Վարդենիկ

Հորեղբայր Հապետը հիվանդ էր։ Վարդենիկի նրանց տան դիմաց տարածվող կարտոֆիլի իսկական դաշտը, որն այն ժամանակ ինձ թվում էր անսահման, միակ բանն էր, որ գրավում էր ինձ այդ գյուղական տանը, որտեղ բոլորը գալիս էին Հապետ պապին տեսակցելու ու նաև մեզ՝ նրա «արտասահմանցի» այցելուներին տեսնելու։ Այդ օրերին ես առաջին անգամ մորթված գառ տեսա և ապշեցի, թե ինչպես հորաքույրս նրա խաշած միսը փորձեց իմ բերանը դնել՝ որպես հոգատարության ու սիրո մի մեծ նշան։ Իսկ երբ նա, անցնելով իմ մանկական երևակայության սահմանները, ևս մեկ ձեռք պարզեց ու ասաց՝ «Դե թոքիկն էլ կեր», ես հաջորդ 16 տարին այլևս թոք չկերա և միայն 2015-ին Դիարբեքիրում համարձակվեցի խորոված թոք ուտել, երբ ոտքի տակ էինք առել ամբողջ հին քաղաքն ու սովահար պտտվելով ռեստորանից ռեստորան, հայտնաբերել, որ Դիարբեքիրի հին թաղամասում այլ բան ուղղակի չէին մատուցում։ Փառք Աստծո, իսկապես համեղ էր և իմ հարաբերությունները թոքի հետ վերականգնվեցին։

Բայց վերադառնանք Վարդենիկ։ 

Հարսները տանջանքով փորձում էին տեղավորել մատաղի գառնուկի մնացած միսը սառնարանում, որը, չգիտես ինչու, դրված էր այն սենյակում, ուր պետք է գիշերեինք։ Հապետ հորեղբայրը երկար ժամանակ անց վեր կացավ տեղից ու մի փոքր քայլեց, այդքան շատ էր կարոտել հորս։

Իմ կանաչակարմիրադեղանավուն կոշիկները և ջինսե կիսաշրջազգեստը, վեր հավաքված խոպոպիկներս և անհանգիստ ու խիստ հետաքրքրասեր հայացքս այս բակ մտնողներին արդեն հուշում էին՝ «Համոյի թոռն ա, էն որ Ռուսաստանից են եկել»։

«Ռուսաստան չէ, Ուկրաինա», -դեռ այն ժամանակվանից լեզվանի վարք էի ցուցադրում ես՝ անկեղծ մտածելով, որ մարդիկ չգիտեն, թե որտեղից ենք մենք։ Այսինքն՝ այն ժամանակվանից չէի հասկանում՝ մարդիկ ինչպե՞ս կարող են իմանալ ու տեսնել մի բան, ասել՝ այլ։ Բայց դե այդպես է բանն աշխարհի, ու փաստորեն՝ ոչ միայն Վարդենիկում։

Ինչևէ։ Մարդիկ արագ էին գլխի ընկնում՝ ով եմ ես, որովհետև Վարդենիկում 6 տարեկան աղջիկ երեխաները պարապ-սարապ չէին պտտվում։ Նարինեն։ Նա միշտ մի բան անում էր։ Երբեք չմոռացա նրա՝ տան աստիճաններին նստած բարակ գազարները մաքրելուց կապույտ աչքերի տակից ծիկրակող նույնքան բարակ ժպիտը, որը պարտավոր էր համեստության սահմաններում մնալ։ Մեզ համար էր մաքրում, որովհետև լսել էր, որ ես ու փոքր եղբայրս շատ ենք սիրում մաքրած գազար կրծոտել, իսկ Վարդենիկում այն, կներեք, աշխարհի ամենաքաղցրն էր։ Տարիներ անց լսեցինք, թե Նարինեին մեկ օրում եկան «տարան» «Ռուսաստաններ», իսկ մայրը հորս գոհունակ ժպիտով պատմեց՝ «Լավ են, լավ ունեն, հարուստ են»։

Այդ նույն աստիճաններից ներքև մի նստարան կար, որտեղ նստել էին տատս՝ Գյուլումը, հորեղբայր Հապետի կինը, որը տարիներ անց կորցրեց հիշողությունը, և էլի անծանոթ կանայք։ Այդ օրը տատս շատ տարօրինակ տեսք ուներ, բայց և շատ բնական։ Տատս գունավոր, մուգ կապույտ լաչակ էր կրում այդ օրը, մի բան, որ մինչև այդ Երևանում նրա գլխին տեսած չկայի։ Սա ուրիշ Գյուլում տատիկ էր։ Երևի իսկականը։

 

***

Մի քանի փողոց այն կողմ հորեղբայր Մանուելի տունն էր։ Վստահ չեմ, բայց կարծես թաղամասի վերջում էր։ Մի անգամ, երբ հայրս ու մայրս նոր էին նշանվել, պապան մամային տանում է Վարդենիկ՝ Մանուելենց տուն։ Դժվար, մութ տարիներ էին։ Մի քանի օր շարունակ Երևան վերադառնալու ավտոբուս չի լինում։ Մայրս, որպես դասական «քաղաքի աղջիկ» սկսում է սրտնեղել։ Եվ այն օրը, երբ վերջապես հորս հաջողվում է հետդարձի տոմս ձեռք բերել, զարթնում է նրա ներսի չարաճճին, այն, որ երբեք չմահացավ և անգամ այսօր շարունակում է ապրել մեր մեջ՝ հորս մահից հետո։ Խեղճ մորս հոգու հետ է խաղում, թե՝ նորից ավտոբուս չկար։ Մայրս այլևս ի զորու չէր զսպել արցունքները։

«Սիրտդ լեն պախա», -ասել էր Մանուելը, և այդ արտահայտությունն այդպես էլ մնաց մեր տանը, որպես խնդրահարույց իրավիճակներում ծիծաղով արտասանվող ամենասիրելի հույս։

Հորեղբայր Մանուելը, ով համեստության մարմնացումն էր այս երկրագնդի վրա, նույնպես իր հայր Հապետի պես ուներ մեղվափեթակներ, ճիշտ է՝ ավելի քիչ։ Նրանց համեստ բակում տարածքն ավելի քիչ էր և ես երբեք չէի հասկանում, թե որտեղից են դուրս գալիս այդքան մեղրը, կարտոֆիլն ու կաղամբը, որը պարկերով նրանք լցնում էին հորս մեքենան առանց մերոնց հանդիմանանքներին ականջ դնելու։ Գոհար ծյոծյան, կամ, ինչպես մայրս էր ասում, Գոհարը, կարծես այդ կինն իսկապես մի գոհար լիներ, այդ տարածքի կանանց հատուկ թուխ, արևից այրված մաշկ ու լայն, ճերմակ ժպիտ ուներ։ Մի անգամ հավ էր մորթել ու թեև մենք այն շատ երկար կերանք բավականին կոշտ լինելու պատճառով, այդ օրը հավի ու մեր վիճակի շուրջ ծիծաղկոտ խոսակցությունները հիշվեցին իմ մանկական ուղեղում որպես միշտ դեպի Վարդենիկ ինձ կանչող ամենաջերմ հուշերից մեկը, որում այդքան սեր ու պարզություն կար։ Ու երևի հարազատություն։ Հարազատությունն է, որ բերում է Վարդենիկ ու Վարդենիկը բերում մեր մեջ։

 

***

Չգիտեմ ինչու՝ մենք երբեք մեզ վարդենիկցի չհամարեցինք ու մեր ինքնության անունը դրանով չկնքեցինք։ Պապիկիս ընտանիքը քիչ ժամանակ էր անցկացրել այնտեղ և տեղացի չէր, իսկ հայրս միայն ամառային արձակուրդներին էր այցելել։ Ինչպե՛ս էին նրա աչքերը փայլում, երբ մեկն ասում էր՝ «Վարդենի՛կ», իմը՝ նույնպես։

Եվ իրոք չգիտեմ ինչու՝ մենք երբեք մեզ վարդենիկցի չհամարեցինք։ Եվ դա երբեք չէր նշանակում, թե չենք սիրում այն։ Ավելին՝ երբեմն այն միակ հարազատ բանն էր, որ ունեինք այս անիրավ աշխարհում։ Վարդենիկն ու իր հարազատությունը, որը բերում էր մեզ Վարդենիկ և Վարդենիկը բերում մեր մեջ։ Վարդենիկը, ուր պապիկս դպրոց էր գնացել ու Վադենիկը, որտեղ մեր բեռնախցիկը լցվում էր կարտոֆիլի պարկերով ու ավելուկի հյուսքերով, իսկ ես ու մաման, ինչպես տիպիկ «քաղաքի աղջիկներ» երբեք չկերանք ոչ մի գրամ ավելուկ։ Վարդենիկը, ուր չկային վարդեր, և ուր այնքան ուշ էր հասնում բալն ու տանձը, ուր հասնում էր բարակ, բայց քաղցրագույն գազար։ Վարդենիկը, ուր առաջին անգամ իմացա ինչ բան է սրբատեղին, երբ հորս հետ ու աղմկոտ ամբոխների ուղեկցությամբ բարձրացանք Իշխանավանք, որն իրականում չորս պատ էր՝ պատված հալված մոմերի կտորներով սրբապատկերներով։ Եվ ի վերջո՝ Վարդենիկը, ուր հասցրել էր թաղվել պապիս մայր Օսկոն, Հապետ հորեղբայրն իր զույգ եղբայրների հետ։ Այնտեղից բացակա էր միայն Պետրոս մեծ պապս, ում 1937-ին տարել էին անհայտ ուղղությամբ ու այդպես էլ ոչ ոք չիմացավ՝ որ ձորում ամփոփվեց սասունցի Պետրոսը։

«Նորից նրա հետ»․ այսպես էի վերնագրել Վարդենիկի մասին առաջին ու միակ գրվածքս ուղիղ 17 տարի առաջ «Արևածաղիկի» էջերում։ Ժաննան ասել էր՝ «Ոնց որ սիրածիդ մասին գրած լինես»։ Բայց այդպես էլ կար։ Որովհետև Վարդենիկը, ուր չկային վարդեր ու ուր մեզ սովորեցրել են «սիրտը լեն պախել», միմիայն սիրո մասին էր ու է։ Ո՛նց էին հավանել բոլորը այդ գրածս, Նշանն ու ընկեր Նունեն ի՛նչ ուրախությամբ էին կարդացել։ Մտածում էի՝ տեսնես ինչո՞ւ․․․ Գրվածք է էլի․․․

Որովհետև այդ անշուք կարտոֆիլի դաշտերում, տեր Աստված, որքա՛ն հարազատություն կար։

Տեսնես ո՞ւր թաղեցին սասունցի Պետրոսին․․․ Տեսնես ինչո՞ւ մենք մեզ այդպես էլ վարդենիկցի չհամարեցինք․․․

 

Սոֆյա Հակոբյան