Ձկան պես լուռ

Այդ օրն էլ էր խաշած կարտոֆիլ: Այդ օրն էլ էր հում: Ժենիկն արդեն գիտեր    մարդու տուն գալու ժամը: Դրանից քսան րոպե առաջ երկու անլվա կարտոֆիլ էր լցնում ջուրը, թողնում, որ եռա, այնքան մինչև կարտոֆիլի վրայից կեղտերը պոկվեն ու հանում էր:

-40 տարվա մեջ մի օր մի լավ բան չսարքեցիր,-ամեն երեկո ասում էր Վալոդը:

-40 տարվա մեջ մի օր մի լավ բան չբերեցիր,-ամեն երեկո պատասխանում էր Ժենիկը:

Այսքանով ավարտվում էր ամուսինների զրույցը՝ արդեն գրեթե 40 տարի: Սկզբում իրար հետ չէին խոսում, քանի որ ամաչում էին Վալոդի ծեր ծնողներից, որոնք լուռ հետևում էին, որ «անթույլատրելի աշխույժ երևացող» հարսը հանկարծ չխախտի իրենց ընտանիքի ավանդույթները, օրինակ այն, որ երեկոյան բոլորով պետք է հեռուստացույց նայեն, որի ձայնը պետք է շատ բարձր լինի, որպեսզի խլացնի հարևանի տան հեռուստացույցի ձայնը: Հետո, երբ ծնվեցին իրենց երեխաները, իրենք սկսեցին հեռուստացույց նայել, հիմա էլ խոսելու բան չունեին:

Վալոդն, իհարկե, կարող էր ինքը մի բան պատրաստել իր համար, բայց ինքը «հո կնիկ չէր»: Ժենիկն, իհարկե. կարող էր կարտոֆիլը լավ եփել, բայց ինքը «հո կնիկ էր»:

Երկու ծաղիկ ունեին: Մեկի անունը՝ Մանուշակ, մյուսինը՝ Հասմիկ: Վալոդն ու Ժենիկը հեռուստացույց էին նայում, երբ քույրերը հերթով սիրահարվեցին: Երկուսին էլ կարգով-պատվով պսակեցին Վալոդն ու Ժենիկը: Մանուշակի`չէ, բայց Հասմիկի հարսանյաց խնջույքի թամադան նույնիսկ հատուկ խմեց Վալոդի ու Ժենիկի սիրո կենացը, «որի արդյունք է գեղեցկուհի նորահարսը»:

Ամեն ձմռան սկզբին Ժենիկը հատուկ ճշտում էր դստրերից.

-Կարտոֆիլն առե՞լ եք:

Որպես կանոն առած էին լինում, ամեն դեպքում Մանուշակն ու Հասմիկը լավ էին ապրում, և երբ Մանուշակենք մեծ էկրանով հեռուստացույց առան, Հասմիկենք ավելի մեծ էկրանովն առան:

Վալոդը դուստրերին չէր այցելում: Ամուսնացնելիս՝ կանգնել էր իր տան դռան մոտ, պաչել ճակատները ու շշնջացել. «Վերջ»: Ոչ Մանուշակն էր հասկացել, թե այդ «վերջը» ինչ է նշանակում, ոչ էլ Հասմիկը: Ամեն դեպքում չէր նշանակում, որ Վալոդը հրաժարվում է աղջիկներից, քանի որ երբ գալիս էին հայրական տուն, Վալոդը միշտ հարցնում էր.

-Հը՞, լավ եք չէ՞, բալա՛:

Այդ օրը, երբ կարտոֆիլն էլի հում էր, Վալոդը տուն եկավ կարմրած: Քաղաքի էն ծայրից կարմրել էր ու մինչև տուն չանցավ: Գործից սովորական ժամին դուրս եկավ: Քայլում էր, մեկ էլ տեսավ: Տարբեր գույներ կային: Իրեն դեղինը դուր եկավ: Ոնց որ ծիծաղեին, այնքան պայծառ էին:

-Ինչքա՞ն են,-հարցրեց:

-Գրած ա: 5000 դրամ,-պատասխանեց վաճառողը:

Վալոդն այդքան փող չուներ մոտը: Բայց Վալոդը նույնիսկ պատերազմի ժամանակ չէր կորցրել իրեն ու ասաց.

-Բա մի հատն ինչքա՞ն ա:

Վաճառողը քմծիծաղ տվեց.

-500 դրամ:

-Դե մի հատիկ տուր,-Վալոդը ձեռքը տարավ գրպանը:

-Փաթաթե՞մ,-ամեն դեպքում հարցրեց վաճառողը:

-Հարկավոր չի,-ասաց Վալոդն ու վերցրեց դեղին վարդը:

Հենց վերցնելուց հետո էլ կարմրեց: Ամբողջ կյանքում կամ զենք էր բռնել, կամ քար, առաջին անգամ ծաղիկ բռնելով՝ կարմրեց: Տնաշենն էլ էնքան երկար էր: Արագ կողմնորոշվեց: Ծաղիկը Վալոդը դրեց ծոցը ու բաճկոնն ամուր քաշեց վրան, որ հանկարծ փողոցում ծանոթ տեսնի, չտեսնեն, որ ծաղիկ կա ձեռքին, որ հանկարծ ի՛նքը չտեսնի, որ ծաղիկ կա ձեռքին: Վալոդը չգիտեր, որ վարդը փշեր է ունենում՝ սուր-սուր՝ դոշ ծակող:

Ոչ մի ծանոթ էլ չտեսավ: Հեռվում միայն հարևան Գառնիկն էր ձմռան համար մի պարկ կարտոֆիլ մեջքին տուն գնում, բայց Վալոդն իրեն չտեսնելու տվեց: Լավ է՝ Գառնիկն էլ դարդերի մեջ խրված էր ու չնկատեց:

Վալոդն այդ օրը ճանապարհը փոխեց ու ոչ թե ամենօրյա երկար ճանապարհով տուն հասավ, այլ`կարճով: Մենակ սրտի կողմում ծակոց էր զգում: Հայտնի չէ՝ վարդի փուշն էր, թե մի ուրիշ բան: Մեկ էլ մարմինն էր եռում: Ժենիկին նույնիսկ թվաց, թե խմած է...Ժենիկն էլ կարմրեց:

Հաջորդ օրը Ժենիկը ձուկ էր տապակել: Նկատել էր, որ Հասմիկի չէ, բայց Մանուշակի հարսանիքին, երբ բերեցին երկրորդ ուտեստը՝ տապակած ձուկը, Վալոդը երեք կտոր կերավ:

 

Հովիկ Աֆյան