Եթե կա ինքնապաշտպանություն՝ արդեն «ընկած» չես, նույնիսկ եթե դասագրքերն այդ պատերազմը պարտված են համարում

Մեզ ամենաշատը չեն ներել ապրելու, արարելու, ողջ մնալու հանդգնությունը

Այսօրվա Թուրքիայի Բիթլիսի նահանգի հարավ-արևմուտքում է գտնվում պատմական Սասունի Մոտկանի շրջանը։ Թեև կա ավելի հեշտ ու թեթև ճանապարհ Բիթլիսի կենտրոնով՝ ես միշտ նախընտրում եմ հողային, դժվար ճանապարհը, որը հյուսիսից՝ Մուշից մեզ ուղիղ իջեցնում է դեպի Մոտկան՝ անցնելով Սասունի Խութի լեռնային գյուղերով։ Խութ գետի երկայնքով շարված Դաշտադեմ, Թաղվըձոր, Շենիստ ու Տափ գյուղերի՝ թվում է թե 20-րդ դարի սկզբից անփոփոխ կենցաղը, համեմատաբար լավ պահպանված հին հայկական գյուղական տները, վերևից երևացող Մշո դաշտի տեսարանը, վսեմ լեռների անթիվ ծալքերն ու «ճեղքերը» երկարամեջք բարդիներով կտրող դեղանվուն դաշտերն արժեն, որ մի փոքր շատ վառելիք ծախսես ու մի փոքր էլ փոշի շնչես այս անտանելի, «քարտեզից դուրս» ճանապարհներին։

Մոտկանի գյուղերում ցեղասպանությունից հետո կյանքը շարունակած սասունցիները բացառիկ, անհավատալի խումբ են, որոնց գոյությանը դժվար է հավատալ մինչ սեփական աչքով տեսնելը։ Իհարկե, մոտկանցիների մեծ մասն արդեն բռնել է Պոլսի ճամփան, և գյուղերը դատարկվել են, սակայն նրանց մի մասը դեռ շարունակում է գարնան գալուն պես հասնել հայրենի լեռները, արածեցնել կենդանիներին ու վարել արտերը։ Բայց ամենակարևորը՝ նրանք փրկված արևմտահայության այն եզակի խումբն են, որոնք ոչ միայն թե՛ գյուղում, թե՛ քաղաքում շարունակում են խոսել բացառապես մայրենի բարբառով, այլև հենց հայերեն են շփվել նաև քուրդ, զազա և արաբ հարևանների հետ, որոնք ոչ միայն չեն հաջողել պարտադրել տեղի հայերին որևէ այլ լեզու, այլև հարկադրված են եղել հայերի հետ խոսել հենց իրենց՝ հայերեն լեզվով։

Թերևս, Մոտկանի Նիչ գյուղը, ինչպես ցեղասպանությունից առաջ, այնպես էլ հետո մնաց այս շրջանի ամենահոծ հայաբնակ բնակավայրերից մեկը, եթե ոչ ամենան։ Չնայած նչեցի բազմաթիվ սասունցիներ արտագաղթեցին Հայաստանի Արմավիրի մարզ՝ ոմանք մնացին, շատերն էլ ապաստանեցին Նիչում հարևան ու նաև հեռավոր գյուղերից։ Թե՛ քրիստոնյա, թե՛ իսլամացած սասունցիները շարունակեցին միջհամայնական ամուսնություններ իրականացնել, խոսել, պարել ու երգել հայերեն։

«Տես, ես քեզ մի բան ասեմ, կրոնափոխվածներից շատերն էլ զղջում են, էնպես չէ, որ շատ գոհ են, մարդ կա՝ ամաչում է մեր երեսին նայի, մարդ էլ կա՝ իրեն դնում է հիմարի տեղ, այդպես էլ ապրում։ Բայց այնպիսիք էլ կան, որ մեզանից լավ գիտեն եղած-չեղածը, կյանք է, ամեն մեկիս մի հոսանքով է քշել, ի՞նչ անես», -թեյի մեր բաժակները լցնելիս պատմում է Արենը՝ գյուղի քրիստոնյա ընտանիքներից մեկի որդին, որն արդեն 22 տարի է Ստամբուլում է և իր համագյուղացիներից շատերի պես այնտեղ զբաղվում է ոսկերչությամբ։

Երիտասարդի մայրն ու հայրն անկյունում նստած միայն ժպտում են՝ խուսափողական հայացքով փորձելով խույս տալ «մեղավորների» ու «անմեղների» մասին խոսակցությունից։

«Ծնողներիս խաթրը չեմ կոտրում, թե չէ ինձ մնա՝ 15-20 այծն ու երկու մատնաչափ ցորենի արտը չարժի այս չարչարանքը։ Մեծերն այսպես են, իրենք են, իրենց տունն ու հողը, սա է, ասես չասես՝ մեկ է», -շարունակում է Արենը՝ ժպտալով ու չնկատելու տալով հոր լուռ ու խիստ հայացքը, որը Զաքար պապիկը խոժոռվելով հառել է խաղողի թավ թփերի տակից երևացող ծանր ողկույզներին, որոնք տատանվում են երեկոյան թեթև քամուց։

«Ծառն առանց արմատի ինչի՞ է նման, կարո՞ղ ես ասել։ Անկապ փայտի մի կտոր է, չէ՞։ Մարդն էլ է նույնը, երբ կտրվում է արմատից, չոր, անշունչ փայտ, վառելիք։ Գնա, աշխարհը պտտի, ոչ ոք չի ասում մի արա, բայց եթե չես ուզում քո գյուղի, քո հողի կողմը նայել՝ անշունչ փայտի կտորից տարբեր չես», - խոսակցությանը միջամտում է Արենի հորեղբայրը՝ Օրհանը։

«Սասունն անցյալում մնաց, դա անցած բան է, պիտի առաջ նայենք», -կրկին ժպտալով ասում է Արենը՝ ակնհայտորեն չցանկանալով բանավեճի բռնվել հյուրերի ներկայությամբ։

«Ո՞րն է «առաջը», Արե՛ն», -հարցնում եմ։

«Հայաստանը»․․․

* * *

Մոտկանից Վան ուղևորվելու համար պետք է կրկին վերադառնալ Բիթլիսի կենտրոն, անցնել այդ՝ աշխարհի ամենամութ ու բացասական էներգիայով քաղաքի կողքով ու նախ բարձրանալ Դատվան, որը Վանի ավազանի երկրորդ խոշոր քաղաքն է, իսկ Բիթլիսի նահանգում՝ ամենախոշորը։ Եվ ահա, ևս մոտ կես ժամ ու կարծես թունելի վերջում երևում է լույսը․․․ Վանա լիճը։

Դատվանից դեպի Վան սլանալիս՝ ձախից վեր են խոյանում Գրգուռն ու Նեմրութը՝ հավերժի հսկաները։ Նեմրութի վրա հավերժության, անմահության «շունչը» շատ հստակ, շատ պարզ ես զգում։ Ըստ ավանդության՝ Հայկը Նեմրութի խորքում է պահել Բելի մոխրացած մարմինը, որ չարը տեղ չունենա երկրի վրա։ Գործող հրաբուխը խիստ ու միևնույն ժամանակ հիացական ազդեցություն է թողնում, երբ ներքևից մեքենայով բարձրանում ես մինչև հրաբխային մանր ու մեծ լճեր՝ մյուս կողմից վայելելով Վանա լճի ամբողջական, աներևակայելի ու բացառիկ տեսարանը։ 250 000 տարի առաջ հենց Նեմրութի ժայթքման արդյունքում  «ծնված» Վանա լիճն այստեղ զգում ես ափիդ մեջ, ասել է թե՝ աշխարհն ափիդ մեջ ես պատկերացնում։ Իսկ երբ չես ծուլանում ու խոր աշնան կամ ձմռան վաղ առավոտյան ես հասնում այստեղ՝ թվում է, թե քո աչքերով կարող ես տեսնել «աշխարհի արարումը»։ Երբ խոր, բացարձակ մութը կամաց-կամաց նահանջելով, իր տեղը զիջում է ցուրտն ու խավարը ճեղքող լույսին, իսկ մութ ամպերից այն կողմ, հենց ոտքերիդ տակ սկսում է երևալ հավերժությունը՝ Վանը։ Նեմրութի վրա ժամանակը կանգ է առնում, իսկ դու զգում ես բացարձակ երջանկությունն ու կատարելությունն անսահմանության մեջ՝ գիտակցելով, որ պատմությունը, տիեզերքը ու անթերի արարված հավերժության այս շրջափուլը քեզ բերել ու գցել են հենց քո «ակոսի» մեջ՝ այնտեղ, ուր դու պետք է լինեիր միշտ ու ի սկզբանե։

***

Դատվանից մոտ մեկուկես ժամվա հեռավորության վրա է գտնվում Վան քաղաքը։ Հետագայում հենց այս ճանապարհը հիշելիս՝ Ոստան գավառն իր գանձերով՝  Առտեր ու Աղթամար կղզիներով, Արտոս լեռան հոգատար «հայացքով», Արտամեդն իր չքնաղ տեսարաններով ու խնձորի այգիների հոտով մտաբերելիս պիտի ապրես կյանքումդ կարոտի գերադրական աստիճանը։

Վերջապես՝ Արտամեդն անցնելուց հետո քիչ անց արդեն Վանում ես։

Վանը լույս է, պարզություն ու ազատություն։ Շատ տարօրինակ մի ազատություն, ազատություն, որը «դե ֆակտո» և «դե յուրե» գոյություն չունի, բայց որն այնքան լիարժեք ես զգում այստեղ, որ չես կարող բացատրել հուզականությամբ կամ «պաթոսի» չափաբաժնի չարաշահմամբ։
Այո, սա Սասունը, Մուշը կամ Մուսալեռը չէ, որտեղ կարող ես գյուղ մտնելիս հայերեն «Բարև» ասել ու քեզ կհասկանան, ոչ, Վանում ո՛չ հայերենն է շնչում, ո՛չ հայերը։ Բայց հոգուդ խորքում ամեն բան լուսավորվում, կապանքներից ազատվում է, երբ տեսնում ես անծայրածիր Վանա լիճն իր փառահեղ զմրուխտի, իր անփոփոխ կատարելության մեջ։ Վանը միակ տեղն է, որտեղ փողոցներում հայ չգտնելով՝ հոգիդ չի մթնում, չի ըկճվում, որովհետև միայն այն հզոր դրական էներգիան, որով լցված է Վանի օդը, բավարար է բոլոր վերքերը բուժելու համար։ Վանը միակն է, որ հաջողել է փառահեղ մնալ առանց մեզ։ Որովհետև Վանը, ինչպես արդեն ասացինք, հավերժությունն է, որ կա։

Ինձ համար Հայոց պետականությունը սկսվում է Վանով։ Իմ խորին համոզմամբ հենց Վանում են սկզբնավորվել մեր նորագույն պատմության առաջին պետականության հիմքերն ու փորձը։ Վանի ինքնապաշտպանությունը, որի մասին մենք սովոր ենք խոսել դրա՝ «կոտրված» լինելու շեշտադրմամբ միանշանակ ավելին էր, քան մի խումբ մարդիկ, որոնք ինչ-որ պահի այլևս չկարողացան դիմադրել։ Հենց դժնդակ 1915-ին, հենց Վանում է իրականացել և կարճ, բայց շատ նշանակալի կյանք ունեցել Հայոց պետականության ձևավորման առաջին հանդուգն փորձը։ Վանի հերոսամարտից հետո Վասպուրականի հայկական իշխանությունը տևեց ընդամենը 70 օր, թեև փաստացի շարունակեց գործել մինչև 1918-ի մարտ՝ ունենալով կառավարություն, ոստիկանություն և պահելով անիրական պայմաններում դիմակայող մի կղզի, որը չգիտես ինչի, չգիտես ում հույսով, բայց ինչ-որ հանդուգն երազանքներ է ուրվագծում ու հավատում դրանց։ 1918-ի վերջին գաղթի ժամանակ Վանից և շրջակայքից արտագաղթեց ավելի քան 280 000 հայ, ինչն ամենապատկառելի թիվն է ցեղասպանության ու դրան հաջորդող փուլի պայմաններում։ Կյանքերը, որոնք հաջողեցին հետագայում կազմել մեր նոր, առաջին, նույնիսկ՝ երրորդ հանրապետության կորիզը, պարտական են այդ հույսին ու հանդգնությանը։ Մեր հակառակորդները Սասունում,Վանում և Արցախում մեզ ամենաշատը չեն ներել հենց այդ հանդգնությունը, այսքանից հետո ապրելու, արարելու, ողջ մնալու հանդգնությունը։


***

Մեր տանը երբեք պարտվածի ստվերը չի թափառել, ես այն չեմ տեսել։ Սասունի Գելիեգուզանի մեր գյուղում, որտեղից Անդոկի ամենագեղեցիկ տեսարանն է բացվում, և որտեղ Սասունի առաջին ինքնապաշտպանության ժամանակ զոհվել է մեծ պապիկ Հակոբը, ես երբևէ ընկճվածության նշույլ չեմ զգացել։ Սա, իհարկե, նման է «ուտոպիայի», անգամ՝ երբեմն կարծել եմ, թե իրականությունից կտրված եմ, բայց դե զգացածդ հերքել չի լինում։ Տարիների ընթացքում միայն հասկացա, որ այդ հոգեվիճակի պատճառը ինքնապաշտպանության եղելությունն է և փաստը, որ ես ողջ եմ։ Ես չեմ կարողանում սխալված, «իզուր» զոհված համարել Հադրութում ընկած ընկերներիս, Ջրականի տափաստաններում երկու ամիս փնտրվող ու այդպես էլ չվերադարձած հորաքրոջս տղային, որոնք հանդգնել էին հավատալ, որ ամեն ինչ լավ է լինելու։ Պատմությունը, ներքին ձայնս ու իրականությունն ինձ ամեն օր հուշում են, որ որևէ ինքնապաշտպանություն զուր կամ մինչև վերջ «ընկած» չէ, որովհետև եթե կա ինքնապաշտպանություն՝ արդեն «ընկած» չես, նույնիսկ եթե դասագրքերն այդ պատերազմը համարում են պարտված, Վանը, Սասունն ու Ջրականը՝ կորցրած։

Ի վերջո՝ ողջ ես։

Միայն թե տեսնենք «առաջը», միայն թե չվատնենք ողջ մնացած լինելու բացառիկ հնարավորությունը, որի համար շատ, չափազանց թանկ գին են վճարել ամենալուսավոր տղաները։ Հնարավորությունը, որը նրանք էլ չունեն, հնարավորությունը, որը ժամանակին մեր կողմից մսխված չլինելու դեպքում՝ ամենալուսավոր տղաները ոչ թե զոհվելով, այլ ապրելով ու արարելով պիտի կառուցեին մեր նորագույն ինքնապաշտպանության լեգենդը։

 

Հեղինակ՝ Սոֆյա Հակոբյան