Հողը․ հիշելով միշտ տոկուն Տավուշը

Մեր ամենակատարյալ հարաբերությունը հողի հետ է

Հայաստանի ամենաջերմիկ, հրաշագեղ, շնչառություն բացող անկյունն է Տավուշը։ Շքեղ, թավ անտառների, զմրուխտե լեռների մեջ խճճված մառախուղի ստեղծած հեքիաթի, տպավորիչ, վեհ միջնադարյան բերդերի, ամենահամեղ մոշի, ծաղկած նռենիների, արհեստի ու արվեստի աշխարհ է Տավուշը։ Բայց Տավուշն այս ամենից առաջ ամենաբարի, ամենահոգատար ու հյուրընկալ մարդիկ են․ նրանք, որոնք դարձնում են այստեղի ամեն հիշողություն այդքան ջերմությամբ ու սիրով լի, իսկ Տավուշն այդքան սիրելի։

Պատերազմից օրեր առաջ էր, երբ ոլորապտույտ ճանապարհը մեզ տանում էր Բերքաբերի, Կիրանցի, Ոսկեպարի կողքով։ Այս ճանապարհը նման է կյանքի ու մահվան սահմանագծին․ մի կողմում սիրտդ պայծառ գույներով լցնող հրաշք տեսարանները, մյուս կողմում՝ ավերը, մի կողմում դրախտն է, մյուսում՝ դժոխքը։ Ճանապարհի մյուս՝ սահմանին մոտ գտնվող կողմում ամայացած հողը, լքված ու ավերված տները, պատերազմի, ցավի, կորստի շունչն այդքան մոտ, բայց այնքան հեռու էր, այնքան անիրական, այնքան աներևակայելի, ընդամենը օրեր առաջ․․․

Տավուշն իրապես բացահայտելու առիթն ունեցա 2016-ին։ Սահմանամերձ Բաղանիսն էր, որ առաջինը բացեց իր հյուրընկալ դռներն ու ծանոթացրեց ինձ տավուշյան ամենաիրական հեքիաթի հետ։
 

Գյուղում բնակվող Արտո բիձիկն ու Լուսիկ տատն ինձ համար մնացին Բաղանիսի խորհրդանիշը․ լուսավոր, տոկուն ու դրական շենն իր միայնակ, բայց իրենց ներսում կրած անսահման սիրուց ոչ մի կաթիլ չկորցրած մարդկանցով։

Արտո բիձիկն ու Լուսիկ տատը մեզ տեսնելով այնքան էին ուրախացել, որ տոնական խորովածի ու տավուշյան ավանդական քաղցր թերթերուկի պատրրաստությունը սկսվել էր նույն վայրկյանին։ Ի վերջո, հարազատ թոռներին տեսնելու, սիրելու ու կարոտն առնելու առիթը հաճախ չի, որ լինում է։

«Մենք չենք ուզում, որ երկար ժամանակով բերեն էրեխեքին։ Արդեն ծեր ենք, բա որ կրակեն՝ փոքրերին չհասցնենք պահենք», -ասում է Արտո բիձիկը։

Արտո բիձիկի տանից ոչ շատ հեռու, գյուղի հյուսիսային եզրի բարձրադիր բլրի լանջին է բաղանիսցիների նշանավոր ուխտատեղին՝ Սուրբ Աստվածածինը։ Այստեղից Բաղանիսը երևում է իր ամբողջ հմայքով, բացառիկությամբ ու գեղեցկությամբ։ Ներքևում՝ չքնաղ Բաղանիսը, հետևում՝ հարևան ոչ պակաս չքնաղ Ոսկեվանը, դիմացը՝ ադրբեջանական դիրքերը։

Բաղանիսի Աստվածածինն ավերակ, տարիների ու պատերազմի ծանր հետքերը կրող,  սահմանից ներս ծվարած, կծկված, լուռ մենության մեջ կանգնած, շատ բան կորցրած, բայց ամենակարևորը՝ հիշողությունը պահած՝ կարծես ամբողջությամբ արտացոլում է սահմանամերձ այս բնակավայրի ու իր բնակիչների ներկան։

10-րդ դարում կառուցված վանքից մնացել է միայն գլխավոր եկեղեցու հյուսիսային պատը, խորանի մի հատվածը, արևմտյան ու հարավային պատերի հիմքերը։ Եկեղեցու կառուցվածքը հուշում է, որ այն եղել է միանավ թաղածածկ տիպի, պայտաձև խորանով, այն ժամանակների համար քարի թե՛ մշակման, թե՛ շարվածքի շատ բարձր մակարդակով կառուցված կոթող։

Առանձնակի ուշադրության է արժանի տարածքի հին գերեզմանատունը՝ բազմաթիվ արժեքավոր տապանաքարերի իր բազմազանությամբ։  
 

Այդ օրը մեզ հետ է նաև Վարազդատը՝ Բաղանիսի դպրոցում շախմատ դասավանդող երիտասարդ ուսուցիչը, որը նույնպես իր ապագան որևէ այլ տեղ չի պատկերացնում։ Իր զարմանալի ու նախանձելի եռանդով, պատրաստակամությամբ ու լավատեսությամբ Վարազդատը վստահ է՝ Տավուշը ապագա ունի, մենք ենք, որ սխալվում ենք, ճիշտ չենք հաշվարկում ու հաճախ ճիշտ ուղղությամբ չենք գնում։
 

«Բաղանիսի դպրոցը հրետակոծվո՞ւմ է», -հարցնում եմ երիտասարդ ուսուցչին՝ նայելով այստեղից շատ պարզ երևացող ադրբեջանական դիրքերին։
«Այո», -մի պահ լռությունից հետո կարճ պատասխանում է նա ու արագ փոխում թեման։
Բաղանիսի հարևան Բարեկամավան գյուղում ադրբեջանական դիրքերը տեղ-տեղ է՛լ ավելի մոտ են, բնակչությունը՝ գրեթե երեք անգամ քիչ։
 

Գյուղ մտնելուն պես մեզ դիմավորում է տիկին Սոնան՝ ուրախ ժպիտով, միշտ գործնական ու վստահ քայլվածքով։
«Աղջիկնե՛ր, որ կրակեն՝ չվախենաք», -տան բակ մտնելուն պես նրա առաջին նախազգուշացումն է՝ այդ ընթացքում ոչ մի վայրկյան ժպիտն ու կենսախնդությունը դեմքից չպակասեցնելով։  

Երբեք չեմ մոռանա հենց այդ նույն վայրկյանին ականջներումս հնչած երկու ուժեղ կրակոցի ձայնը։

«Էս հեչ, մերոնք էին», -նույն հանգստությամբ ու ժպիտով մահվան ձայնին արձագանքում է Սոնան։

«Ի՞նչ իմացա՞ր, Սոնա մորքուր, որ մերոնք են», -ապշած, բայց հետաքրքրությամբ փորձում եմ ինձ համար նոր աշխարհը բացահայտել ես։ Այնքան հեռու, այնքան անիրական էր այդ ժամանակ այն ամենը, այն իրականությունը, որը մեզնից մի քանի հարյուր մետր էր հեռու, բայց շարունակում էր մնալ անիրական, աներևակայելի, մեզ հետ կապ չունեցող։

«Դե ձենից ջոկում ես», -ասում է Սոնայի աղջիկը՝ 17-ամյա Աննան՝ տնական գինին, շուշանի թթուն ու մեր պատվին քիչ առաջ մորթված աքլորի տապական արագ սեղանին տեղավորելով։

«Իսկ էստեղ ի՞նչն է լավ աճում», -հարցախեղդս չեմ դադարեցնում ես։

«Ամեն ինչն էլ ստեղի հողը տալիս ա, ինչ ցանենք՝ կտա, էն ա որ պետությունը ջուր չի տալիս, թուրքն էլ՝ հանգիստ չի տալիս», -ասում է Աննայի տատիկը։

Հողը․․․Մեր ամենակատարյալ հարաբերությունը հողի հետ է։ Մեր ներսում եղած սերն էլ, ցավն էլ, ժլատությունն էլ, կամքն էլ արտահայտելու, տալու ու վերցնելու, փայփայելու, արմատ ձգելու, աճելու, կատարելագործվելու, արարելու, երջանիկ լինելու ու աշխարհի հետ կատարյալ փոխհարաբերության մեջ ապրելու մեր հայելին․․․ Հողը։ Որևէ ժողովրդի՝ հողի հետ ունեցած փոխհարաբերությունը նրա մասին ամեն ինչ պատմող ամենապարզ նյութն է։ Հայերիս փոխհարաբերությունը հողի հետ շատ յուրահատուկ, խիստ իդեալական է ի սկզբանե։ Երևի հետո, չգիտեմ ինչպես, բայց հետո սկսեցինք մոռանալ կամ չհասկանալ այդ պարզագույն ճշմարտություններն ու զգացումները։

Օրինակ՝ երբ Բիթլիսում, Սասունում, Վանում թափառում էինք հայաթափված գյուղերով, հասկանում էինք՝ նոր տերերի ու հողի փոխհարաբերությունը հեռու է իդեալական լինելուց։

«Մի սոխն ինչ է, որ մի կերպ ենք հանում էս հողից», -մի օր ասաց սղերդցի արաբ Մելիքեն՝ դրախտի մեջտեղում դրախտը փնտրողի դեմքով։

Միշտ հիշում եմ Սասունի գյուղերից մեկում մեծացած հայ Լուսինին, որը Սասունը լքած իր մոր մեծագույն ողբերգությունն այսպես էր պատմում․

«Մենք ամեն բան ցանում ու ստանում էինք այդ հողից։ Մայրիկս ու հայրիկս վերջերս Սասուն գնացին՝ մայրիկս շատ վատ եղավ, շատ-շատ վատ եղավ։ Բոլոր այդ ծառերը հիմա չկան։ Չորացան։ Հողերը չորացան»։

Բարեկամավանից հետո ամեն անգամ Տավուշ մտնելուն պես միայն այս էի հիշելու․ ամեն ինչ կարող է տալ այս հողը, բայց չեն թողնում, որ տա։

Տավուշի Բարեկամավանում խաղողի թփի շուքի տակ նստած մտքերով Վանի Հազարենք, Սասունի Փշուտ, Մուշի Երիզակ հասած ես, սակայն, պիտի վերադառնայի իրականություն։

-Սոնա՛ մորքուր, թուզ քաղե՞մ։

-Եկ, եկ ցույց տամ։

Տան ետևի փոքրիկ այգին՝ հարուստ թզի ու խաղողի թփերով, տանձի ու թթի ծառերով, նայում է ուղիղ ադրբեջանական դիրքերին։

-Հիմա իրանք մեզ տեսնո՞ւմ են, Սոնա մորքուր։

-Լրիվ տեսնում են։

-Կարան խփե՞ն։

-Երբ ուզեն։

-Բա մենք ինչի՞ ենք եկել ստեղ։

-Որովհետև իրանք ինչքան ուզում ա կրակեն՝ մինա, մենք մեր թուզը քաղել տինք։

 

Սոֆյա Հակոբյան