Ձմռան մի մութ առավոտ

Ձմռան արևը ծույլ է մեր դասարանի Հայկի պես: Օրը սկսվում է, մարդիկ իրենց գործին են անցնում, իսկ արևը դեռ քնած է. երազ է տեսնում յոթերորդ երկնքում:

 

Ես ձմեռ շատ էի սիրում: Ավելի շատ կսիրեի, եթե չլինեին ձմռան`գիշերվա պես մութ առավոտները, երբ տնեցիք ձայն տալուն պես վառում էին տան լույսը: Մի չրխկոցով էլեկտրական առավոտը գժի պես ներխուժում էր մեր տուն ու ասեղներն առած՝ ծակծկում էր աչքերս: Ո՜նց էի սրտնեղում: Լավ կլիներ`մթության մեջ հագնվեի: Ավելի լավ կլիներ`արևի պես մինչև լույս քնած մնայի: 

Ու տեսեք, թե ինչ պատահեց մի օր:
Ձմռան մութ առավոտ էր: Այնքան մութ, որ ես առավոտին գիշերվա տեղ դրած՝ քնած էի․ արևի պես երազ էի տեսնում յոթերորդ երկնքում։ Մեկ էլ հայրս ինձ ձայն տվեց ու վառեց սենյակի լույսը: Ես գլուխս արագ մտցրեցի վերմակի տակ, որ լույսից վեր թռած երազս չփախչի։ Բայց հայրս էլի ձայն տվեց ու վերմակը երեսիցս մի կողմ տարավ: 
-Վե՛ր կաց, դասից կուշանաս: 
-Աչքերս չեն բացվում,- ասացի, վերմակի տակ կուչ եկա ու դեմքս թաքցրեցի լույսից: 
«Աչքերս չեն բացվում»: Այդ միտքն ինձ մեծ դասամիջոցի զանգի պես մի բան թվաց՝ իսկական փրկություն: Մտածեցի`եթե աչքերս փակ մնան, այսինքն շարունակեն չբացվել, հայրիկս երևի կմարի կծան լույսը, ու ես կքնեմ մինչև իսկական առավոտ: 
-Աչքերս չեն բացվում: 
-Ոչի՛նչ,- ասաց հայրիկս,- հենց վեր կենաս, կբացվեն: 
-Ո՞նց վեր կենամ: Աչքերս չեն բացվում,- կրկնեցի:
-Ես քեզ կօգնեմ,- ասաց, գրկեց ինձ, նստեցրեց ու սկսեց հագցնել դպրոցական համազգեստս: 
Նորից անկողին մտնելու հույսս կորցրած՝ ես իմ ամբողջ քնաթաթախ էությամբ մերժեցի էլեկտրական առավոտը ու նվիրվեցի գլխիս եկած կուրությանը: 

Հայրս ինձ հագցրեց-վերջացրեց, հետո ձեռքս բռնած տարավ դեպի լողասենյակ: 
-Կարո՞ղ ես լվացվել,- հարցրեց:
-Կարող եմ,- պատասխանեցի։

Նրա օգնությամբ մտա լողարան, իմ ուժերով ներսից դուռը փակեցի, շոշափելով մի կերպ-մի կերպ գտա ինչ ինձ պետք էր, լվացվեցի ու ափս պատերին ու դռանը քսելով դուրս եկա: Զգացի, որ հայրս մոտակայքում է:
«Աչքերս չեն բացվում»,- կրկնեցի մտքումս:
-Աչքերս չեն բացվում,- կրկնեցի բարձրաձայն:

-Ոչի՛նչ, կբացվեն,- հուսադրող ձայնով ասաց հայրս, թեև հավանաբար մտածում էր, թե լվացվելիս կուրությունս կանցնի: 
Հետո նա մազերս սանրեց, կապեց ժապավեններս։ Մենք միասին նախաճաշեցինք: Սեղանի շուրջ հայրս համբերատար օգնում էր ինձ, բայց ձայնի մեջ անհանգստություն չկար, ու ես չէի կարողանում հասկանալ, թե ինչ նորություն կա իմ կուրությունից։ Մենք թեյեցինք, հետո հայրս վերարկուս ու կոշիկներս հագցրեց, գլխարկս դնելիս պոչիկներս անվարժ այսուայնկողմ տարավ, դպրոցական պայուսակս վերցրեց ու մենք միասին դուրս եկանք տնից:  
Մինչ ես հորս հետ հաղթահարում էի իմ անսպասելի կուրության պատճառած հոգսերը, արևը հասցրել էր արթնանալ ու բոլորովին անհարմար չէր զգում, որ այդ ամենն իր քնկոտության երեսից է եղել: Այդպես, աչքերս փակ քայլում էի`հորս ձեռքը բռնած։ Սովորաբար ձմռանը փողոցում քայլելիս մենք աշխատում էինք համաչափ քայլել`հետևելով, թե ձյունն ինչպես է երկձայն ճռճռում մեր ոտքերի տակ։ Բայց այդ օրը ես ոչինչ չէի տեսնում, ոչնչի հետ միասին՝ նաև մեր ոտքերը, ու ամեն ինչ խառնեցի: Մենք ձյան անկանոն երգը լսելով` բակից դուրս եկանք ու թեքվեցինք փողոցի կողմը։ Մեքենաների աղմուկը միացավ ձյան ճռճռոցին: Բայց ես գիտեի, որ դեռ մայթեզրին չենք հասել: Ես դա հաստատ գիտեի: Այնքան հաստատ, ինչքան հաստատ կարող էր իմանալ բաց աչքերով դպրոց գնացողը: Եթե ուզում եք իմանալ, թե ինչից էր, որ ես այդքան հաստատ գիտեի, ստիպված պիտի լսեք ուրիշի՝ իմ գաղտնիքը: Հայրս մի սովորություն ուներ. երբ մենք միասին մի տեղ էինք գնում, բռնում էր ձեռքս, ու եթե ճանապարհին փոս կամ քար էր լինում, կամ մի բան, որի պատճառով պետք էր, որ ես զգուշանայի, ուշադիր լինեի, իրար հետևից երկու անգամ թեթև սեղմում էր ձեռքս: Դա նրա հորինած պայմանական նշանն էր, որի մասին մենք չէինք պայմանավորվել․ գիտեինք ու վերջ: Նա այդպես ձեռքս սեղմում էր և ամեն առավոտ, երբ հասնում էինք մայթեզրին ու պիտի անցնեինք փողոցը: Փողոցն անցնում էինք ու գնում`ես իմ դասին, նա իր գործին: Հիշում եմ, երբ ձյուն էր գալիս, հրաժեշտի պահին ես նայում էի հորս վերարկուին նստած փաթիլներին: Ինձ թվում էր, թե նրանք մյուս փաթիլներից ուրախ են: Լա՛վ, ես կարծես շեղվեցի: 
Հիմա իմացա՞ք՝ ինչու այդքան վստահ գիտեի, որ մենք դեռ մայթեզրին չենք հասել: Այ, երբ հայրիկս երկու անգամ թեթև սեղմեց ձեռքս, ես հասկացա, որ փողոցն ենք անցնելու: Անցանք, մի քիչ էլ քայլեցինք ու իմ հաշվարկով հասանք այնտեղ, որտեղ պիտի հրաժեշտ տայինք իրար: Հայրս իր քայլերը դանդաղեցրեց: Սրտիս զարկերն արագացան: «Հիմա ի՞նչ եմ անելու»: Բայց մենք շարունակում էինք քայլել: Մի քիչ էլ գնացինք, մի քիչ էլ ու… Ու ես հասկացա՝ հայրս ինձ հետ դպրոց էր գալիս: Սիրտս ուրախությունից սկսեց ավելի արագ զարկել: Ես քայլում էի աչքերս փակ, գլուխս բարձր պահած: Դա ինձ համար ասես հաղթական քայլերթ լիներ: Այդ պահին աշխարհի ամենաերջանիկ կույրն էի ես ու մտքումս խնդրում էի դպրոցին, որ ինչքան կարող է հեռու գնա, մի՜ օրով:  
Այդպես լուռ ու հանդիսավոր քայլեցինք։ Քիչ հետո լսվեց ծանոթ աղմուկը․ դպրոցը տեղում էր մնացել։ Հայրս կանգ առավ, ես էլ նրա հետ: Նա իր ձեռքերը դրեց ուսերիս, ու ես հասկացա, որ մենք կանգնած ենք դեմ-դիմաց: Ես գիտեի, որ դա հրաժեշտ է նշանակում: «Հիմա ի՞նչ պիտի անի հայրիկս։ Ո՞նց պիտի ինձ կույր վիճակում թողնի ու գնա։ Չգնալ էլ երևի չի կարող։ Ուրեմն ի՞նչ հնար պիտի գտնի, ի՞նչ պիտի անի, հը՞․․․»,- մտածեցի աչքերս փակ ու հասկացա, որ ինչ-որ բան անելու ի՛մ հերթն է: Հայրս ինձ մենակ չէր թողել, օգնել էր իմ դժվար պահին, ու ժամանակն էր, որ ես ինձ մարդու պես պահեի: Նաև․.. այնպե՜ս էի ուզում տեսնել նրան: 
Կոպերս կպչուն էին դարձել։ Մի կերպ իրարից պոկեցի, կկոցած նայեցի ու միայն մի բառ ասացի`«բացվեցին»: Ո՜նց ուրախացավ հայրիկս: Նրա ուրախության մեջ, չգիտես ինչու, մի քիչ հպարտություն կար, մի քիչ ինքնավստահություն ու մի քիչ էլ․.. Գիտեմ, շատախոսում եմ, բայց ուզում եմ իմանաք, թե նա ոնց էր ինձ  նայում։   
-Լա՛վ է,- քաջալերեց,- դե գնա`չուշանաս:
Ձմռան ցոլցլացող առավոտի մեջ բացված իմ աչքերը սևեռուն նայում էին հայրիկիս դեմքին, հետո հայացքս իջավ նրա վերարկուին՝ վերարկուին նստած ձյան փաթիլներին, որոնք ուր որ է՝ պիտի գնային նրա հետ: Գիտեմ, որ չեք հավատա, բայց այդ փաթիլների նախշերը հիմա էլ աչքիս առաջ են: 
Դպրոցում ոչ ոք չզգաց, որ այդ օրը ինձ համար սովորական չէ: Միայն ծույլիկ Հայկը հարցրեց`«Քեզ ի՞նչ է եղել»: Չպատասխանեցի: Ուսուցչուհին դաս հարցրեց: Սովորել էի, ազնիվ խոսք` «Օրը մութ է, ժամը ութն է…»: Բայց  չպատասխանեցի: 
Ուզում էի տուն գնալ: 
Երեկոյան ես հայրիկիցս չլսեցի ո՛չ մտահոգ հարցուփորձ ու ո՛չ էլ նախատինք: Այդպես էլ երբեք չխոսեցինք այդ մասին: Երևի դա է պատճառը, որ ձմռան այդ առավոտը իմ մեջ մնացել է ոչ թե հուշի, այլ մի տեսակ երազի պես։ Ասում են՝ երազը չպիտի պատմես, որ կատարվի։ Բայց իմ երազը կատարվել է․․․ Շա՜տ վաղուց։ Դրա համար էլ, ահա՛, պատմեցի ձեզ։ 
Իմ երևակայական կուրությունից հետո շատ տարիներ են անցել: Հիմա՛ էլ առաջվա պես ձմեռ շատ եմ սիրում ու առաջվա պես չեմ սիրում ձմռան՝ գիշերվա պես մութ առավոտները։ Բայց ես հիմա ինքս արթնանում, վառում եմ մեր տան լույսը, ինքնուրույն հագնվում, տնից դուրս եմ գալիս ու մտնում եմ այն աշխարհը, որտեղ այնքա՜ն շատ բան կա զգուշանալու: 

Ու միշտ մի աներևույթ ձեռք երկու անգամ թեթև սեղմում է իմ ձեռքը․․․․

 

Երազիկ Գրիգորյան