Վարդեն

Երեք անուն ունի Արխունդը, ինչպես գրեթե բոլոր գյուղերը Սասունում։ Հայերեն՝ Արխունդ, քրդերեն՝ Հերենդ, թուրքերեն՝ Աջար։

Բերմից ներքև, Մարաթուկից էլ ահագին հարավ-արևմուտք է ընկած, թեև ինքը՝ Մարաթուկը շատ ուշագրավ է ծիկրակում այստեղից։

Ոչ մի առանձնահատուկ բան չունեն իրենց մեջ Սասունի՝ Արխունդին բաժին հասած լեռները։ Այստեղ Սասունի հարավից փչող տոթն ու արդեն հունիսից դեղնող մերկ բարձունքները, հեռվից նշմարվող Բաթմանի նոր ջրամբարն ու ամենուր իշխող ինձ անծանոթ քրդերենը հուշում են, որ ահագին «ներքև» ենք իջել։ Մարաթուկի քարքարոտ փեշերն ու Սասունի արաբերենը, էլ ավելի վեր՝ Սասնո Շատախի ընկուզաշատ անտառներն ու Անդոկի ճերմակ, զառամյալ գլուխը մնացել են թիկունքում։

Արխունդն ուրիշ աշխարհ է։ Այստեղ ոչ ոք ոչ ոքի չի վստահում։

Նույնիսկ, եթե ժպտում են առաջին հայացքից շատ անկեղծ, նույնիսկ, եթե թվացյալ հոգ են տանում իրար մասին, նույնիսկ, եթե թվում է, թե ոչ ոք ոչ ոքի հետ խնդիր չունի։

Միայն տարիների, դեպքերի ու դեմքերի «կուտակման» արդյունքում ես հասկանում՝ այս հողերում բոլորը բոլորի հետ խնդիր ունեն։

Տոթ է։ Տոթ է Արխունդում։

 

***

Վարդեն արխունդցի չէր։ Ինչպես շատ կանայք այդ ժամանակ՝ «հյուր» էր կամ՝ «ուրիշ տեղից եկած»։ Շատերն էին այդ ժամանակ Արխունդ գալիս։ Լեռները պահում էին, մարդիկ՝ նույնպես։ Հետո մարդիկ հոգնեցին, իսկ լեռները բաց թողեցին նրանց։ Լեռները էդպիսի բնավորություն ունեն։ Զգում են ու բաց թողնում, երբ հասկանում են, որ «ալ չես կռնա», ինչպես Սարոյանի տատն էր ասել։ Եվ լեռները միշտ սա մեզանից շուտ են հասկանում։

Հետագայում մենք սովորաբար դարեր շարունակ հարցերի պատասխաններ ենք փնտրում, մեր բարկության հեղեղները բաց թողնում կամ զսպում, անիծում կամ հաշտվում, բայց այդպես էլ գլխի չենք ընկնում՝ լեռները որոշել էին, մեզանից շուտ ու մեզանից լավ։

Ինչևէ։

Չորս աղբյուր ուներ Արխունդը։ Ասել է թե՝ լուրջ գյուղ էր։

Պատմական, սիրուն շինված, տեղը տեղին աղբյուրներ։ Երբեմնի խոշոր գյուղի տարբեր թաղամասերը խտանում էին այդ աղբյուրների շուրջ, ինչպես ամեն իրեն հարգող հայկական օջախապետություն։

Վարդեն «փերիշան» էր, այսինքն՝ ողորմելի վիճակում էր, երբ անցավ մահվան ճանապարհն ու հասավ Արխունդ։ Ինչ-որ մեկը հոգ տարավ նրա մասին, տուն ու տանիք դարձավ։ Արխունդում հայերը շատ էին։ Այն ժամանակ «շատը» նշանակում էր՝ դեռ կային, չէին մեռել։ Լեռները պահում էին։ Մարդիկ՝ նույնպես։

Հետո հոգնեցին․․․

 

***

«88 հոգանոց նախկին քրիստոնյա գյուղի ժողովուրդը, որից 48-ը երեխա և 40-ը կին ու տղամարդ, հետևելով նոր կրոնի ավանդույթներին, մեկդարյա հնության եկեղեցին վերափոխեցին մզկիթի»։

«Հյուրիյեթ, 1964թ»։

 

***

Գրեթե երկու տասնյակ տարի էր անցել այն օրից, երբ Վարդեենց հարևան Գասպարը խենթացավ։ Այսինքն՝ այդպես էին ասում։ Իրականում՝ ուղղակի արդարության մոլուցքը քայքայել էր մարդուն, դե հիմա՝ ինչ անենք, ո՞ր մեկս հիվանդ չենք։

Ասում էին՝ գյուղի քրդերին մզկիթն էր լցրել զենքի ուժով ու բղավել՝ «Մեզ չթողեցի՛ք վայելել մեր եկեղեցին, ապա ինչու նամազներդ չեք անում, արագացրե՛ք, հայդե՛»․․․

Փոքրիկ Միսակն իր սովորության համաձայն ծանր երկաթե դարպասի հետևի սառը քարին դիրքավորված սասունյան նշանավոր քաղցրի՝ շարանի վերջին թելն էր կրծում, դանդաղ ու այնքան մեծ հաճույքով, կարծես բելգիական շոկոլադ է ընկել ձեռքը։

Ընկույզով ու խաղողի օշարակով շարանը, որը պապիկը Բերմից, Միսակի մայրական գյուղից էր բերել, պետք էր, իհարկե, որքան հնարավոր է երկար ուտել, որովհետև դա էր միակ առիթը Միսակին այդ անծանոթ ու խորհրդավոր լեզվով խոսող իր երկու պապի խոսակցությանը դարպասի այս կողմից ականջալուր լինելու։ Հետո ի՞նչ, որ բան չէր հասկանում։

Միսակի բախտը բերել էր՝ 1960-ականների անիծյալ իրադարձություններից հետո էր ծնվել ու չէր տեսել այն ամենը, ինչի մասին երկու պապիկները միայն դարպասներից ներս, երեխաներին շարանով շեղելուց հետո են կարողանում խոսել։

Մյուս կողմից՝ Միսակի բախտն այդքան էլ չէր բերել․ «դարպասից ներս» լեզուն իրեն այլևս հայտնի չէր։ Այնպես, ինչպես 1964-ից հետո ծնված բոլոր արխունդցիներին։

․․․«Հետո Պոլսի Կարագյոզյան վարժարանի պատերից ներս գտա ինձ։ Գումգափուում շատ գեղեցիկ խմբակային կնունքի արարողություն կազմակերպեցին մեզ համար։ Ես այդ ժամանակ իմացա՝ ով եմ, ու եթե գյուղից դուրս չգայինք՝ գուցե երբեք էլ չիմանայի։

Չէի իմանա, որ մեր եկեղեցին բռնությամբ են մզկիթ դարձրել, չէի իմանա, որ մերոնք զինված դիմադրություն են ցույց տվել ու զոհեր տվել։ Մարդիկ մի օր հոգնեցին, ասացին՝ մենք իրար գիտենք, այդպես էլ կմնանք, թող հիմա անձնագրերում «իսլամ» գրեն՝ գոհանան, համբերությունը կյանք է։

Հետո եկավ քրդական շարժումը, ու մենք այլոց համար զենք վերցնել չուզեցինք։ Եկանք Պոլիս։ Այդպես նոր ավերն ու ունեզրկումը ինձ բերեց ու ձեռքս տվեց իմ ինքնությունը, սա էլ թող նրանց դարդ լինի»։

Այդպես էլ մնաց Արխունդը քչփչոցի, արյան հոտի ու Միսակի քաղցր շարանի գյուղը։

Իսկ մենք այդպես էլ գլխի չենք ընկնում՝ լեռները որոշել էին, մեզանից շուտ ու մեզանից լավ։

 

***

Վարդեն «փերիշան» էր, Վարդեն արխունդցի չէր։

Հիմա Հերենդ ու Աջար դարձած Արխունդի գերեզմանատանը նրա անունը միակն է, որ հիշեցնում է այլևս գրեթե չհիշվող, ողորմելի օրերի մասին, որոնց մասին ոչ ոք հիշել չի ուզում։ Խոտերի մեջ թաղված, մարմարե ճերմակ ու համեստ շիրմաքարի վրայի լատինատառ «Վարդեն»։

Միսակի՝ սառը քարին քաղցր սուջուխ կրծելուց ևս երկու-երեք տասնամյակ էր անցել ու ամբողջ այդ մեծ, «լուրջ» գյուղում այդ հոգնեցուցիչ անցյալից միայն մի բառ էր մնացել սառը մի քարի վրա՝ «Վարդե»։

Միայն Բաթմանի ջրամբարի լույսերն են նշմարվում տոթ գիշերվա մթության մեջ՝ Միսակենց տան կտուրից։

Բոլորից հեռու ու բոլորից հոգնած մի տուն ու մեռելային լռություն՝ գյուղի ծայրին թառած։

Սա, իհարկե, բոլորովին այլ տուն է․ չունի ծանր երկաթե դարպաս, չունի վրան շարան լիզելու քար, ու գուցե նրա համար, որ «դարպասից այն կողմ» խոսելու լեզու ու գաղտնիք չի մնացել։

Չգիտեմ՝ գյուղից հեռացած ու ինքնությունը ընտրած հայերի՝ Արխունդը սեփականաշնորհած նոր գյուղացիների հետ դատական գործերը որ փուլին հասան, բայց այս տունը բոլորովին նոր է, բոլորից անջատ։

Ու չնայած այս տանը չկան տիպիկ սասունյան տարածաշինության հայտնի էլեմենտները՝ կավն ու գերանդին, միևնույնն է՝ այս տունը շատ սասունյան է։ Այն ունի սասունցիական բոլոր պատմությունների ամենակարևոր կետը՝ խռովքը։ Աշխարհից մեկուսանալու, ու չնայած սարսափելի հոգնածությանը՝ արդարության փնտրտուքի այդ քայքայիչ զգացումից չհրաժարվելու պատմությունը։

Երբ լույսը բացվի՝ այս կտուրից կերևա նաև Մարաթուկը և իր խոժոռ հայացքով ոմանց կպատմի՝ ճակատագրի հազար ու մի հեգնանքի, և այն մասին, թե ոնց չեն հանդուրժում լեռները մեծամտությունը, ինչպես նաև այն մասին, որ բոլորն իրավունք ունեն մարդկայնորեն հոգնելու։

Եվ երկնքից երեք խնձոր կընկի․․․

Ոմանք՝ կհասկանան, ոմանք՝ կգնան իրենց փոխարեն գործող նոր հերոսներ փնտրելու, ոմանք էլի կամաչեն ասել՝ հոգնել եմ։

Իսկ տատս կասեր՝ «Յա Մարաթուկ» ու կվստահեր․․․ Իր լեռներին։

Թեկուզ՝ հեռվից։

 

Սոֆյա Հակոբյան