Ո՞րն է տառապանքի վերջին ուղին

Երկու դարի արանքում,
Երկու քարի արանքում,
Հոգնել եմ նոր ընկերի
Ու հին ցարի արանքում։

 

Հովհ․Թումանյան, 1917

(Կարող էր լինել 1937, կարող էր լինել 2023 և ահով ասած՝ դեռ երկար կարող է լինել)

 

 

Ցարը դեռ գահին է։ Հին է, թե նոր՝ մեզ համար էական չէ․ մնում ենք հլուն, հպատակը նրա։ Իսկ Թումանյանը դեռ հարյուր տարի առաջ էր հոգնել այդ խաղից։

Մեր «մեծ եղբոր» ապտակները չեն մոռացվում․ մեր այտին նրա կարմիր մատնահետքերը միշտ են։

Սպանվեցին ու սպանվում են այդ ձեռքը կտրողները։ Այդ ոճիրը սկսված է դեռ 1937-ից։

Ահա այդ օրերի հերթական վավերագիրն է Վահրամ Ալազանը։

«Աքսորից հետո երկար տարիներ անկողնում գամված, անշարժ պառկած, երբ սկսեց մի փոքր խոսել, մորս ասում էր, որ պետք է գրել․ բժիշկները արգելել են խոսել․ ի վիճակի չէր, լեզուն բարդ էր հասկանալը, բայց համառորեն 3-4 տարվա ընթացքում թելադրելով՝ ամբողջացրեց հուշագրությունը»,-պատմում է նրա դուստր Հասմիկ Ալազանը հոր՝ «Տառապանքի ուղիներում» հուշագրության մասին։

Վահրամ Ալազանի «Տառապանքի ուղիներում» հուշագրությունը գրվել է 1961-1965 թվականներին, սակայն մոտ  30 տարի մնացել անտիպ: Այս մասին Հասմիկ Ալազանը պատմում է․ «Հայրս պատվիրել էր, որ այդպես անմշակ վիճակում պահվեր և հիսուն տարի  չհրատարակվեր․ նա ինքը կարծում էր, որ դեռ ժամանակը չի լինի»։

Հուշագրության առաջին տպագրությունները 1989-1990-ականներին են եղել։ Սակայն բոլորովին վերջերս՝ 2023 թվականին, «Անտարես» հրատարակչությունը Արքմենիկ Նիկողոսյանի ջանադիր աշխատանքի արդյունքում հրատարակեց այս հուշագրության ամբողջական տարբերակը, որ փաստորեն մինչև օրս հասանելի չէր ընթերցողին։ Հասմիկ Ալազանը, վեպի մեքենագիր տարբերակը հանձնելով Արքմենիկ Նիկողոսյանին և այդպիսով օգնելով հրատակել վեպը, իր մեծագույն ներդրումն է ունենում՝ հայ հուշագրական գրականության մեջ ևս մեկ գանձ ավելացնելով։ Եվ ինչպե՞ս կարելի էր կյանքի չկոչել սա, երբ Ալազանը դժվարագույն պայմաններում ջանացել է մեզ հասցնել օրերի վավերագրությունը։ Նրան ոչինչ չլռեցրեց։ Հասմիկ Ալազանն է անգիր մտաբերում հոր անտիպներից․

 

Այս անկողինը ինձ չի պարփակի,

Նա չի կտրի ինձ երգից ու կյանքից․

Ես կմաքառեմ կրկին ու կրկին,

Նա ջանաց խլել գրիչն իմ ձեռքից։

Ես մաքառեցի կրկին ու կրկին՝

Մնալով զինվոր երգին ու կյանքին․

Ոչ մի անկողին ինձ չի պարփակի։

 

Գրքի շնորհանդեսին Արքմենիկ Նիկողոսյանը պատմեց աշխատանքերի մասին՝ համեմատելով 1980-ականների հրատարակությունը նոր տպագրության հետ, ցույց տալով հսկայական տարբերությունները։ «1980-ականներին, երբ Խորհրդային միությունում տարբեր շարժումներ սկսվեցին, խոսքն ազատականացավ, ընթերցող մարդիկ սպասում էին, որ շուտով գզրոցներ են բացվելու, հրատարակվելու են փակ մնացած գրքեր, տեքստեր՝ հատկապես ստալինյան բռնապետության մասին։ Եվ տպագրվեցին այդպիսիք․․․․ Եվ թվում էր՝ Հայաստանում նույնպես պետք է այդ ազատությունը լինի, սակայն այդպես չեղավ»։

Սա այն բացառիկ աշխատություններից մեկն է, որ բացահայտում է այն ամբողջ սարսափը, այն համակարգը, որ գործի էր դրվել 1930-ականներին մեր մտավորականության վերացման առումով, և նաև այդ ծրագրերի հեռագնա նպատակները, որոնք իշխում էին խորհրդային պետության մեջ և հատկապես այն ժողովուրդների, որ այդ ռեժիմի զոհը եղան։

Պատահական չէ, որ հետագայում այդ տարիները թե՛ զոհերի քանակով, թե՛ թողած հոգեբանական աղետի տեսանկյունից շատ հաճախ համեմատվում է 1915 թվականի հետ։

Արքմենիկ Նիկողոսյանը պատմում է, թե երբ առիթ եղավ աշխատելու այս գրքի վրա և վերահրատարակելու, թվում էր՝ գիրքը տպագրվել է հենց այն ժամանակ, երբ այդ վախերը չկային, գրաքննություն, կարելի է ասել, չկար, գիրքը պետք է տպագրված լիներ այնպես, ինչպես գրված է եղել։ Սակայն երբ Հասմիկ Ալազանից ստացան մեքենագիր տարբերակը, առաջին պահի համեմատությունը ցնցող էր․ պարզվեց, որ գրքից մկրատվել են տասնյակ էջեր, բազմաթիվ հատվածներ խեղաթյուրվել են։ Մինչև այդ ինչ որ կարդացել ենք, ամբողջականը չէ, ինչ նա ուզել է փոխանցել։

Սա փաստում է այն իրողությունը, որ Հայաստանում դեռևս 1980-1990-ականներին  վախենում էին Ստալին, Բերիա անուններից, վախենում էին արտահայտություններից, որոնք վերաբերում էին 30-ականների իրադարձությունները ճշգրտորեն սահմանելուն։

Մեքենագիր և արդեն հրատարկված տարբերակների համեմատությունից պարզ է դարձել, որ այդ շրջանում Հայաստանի խմբագիրները վախեցել են նաև աքսորավայրերում մարդկային ջերմ հարաբերությունները պատկերելու քաղաքականությունից, որը որդեգրել էր Ալազանն իր հուշագրության մեջ․ այդ մարդիկ չէին ապրի, եթե նույն այդ աքսորավայրում չհանդիպեին հոգեկից, իրենց ճակատագիրը կիսող մարդկանց։ Դրանք են եղել նրանց լուսավոր պահերը։ Այս հատվածները հուշագրությունից եթե ոչ լրիվ, ապա մասնակիորեն հանված են եղել։

Փոխվել է հուշագրության լեզուն։ Այդ կալանավայրերում կային նաև քրեական բանտարկյալներ, որոնք, բնական է, ունեին իրենց լեզուն։ Եվ հատկանշական է, թե ինչպես Ալազանի նման մտավորականը սկսում է վերցնել այդ խոսվածքը։ Վեպը դարձնել բացարձակ գրական լեզվով շարադրված, նշանակում է աղավաղել հուշագրությունը։

Սա միայն Ալազանի պատմությունը չէ։ Ժամանակին նա արել է հնարավորը, որ այս գիրքը լինի բազմաձայն՝ լեցուն բազմաթիվ մարդկանց վկայություններով։ Այնտեղ եղել են մարդիկ, որոնք շատ հետաքրքիր պատմություններ են ունեցել, և դա պետք էր վկայագրվեր։ Ալազանը բարեխղճորեն վկայագրել է այդ բոլորը, սակայն դրանց մի զգալի մաս ժամանակին մկրատվել է։ Նույն դեպքն Ալազանը կարող է պատմել երկու տարբեր առիթներով, երկու տարբեր մարդկանց շուրջ, և այստեղ կարող են լինել փոքրիկ տարբերություններ։ Օրինակ՝ Չարենցի հետ հանդիպումը՝ Խանջյանի թաղմանը գնալիս։ Չի իմացվի, թե դրանցից որն է ճիշտ, և, իհարկե, սխալ է կրճատել դրանցից որևէ մեկը։ Չարենց-Խանջյան-Ալազան մտերմությունն էլ դարձավ նրանց ողբերգության պատճառը։ Նույնիսկ զավեշտալի մի դեպք կա․ «Կույր աղջիկը կամ սիրո դժբախտ զոհը» հատվածում ոչ մի խոսք չկա կույր աղջկա մասին։ Նոր հրատարակության մեջ ծանոթանում ենք սիրո դժբախտ զոհի պատմությանը, ու նորից առերեսվում մի իրականության, երբ մարդն ամենաահավոր պայմաններում անգամ գտնում է ապրելու հնարավորությունը։ «Ես գտնվում էի Մարիսկի ճամբարում, այնտեղ սիրահարվեցի Բորիս անունով մի երիտասարդի։ Ես նրան այնքան էի սիրում, որ իմ կյանքն առանց նրա չէի պատկերացնում։ Նա էլ ինձ էր այդպես սիրում։ Մի օր իմացա, որ ինձ էտապով ուրիշ ճամբար էին ուղարկում։ Ինչպե՞ս գնալ, ինչպե՞ս թողնել Բորիսին։ Եվ ես որոշեցի ինձ կուրացնել և Բորիսի հետ նույն ճամբարում մնալ։ Վերցրի քիմիական մատիտի միջուկը, մի լավ մանրեցի, լցրի աչքերիս մեջ ու պինդ կապեցի։ Մի քանի ժամից հետո, երբ աչքերս բացեցի, արդեն կուրացել էի։ Բորիսը, երբ իմացավ, որ այդ բոլորն իր համար եմ արել, ինձ հետ գրկախառնվելով ասաց․

-Թեկուզ կույր, բայց ես առաջվա նման սիրում եմ քեզ․․․․

Բանտի վարչությունը վիճակս տեսնելով՝ ինձ ազատեց էտապից, ու ես մնացի այս ճամբարում Բորիսի կողքին։

-Այնպես որ ես սիրո զոհ եմ, սիրո զոհ,-ասաց աղջիկը»։

Ամբողջ գրքից զտված են Մարո Ալազանի մասին հատվածները։ Բոլորը գիտեն կնոջ դերը Վահրամ Ալազանի կյանքում, սակայն նախնական տարբերակում գրեթե ոչինչ չի պատմվում այդ մասին։ Այստեղ երևում է, թե ինչեր է արել կինը ամուսնու համար։

Եվ դժվար է կանխատեսել, թե ինչ կլիներ Վահրամ Ալազանի կյանքը, եթե նրա կյանքում չլիներ Մարո Ալազանը։

Մագադանի բանտում էր 1939 թվականի դեկտեմբերի 31-ին։ Նրան 6 բանտարկյալների հետ գիշերով տարան ձյունառատ փողոցները մաքրելու։ Ցրտահարություն, անօգուտ աշխատանք, փողոցից նայում է տան պատուհաններին և տոնածառեր տեսնում։ Այդ սառցաշխարհում հիշեց, որ իր համար կրկնակի տոն էր․ լրանում էր իր և Մարոյի ամուսնության մի նոր տարեդարձ։ Այդ գիշեր քնել չկարողացավ և գրեց բանաստեղծություն՝ կնոջը նվիրված․

 

Տարեմուտի գիշերը Մարոյին

 

Թափվում է ձյունը, սուրում է քամին,

Սարից, անտառից, ծովից թև առած,

Ո՞վ է գիշերվա այս մթին ժամին

Ծեծում իմ սրտի դռները սառած։

 

Ո՞վ է արթնացել, ո՞վ է ինձ հիշում,

Այդ ու՞մ վիրավոր սրտիկն է զարկում․

Քամին իմ շիրմին մարմար է տաշում՝

Շուրջը բքաշունչ գիշեր ահարկու։

 

Այդ դո՞ւ ես միթե, ծովերով անդին․․․

Անապակ իմ սեր, իմ հերոս ընկեր,

Որ իմ հեռավոր, ձյունակերտ բանտին

Այս կեսգիշերին այցի ես եկել։

 

Այդ դո՞ւ ես, դո՞ւ ես, տեսնում եմ ահա-

Դեմքդ լուսեղեն, հայացքդ անմար,

Ներս մտիր սիրտս, ունեմ դեռ պահած

Մոխիրների տակ կայծեր քեզ համար։

 

Ներս մտիր սիրտս, թող լինի ամառ․․․

 

Բանաստեղծության մեջբերումը պատահական չէ։ Ամբողջ հուշագրությունից կրճատված են Ալազանի բանաստեղծությունների 90 տոկոսը, որն ինքը մեջբերել է հուշագրության մեջ։ Դրանք այդ պահին աքսորավայրում, բանտում սյուժետային տարբեր իրադարձությունների  շատ կարևոր փաստագրումներ են:

Նոր հրատարակությամբ փոխվել է նաև վերնագիրը․ «Տառապանքի ուղիներով»-ը դարձել է «Տառապանքի ուղիներում»:

Գրականագետ Սամվել Մուրադյանի գնահատմամբ և՛ Մարո Ալազանի, և՛ Վահրամ Ալազանի հուշագրություններն անփոխարինելի գանձեր են մեր գրականության մեջ։ Արքմենիկ Նիկողոսյանը թղթերի բարդ կույտերից, խառը ձեռագրերից կարողացել է  վերծանելով հստակեցնել և ամբողջացնել հուշագրական այս գիրքը։ Այստեղ բոլոր դեպքերը ոչ թե ճշմարտանման են, այլ ճշգրիտ։ Եվ սա ընթերցողին ոչ միայն գեղարվեստական հաճույք կպատճառի, այլ նաև փաստագրական շատ գիտելիքներ կտա։

Գերտերության նպատակը հաջողվեց այն ժամանակ և՝ հիմա։ Եթե Ալազանները, Չարենցները, Բակունցները․․․․ աքսորավայրում ապրել են ազատ այնքան, որ կարողացել են գրել ու մեզ հասցել եղածն ու լինելիքը, ապա ինչո՞ւ մենք այսօր ազատ ու անկախ պետության մեջ աքսորավայր ենք փնտրում։ Ո՞րն  է այս ձգվող տառապանքի վերջին ուղին։ Չէ՛։ Խանջյանը ինքնասպան չի եղել։

           

Վանուհի Բաղրամյան