապաշտ ու հրաբխի պես լուռ կամ լռած Ալիսը։ Եղբոր ոսկերչական խանութում մեղվի պես բանող, երբեք չբողոքող, ամեն օր նույն Սահակյան-Նունյան վարժարանի մոտով երեկոյան տուն վերադարձող Ալիսը, որին այդ վարժարանում սովորելու բախտ չէր վիճակվել, փոխարենը մեծ քույր-եղբայրներով կարողացել էին աշխատել այնքան գումար, որ փոքր քույրը՝ Սիլվան էր գնացել հայկական վարժարան, և դրանից ավելի մեծ հաղթանակ Ալիսն ու եղբայրները կյանքում չունեին, պետք էլ չէր։ Ալիսը, այդքան իր ճակատագրի հետ հաշտ Ալիսը․․․ Բայց և այնպես՝ իր մեջ հրաբուխ պահած Ալիսը, ով 30 տարի անց համարձակվում է հոր կամքին ու մոր վախին հակառակ մեզ հետ Կուսգետի՝ երանելի ու դժոխային ճանապարհը բռնել․․․ 30 տարի։
***
Սասունի հարավին հատուկ չորությունն ու տափակ կտուրներով տները առաջինն ու ավանդական են, ինչը դիմավորում է մեզ Կուսգետ ոտք դնելիս, և թվում է, թե ոչ մի արտառոց բան, դեղնած ու փոշոտված տասնյակ գյուղերից մեկը, որտեղ ոտաբոբիկ երեխաները հիմա կվազեն, բեղավոր պապիկները հետաքրքրասեր հայացքներով թեյ կառաջարկեն, ոսկուց կհարցնեն, իսկ հարսները պատի հետևից կծիկրակեն, մինչև նրանց հրամայվի սեղանին դնել այդ տարօրինակ համադրությունը․ Սասունի դեղնավուն ու քաղցր լոլիկը, Մարմարայի ափերի ձիթապտուղն ու մեղր։
Բայց չէ, դա մեզ միայն թվում է։
Կուսգետի դրախտային մասը թաքնված է, ինչպես և պետք է լինի դրախտի հետ կապված ամեն ինչում, վերևում։ Ավելի ճիշտ՝ Կուսգետի վերին թաղում։ Դեպի վեր ու վեր սլանալիս, Մարաթուկի այս մի, ոչ պակաս վայրի փեշը և մյուս կողմից տարածվող Խարզանի մեղմիկ, փիրուզագույն հոսանքն ամենայուրահատուկն են, ամենադրախտայինն են։ Հիմա այն ավելի գրավիչ է թվում․ այստեղ, ինչպես Սասունի շատ հատվածներում, օր օրի աճում է ջրամբարը, իսկ գյուղի ահագին մի հատված արդեն ուղղակի գոյություն չունի։
1915-ից հետո շատ հայերի համար է ապաստան դարձել Կուսգետը։ Անանցանելի, դաժան ու գեղեցիկ Կուսգետը, որտեղ Մարաթուկի ու Խարզանի հովանու ներքո, թվում էր, թե նրանց ոչինչ չի սպառնա։
1937-ի Սասունի ապստամբության ժամանակ կուսգետցի հայերի մի մասին խաբեությամբ հավաքում են մեկտեղ ու գնդակահարում նույն տեղում։
1990-ականների սկզբին, քրդական շարժման ամենաթեժ տարիներին, երբ Կուսգետի հայերը ստիպված էին քարանձավերում գիշերել, իսկ կին թե տղամարդ զենքով հարկադրված էին հսկել երեխաների քունը, Կուսգետը նույնպես ամենաապահով տեղերից չէր։
․․․ «Բարով ես եկել, մորքու՛ր», -Ալիսին ամոթխած ու ժպիտով է գրկում Ֆերիդը՝ թուխ ու խոշորամարմին տղան, որի հայացքն ու խնդուն աչքերն այդքան նման են․․․ Բայց ո՞ւմ։
Տղաները քեռիներին են նմանվում, ճի՛շտ է։
Ալիսի եղբոր՝ Արթինի կոպիտ ձեռքերն ու սև աչքերն են, խորը ամոթխածությամբ ծածկված ժպիտը։
Բայց Ալիսը երբեք չի ասել, որ գյուղում մնացած զարմիկներ ունի․․․
Կարծես ոչինչ չի եղել, կարծես 30 տարի չի անցել, կարծես մենք մենք չենք, կարծես Կուսգետը Կուսգետը չէ, կարծես այդպես էլ պետք է լիներ, Ալիսը օգնում է տան հարսին տան կտուրին սփռվող հյուրասիրությունների պատրաստության մեջ, մինչ խարտյաշ փոքրիկը ընկույզով հաց է ծամում ու շփոթված աջուձախ նայում։
Դուռը ճռռում է․․․ Դանդաղ ու կարծես 30-ամյա խորքից։ Մի հատ էլ է ճռռում․․․
Գյուղական հագուկապով բարձրահասակ կինը, որի ձեռքերը հինա են դրված ու կարմրած, իսկ դեմքն արևից խանձված, ուսերից երկարող գլխաշորի երկու ծայրը հետ է քաշում ու կանաչ աչքերը 30 տարվա դանդաղությամբ թարթելով կամացուկ առաջ գալիս։
Դուռը ճռռում է, տարիները ջնջվում են։
Խարզանը հոսում է։ Մարաթուկի հովը գալարվում ներքև։
Դուռը շրխկում է, Ալիսն ու Լեյլան իրար են գրկում։
30 տարի․․․
***
Պոլսի Սամաթիայի նավահանգստից վեր տարածվող կենտրոնական փողոցում մթությունն անսովոր լուռ է, եկեղեցու բակում խմբված տղամարդիկ ծխում են, իսկ կանայք սասունցիներին բնորոշ արագաշարժությամբ իջնում են Արթինենց տուն։
Միսակի որդի Արշակը՝ Արթինի 88-ամյա հայրը, իմանալով գլխի գալիքը, նախորոք խնդրել էր, որ գյուղում հողին հանձնեն։ Այդ էր որոշումը, պետք է հարգեին։
«Իմալ կեղնի, փափազ չիկա /քահանա/, բան չիկա․․․»
«Մարդ ըդմալ ըսավ, ըդմալ կենիք, իդա ուր հոգու ճուրն է»․․․
Բոլորը գիտեին, բոլորն էին նույն դարդով տառապել․ թաղվել հայրենի հողում առանց աղոթք ու քահանա, թե՞ Պոլսի օտար ամայի ճամփեքին՝ քրիստոնյային վայել անաղմուկ ու սկանդալներից հեռու կարգով։
Արշակն իր որոշելիքը որոշել էր։ Ի՞նչ ասել է չվերադառնալ Կուսգետ․․․
Կուսգետում Խարզանը լռել, մարդիկ բերանը բացել էին։
«Առանց իմամ չի լինի, գյավուր հո չե՛նք»․․․
«Մուսուլման չէր, կդառնա՛, չի՞ հասցրել դառնալ՝ կասեք, որ տեսել եք «Քելիմեի շահադեթ» կարդալուց, քի՞չ ենք արել, ինչ է»․․․
«Իմա՛մ բերեք, իմա՛մ, հո գյավուր չե՛նք»․․․
Արշակի հոգնած մարմինը քնից զարթնել ու իրեն հատուկ խստությամբ հայհոյել այլևս չէր կարող, ուշ էր։ Դուռը ճռռում էր, Արթինը կռվում էր, Սիլվան լաց լինում, Ալիսը ծածկում հրաբուխը։
Դուռը շրխկաց․․․
«Գյավուրների» աշխարհ է, հո զոռով չի․․․
***
Տափակ կտուրից պաստեղի օշարակի բույրը տարածվում է ամբողջ գյուղով, խառնվում Խարզանից եկող հովի հետ, և ինչպես դրախտային ամեն բան, բարձրանում վերև։
Լեյլան անթարթ նայում է օջախին, կրծքից ներքև ծալելով կարմիր մատները։ Հինայի հետքերը դրանց վրա մնացել են Ֆերիդի հարսանքիից, այն օրից, երբ 30 տարի անց իր դուռը եկավ Ալիսը՝ իր հայրական տան միակ անդամը, որը կոտրեց լռությունն ու մենակ չթողեց իրեն ուրախության մեջ։ Չէ՞ որ դժբախտության մեջ միայնությունն այդքան ցավալի չէ, որքան ուրախության պահին։
Ալիսը եկել էր, իսկ մայրը որոշ ժամանակ անց սկսել թաքուն զանգել։
Միայն հայրը չէր խոսում, 30 տարի։ 30․․․ Այն օրից ի վեր, երբ քրդերի կողմից առևանգված Լեյլան իր հետևից զենքով եկած հոր հետ հետ չգնաց։ Չգնաց։
Այդ օրվանից ուրիշ իրականությունում ու ուրիշ քաղաքում Զեհրան դարձավ Ալիս, Սաբահը դարձավ Արթին, Սոնգյուլը դարձավ Սիլվա, բայց Լեյլան մնաց Լեյլա։
Դուռը ճռռաց, Լեյլան վեր կացավ։
«Որդի՛ս, Ֆերիդ, վեր կաց, ջրի դույլը վերցրու, հայրիկը սպասում է»․․․
Եվ շրխկում է դուռը, և իջնում են Լեյլան ու Ֆերիդը դեպի ներքև, դեպի Արշակի հանգրվանը, չէ՞ որ եզակին էր, որ համարձակվեց վերադառնալ Կուսգետ, մնաց անհավատների բարկության ու Լեյլայի հոգածության տակ։
«Մարդ ըդմալ ըսավ, ըդմալ կենինք, իդա ուր հոգու ճուրն է»․․․
Սոֆյա Հակոբյան