Վերապրող մը. Արշալույսներ կան, որ տակավին բացված չեն

«Ողջույն քեզ, հայ ժողովուրդ, մեղա՜, ողջույն ձեզ Հայության մնացորդներ, հեռվեն, շատ հեռվեն կուգամ… Կուգամ եղեռնի այն դժոխային վայրերեն, ուր Զոհրապներ, Ակնունիներ, Խաժակներ, Զարդարյաններ, Սիամանթոներ, Վարուժաններ, Սևակներ, Տաղավարյաններ, վերջապես ամբողջ ազգի մը ըղեղը ջարդ ու փշուր եղավ Ճենկիլ խաներու և Լենկ Թեմուրներու արժանավոր հաջորդներուն ձեռքով…»․ -դեր զորներից փրկված Երվանդ Օտյանի վերադարձի խոսքից։

 

          -Ինչ որ պիտի ուզեի ըլլալ։

          -Սրբագրված Երվանդ Օտյան մը։

          -Ինչպես պիտի ուզեի մեռնիլ։

          -Առանց կարոտի և առանց դառնության։

 

«Շանթ» հանդեսի հարցերին այսպես է պատասխանում Օտյանը՝ գուցե վաղօրոք զգալով ճակատագրի մոտալուտ դառնությունը։

Նույն «Շանթ» հանդեսը 1918 թվականին ուներ մի բաժին՝ «Մեր վերապրողները» խորագրով։ Այստեղ Օտյանը սկսել էր հրատարակել վերապրող գրողների մասին շարք, որ շատ կարճ ժամանակ անց ընդհատվել է։

Այդ վերապրողներից մեկը, ողբերգության ականատեսը, կրողը եղավ նաև երգիծաբան Երվանդ Օտյանը, որը չէր խնայում իր գրողական տաղանդը՝ մարդկանց ժպիտ պարգևելու և մեծ ու ահավոր դեպքերի մասին երգիծանքով գրելու համար։ Բայց  փոխվեցին ժամանակները և պետք էր ներկայացնել իրականությունը՝ որպես վավերագրություն՝ առանց գեղարվեստական գունազարդումների։ Օտյանը եղավ այդ հեղինակը։ Նրա գրչով առաջին անգամ գրականության մեջ Թալեաթն ու Զոհրապը դարձան գեղարվեստական կերպարներ: Օտյանը, ցույց տվեց նրանց վարագուրված հարաբերությունների աստառը՝ նրանում ընդգրկելով թուրքական ճիվաղային հոգեբանությունը, գայլային ախորժակն ու վարքագիծը, բանական մարդուն ոչ հատուկ վայրենությունը։

Այսօր էլ համաշխարհային հանրահռչակ գիտական պարբերականներում թուրք «մտավորականները» ներկայացնում են պատմական «փաստեր» ու «իրողություններ»՝ իրենց համար շահեկան դիրքերից, խեղած ու հորինած, որոնց պատասխանը մենք չենք տալիս։

Այդ օրերի ականատեսները կամ չհասցրին գրել, որովհետև ապրել չհասցրին, կամ վավերագրություն ասվածը մնաց գեղարվեստական լաց ու սուգի սահմանում։

Օտյանը, որ փրկվեց հրաշքով, կարողացավ իր տեսածով ու ապրածով ստեղծել մի ամբողջ ժամանակաշրջանի տարեգրություն՝ վավերական, իրական ու նաև գեղավեստական։ Դրանք ստուգապես համընկնում են պատմական հուշագրություններին, ականատեսների վկայություններին։

«Թիվ 17 խաֆիեն» քառահատոր վեպը, «Անիծյալ տարիներ» հուշագրությունը ժամանակի տարեգրությունն են՝ մեզ համար շատ ցավոտ, խոցելի կողմերով, ներս ու դրսի խնդիրների բացահայտումով, պատմական սխալներով, թուրքական տարբեր իշխանությունների մեկ նպատակի սոսկալի իրողության և դրա հաջող իրականացման ներկայացումով։

Ի՞նչ է պատմում մեզ երգիծաբանը։

Երվանդ Օտյանը հայ մյուս մտավորականների հետ ապրիլին չի ձերբակալվել․ նրան հաջողվել է թաքնվել թաքստոցում։       

Թեոդիկն իր «Ամենուն տարեցույցը» տարեգրքում պատմում է, որ ոմն Կարապետ, որը եղել է Օտյանի մտերիմը, ապրիլի ահավոր գիշերից երկու օր անց Օտյանին կառքով տարել է իր տուն, այնտեղ 21 օր պահել այնպիսի գաղտնիությամբ, որ անգամ մայրը  տեղյակ չի եղել այդ մասին։

Գրականակգետ Ս․ Մուրադյանը գրում է, թե Օտյանը գուցե կարող էր ավելի երկար մնալ, սակայն «Օտյանը չուզեց ճակատագրով տարբերվել իր ժողովրդից»։ Օտյանը դուրս է գալիս թաքստոցից և օգոստոսի 24-ին ձերբակալվում․ սկսվում է բանտարկությունների, աքսորների, տառապանքների անմարդկային մի շրջան։ Եղեռն իր բոլոր անմարդկային անցուդարձերով ներկայացրել է «Անիծյալ տարիներ» հուշագրությունում։ Սկզբում Օտյանին թվում էր, թե ձերբակալում են միայն դաշնակցականներին, սակայն շուտով պարզ է դառնում, որ ձերբակալությունները զանգվածային բնույթ են կրում: «Ամեն ներս մտնող ձերբակալյալի նոր անուններ կհաղորդեր: Միքայել Շամտանճյանը, Կոմիտաս Վարդապետը, հետո նոր անուններ՝ Համբարձում Համբարձումյանը, Ատոմ Յարճանյանը, Շավարշ Քրիսյանը, Տիգրան Չեոկուրյանը, Մելքոն Կյուրճյանը… ձերբակալյալներու թիվը որոշապես գիտցող չկար: Երկու հարյուրեն վեց հարյուր կը հաշվեին…»․-գրում է Օտյանը:

Մինչև սեպտեմբերի 13-ը մնում է բանտում, հետո՝ աքսորվում Գոնիա, ապա՝ Էրեյլի: «Անիծյալ տարիների» գլուխների անվանումները քարտեզագրում են եղեռնի ճանապարհը․ «Բանտարկություն և աքսոր», «Տարսոնի մեջ», «Հալէպի մեջ», «Հալէպեն Տէր-Զօր», «Էլ Պուսէրա» և այլն: Սակայն թուրքերը չէին բավարարվում միայն դրանով․ նրանք հետապնդում էին նաև աքսորավայրերում և տեղյակ էին բոլոր մտավորականների գտնվելու վայրերից․ «Ծածկագիր ներքին գործոց նախարարության, ուղղված Հալեպի կուսակալության. Կիմանանք, թե մեկ քանի հայ թերթերու թղթակիցներ այդ կողմերը շրջելով կարգ մը եղերական դեպքեր ներկայացնող լուսանկարներ ու թուղթեր կազմած և զանանք տեղվույդ ամերիկյան հյուպատոսին հանձնած են: Այս կարգի վնասակար անձերը ձերբակալելով փճացնեք: Ներքին գործոց նախարար Թալեադ (Արամ Անտոնյան,  «Մեծ ոճիրը»)»: Այդ խմբագիրը Երվանդ Օտյանն էր։

Համա ավանում հայերին հարկադրում են իսլամ ընդունել․ «…քրիստոնյա պիտի մնաք, պարզապես քրիստոնյա թուրքեր պիտի ըլլաք, բայց անուններդ պիտի փոխեք, Մարկոս, Կիրակոս չպիտի գտնվի, այլ Ահմետ, Մահմետ»: Այսպես հազարավոր հայեր ընդունում են թուրքական անուններ. Օտյանը դառնում է Ազիզ Նուրի։ Արտաքուստ այս ողբերգությունը փրկություն է դառնում շատերի համար։ Սակայն շուտով Օտյանին աքսորում են Դեր-Զոր։ Սա այն գողգոթան էր, որ հատուկ առանձնացավ իր դաժանությամբ։ Այստեղ մահն անխուսափելի էր։ Սակայն այստեղ էլ Օտյանին հանդիպում են մարդիկ, որոնք հատուկ ակնածանք ունենալով գրողի նկատմամբ, օգնում են նրան փախչել։ Նրանց օգնությամբ  աշխատանքի է անցնում իբրև զինվորական: Հետո փախչում է Հալեպ՝ ցերեկները քայլելով, գիշերները՝ թաքնվելով: Հալեպում նրան ձերբակալում են, ուղարկում Գոնիա, հետո՝ Սուլթանիե: 1918 թվականի նոյեմբերի 11-ին ավարտվում է Առաջին համաշխարհային պատերազմը, կնքվում է զինադադար, որից հետո «ներում է շնորհվում հրաշքով փրկված ողջերին»։ Օտյանը վերադառնում է Պոլիս: «Անիծյալ տարիներ» հուշագրության մեջ դեպքերը նկարագրված են մինչև այդ պահը՝ 1918-ի նոյեմբերի 17-ը:  Օտյանի գիրքը հուշագրություն է՝ բոլոր մանրամասներով, դեպքերի ճշգրիտ, ժամանակային ամբողջական արձանագրություններով։ Ուսումնասիրողների վկայությամբ՝ այն մեծագույն արժեք է՝ իր աղբյուրագիտական, մշակութաբանական և շատ այլ արժանիքներով։

Բայց Օտյանը հավատում էր, որ  «արշալույսներ կան, որ տակավին բացված չեն»․ «Տասը տարիներ անցան չարաշուք այդ օրեն ի վեր ու դեռ տասը տարիներ ալ պիտի անցնեն և Վարուժաններու, Սիամանթոներու, Հրանդ Կյուրճյաններու, Տիրան Քելեկյաններու, Ակնունիներու, Զարդարյաններու, Տաղավյաններու, ուրիշ այնքեան տաղանդներու թողած պակասը կարելի պիտի չըլլա լրացնել: Բայց ցեղը կապրի՝ այդ տաղանդներուն սերմն իր մեջ, ու նորեն հայ հանճարը պիտի ցոլա ավելի շողշողուն, քան երբեք»։

 

Վանուհի Բաղրամյան