Ձորի Միրոն՝ հավաքական ցավի խորհրդանիշ

Մեծ Եղեռնի մասին ֆիլմերը բազում են՝ գեղարվեստական, թե վավերագրական, նկարահանված Հայաստանում, թե արտասահմանում. պատմությունները տարբեր են՝ պատումը մեկն է՝ ցավը և ապրելու ուժը, որն ի հայտ է գալիս այն պահին, երբ թվում էր՝ իրավիճակից միակ ելքը մահն է: «Ձորի Միրոն» ֆիլմը՝ Մուշեղ Գալշոյանի համանուն վիպակի էկրանավորումը, հայ ազգի հավաքական ցավի ու այդ ցավի ծնած ուժի մասին է, որը նկարահանել է հայ կինոռեժիսոր Ժիրայր Ավետիսյանը:

Ֆիլմը պատմում է Արևմտյան Հայաստանում համեստ ու արժանապատիվ կյանքով ապրող Միրոյի մասին: Միրոն մասնակցում է հայրենիքի պաշտպանության համար մղվող ֆիդայական շարժումներին, տան տնտեսության հարցերում օգնում է Հարութ պապին, սիրահարվում է, ամուսնանում և որդի ունենում՝ նրան կոչելով պապի անունով: Լիարժեք այս կյանքով ապրող Միրոյի ճակատագիրը, սակայն, այլ ընթացք էր ստանալու վայրագ թշնամու անմարդկային գործողությունների պատճառով: Միրոն կորցնում է այն ամենը, ինչ ուներ՝ ընտանիք,  ընկերներ, տուն, հայրենիք, Միրոն կորցնում է իր խաղաղությունը, պարզ մարդկային երջանկությունը  վերածվում է ցավի, որն իր մեջ կրում է նույն տառապանքները հաղթահարած յուրաքանչյուր անհատ՝ դառնալով ցավակից միմյանց և ստեղծելով համայնք՝ հիմնված հավաքական ճակատագրի վրա: Հետաքրքիր է կորուստներին զուգահեռ մտորել ինքնության մասին:

Սոս Սարգսյանի մարմնավորած կերպարը հավաքական է. նրանում կարելի է տեսնել հայ մարդու ինքնության ամենաջինջ հիմքերը: Ֆիլմում հայ մարդու՝ ի դեմս Միրոյի, ինքությունը կառուցվում է բարդ համակարգով և բազմաթիվ բաղադրիչներով, որոնք շղթայական կապով ամբողջություն են ստեղծում: Որքան էլ կինոնկարը ներկայացնում է Մեծ Եղեռնի իրադարձությունները, գլխավոր հերոսի ինքնությունը երեք շրջափուլ է անցնում՝ Եղեռնից առաջ, դրա ընթացքում և դրանից հետո: Եվ որ ամենակարևորն է, ինքնությունը գնալով զարգանում է և վեր են հանվում անհատի լավագույն հատկանիշները: Սարսափի ընթացքում Միրոյի`ոչ պակաս հերոսական վարքը Եղեռնից առաջ էլ ավելի հերոսական է դառնում դրա ընթացքում. ֆիլմի գլխավոր պերսոնաժը, չկարողանալով գտնել իր որդուն ու կնոջը, փրկում է բազմաթիվ երեխաների և մարդկանց խմբերը առաջնորդում է դեպի Արևելյան Հայաստան: Արդեն Արևելյան Հայաստանում հայտնվելուց հետո Միրոյի անհուսալիորեն կործանված կյանքում հույսի նշույլ է հայտնվում՝ ի դեմս Նարեի, ում հետ Միրոյի`ընտանիք կազմելը վկայում է այն մասին, որ ուրախության, թե ողբերգության ժամանակ հայ մարդու ինքնությունը լիարժեք է ընտանիքի ներսում, և այն, ինչ կործանված է, կարող է կրկին կառուցվել տուն ու ընտանիք կառուցելով:

Բայց ամբողջ ֆիլմի ընթացքում սյուժեին զուգահեռ միտքս սևեռվում էր հավաքական ցավի գաղափարի վրա: Հավաքական ցավը համախմբող է, այն ստեղծում է համայնք: Թերևս ամենից հետաքրքրականը ֆիլմում հավաքական ցավի ադյունքում նոր ընտանիքի, նոր կյանքի ստեղծումն է:

Տեսարանը, որը նոր կոնֆլիկտ է հանդիսանում պատումում, Միրոյի՝ Արևելյան Հայաստանի շուկայում առևտուր անելու տեսարանն է, որտեղ վերջինս գնում է աշխատանքային նոր գործիքներ՝ տուն կառուցելու համար և հանդիպում է գաղթի ճանապարհը միասին հաղթահարած՝ իր նման ընտանիքը կորցրած խութեցի հարս Նարեին, ում էլ Միրոն իր հետ սար է տանում և ընտանիք ստեղծում, նոր ընտանիք, որի հիմքը տվյալ դեպքում երկու մարդու հավաքական ցավն է. այն ստեղծում է ընտանիք, իսկ հետո՝ համայնք, իսկ հավաքականության և ցավի վրա հիմնված համայնքը եղել է զորավոր: Մեծ Եղեռնի տարիներին հավաքական ցավը հայ մարդուն մղել է նոր կյանք սկսել, ինչպես անում է Միրոն: Ուշադրության է արժանի նաև այն, որ հավաքական ցավի ներկայությունն անմիջապես առաջացնում է գործողություններ, որոնք ճնշում են վախկոտությունը կամ դավաճանությունը (1): Երկուսն էլ լավագույն բնորոշիչներն են Միրոյի համար. տեսարանում, երբ թուրքը շղթայում է Միրոյին, նրա աչքի առաջ սպանում վերջինիս Հարութ պապին և փորձում կաշառելով պարզել Քեռի Մանուկի գտնվելու վայրը, Միրոն խորամանկություն է դրսևորում. նա համաձայնում է օգնել՝ տանելով թշնամուն Քեռի Մանուկի մոտ, այնինչ լեռը բարձրանալու ճանապարհին Միրոն ցած է նետում թշնամուն՝ չդավաճանելով իր հայրենակցին և չվախենալով թշնամուց:

Հետաքրքրական է, որ հավաքական ցավը ժամանակի ընթացքում վերածվում է պատմական ժառանգության և ձևավորում գրեթե մի ամբողջ ազգի հավաքական ինքնությունը: Թեև այժմ հիշողություններն անցյալի գործողությունների վերաբերյալ որոշակի են, մարդու մտքի աշխատանքը պատմական ժառանգությունից ձևավորում է կերպար, որը վճռական պահերին նոր ուժ է ստանում:

Ֆիլմում այդ ուժը հավաքված է Միրոյի և Նարեի որդու՝ Հարութի մեջ, ով ֆիլմի ավարտին պատերազմ է գնում՝ որպես նվեր հորից ընդունելով փամփուշտներ: Կորստի և վրեժի զգացումը, որը կրկին  առաջանում է հավաքական ցավի ներկայությունից, դրդում են անհատին բոլոր հնարավոր ձևերով վերականգնել անցյալը, բայց արդեն հստակ պատկերացնելով ապագան, ինչը և անում է Հարութը՝ հորը թողնելով սիրելիի հոգածության ներքո և խնդրելով նամակները կարդալու տալ Հայկուշին:

«Իմ տարիքը 70 է: Աչք եմ բացել՝ օսմանցու զուլումն ու ավերն եմ տեսել, օսմանցու արյունահեղությունն եմ տեսել»,- ֆիլմում, զրուցելով Միրոյի հետ, ասում է Քեռի Մանուկը:

Իմ տարիքը 25 է: Աչք եմ բացել՝ պապիս կարոտն եմ տեսել, ով երազում էր չոքեչոք գնալ Վանի Այգեստան թաղամասի իր պապական տուն: Իմ տարիքը 25 է: Աչք եմ թարթել՝ պատերազմում ընկերներիս զոհվելու լուրն եմ ստացել, տունն ու հայրերին կորցրած ընկերներիս եմ տեսել, երկու անգամ հայրենիք կորցրած սեփական արտացոլանքիս եմ ամեն օր բախվում: «Սուլթանի անուն փոխվեց, հո օսմանցու պլան չփոխվե՞ց»,- ասում է Քեռի Մանուկը: Չփոխվեց պլանը, և չի փոխվի հայի, բառի գենետիկորեն ամենամաքուր իմաստով, վերաբերմունքը թշնամու հանդեպ:

Հղումներ՝

Fiske J., The Progress from Brute to Man, p. 23, 1873.

 

Անի Գաբուզյան