Հայրիկը

«ArtCollage»-ը սկսում է Սոֆյա Հակոբյանի նոր՝ «Սասունապատում» շարքը. մեր ընթերցողներին ենք առաջարկում շարքի առաջին՝ «Հայրիկը» հոդվածը:

 

***

«Ի՞նչ գործ ունեք այստեղ, ձեր տունը շինվի, մենք այստեղ հազիվ ենք մեր կյանքը պահում»․․․, - թուրք զինվորականի հոգնած ու զարմացած հայացքը լռել չէր կարող, պիտի արտահայտվեր։

Եվ իրոք, ինչ կա այստեղ․․․ Այդ հարցն ինձ տալիս էի Սասուն մտնելու օրից սկսած, ու թեև թվում է, թե հարցերիս մեծ մասի պատասխանը ստացել եմ այսքան տարիների ընթացքում, միևնույն է՝ երբեմն չեմ կարող նորից ու նորից չհարցնել՝ այ պապիկ ջան, ի՞նչ կար այստեղ։ Ես գիտե՞մ, որ էս հոգնած ու վայրկյան առաջ այստեղից տուն վերադառնալ փափագող երիտասարդին բացատրեմ, թե ինչ կա այստեղ՝ սարի գլխին, ուր արդեն ոչ մենք կանք, ոչ պապիկը, ոչ գերեզման ու տուն, ոչ բաղ ու այգի, ոչ ազատություն ու վաղվա օր։ Ես գիտե՞մ, որ քեզ բացատրեմ, այ հարևան։ Բայց դե, ես գոնե գիտեմ, որ ես չգիտեմ, իսկ դու դեռ կարծում ես, թե մի բան գիտես, որ դրոշակդ տնկել, համազգեստդ արդուկել, փայլեցրել ու աղոթում ես րոպե առաջ տուն գնալու մասին։ Էհ, Աստված երկուսիս էլ խելք ու համբերություն տա էս սարերում։

Հոգնած քաղաքն ու էլ ավելի հոգնած մենք իրար համահունչ նիրհում ենք։

Մեր մշտական, անդավաճան կանգառը՝ Տիգրանի «դուքյանը», ինչպես միշտ, բաց է, ժրաջան մեղուները՝ ներսում։ Հաց-մաց, թեյ, կծու ուտելիքի, «տեղի» ու «էնտեղի» հայերի մասին խոսակցություններ, Ռուսաստան-Ամերիկա, Ղարաբաղ, ճիշտ ու սխալ, ծուռ ու դյուզ, մնում է աղի թանով կնքենք ու դուրս գանք, աշխարհի չափ գործ ունենք։

«Ա դու ինչ տեսակ մարդ ես․․․», -խոսափողի մյուս  կողմից Տիգրանի վրա է բղավում ամենազվարճալի, ամենահոգատար ու բոլորին մի վայրկյանում բռի մեջ հավաքող այդ ձայնը։ ՀԱՅՐԻԿԻ ձայնը։

«Գնանք, գնանք էս մի շեֆին տեսնենք, մարդը ոնց որ մաֆիայի պարագլուխ լինի», -ծիծաղելով հոր մասին մեր քուրդ վարորդին է պատմում Տիգրանը։

Մենք արդեն գիտենք՝ եթե գարունը բացվել է՝ Հայրիկին պետք է փնտրել ոչ թե տանը, այլ իր սիրելի, աննկարագրելի սիրելի այգում։

Իրիկնամուտի ամենագեղեցիկ պահին ենք հասնում Հայրիկի այգի։ Ճտճտացող կրակի վրա թեյնիկն այնքան հոգատար ձայն է հանում, որ ակամա սիրտդ, հոգիդ, հոգնած աչքերդ նոր ծվող արևի պես դանդաղ ու կայուն բացվում են, միտքդ՝ խաղաղվում։ Իսկ ամենակարևորը՝ զգում իրեն ապահով, հայրական ձեռքերում։

Չեմ կարող նկարագրել այդ պահին փայտե հին սեղանի վրա դրված դաղձի փոքրիկ փնջի հոտը, սպիտակ թթով լի ամանի՝ մեր առաջ լցված սիրո չափաբաժինը, «բեժիկի»՝ դդմիկի ու վարունգի այդ անմահական բանջարեղենի վրայի ջրի ցողերի թարմությունը։ Չեմ կարող բացատրել այդ ամենի իմաստը, որովհետև ամեն մի դետալի մեջ ապրում էր «Հայրիկ»-ը։ Գուցե ես էի սասունցի հայրիկիս իսկապես շատ կարոտել, բայց գուցե և իսկապես՝ այս ամենը այլ կերպ չի կոչվում, քան հայրություն։

«Սրա սերմն եմ ուզում, հայրի՛կ», -ժպիտով ու շատ հանդուգն հայտարարեցի։

Նման բաներն այստեղ կատակ բան չեն։ Սե՛րմ։

«Հա՞․․․ Լավ․․․ Տիգրան, վեր կաց, ում ես սպասում, գնա գտիր, բեր այստեղ։ Շուտ արա», -կրկին հայրական փափկությամբ սկսեց ու մաֆիայի պարագլխի խստությամբ ավարտեց Հայրիկը։

Ու կարիք չկար ասելու, որ ինքն ամեն մեկին չէր տալիս այդ սերմից։ Հարստությունն էր։

Կարիք չկար նաև նոր բացահայտելու, որ սարի պես տղա Տիգրանը հոր հրամանի տակ մի վայրկյանում պիտի դառնար հնազանդ երեխա, գլուխը կախ աներ այն, ինչ կամեցել է նա՝ Հայրիկը։

Ու առհասարակ՝ այստեղ, այս սարերում երբեմն խոսքերի կարիք չկա․․․

 

***

Լեռներում օրենքներն այլ են։ Դուք արդեն լսած կլինեք, որ լեռներում գոյատևում են ուժեղները, տոկունները, քաջերը, անվախները և այլն։ Բայց, չգիտեմ, արդյոք ձեզ ասել են, որ լեռնեցիներն ամենախենթ մեծահոգիներն են նաև։

Հնում հայերը հավատում էին, որ լեռները մեր հանգուցյալ նախնիներն են։ Լեռները պաշտում էին, ինչպես կարելի է պաշտել հայրերին։ Լեռների խորքում է թաղված ու երկրի երեսից թաքնված համայն չարը, ինչպես Հայկը բերեց ու ամփոփեց Բելի մոխիրը Վանի Նեմրութում։

«Յա Մարաթուկ», -մինչև հիմա երդվում են սասունցիները, պաշտելով լեռն իր բուն էությամբ, քան դրա վրայի տաճարը, որ մի քանի անգամ ինքնություն փոխեց, բայց մնաց «սուրբի սուրբ», ինչպես կասեր կոմեկցի հարս Նաֆոն։

Լեռներում, իսկապես, ամեն ինչ այլ է։ Այստեղ ամեն մանր-մունր մտահոգություն կորչում է ներքևում մնացած փոշու հետ, այստեղ ժամանակ չկա մեղավորներ փնտրելու, այստեղ դու ես ու դու, այստեղ կամ առաջ ես գնում կամ գլորվում ցած։

Եվ, այնուամենայնիվ, լեռներում պարտավոր ես մնալ մեծահոգի։ Գուցե դրա համար են լեռնեցիները տարօրինակ բարի։

                  

***

«Զգու՛յշ, ցեխին ոտքդ չդիպչի», -Հայրիկի խոսքն այնքան նուրբ ու մեծահոգի է՝ կարծես ինքը չէր 5 րոպե առաջ հայհոյում ամբողջ աշխարհը։

«Այստեղ, հենց այստեղ ռումբ ընկավ մի քանի տարի առաջ։ Բա ի՞նչ եք կարծում, մենք շարժման հենց կիզակետում ենք։ Հրաշքով եմ ողջ մնացել։ Դիտավորյալ են անում, աղջիկս, հաստատ։ Ո՞նց չգիտեն, որ այստեղ մարդ կա, ես իմ այգում եմ։ Ռումբը քարը ճեղքեց, բայց ինձ չդիպավ։ Աստված ամենազորն է, տեսնո՞ւմ ես։ Ընկավ, կրակ բռնկվեց, ես էլ հո՛ չհայհոյեցի․․․ Բոլորի հորը, մորը․․․ Ասեցի՝ ոնց էլ չլինի՝ մեռնելու եմ, սպասի սրտիս եկածն ասեմ։ Բայց չմեռա․․․ Մի հատ էստեղ նայի՝ էս խաղողից այնպիսի դոշաբ է ստացվում, աշխարհում նմանը չկա։ Այս մասը փշոտ է, զգույշ, բալիկս․․․ Այս խոտի դեզը էս հարևան մարդուն եմ տվել, ասել եմ՝ օգտագործի․․․ Մեղք է»․․․

«Հայրի՛կ, ձերոնք գինի է՞լ են սարքել այստեղ», -մի քիչ մեղավոր, մի քիչ կասկածանքով համարձակվում եմ հարցնել՝ վախենալով վիրավորել հայրիկի կրոնական զգացմունքները։

«Իհա՛րկե», -լայն ժպիտով ու հաստատակամ բացականչում է Հայրիկը՝ Մեքքա գնացած մուսուլման ուխտավորի գլխարկը դզելով կիսաճաղատ գլխին։

«Հաջի հորեղբայր, այսքան խաղողն ի՞նչ ես անում։ Վաճառո՞ւմ ես», -հետաքրքրվում է մեր վարորդը, որն ի տարբերություն մեզ նոր է բացահայտել այս տարածքի ամենահայրիկ մարդուն։

«Ես իսկապես շատ եմ աշխատում, տղաս։ Երբեմն՝ շատ-շատ։ 82 տարեկան եմ․․․ Բայց ես երբեք չեմ աշխատել միայն ինձ համար․․․ Այլ մարդկության։ Բաժանում եմ։ Բարեկամներին, ընկերներին, այս խաղողը, ինչպես և իմ վաստակը, բոլորինն է, մարդկության համար է»․․․

Ու ամեն ինչ մաքրվեց։

Մնացին լեռները։ Մնացինք մենք ու արևամուտը Սասունի լեռներում։ Եվ այդ արևի տակ իմ լցված աչքերը, որոնք մի կերպ էին իրենց զսպում, որ այդ պահին չթրջվեն ու խայտառակ չանեն ինձ։ Մնացինք մենք․․․

Այս լեռներում պետք է որ չմնար ոչինչ։ Այս լեռները սերմերից, հայրիկներից ու մարդկությունից մաքրված պետք է լինեին։ Բայց մնացինք մենք․․․ Մնաց «Բեժիկի» սերմը։ Մնաց Հայրիկն ու իր խաղողը։ Եվ իր վաստակը․․․ Հանուն մարդկության։

«Այ ինքն ա հայը», -ասում եմ ամերիկահայ Սիլվային ու էլ հոգս չէ, որ աչքերս ինձ արդեն խայտառակ են արել․․․

 

Սոֆյա Հակոբյան

 

 

 

 

 

 

 

 

 

 

... ...