«Երևան». էպոպեա, կենսագրական վեպ՝ Երևան շնչավոր հոգու մասին

«Խալդ աստծո մեծությամբ Արգիշտին՝ Մենուայի որդին, այս անառիկ ամրոցը կառուցեց և անվանեց Էրեբունի քաղաք՝ ի հզորություն Բիայնա երկրի և ի սարսափ թշնամիների: Արգիշտին ասում է… Հողն ամայի էր, այստեղ ես մեծ գործեր կատարեցի: Խալդ աստծո մեծությամբ Արգիշտի՝ Մենուայի որդի, արքա հզոր, արքա Բիայնա երկրի, տերը Տուշպա քաղաքի»:

Իր տիրակալության 5-րդ տարում Արգիշտի Առաջին արքան կառուցեց Էրեբունին՝ որպես բերդաքաղաք և այդ մասին վկայեց սեպագիր արձանագրությամբ։

Ամեն առավոտ Երևանի դարպասները ճռռոցով բացում եմ, մտնում եմ բերդաքաղաքս։ Իմ տան դիմաց փռված է Արարատյան դաշտավայրը․ առավոտվա առաջին բարևն Արարատինն է։ Իրար անգիր արած տան անդամների պես առավոտյան խոսք ու զրույց չկա մեր մեջ, դեմքի արտահայտությունից հասկանում ենք իրար։ Հետո ես տնից դուրս եմ գալիս, վստահ՝ Արարատն իր գամփռերով, իր Արտավազդով, իր փոքր ընկեր Մասիսով հսկում է տունը։

Երևան եմ գնում ամեն առավոտ՝ հայի, հայկականի ու հայերենի շքեղությունը երևան հանելու առաքելությամբ։ Բացվում են դարպասները, ու փռված է քաղաքը հին ու նոր շենքերի, հին ու նոր մարդկանց, իսկական ու կեղծ սիրահարների, բնիկ ու եկվոր երևանցիների։ Մի փաստ հստակ արձանագրված է․ բոլորի թուլությունն է այս քաղաքը։ Բոլորս սիրում ենք, ուղղակի տեր լինել դժվարանում ենք․ «Դուք բոլորդ հիանալի մարդիկ եք, որովհետև սիրում եք ձեր Երևանը և միևնույն ժամանակ նրան հաշտ հանձնում»,- Մկրտիչ Արմենն է գրում իր «Երևան»-ում, որի տուֆակերտ պատերն ենք ճեղքելու ահա։

Առաջին ու միակ անգամ այս վեպը տպագրվել էր 1931-ին։ Սակայն 2016 թվականին այն վերահրատարկվեց «Անտարես» հրատարակչության «Անվրեպ» շարքով։ Արքմենիկ Նիկողոսյանը գտավ Մկրտիչ Արմենի այս թանկարժեք տուֆակերտը և վերահրատարկեց՝ նաև 2021-ին։ Վերջաբանում մեկնաբանեց վեպի՝ այդքան տարիների լռության պատճառը։ Սպիտակ եղեռնի նախաշեմին այս գիրքը նույն ճանապարհն անցավ, ինչ Չարենցի «Գիրք ճանապարհին»։ Սակայն գրականագետի խոսքով եթե «Գիրք ճանապարհին» մինչև հեղինակի բանտարկությունն այնուամենայնիվ ընթերցվեց և շրջանառվեց, ապա Մկրտիչ Արմենի՝ նացիոնալիզմ տարածելու պատճառով կալանքի տակ դրված այս գիրքը այդպես էլ տարածում չգտավ։

«Երևանը» էպոպեա է, վավերագրություն, կենսագրական վեպ՝ Երևան շնչավոր հոգու մասին։

Եկել է ճարտարապետ Արշակ Բուդաղյանը, որ Երևանը վերակառուցի։ Կանգնել են Երևանի երկու գլխավոր ճարտարապետները՝ դեմ-դիմաց, իրար այնքան նման, որ իրենք էլ են շփոթության մեջ ընկնում։ Սա ճեղքված գիտակցության, անձի հոգու երկվության արտահայտությունն է։ Որոշում են քաղաքի կառուցման ձևն ու կերպը։ Թվում է՝ հիանալի է։ Բայց մինչև այն պահը, երբ սկսում են հասկանալ, թե ինչ գին են վճարելու այդ նորի համար։ Դարերի պատմությամբ, հին մշակույթով ու երկարակեցությամբ միշտ մերկ հպարտությամբ պարծեցող հայ մարդը ստիպված է քանդել այս քաղաքը ու փոխարենը ստեղծել նորը, որի ճակատագիրը վախեցնող է։ Ինչո՞ւ։ Որովհետև քանդվում են ոչ թե հին պատերը, այլ փլուզվում է կենսագրությունը, մի կուռ կառուցվածք, հոգեբանություն է փոխվում, արդեն ձևավորված ու հունի մեջ ապրող հոգեկերտվածք է քանդվում։

Մշակույթների, ընտրությունների, ճարտարապետների տարբեր նախագծերի խաչմերուկում կանգնած է քաղաքը։ Կանգնած է, չի փախչում, կրավորական սպասում է որոշումների։

Բայց ի՞նչն է այդ նորի վտանգը։ Կարծես թե վեպում գլխավոր երկու ճարտարապետները մարմնավորել են Թամանյանին։ Արքմենիկ Նիկողոսյանը Մկրտիչ Արմենի քայլը մեկնաբանում է որպես թամանյանական Երևանի քննադատություն՝ ինչ-որ առումով։ Որովհետև այդ նախագիծը հարկադրված էր քանդել Երևանի դիմագիծը ցույց տվող կառույցները։ Հետաքրքիր է՝ ինչ բովնադակություն կունենար վեպը, եթե այն գրվեր շատ ավելի ուշ․ արդյոք հեղինակը նո՞ւյն վերաբերմունքը կունենար։

Բայց հարցին չմոտենանք քաղաքական դիտանկյունից, ինչը կնեղացնի վեպի սահմանները, որ լայն փիլիսոփայական կողմեր ունի։ Այստեղ մեխը տուն քանդելու երևույթն է։ Արշակ Բուդաղյանը բացում է դարպասները, տան դռները և դրանց հետևում ոչինչ է։ «Հո՜․․․ ո՜-հո՜․․․ հո՜․․․-լաց են լինում խաղողի այգիները»,-որովհետև կտրվում են, կոտորվում են, որ իրենց տեղը չորս պատով ու մեկ առաստաղով քառակուսի տներ սարքեն։ Այս տնաշեն ազգն ինչո՞ւ է քանդում իր Երևանը։ Մի օր էլ այդ տները կնեղանան, Արարատի նման «փափուչները կվերցնեն ու կփախչեն» մեզնից։ «Բուդաղյանը բացականչեց՝ կա՛ց։ Տներից մեկը քարացած կանգ առավ»․-եթե չբացականչեր, ո՞ւր էր գնալու տունը՝ խորհրդային քառակուսի դառնալո՞ւ։ Այստեղ է թաքնված նաև վեպի կալանքի պատճառը։

Բայց ժամանակը շարժման մեջ է։ Վեպում անընդհատ շարժում կա՝ հիմնականում դանդաղ (երևի որովհետև ո՛չ քանդելն է արագ գործ, ո՛չ առավել ևս՝ կառուցելը)։ Ուղտերի քարավանի քայլքն է լսվում գիշերով․ շարժում կա։ Տրամվայն է անցնում․ շարժում կա։ Գիշերը-ցերեկը, քունն ու արթունը հաջորդում են իրար․ շարժվում են, Բուդաղյանի միտքն է կշեռքի երկու նժարին այս ու այն կողմ լինում։

Արևելքի ու Արևմուտքի բախումն այստեղ գաղափարական է։ Ասմարը, որը բոլորին միշտ հասանելի, բայց Բուդաղյանին այդպես էլ անհասանելի կնոջ կերպարն է, իրականում այն գաղափարն է, որի իրականացմանն է ձգտում ճարտարապետը։

Ի՞նչ եղավ այդ գաղափարի հետ․ «Լուսինը կանգնած էր նառի գլխավերևում յաթաղանի նման կեռ, յաթաղանի նման սառը և յաթաղանի նման փայլուն։ Նա ողողել էր քարավանն իր հեղուկ լույսով։ Ուղտերի մարմնի վրա տեղ-տեղ պոկվել էր բուրդը, և նրանց ողորկ կաշին փայլում էր լուսնի լույսի տակ»։ Մի քիչ հիշեցրեց գայլի տոտեմը չարենցյան մեկնաբանությամբ․ ինչպիսին պետք է լիներ, բայց ինչպիսին է մերը։

«․․․․Գալիս էր մի գյուղացի․․․․ աշխատում էր որոշել, թե որտեղ է վերջանում էշը, և որտեղ է սկսվում ինքը»։ Գուցե սա այն ժողովուրդն է, որ ապրել է խաների և աղաների աչքից հեռու,  նրանց ստրուկ ժողովուրդը։

Այս բախումներն, ի վերջո, տանում են ինքնաճանաչման։ Վեպում անընդհատ իրականության ու երազի խաղ կա։ Երբեմն չես հասկանում՝ որն է հաղթում որին, և գրողը քեզ նույնպես խաբկանքի մեջ է գցում․ մի պահ չես կողմնորոշվում իրականությա՞ն մեջ ես, թե՞ երազի։ Բայց սա ոչ թե հակասում է ռեալիզմին, ու Մկրտիչ Արմենն ընկել է ռոմանտիկայի կամ սիմվոլիկայի ազդեցության տակ, այլ սա ավելի ուժեղ հնարք է իրականությունը իր բոլո՛ր շերտերով ցույց տալու համար։ Եթե ռեալիզմը դա թույլ կտա իրեղեն գործիքներով, ապա գերիրականությունը, որին ձգտում է հեղինակը, չպետք է ասվի ուղիղ․ «հարկավոր է ռեալիզմը դուրս հանել իր հակասական վիճակից, վերածել նրան գեր-ռեալիզմի»,-ասում է հեղինակը վեպի առիթով։

Երևանին տեր լինելու համար պետք է ճանաչել նախ։ Բայց այստեղ էլ հակասություն կա․ «որքան որ աչքերիդ մոտ ես բռնում ծանոթ առարկան, այնքան անծանոթ է թվում նա քեզ։ Եթե ընդհուպ մոտենաս ծանոթ տանդ, դու նրան չես ճանաչի, որովհետև աչքերիդ դիմաց կտեսնես միայն պատի մի երկու քարը և ուրիշ ոչինչ։ Յուրաքանչյուր առարկա մեզ ծանոթ է որոշ տարածությունից»։ Հաղթահարել է պետք չիմացության, ճանաչել չուզել կամ չկարողանալու բարդույթը, որ չվերանա «արևելյան մի գեղեցիկ հակինթ,-Երևանը»։

Միայն այդ ժամանակ «պարտված կընկնի ինքը,-մահը և կմեռնի»։

«Քաղաքը կլայնանա՜․․․ կփռվի՜»։

Իմ հետևից երեկոյան փակում եմ բերդաքաղաքի պարիսպները, գալիս, հասնում եմ խաղողի կոտորված այգիների փոխարեն կառուցած իմ հայրական տունը, պատշգամբից մռթմռթան ծերուկի պես մի «բարի գիշեր» է շպրտում ինձ Արարատը։

Դառնամ, զօրհնություն տի տամ  Խալդ աստծո պես հզոր Արգիշտիին՝ Մենուայի որդուն, որ կառուցեց Երևանը։

Դառնամ, զօրհնություն տի տամ ապագա բոլոր Արգիշտիներին՝ Մենուայի որդիներին, որ տեր են լինելու այս մայր քաղաքին։

 

Վանուհի Բաղրամյան