Ձմռան երկրորդ թոշակը

Թոշակը Ռուսաստանից էին ստանում, այսինքն՝ շատ էր: Խոպանի 2-րդ տարում Վանիկը լուր ուղարկեց իրենց քաղաք, թե բա Սվետին ասեք՝ նկարվի ուղարկի: Կինն էլ պահարանը բացեց, ամենասիրուն շորը հագավ, հիշեց ձմռան օրերը, որոնց ընթացքում էր միայն խոպանչի մարդը տանը լինում, ժպտաց բոլոր էն մարդկանց ասածները հիշելով, որոնք դժգոհում են, թե ձմռան գիշերները ձանձրալի երկար են, ու մի սիրուն, ժպտերես նկար ուղարկեց մարդուն: Հենց այդ նկարով էլ և, իհարկե, լուրջ ծանոթներով Վանիկն այնպես արեց, որ կինն էլ դարձավ Ռուսաստանի քաղաքացի ու հիմա ահագին թոշակ են ստանում՝ ռուբլիով:

Հիմա Վանիկն էլ խոպան չի գնում: Ուժ չունի: Սվետը համ երջանիկ էր, որ մարդու դեմքը գարնանն էլ է տեսնում, ամռանն էլ, աշնանն էլ, համ էլ պատրաստ էր տարվա բոլոր եղանակները փոխանակել իրենց ջահել օրերի հետ: Վստահ էր, որ եթե դրանք էլի կրկնվեին, ինքն էլ չէր թողնի, որ Վանիկը խոպան գնար: Չնայած՝ մի գրքում կարդացել էր, որ գարունը կրկնվում է, ամառը կրկնվում է, աշունն ու ձմեռը կրկնվում են, բայց անցած օրերը՝ երբեք:

Զավակ չունեցան: Մի օր, երբ ձյունն արդեն հալչում էր ու առվակ դարձած ավետում, թե նույնիսկ հեռու երկրներ գնացած արագիլները շուտով հետ կգան, Սվետի սիրտը խառնեց: Նույնիսկ Վանիկին զանգեցին, նա էլ նույնիսկ ասաց. «Դե ուրեմն էս տարի մի քիչ շուտ կգամ»...Բայց Վանիկն էլի ձմռանը եկավ՝ մորուք պահած: Սվետն էլ չկրարողացավ ոչ մեկին բացատրել, որ իրականում երեխա ունենալու համար մի ձմեռը քիչ է, դրա համար տարվա բոլոր եղանակներն են պետք:

...Ձմռան երկրորդ թոշակն ստացան:

-Հիմա հաստատ ես որոշե՞լ,-ասաց Սվետը՝ մարդու թևը մտնելով, որ փոստի դռան աստիճաններով անվնաս իջնեն:

-Ինչի դու չես ուզո՞ւմ,-ասաց Վանիկը:

-Էն էլ ոնց եմ ուզում,-ժպտաց Սվետը:

Սկզբից մթերքի խանութ մտան: Վանիկը կյանքում գինի խմած չէր, բայց Սվետի սիրտը կարմիր գինի էր ուզում՝ ձկան հետ:

-Էս փունջը տուր,-ասաց Վանիկը՝ ծաղկավաճառին, երբ մթերքի խանութից դուրս եկան:

Փունջը վարդերի էր՝ մի քիչ թոշնած: Սվետը փայլում էր:

Նախօրոք որոշել էին՝ Սվետին պիտի մանուշակագույն շոր առնեին, մի անգամ կարտոֆիլ առնելիս՝ խանութի ցուցափեղկին տեսել էր: Վանիկին էլ՝ մուգ կապույտ պիջակ, դա էլ էր Սվետը տեսել՝ նույն օրը:

Ձուկը Վանիկն իր ձեռքով պատրաստեց: Ասաց՝ Սարատովի գլխավոր ռեստորանի շեֆ-խոհարարի տունն էր վերանորոգում, նրանից է սովորել: Սվետը մտածեց, որ գուցե լավ է, որ մարդը խոպան էր գնում:

-Կենացդ,-ասաց Վանիկը, որ մոռացել էր դեղին, ծաղկավոր գոգնոցը հանի՝ սեղան նստելուց առաջ:

Սվետը փայլում էր: Վանիկը հոտընկայս խմեց ու քանի որ ձեռքը դողում էր, գինին մի քիչ թափվեց մուգ կապույտ պիջակի վրա:

-Մի բան էլ ես ասեմ,-ասաց Սվետը:

-Ժամանակ չունենք,-Վանիկը հենվեց ձեռնափայտին:

-Ուղղակի... ուղղակի ուզում եմ իմանաս, որ ինձ համար տարվա ամենատաք եղանակը ձմեռն ա:

-Ապրես: Դե վեր կաց,-Վանիկը մոտեցավ Սվետին, որ օգնի կնոջը ոտքի կանգնել:

Հետո գնացին խոհանոց: Պատուհանը բացել էին, որ ձկան հոտը տան պատերին չմնա: Վանիկը լույսերն անջատեց. անցած ամիս թոշակի կեսը լույսի փող էին տվել: Հետո գրկեց կնոջը՝ մթության մեջ...

...Դուռը ծեծում էին: Ծեծողն այնքան համառ էր, ասես հաստատ գիտի, որ տանը մարդ կա: Իսկապես կար, ամեն դեպքում Վանիկը դողացող ձեռքով վառեց միջանցքի լույսը ու հազիվ քայլելով մոտեցավ դռանը՝ նզովելով անկոչ հյուրին:

-Կներեք, որ էս ուշ ժամին եմ գալիս, ուղղակի չէի կարող չգալ,-փոստի աշխատողն էր,-սխալմունք ա տեղի ունեցել, ձեր գումարը քիչ ենք տվել:

Երիտասարդ աղջիկը 5000 ռուբլին մեկնեց Վանիկին: Արդեն դատարանում վկայություն տալիս՝ աղջիկն ասաց, որ երբ ինքը գնացել էր ծերունիների տուն, տիկին Սվետին չի տեսել:

Տիկին Սվետին էլ ոչ մեկը չտեսավ: Ու քանի որ նրան վերջին տեսնողը եղել էր Վանիկը՝ 80-ամյա ծերունուն դատապարտեցին 5 տարվա տնային կալանքի՝ հաշվի առնելով տարիքը: Դատարանը լուրջ չընդունեց քննիչի վկայությունը, ըստ որի, տիկին Սվետի սպանության վայրում ինքը հայտնաբերել էր ոչ թե մեկ, այլ երկու պարան՝ կողք-կողքի կախված...

 

Հովիկ Աֆյան