Զոլավոր ինքնություն

Սենոզ՝ հույների, հայերի և լազերի շրջանում

«Սարն ի վեր». այս արտահայտությունը յուրաքանչյուր համշենցու համար ոչ թե սովորական երեք բառ է, այլ մի ամբողջ պատմություն, ապրելակերպ ու մշակույթ: Նույնիսկ նրանց համար, ովքեր արդեն շատ վատ են հիշում մայրենին կամ անգամ իսպառ մոռացել են այն: «Սարն ի վերը» մի ամբողջ աշխարհ է բոլորի համար և այդ զարմանահրաշ աշխարհում համշենյան հեքիաթն իր ամբողջ հմայքով մտնում է իր իրավասության մեջ:

Իսկ համշենյան հեքիաթն, անխոս, սկսվում է Համշենի զմրուխտապատ գագաթները կտրող ամպերի տակ թաքնված հովիտներում կամ, ինչպես այստեղ են ասում, յայլաներում: Ամեն գարուն, կանաչի հոտը լեռներում տարածվելուն պես, համշենցին շտապում է դեպի «սարն ի վեր» ու այստեղ մնում մինչև խոր աշուն: Ու մինչդեռ մի քանի հարյուր տարվա վաղեմության փայտե կոկիկ տնակների պատշգամբներում համշենցի տատիկներն իրենց հանդարտ  խաղաղությամբ գործում են համշենյան հռչակավոր գույնզգույն գուլպաներն ու ձմռան համար եգիպտացորեն չորացնում, իսկ արաբ ու եվրոպացի զբոսաշրջիկները փորձում անմահացնել ոչ իրական թվացող բնապատկերները, հեքիաթը գլորվում է: Խրոխտ լեռները շարունակում են պատվել մշուշով, գուլպաներն իրենց ավանդական տեղն են գտնում բուխարիների մոտ, իսկ պատուհաններից տարածվում է համշենյան անզուգական մուխլամայի հոտը:

Յայլաները, ուր համշենցիներն ամեն գարուն բարձրանում են կենդանիներին արածեցնելու և ձմռան պատրաստություն տեսնելու, այլևս իրենց բուն նպատակից զատ վերածվել են զբոսաշրջային ամենաուշագրավ ուղղությունների: Դե իհարկե, չէ՞ որ բոլորն են ուզում տեսնել, թե ինչպիսի դեմք ու բույր ունի հեքիաթը: Այսքան հանրային լինելով, սակայն, համշենական յայլաները միևնույն ժամանակ շարունակում են մնալ չափազանց փակ, ինքնաբավ ու խորհրդավոր կղզյակներ, որոնց գաղտնիքները, ներքին խոհանոցն ու ավանդույթներն օտար աչքի համար միշտ մնում են մինչև վերջ չբացահայտված:

Այդ նույն անհասանելի ու անմատչելի հովիտներն էին, որոնք այդքան երկար ժամանակ մասամբ փրկեցին Համշենի հայերեն բարբառը՝ իրենց կոշտուկոպիտ օրենքներով ու կտրվածությամբ, իրենց փակ ու «գաղտնապահ» էությամբ, Քաջքարի իրենց հպարտ լեռներով:

Սակայն համշենական ամենայուրահատուկ, ամենազարմանալի ու գաղտնիքներով լի հովիտը հայախոս մնացած գյուղերից շատ ավելի հեռու է: Բուն Համշենից քիչ հարավ ընկած Ջիմիլ յայլան, ըստ իս, ունակ է զարմացնել անգամ այլևս ոչնչից չզարմացողներին: Ոչ, այստեղ հայերեն ոչ երգում են, ոչ՝ խոսում: Ավելին՝ ձեզ փոքր ինչ երկար ու տարակուսած կնայեն, եթե հարցնեք տեղացիներին, թե արդյո՞ք հայ են: Առհասարակ՝ դա ամենախելացի հարցը չէ Համշենում, բայց՝ ինչևէ:

Տեսնես կգա՞ մի օր, որ Համշենն ու համշենցիներին քննարկենք «Իսկ դուք ձեզ հայ համարո՞ւմ եք» հարցի փակ շրջանակից դուրս, մտածում էի ես և հենց այդ ժամանակ լսեցի Համշենից արևմուտք «հոռում» (հույն/հունացած) թրքախոս համշենցիների մասին: Է՞լ ինչ հանելուկներ կան այս խելագար լեռներում: Պարզվում է՝ կան: Եվ դա հասկանում ես Ջիմիլ յայլա ոտք դնելու առաջին իսկ վայրկյանից: Որովհետև Ջիմիլը և՛ Համշենն է և՛ Համշենը չէ, Պոնտոս է, բայց Պոնտոս էլ չէ, Թուրքիա է, բայց մինչև վերջ Թուրքիա էլ չէ:

Ջիմիլցիները Համշենում առանձնանում են նախ և առաջ իրենց շատ յուրահատուկ ու զարմանալի տարազով, որն այդքան էլ հատուկ չէ համշենցի հայերին: Ո՛չ, համշենյան սիրելի «փուշի» գլխաշորը, այդքան սիրելի մետաղադրամներն ու շալերը չեն Ջիմիլի խորհրդանիշը: Ջիմիլցի կանայք սովոր են կրել զոլավոր հետաքրքիր գլխաշորեր և նույն կտորից կարել նաև ամբողջ տարազը: Հայկական տարազներին ոչ հատուկ այս ոճն ու գույները սկզբում զարմացնում են, հետո՝ աչք շոյում:

Պոնտացի հույն կանանց շրջանում տարածված տարազի այս ձևը ստիպում է ջիմիլցիներին դասել տեղի իսլամացած հույն բնակչության շարքին, մինչդեռ Ջիմիլից ավելի արևմուտք բնակվող պոնտացիներն այդ կարծիքին չեն, ավելին՝ վերջիններիս մասին խոսելիս օգտագործում են  «սենոզ», այսինքն՝ օտար, բառը:

Հարևան լազերի համար ջիմիլցիները նույնպես յուրային չեն, համշենցիների համար՝ «մեզմե չեն»:

Ասել է թե հունական տարազով, լազական պարկապզուկով ու մի քանի շատ խորը շերտերի տակ թաքնված համշենյան արմատների հիշողությամբ ջիմիլցիների ինքնությունն իրենց հագուստի պես զոլավոր է ու խայտաբղետ:

«Հոռո՞ւմ ես, արմե՞ն, թե՞ լազ». սիրում են ասել Սև ծովի հարավային ափին ընկած Չայելիյում, որը տեղացիները միջանկյալ տարածք են համարում Պոնտոսի երեք ազգությունների՝ հույների, հայերի և լազերի միջև:

Ջիմիլցիները վերը նշված հարցի երեք տարբերակներից ոչ մեկը որպես պատասխան ընտրել չեն կարող: Ավելի ճիշտ՝ դրա կարիքը չկա: Այստեղ նման դեպքերի համար մեկ, «ընդհանուր» ինքնություն է սահմանված:

Ինչպես սիրում են ասել Պոլսում՝ «Թուրքերի համար բնավ կարևոր չէ, թե ինչ ազգություն ունես: Կարևոր է, որ ասես «թուրք եմ»:

 

Սոֆյա Հակոբյան


 

 

...