Զապել Եսայան. Սահմանների ու բռնատիրությունների միջև, կանանց ու հայրենիքի կողքին

Խաղաղություն, որը տիպիկ եսայանական դիմադրության մաս է կազմում

«Կինը աշխարհ չէ եկած մինակ հաճելի ըլլալու համար։ Կինը եկած է իր խելքը, մտային, բարոյական եւ ֆիզիքական յատկութիւնները զարգացնելու համար։ Ինքզինքնին յարգող բոլոր կիներուն իտէալը միայն հաճելի ըլլալը պէտք չէ ըլլայ, այլ երկրիս վրայ գործօն բարերար տարր մը դառնալը»…

Զապել Եսայան

 

Համարձակ, բայց զուսպ, «պինդ», բայց նրբաճաշակ իր կերպարով, ամենակարևորը՝ անփոփոխ իդեալներով ու սկզբից մինչև վերջ իր գաղափարների մեջ նախանձելի հաստատակամությամբ Զապել Եսայանը քայլում է ժամանակի, ժողովուրդների ու նրանց միջև գծված սահմանների միջև:

Այո, քայլում Է և ոչ թե ԷՐ, որովհետև եսայանական իդեալներն ու միտքը 20-րդ դարասկզբից մինչև այսօր տեղ-տեղ դեռ շատ են խրթին ու համարձակ:

«Տղամարդը կարող է լինել միջակ գրող, կինը՝ երբեք»,- սա էր պատգամել ժամանակի պոլսահայ ամենաազդեցիկ կին գրողներից Սրբուհի Տյուսաբը դեռևս երիտասարդ Զապել Եսայանին:

Գուցե «թուրքական ֆեմինիզմի» հիմնադիրներից մեկը համարվող Եսայանն այդպես էլ հավուր պատշաճի չգնահատվեց Խորհրդային Հայասատանում, գուցե մի փոքր ուշ և ոչ ամբողջովին բացվեցին եսայանական չակերտները նաև նորանկախ Հայաստանում, գուցե հազարավոր հայ որբերի նոր հանգրվանի փնտրտուքի մեջ շփոթված ազգի վերածննդի համար իր ջանքն ու գրիչը չխնայած պոլսահայ գրողն այդպես էլ չունեցավ նույնիսկ իր շիրմաքարը, որտեղ նրան կկարողանային մեծարել, սակայն մեկ բան ակնհայտ է. նա այդպես էլ միջակություն չդարձավ, ո՛չ իր կյանքի օրոք, ո՛չ դրանից հետո:
 

***

«Երբ հարգանքով հիշատակում եք Հալիդե Էդիպին, ինչո՞ւ եք ոչ ևս համարում նրա հետ նամակագրական կապ ունեցած Զապել Եսայանին»,- մի քանի տարի առաջ Թուրքիայի Մեջլիսի ամբիոնից հարց ուղղեց հայազգի պատգամավոր Սելինա Դողանը:

Պոլսահայ պատգամավորը մարտի 8-ին ծաղիկներով չէր եկել Մեջլիս, այլ Զապել Եսայանի, Սրբուհի Տյուսաբի և Հայկանուշ Միսակի լուսանկարները ձեռքին: Թուրք պատգամավորներն այդպես էլ չհասկացան, թե ինչ է ուզում Դողանն իրենցից: Մենք՝ նույնպես:

Ավելի ուշ պիտի տեղեկանայի, որ Օսմանյան կայսրության համար խիստ անհանգիստ ժամանակներում Եսայանի դերը կնոջ իրավունքների պայքարի համար եզակի էր ու անգնահատելի: Ի վերջո, կարծում եմ, թուրքերն այդքան էլ լավ չհասկացան, թե ինչ էր ասում Զապել Եսայանը: Մենք՝ նույնպես:

Որքան էլ տարօրինակ թվա՝ Եսայանն իրեն ֆեմինիստ չէր համարում: Նրա դիրքրորշումը կանանց ազատության ու իրավունքների պաշտպանության հարցում էականորեն տարբերվում էր ժամանակի գործիչների շրջանում տարածված համոզմունքներից: Եսայանը վստահ էր, որ հասարակության մեջ կնոջ դերին և հանդիպած խտրականություններին հարկավոր է տալ իրատեսական, սթափ գնահատական, որը, միանշանակ, հեռու էր ծայրահեղականությունից ու տեղ չէր թողնում անառողջ քարոզչության համար:

Հատկանշական է, որ «ֆեմինիստ» Եսայանի՝ որպես անձ և գրող ձևավորման համար առանցքային դեր է խաղում հենց նրա հայրը:

«Մի երեկո հայրս ինձ համար բերեց մի թերթի առաջին համարն ու խորհուրդ տվեց, որ այսուհետ պարբերաբար ընթերցեմ այն: Թերթը, որին բաժանորդագրված էր հայրս, Հովհաննես Շահնազարյանի հրատարակած «Հայրենիքն» էր: Հայրս ուղղորդում էր ինձ գրելու կանանց ազատագրման շուրջ և կարծում էր, որ խնդիրը կարող է լուծվել միայն կանանց՝ տղամարդկանց հավասար պայմաններում կրթություն ստանալու հնարավորության դեպքում»,- հիշում էր Եսայանը՝ ավելի ուշ խոստովանելով, որ սկզբում կանանց իրավունքների մասին գրում էր հորը գոհացնելու համար, սակայն ավելի ուշ նրա ոչ բոլոր մտքերն էր կիսում: Ըստ կին գրողի՝ կրթության հավասար պայմանները բավարար չեն խնդիրը լուծելու, նա վստահ էր, որ կանանց ազատագրումը մի ամբողջ համակարգի փոփոխության ճանապարհ է:

 

Կինը, պատերազմն ու խաղաղությունը

 

«Ո՞վ է այն միակը, ով ունակ է երեխայի մանուկ հոգուց պոկել և դեն նետել հին զղջումներից մնացած ատելության սերմերը և ապագայի փայլուն ու անսահման հոգևոր խաղաղությանը նախապատրաստել նրան: Միայն մայրը»:

Զապել Եսայանի՝ «Կինը... Խաղաղության համար»

 

Եսայանական կանայք երբևէ զենքը ձեռքին չեն մարտնչում, գուցե քաջագործություններ չեն գործում, նույնիսկ՝ երբեմն չափից դուրս թույլ ու անպաշտպան են երևում: Նրանք նախևառաջ քայլ առ քայլ, կաթիլ առ կաթիլ սովորում են արտահայտել իրենց զգացմունքներն ու հույզերը, վախերն ու գաղափարները, բայց ինչն է՛լ ավելի ուշագրավ է. հայկական գրականության մեջ եզակիորեն եսայանական կինը նախընտրում է հերոսանալ ոչ թե պատերազմի, այլ խաղաղության մեջ իր դերով: Ավելի ճիշտ՝ խաղաղության կերտման: Խաղաղություն, որը ոչ թե հուսահատ համակերպվածության, այլ տիպիկ եսայանական դիմադրության մաս է կազմում:

«Աշխարհի ամեն կողմից, իրարից անկախ վեր բարձրացող խաղաղության մաղթանքները միմյանց գրկում, միմյանց լրացնում և կազմում են անդիմադրելի, միասնական ու համամարդկային մի իդեալ: Ժողովուրդների կամ հասարակության տարբեր խմբերի միջև տեղի ունեցող ընդհարումներից հոգնած և վախեցած մարդկանց աչքերում մեծ մի հույս է փայլատակում, որովհետև հաղթողներն ու պարտվողները կարոտ են զինադադարի»,- նույն ստեղծագործության մեջ դեռևս 110 տարի առաջ նկատել է պոլսահայ կին գրողը:

Սակայն առանձնահատուկ է նաև եսայանական հանդուրժողականության կողքին միաժամանակ ոչ մի պահ չկոտրվող սթափությունը: Նրա գործերում, որտեղ նա այդքան խորն է վերապրում իր ազգի ցավը, այնուամենայնիվ՝ ցավն այդպես էլ ազգություն չի ունենում:    

Եսայանը եզակի պոլսահայ մտավորականներից էր, որը չշտապեց ցնծալ Թուրքիայում երիտթուրքական հեղափոխությունից ու սուլթանության անկումից հետո: Նա այն քչերից էր, որը համընդհանուր էյֆորիայի ֆոնին չէր քաշվում կանխատեսել, որ Հայկական հարցը ոչ միայն հեռու է լուծումից, այլև ավելի քան մոտ են դրա արյունալի ելքի առավել լայնածավալ փորձերը:

Հայրենի Պոլսից Բուլղարիա, Փարիզ, Բաքու և խորհրդային Հայաստան. Եսայանի, նրա իդեալների ու գաղափարների համար այդպես էլ հարմար հանգրվան չգտնվեց: Գուցե դրանք շատ էին խրթին ու համարձակ, գուցե շատ անթաքույց, կամ՝ լիովին ստվերված: Մեկ բան ակնհայտ է. դրանք մարսելու պատրաստ չէր ո՛չ քեմալական Թուրքիան, ո՛չ ստալինյան ԽՍՀՄ-ը, ոչ էլ այդ ժամանակներում գոյություն ունեցող մեկ այլ իրականություն: 1915-ի արհավիրքից մազապուրծ Եսայանը 1937-ին ստալինյան բռնաճնշումների բազմաթիվ զոհերից մեկը դառնալով՝ թողեց իր հետքը՝ կնոջ մայրական հոգատարությամբ ու մեծահոգությամբ հետևում թողնելով մի ժառանգություն, որ դեռ շատ երկար պիտի ծառայի կանանց, որբացած հայրենիքին ու նրանց շուրջ պտտվող ամենաբարձր իդեալներին:

 

Սոֆյա Հակոբյան