Ձայն, որ կապույտ է աչքերի պես

«Ինձ ինչ-որ տեղ ես մոռացել։ Թանձրացել է մրուրը ներսումս։ Մենք նյույորքյան գիշերների անծանոթների պես համբուրվեցինք ու մոռացանք իրար քաղցր-քաղցր։ Իսկ մենք լուսին պիտի գնայինք։ Լուսնի վրա սուրճ չե՞ն խմում»։ -Սուրճի բաժակն եմ, որ Ֆրենկի ձեռքին տանգո էր պարում։

Ամերիկյան ֆենոմեն, ում կապույտ հայացքը  հոլիվուդյան շատ դերասանուհիների հիշողություններում կթրևի։ Նա Ֆրենկն էր՝ նրբագեղության, ճաշակի էտալոն։

Իտալացի գաղթականների հասարակ ընտանիքում ծնված այս ամերիկացին  երաժշտական աշխարհ մտավ 25-26 տարեկան հասակում, բայց 34-ում նա արդեն հասցրեց «անցյալի մարդ» համարվել: Սա աստղային կյանքի վերուվարումների հաստատումն է։ Դպրոցում ոչ միայն չէր փայլում առաջադիմությամբ, այլ նաև նրան հեռացրին դպրոցից։ Նա անգամ լսողության խնդիրներ ուներ։ Այդ պատճառով ազատվեց զինվորական ծառայությունից։ Եվ այդպես էլ չսովորեց նոտաներով երգել։ Այո՛, նա ֆենոմեն է։ Ինչպես հետո նրա հուշաքարին գրվեց. «Լավագույնն առջևում է»։ Նա ո՛չ դպրոցական, ո՛չ երաժշտական, ո՛չ էլ դերասանական կրթություն չստացավ։ Բայց նրա թավշե ձայնը դարձավ Նյու Յորքի հիմնի գրավչության խորհրդանիշը։ Նրա «Նյու Յորք, Նյու Յորք» երգը դարձավ սիրելի քաղաքի հիմնը։ Նա իր հմայքով ու բնատուր տաղանդով, իհարկե, չէր կարող վրիպել ամերիկյան ռեժիսորների աչքից։ Նկարահանվեց ավելի քան 60 ֆիլմերում։ Ֆրենկն «օսկար» է ստանում «Այսուհետև և հավիտյանս հավիտենից» ֆիլմի համար։ Սա, կարծես, վերակենդանացնող ազդակ էր ռեժիսոների համար։ Նա նկարահանվելու հրավերներ է ստանում «Ոսկե ձեռքով մարդը», «Փարիզը, երբ այնտեղ շոգ է», «Մրցավազք «թնդանոթի կորիզ» 2», «Դետեկտիվ» և այլ ֆիլմերում։   Ֆրենկը հիանալի է կերտում գլխավոր հերոսի կերպարը։ Նա փայլեց «Բարձր հասարակություն», «Փոլ Ջոյ», «Քաղաքի մասին» ֆիլմերում։ Եվ այսպես Ֆրենկը կինոյում  նվաճում էր օսկար, իսկ երաժշտության մեջ՝ «Գրեմմի»։

Երբ թվում էր, թե ամեն ինչ լավ է, սկսվեցին դժվարությունները։ Մրսածության պատճառով կորցրեց ձայնը, ամուսնալուծություն, կարիերայի անկում, անձնական կյանքի քայքայում։ Սինատրան մտածում էր ինքնասպանության մասին։ Բայց հիշենք՝ «լավագույնն առջևում է»։ Այդ լավագույնն այս անգամ «Strangers in the night» երգն էր, որ նրա ստեղծագործական վերածննդի նոր շունչն էր։

Նա հիասքանչ էր բեմում՝ իր գլխարկով ու սուրճի բաժակով։ Նրա շքեղ վերնաշապիկներն ու փողկապները, արտիստիկ կեցվածքը հիացնում էին ոչ միայն ամերիկացիներին։ Ֆիլիպիններում արգելվեց նրա հանրահայտ «Իմ ճանապարհը», որը մի քանի մարդու կյանք էր խլել․ երբ կարաոկեներում այս երգը կատարողը չէր կարողանում լավ երգել, նրան սպանում էին։

Ի վերջո, ո՞րն էր Ֆրենկի երգարվեստի գրավչության գաղտնիքը։ Ինչի՞ մասին էր երգում նա։ «Էմմի» մրցանակի արժանացած «Ֆրենկ Սինատրա․ մարդը և երաժշտություն»  ֆիլմի վերնագիրը կարծես խորհրդանշական է։ Ֆրենկի երգադարանում ինքն է՝ իր կյանքի հավերժական սիրուհու՝ երաժշտության հետ։

Ֆրենկի երգերում կա պոետիկ քնարականություն, որ ունկնդրի հայացքն ուղղում է դեպի սերն ու կյանքի գեղեցկությունը։ Կա քնարական հերոս, որն անուղղակի երկխոսության մեջ է իր սիրեցյալի հետ։ Կան սիմվոլներ, որոնք հաղորդիչներ են իր մտքերի, զգացմունքների։ Գիշերը, լուսինը, կապույտը․ սրանք այն ստեղներն են, որոնցով  նվագում է Ֆրենկի հոգին։ Այդ քնարական հերոսն անընդհատ հարաբերության մեջ է երաժշտության հետ․ նա առանց նոտաներն իմանալու իր ճանապարհն անցնում է յուրովի։ Սիրահարված է կյանքին, ու դրա համար էլ գիշերը շատ է հեքիաթ քնելու համար։ Այնտեղ հանդիպում են անծանոթները և սիրահարվում։ Սա արտիստի կյանքն է։ Նա ուզում է ապրել մի քաղաքում, որը երբեք չի քնում։ Նա անկեղծ է։

Բուկովսկին խորհուրդ է տալիս. «Գտիր այն, ինչ սիրում ես, և թույլ տուր, որ այն սպանի քեզ»։ Սինատրան գտել է այդ «քաղցր» սպանության լավագույն մեթոդը։

Նրա երգերի հերոսն արտիստն է, ով սիրում է կյանքը՝ քաղաքային կյանքը։ Նա ինքն իր երգերի հերոսն է, ով ամբողջ կյանքում փնտրելու է սիրո ճանապարհները։ Նա ուժեղ է, որովհետև սիրում է։ Ամեն ինչ նորից սկսելու կամք կա, ու երազանքի հետևից գնացող։ Նրա լիրիկան հաղթել է ժամանակային ու տարածական սահմանները։ Նա ամենուր ու միշտ է լցված կյանքի սենտիմենտալիզմով։ Սիրելիս լիարժեքության զգացում է ծնվում, որը նրա ուժի նոր երաշխիքն է դառնում։

Նա կարողանում է կառավարել իր ու սիրելիի մտքերը։ Սա ևս ուժեղ մարդու  կամային հատկանիշներից է։ Երկուսի միլիոնավոր երազները հավաքում է բռի մեջ ու տեղավորում հիշողություններում։ Ֆրենկը գուցե տիրապետում էր մտային գործընթացները կառավարելու գաղտնիքներին։

«Քեզնից հետոյի մենությունը քեզնից առաջվա մենությունը չէ»/իրանական պոեզիա/։ Ապրումակցում կա նաև Ֆրենկի երգերում։ Նա բոլորովին միայնակ է։ Միայնության զգացումն առաջանում է բաժանումից հետո։ Սա հարաբերություններում անխուսափելի է։ Պատասխանատվություն կրում են երկուսն էլ։ Նա կրկին երկխոսության է կանչում իր սիրելիին և հիշեցնում՝ որ սիրում է, որ սիրում են։ Միայն երկուսով կարող են ստեղծել ամբողջականության զգացումը:Նրա լիրիկական էությունը միայն սիրո շաղախով է հունցվում, եթե չկա իր սերը, իզուր են երգում շուրթերը, որ անհամբույր են մնացել։ Գրկելու անզորությունը գիտակցելով՝ նրա ձեռքերն անպետք չպետք է մնան։

Բաժանումը մասնատում է հերոսին։ Այդ մասնատումից է ծնվում ամբողջականության գիտակցումը։

Կանգնում է ինքն իր առջև, ամփոփում է անցածը, և ի՜նչ երջանկություն․ նա անկախ սխալներից ամեն ինչ արել է ստեղծագործաբար ու ի՛ր ոճով։ Նրա հերոսն իր մտքերով է կապույտ ու պարզ՝ ամանորյա լույսերի պես։ Նրա ձեռքին են զանգերը՝ Նոր տարին ազդարարող։ Եվ դա է կյանքը։

«Ես դեռ չեմ սառել։ Տաք բույրով երգ եմ երգում քո ձեռքերում։ Իսկ մենք լուսին պիտի գնայինք։ Լուսնի վրա սուրճ չե՞ն խմում»։ -Սուրճի բաժակն եմ, որ Ֆրենկի ձեռքին տանգո էր պարում։