Աղթամարի հեքիաթը և Էրգրի կորուսյալները

Առանց խաչ եկեղեցի կլինի՞

Պոլսո հայ համայնքի ներսում մշտապես պարծանքով արտասանվող անուններից Զաքարյա Միլդանօղլուն մերօրյա բացառիկ հայ ճարտարապետներից է, որին բախտ է վիճակվել աշխատել շատերիս երազային անցյալում մնացած երկրի, ավելի ճիշտ՝ Էրգրի կորուսյալ կոթողների հետ: Կեսարիայի Ագրակ գյուղում ծնված և Պոլսում մեծացած Միլդանօղլուի ստեղծած գիտական ահռելի ժառանգության ու մեկը մյուսից բացառիկ նախագծերի ֆոնին, այնուամենայնիվ, անգերազանցելի է Աղթամարի Սուրբ Խաչի նորոգությունը, որին վերջինս մասնակցություն ունեցավ որպես Պոլսո Հայոց պատրիարքի վստահված անձ և նախագծի գլխավոր ճարտարապետ:

Պարոն Միլդանօղլուի հետ զրուցեցինք Պոլսի հայաշատ թաղամասերից մեկում, որտեղ նա սահուն արևմտահայերենով և սիրով պատմեց մեզ, ինչպես ինքն է ասում, «Աղթամարի հեքիաթը»...



-Աղթամարի Սուրբ Խաչի վերաբացումը պատմական իրադարձություն էր ամբողջ աշխարհի հայության համար: Եկեղեցու նորոգման հետ կապված բազմաթիվ լեգենդներ էին շրջում, հակասություններ ու բուռն քննարկումներ եղան: Ի վերջո, ինչպե՞ս հնարավոր դարձավ Սուրբ Խաչի նորոգությունը և ինչպե՞ս ներգրավվեցիք նախագծում:

-Գիտեք, որ Աղթամարը հայոց համար պատմական շատ կարևոր վայր է որպես թե՛ մշակութային, թե՛ քաղաքական կենտրոն: 2000-ականներին, երբ Թուրքիայի իշխանությունները շահագրգռված էին ԵՄ անդամակցությամբ, պատրաստել տվեցին Աղթամարի Սուրբ Խաչի վերանորոգման նախագիծը, բոլոր գծագրությունները և այլն: Մենք լուր չունեինք: Հետո տեսակցություններ են անցկացվել պատրիարքարանի հետ: Մի օր ինձ զանգահարեցին ու հայտնեցին, որ պատրիարքը ցանկանում է տեսնել ինձ: Այն ժամանակ դեռ Մեսրոպ սրբազանն էր: Շվարեցի: Պատրիարքն ինչո՞ւ պիտի ցանկանար ինձ տեսնել: Սրբազանն ասաց՝ «Ես ինչո՞ւ մինչև հիմա քեզ չգիտեմ»: Ճիշտ այսպես ասաց: Սուրճ խմեցինք, զրուցեցինք, ասաց, որ Աղթամարի Սուրբ Խաչը պիտի նորոգվի և կառավարությունն իրենցից հայ ճարտարապետ է ուզել, կարո՞ղ ես օգնել: Ասացի՝ ինձ համար պատիվ է: Եվ այդպես սկսվեց: Երկու տարի շարունակ շաբաթական երեք օր գնում էի Վան, երկուշաբթի ինքնաթիռով նորից վերադառնում Պոլիս:

-Ի՞նչ դժվարություններ ունեցաք նախագծի իրականացման ընթացքում: Արդյո՞ք այլ հայ մասնագետներ նույնպես ներգրավված էին:

-Բավականին վայելուչ նորոգություն իրականացվեց: Նորոգողն ազգությամբ քուրդ էր, Ջահիդ Սեյդանլը, ծախսերը հոգում էր Թուրքիայի մշակույթի նախարարությունը: Ժամանակի ընթացքում թե՛ Թուրքիայից, թե՛ Եվրոպայից մասնագետներ էլ ներգրավվեցին: Հետո մտածեցի՝ եթե Հայաստանի մասնագետները չլինեն՝ կարող ենք որոշ սխալներ թույլ տալ: Մեր ունեցած բոլոր հարցերը գրավոր արձանագրեցինք և ուղարկեցինք Հայաստան: Մեր հայաստանցի ընկերները մեզ շատ օգնեցին, նաև՝ պեղումների ժամանակ բավականին շատ հարցերի պատասխաններ իրենցից ստացանք: Թե՛ եկեղեցու խաչի գծագրությունը, թե՛ բուն խաչը Հայաստանում պատրաստեցին: Վարազդատ Հարությունյանը, Դավիթ Քերթմենջյանը և մի քանի այլ մասնագետներ միախմբվեցին, խնդրեցինք, որ խաչի պատրաստմամբ իրենք զբաղվեն: Նաև խաչի ներքևի խնձորակի պատրաստման համար հատուկ Հայաստանից վարպետ հրավիրեցինք: Ամեն տեսակի քարից չէր լինի դա, վարպետը գնաց, պտտվեց, հասավ Վանի Գողթան գյուղ, այնտեղից ընտրեց քարը: Պատրաստեց, վերջացրեց, քարը բարձրացրինք գմբեթ... Սահեց, փշուր-փշուր եղավ: Վարպետն ասաց՝ վնաս չունի, նորը կպատրաստեմ: Ի վերջո՝ խնձորակը բարձրացավ գմբեթին:

-Եկեղեցու խաչի տեղադրման թեման բավականին լարվածության առիթ դարձավ: Ի՞նչն  էր  այդ լարվածության պատճառը:

-Երբ մշակույթի նախարարությունը պատրաստում էր վանքի նորոգման նախագիծը՝ այդ գծագրությունների մեջ խաչը չկար: Դրա համար մի քիչ վիճաբանեցի թուրքական կողմի հետ, ասացի՝ այդպիսի բան կարո՞ղ է լինել, առանց խաչ եկեղեցի կլինի՞: Մի քիչ շտապողականության հետևանք էր, մի քիչ էլ անտեսեցին: Ասացին՝ խաչով նկար չկա: Ասացի՝ ինչպե՞ս չկա, հարյուրավորներ կան: Նախագծում ի սկզբանե բավականին սխալներ կային, որոնք շտկվեցին: 250 կիլոգրամանոց խաչը նախ տարվեց պատրիարքարան, կարծեմ մեկ տարի այնտեղ մնաց: Սուրբ Խաչի նորոգությունն ավարտվեց, բացումն արվեց նախ առանց խաչի: Պատրիարք Մութաֆյանը նույնպես ներկա էր բացմանը: Մեկ տարի անց ասաց՝ խաչը պիտի դնենք: Օդանավով խաչը տեղափոխեցին Վան, երջանկահիշատակ Թաթուլ Անուշյանը կեսգիշերին մագլցեց գմբեթը և կատարեց խաչի օծումը:

-Աղթամարի Սուրբ Խաչից զատ որպես գործող կամ կիսագործող եկեղեցի նորոգվել են Դիարբեքիրի Սուրբ Կիրակոսը, Կեսարիայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, Մալաթիայի Սուրբ Երրորդությունը: Սակայն գավառներում անթիվ են կործանման եզրին գտնվող վանքերն ու եկեղեցիները: Արդյո՞ք կարող ենք հույս ունենալ, որ առաջիկա տարիներին կհաջողվի փրկել ևս գոնե մի քանի կոթող, ինչպես եղավ Սուրբ Խաչի պարագայում:

-Անշուշտ, սա խնդիր է և ոչ միայն հայկական կոթողների հետ կապված: Այս շենքերը ի՞նչ պիտի անենք, ինչպե՞ս պիտի նորոգենք, նորոգենք, թե՞ թողնենք ինչպես կա. սրանք բոլորը պատասխանների սպասող հարցեր են: Սա խնդիր է: Աշխարհի ամեն կողմում մասնագետներն առնչվում են այս խնդիրներին: Եվ այս խնդիրը միայն մեր եկեղեցիներին չի վերաբերվում: Փոքր Ասիայում այնպիսի քարավանատներ, այնպիսի մզկիթներ կան, որ անտերության մատնված են: Այո, այս երկրում, այս խնդրի հետ կապված մի շարք բարեփոխումների կարիք կա: Պետական մտածողության խնդիր է, ձայն չհանելով այս ամենին արտոնություն են տալիս: Կոնիայում սելջուկյան շրջանի մզկիթներն ինչ օրը գցեցին, և ոչ մեկի ձայնը դուրս չեկավ: Դրանց մի մասն էլ հայ վարպետների գործ էր:
Արևմտյան Հայաստանի գավառներում այս խնդիրն էլ կա. եկեղեցին նորոգելուց զատ դրա պահպանության խնդիրը: Օրինակ՝ եկեղեցին նորոգվեց, բայց համայնք չկա, հայություն չկա, ո՞վ պիտի պահպանի: Շատ շինություններ այլևս մասնավոր սեփականություն են, մի քանի անգամ ձեռքից ձեռք են անցել, և շատերն օրենքով հայ համայնքին չեն պատկանում: Տարիներ շարունակ գավառներով պտտվելով արձանագրել ենք հարյուրավոր այսպիսի շինություններ՝ եկեղեցիներից մինչև ջրաղացներ, եղել են որոշների նորոգման և վերաբացման նախաձեռնություններ, որոնք այդպես էլ իրականություն չեն դարձել ֆինանսական կամ վերոնշյալ բյուրոկրատական խնդիրների պատճառով: Կան շենքեր, որոնք նորոգվել են, բայց իբրև գրադարան, մզկիթ կամ ուղղափառ եկեղեցի: Ես այն կարծիքին եմ, որ ավելի լավ է այդպես, քան դատապարտել կոթողն անտերության ու ոչնչացման:

 

Սոֆյա Հակոբյան