Երկիր, որի հողի տակ պահված է քո ինքնությունը

Երկիրն է, որ հավերժ է. մենք ներքևում ենք

Պատմական Վասպուրական աշխարհի Ռշտունիք գավառի Մոխրապետ գյուղն է՝ այժմյան անունով Վանի Գևաշի շրջանի Գյորունդուն, որ ամառվա տապին իր շիկավուն լեռների մեջ թաքցրած է պահում Վասպուրականի մեկ այլ գեղեցկուհու՝ արդեն կիսավեր Կարմրավանքը:

Խորհրդավոր այս վանքի կառուցումն ավանդությունը նույնպես վերագրում է Գագիկ Արծրունուն, ինչպես փառավոր Աղթամարի Սուրբ Խաչինն ու ոչ պակաս նշանավոր Գոմսի Սուրբ Գևորգինը: Ըստ վարկածներից մեկի՝ վանքն իր անունը ստացել է այստեղ երկար ժամանակ պահված Սուրբ Խաչի մասունքից, որը զարդարված է եղել թանկարժեք կարմիր քարով: Մյուսները համոզված են, որ Կարմրավանք անունը գեղեցկուհին ստացել է եկեղեցու գմբեթի կարմիր քարից, որը մինչև օրս հեռվից նշմարելով՝ ձայն է տալիս օտար ճամփորդին, ասելով՝ այստեղ եմ, եկեք:

Վանա լճի ափ իջնող փոքրիկ հովի ծայրին՝ իր դիմացն առնելով Աղթամար կղզին, պատմական Ոստանի ու Ռշտունիքի ամենադյութիչ գույներն ու տեսարաններն են: Աղթամար կղզու նավահանգիստն անցնելով՝ մայրուղով մեր ընթացքն ուղիղ շարունակելով քիչ անց պիտի թեքվենք դեպի Գյորունդու, նույն ինքը՝ դեռևս մեկ դար առաջ հայկական Մոխրապետ: Մոտ 3 կմ անց ասֆալտն ավարտվում է, բայց մեր ճանապարհը՝ ոչ: Սա նշանակում է, որ մենք ճիշտ ուղու վրա ենք, այսինքն՝ գնում ենք այնտեղ, որտեղ մեզ տեսնել չէին ուզի: Որևէ հավելվածի չճանաչած լեռնային ճանապարհը տանում է մեզ դեպի ամենահաճելի անհայտություն՝ ավելի մոտեցնելով վերջ չունեցող բլուրների արանքում ծվարած Կարմրավանքին:

Իրիկնադեմին, երբ արևը, լեռների ու Կարմրավանքի քարի գույնը միախառնված ու ամբողջ աշխարհը մի կողմ դրած իրենց «տրիոն» են երգում՝ գրեթե անհնար է տարբերակել քարտեզից ու այս իրականությունից դուրս մնացած վանքի՝ կանգուն մնացած միակ եկեղեցին: Այնպես որ այն նկատելիս՝ վիճակահանություն շահածի պես ուրախանում ես, երեխայի պես հրճվում, և ամենակարևորը՝ Կարմրավանքը կառուցածների իրական ժառանգորդի պես հպարտանում:

Ընդհուպ մինչև 19-րդ դարի վերջ գործուն մնացած Կարմրավանքը 1895-ին թալանի է ենթարկվում աբդուլհամիդյան ջարդերի մասնակից քուրդ հրոսակախմբերի կողմից: Հայտնի է, որ այն այդ ժամանակ Աղթամարին մնացած եզակի կալվածքներից մեկի տարածքում էր գտնվում: Կարմրավանքի գլխավոր եկեղեցին օծված էր Սուրբ Աստվածածին անունով, մյուս՝ այսօր գրեթե արդեն չերևացող ավելի փոքր եկեղեցու անունը մեզ չի հասել: Կարմրավանքը շրջապատված էր ամուր պարսպով, որի հիմքերը կանգուն են մինչև օրս:

Մոխրապետի նոր բնակիչնե՞րն են գրեթե ամենօրյա ռեժիմով քանդում վանքը, թե՞, ինչպես սովորաբար է լինում, այլ տարածքներից նույնպես այստեղ գանձախույզներ են հասնում՝ չգիտենք: Բայց այն, որ նրանց «գերուշադրության» շնորհիվ մեր ապագա սերունդներն ամենայն հավանականությամբ այլևս չեն տեսնի Կարմրավանքը՝ փաստ է:

Կարմրավանքում պահպանված միայն երկու հայերեն արձանագրությունները չափից դուրս մաշված են դրանք վերծանելու համար. դրանցից մեկը ենթադրաբար վերաբերում է եկեղեցու տանիքի նորոգմանը և թվագրվում է 1878 թվականով, մյուսը գտնվում է արևմտյան մուտքի ճակատակալ քարի վրա: Հարկ է նշել նաև, որ Կարմրավանքի տարբեր հատվածներում պահպանված են հիմնականում 14-րդ դարին պատկանող յուրահատուկ խաչքարներ:

 

***

Վանի հարավային ափի մյուս թաքնված գանձի՝ Սուրբ Թովմասի մասին գրել-չգրելու որոշում կայացնելուց առաջ պետք է երկար մտածել. նախ՝ բարդ է բառեր ընտրել այն ճիշտ նկարագրելու, այստեղի էներգետիկայի գոնե կեսն ընթերցողին փոխանցելու համար, և հետո՝ գրելուց ևս մեկ անգամ կարոտի ամենահակասական, քաղցր ու ցավագին զգացումները ճիշտ կառավարելն էլ մի առանձին հմտություն է պահանջում:

Մոխրապետից է՛լ ավելի հեռու՝ Վանա ծովը պինդ գրկած բարձունքներում է գտնվում Գանձակ գյուղը (այժմյան անվամբ՝ Ալթընսաչ), ուր հասնելու համար պետք է երկու բան. բարձր ամենագնաց և աննման Սուրբ Թովմասին հասնելու հաստատակամություն: Մեկ անգամ արդեն հետ եմ դարձել այս ճանապարհից. մարտի վերջն էր, լեռներում դեռ թագավորում էր  ձյունը, և վարորդները չէին համարձակվում վեր բարձրանալ: Նրանք չգիտեն, որ ամառ թե ձմեռ՝ տեղի թագուհին մեկն է՝ Սուրբ Թովմաս վանքը: Վանա լճի ամենակուսական, հեռավոր ու զարմանահրաշ այս ափերին բնությունն է՛լ ավելի անողոք է իր գեղեցկության մեջ, իսկ պատմամշակութային կոթողներն՝ է՛լ ավելի լքված:

Մեքենայի ճանապարհն ավարտվելուց հետո պետք է մի փոքր քայլել դեպի վեր՝ Սուրբ Թովմասի բարձունքը հաղթահարելու համար: Սակայն այստեղ նույնիսկ բարձրադիր տեղանքներում քայլքն է վայելք ու երազ... Վանա լճի հենց ափով՝ ոտքերդ ակամա քեզ տանում են դեպի վեր, դեպի վեր... Երկար ճանապարհ անցնելուց հետո վանքը երևալուն պես թվում է, թե ահա՝ հասել ենք, բարձրակետը նվաճված է: Բայց ոչ: Մոտ 2000 մետր բարձրության վրա գտնվող Սուրբ Թովմասին հասնելուն պես վերևից բացվող Վանա լճի տեսարանն է, որն անգերազանցելի է մինչև այդ մեր տեսածների համապատկերում, անընկալելի է սովորական մահկանացուների աչքերի համար, անմեկնելի է բոլոր լեզուներով: Ամեն անգամ Վանա լիճը տարբեր դիրքերից, լեռներից ու ափերից տեսնելով երևակայությունդ նեղանում է քեզնից, քանի որ հերթական անգամ համոզվել էր, որ այլևս ընդարձակվելու տեղ չունի, սակայն՝ ոչ...

Թովմաս առաքյալի մասունքներն ամփոփելու համար 10-11-րդ դարերում հիմնադրված վանքն, ըստ պահպանված արձանագրությունների, նորոգվել է 16-րդ դարի վերջին, իսկ 17-րդ դարում պարսպապատվել: Սուրբ Թովմասից մի փոքր արևմուտք պահպանված բավականին մեծ գերեզմանատունն իր յուրօրինակ նախշազարդ խաչքարերով, նույնպես հուշում է տեղի երբեմնի ակտիվ վանական կյանքի մասին: Մի քանի տարին մեկ անգամ, անշուշտ, տարբեր շրջանակների կողմից բարձրացվում է Սուրբ Թովմասի՝ անմխիթար վիճակի հարցը, նույն հաջողությամբ մոռացության մատնվելով ընդամենը հաշված օրեր անց:

Անհավանական  է, որ այսօր իրենց հոտն այստեղ բերող տեղի հովիվներից ու գանձախույզերից բացի մնացյալ գրեթե բոլորի կողմից անտեսված Սուրբ Թովմասն ու Կարմրավանքը ոչ մի կաթիլ չեն կորցնում իրենց վեհությունից ու փառահեղությունից:

Այստեղ հաճախ ես մտորում այն մասին, որ Էրգիրը մեր կարիքը չունի փառահեղ լինելու ու մնալու համար: Մենք ենք, որ առանց Էրգիր կիսատ ենք, խոցելի ու զրկված՝ ամենատարրական հիացմունքներից, լիարժեքությունից, մեր իրական ժառանգությունից, ինքներս՝ մեզնից: Երկրից, որի հողի տակ պահված քո ինքնությունից հեռու հեշտ խոցելի է մեր ամեն բջիջ, սարսափելի՝ ամեն թշնամի, մշուշոտ՝ ցանկացած ապագա: Կարևոր չէ՝ պատմական հայրենիքիդ արևմտյան, արևելյան, հյուսիսային, թե հարավային կողմում է պահված այդ փոքրիկ խայծը, որը քեզ կտանի ամենուր, Հայոց լեռնաշխարհի ու մոլորակի ամեն ծայր, բայց չի կորցնի:

Ի՞նչ գործ ունենք մենք՝ մի քանի հազար որդի կորցրածներս և Շուշիից ընդամենը երեկ իջածներս շատ ավելի վաղ կորցրած Վանի լեռներում, ի՞նչ հույսերով, ի՞նչ ինքնախաբեությամբ ենք այստեղ գալիս: Բայց հենց այստեղ, հենց Շուշիից հետո, հենց ամենածանր գինը վճարելուց հետո Վանը, Մուշը, Սասունը, Կարինը ուրիշ կերպ են խոսում քեզ հետ: Էրգրի բոլոր պատմությունները, բոլոր ճանապարհները, այստեղի բոլոր մարդիկ ու տեսարանները սովորեցնում են միայն մեկ, ամենակարևոր բանը՝ Երկիրը մեզ ապացուցելու բան չունի: Երկիրն է, որ հավերժ է: Մենք ենք, որ պիտի վեր ու էլի վեր բարձանանք՝ նրա բարձունքները լքյալ չթողնելու համար:

 

Սոֆյա Հակոբյան