Վանա կղզիներ՝ հայոց դիմադրության ամրոցները

Կարսը, Բայազետն ու Բերկրին թիկունքում թողնելով դեպի Վան սլանալիս՝ երազանքի ճանապարհին առաջինը հենց Լիմ կղզին է բացում երկրային դրախտի՝ Վանի դարպասները։

Հենց Վանի չորս կղզիներն են եղել վանեցիների ու նրանց լեգենդար դիմադրությունների անառիկ «ամրոցները»․ 1915-16 թվականներին ավելի քան 12 000 հայ կանայք ու երեխաներ ապաստանել են Լիմ կղզում։ Դեպի կղզի 3 օր տևած անցումը հսկել են հայ ֆիդայական ջոկատները։

Լիմն իր տարածքով Վանա լճի կղզիներից ամենամեծն է։ Բզնունյաց ծովի հյուսիս-արևելքում բազմած՝ Լիմը հյուրընկալում է հիմնականում Վանա լճի աղմկոտ ճայերին, իսկ այստեղ այցելած զբոսաշրջիկներին կարելի է մատների վրա հաշվել:

Ըստ ավանդության՝ այստեղ էլ առաջին սրբատեղին դեռևս 4-րդ դարում հիմնադրել է Գրիգոր Լուսավորիչը, թեև վանքի հիմնադրման վերաբերյալ ստույգ և մանրամասն տվյալները, ցավոք, սակավ են։ Հայտնի է միայն, որ 14-րդ դարում կղզում արդեն գործում էր երեք եկեղեցի՝ Սուրբ Աստվածածին, Սուրբ Կարապետ, Սուրբ Գևորգ։ Այսօր կղզու վրա սփռված ավերակները պատկանում են Սուրբ Գևորգ եկեղեցուն՝ կառուցված 1305 թվականին և վերջին անգամ վերակառուցված 17 և 18-րդ դարերում։

Լիմի անապատն իր ծաղկման գագաթնակետին է հասել 17-րդ դարում, երբ Սյունյաց Մեծ անապատից այստեղ է տեղափոխվում Ներսես Մոկացի վարդապետն իր աշակերտներով և այստեղ բարձրագույն դպրոց հիմնադրում, որը գոյատևել է ընդհուպ մինչև 19-րդ դար։

Լիմից հետո մեծությամբ երկրորդը, իսկ գեղեցկությամբ անվիճելիորեն առաջինը՝ Վանա Կտուց կղզին, թերևս, վանեցիների հայտնի «երկնքում դրախտ, երկրի վրա Վան» խոսքի մարմնավորումն է մահկանացուներիս համար։

Ժամանակին թերակղզի, իսկ այժմ կղզի դարձած Կտուցը Սիփանի հայացքի ներքո կոչված է շնչասպառ անել բոլորին, որոնք ունակ են գոնե ժամանակավորապես մոռացության մատնել Վանը որպես վայր, երևույթ ու հիշողություն մեր կյանքում։

Կղզու վրա պահպանված Սուրբ Հովհաննես-Կարապետ վանքն իր քիչ թե շատ անհասանելի դիրքի շնորհիվ մնում է համեմատաբար քիչ վնասված․ նավամատույց չունեցող ու զբոսաշրջային ծրագրերից դուրս մնացած Կտուցը ժամանակ առ ժամանակ ընդունում է միայն «ընտրյալ» գանձագողերին՝ իրենց անձնական նավակներով։

 

***

Ասում են՝ երբ Նոյի տապանը հասնում է Արտոս լեռանը՝ նահապետն արտասվում է, ինչից հետո լեռը կոչվել է Արտոս։ Արևելյան Տավրոսի «եղջյուրը»՝ հրաշագեղ Արտոսը Վանա լճի հետ, թերևս, ամենաանկրկնելի զուգերգի հերոսն է՝ Վանա ծովի կողքին իր հրաշագեղ տեսարանով կերտելով հավերժական կարոտի ու գեղեցկագույն խորհրդավորության ամենաերջանիկ պատկերը։

Արտոսի լանջերին է գտնվում նաև Չարահան Սուրբ Նշան վանքը, որտեղ, ըստ ավանդազրույցի, ամփոփված են Եղիշե մատենագրի մասունքները։ Ավանդության համաձայն՝ Եղիշեն Արտոս լեռան վրա ճգնելիս վախճանվում է, տեղի հովիվները նրա մարմինը թաղում են հենց այստեղ, իսկ գլուխը տանում Մոկս՝ Սուրբ Զորավանք։

Հենց Արտոսն է Վանա լճի հարավային ափից ճանապարհում դեպի Աղթամար շարժվող ուխտավորներին։ Հարավում ալեհեր Արտոսը, արևմուտքից Արևելյան Տավրոսի՝ դարերի մեջ հոգնած, բայց անկրկնելի մնացած լեռնագագաթները, առջևում՝ Աղթամարը, արևելքում՝ պատմական Արտամետն ու թոհուբոհի մեջ կորած ու հազիվ նշմարվող Վան քաղաքը։ Նավարկելով անցյալի, ներկայի ու ապագայի միջև, հպվելով հազարամյակների շնչին, ընկղմվելով հիշողության ու երևակայության միջև մի անորոշ, բայց շատ իրական կետում, չափազանց դժվար է գիտակցել, որ գնում ես դեպի երազանքը, դեպի հավերժը, դեպի Աղթամարը։

Աղթամարը բնակելի է եղել անհիշելի ժամանակներից։ Այստեղ ժամանակին նույնիսկ կիկլոպյան կառույցների հետքեր են գտնվել, որոնք նախաուրարտական շրջանին են վերագրվում։ 7-րդ դարում Աղթամարը կարևոր հենակետ է եղել Թեոդորոս Ռշտունու համար՝ արաբական նվաճումների դեմ մղված պայքարում։ Իսկ ահա 10-րդ դարում Գագիկ Արծրունին այն դարձնում է Վասպուրականի թագավորության կենտրոն, ավելի ուշ՝ 12-րդ դարում Աղթամարը նաև կաթողիկոսանիստ է դառնում։   

Իհարկե, Գագիկ թագավորն Աղթամարն իր թագավորության կենտրոն է ընտրում հենց անառիկությունը նկատի ունենալով՝ արաբների հնարավոր հարձակումներից պաշտպանվելու համար։ Աղթամարը նվաճելու համար պետք էր Վանա լիճը շրջապատել բոլոր կողմերից, ինչն անհնար է, և բնավ զարմանալի չէ, որ պատմության ընթացքում ոչ ոք անգամ փորձ չի արել հարձակվել Վասպուրականի այս քաղաքական ու կրոնական կարևոր կենտրոնի վրա։

Թեև այսօր Վանա լճի մեծությամբ երրորդ այս կղզին հիշատակվում է միայն այստեղ կանգուն մնացած ու վերանորոգված Սուրբ Խաչ եկեղեցով, սակայն ժամանակին Աղթամարը եղել է մի ամբողջ քաղաք։ Կղզին ունեցել է հատուկ նավահանգիստ, թագավորական պալատ, զինանոցներ, որոնք ջրի մակարդակի բարձրացման պատճառով անցել են ջրի տակ։ Ըստ 14-16 դարերում այստեղ այցելած եվրոպացի ճանապարհորդների՝ Աղթամարը քաղաք էր, որն ուներ ավելի քան 600 տուն հայ բնակչություն։ Յուրահատուկ այս «քաղաքն» այդ ճանապարհորդներն իրենց հուշերում անվանել են «Արմենիկ»։ Հայ մշակույթի, գրչության, մանրանկարչության խոշոր կենտրոն եղած Աղթամարում ստեղծված միայն 90 ձեռագիր է այսօր ներկայացված Մատենադարանում, որոնք փրկված ժառանգության շատ փոքր մասն են միայն։  

Աղթամարի զարդը՝ Սուրբ Խաչը, ոչ միայն հայկական, այլև համաշխարհային ճարտարապետության գլուխգործոցն է. կանգուն է 10-րդ դարի սկզբից։ Անցյալ տարի իր 1100-ամյակը բոլորած աղթամարյան այս հրաշալիքը կառուցվել է 915-921 թվականներին՝ ճարտարապետ և քանդակագործ Մանուելի ձեռքով և Գագիկ Արծրունու հովանավորությամբ։ Եկեղեցին`հատակագծային և ծավալատարածական հորինվածքով դասվում է կենտրոնագմբեթ, խաչաձև հիմքով եկեղեցիների շարքին, այդուհանդերձ, այն հայկական ճարտարապետության մեջ սկզբունքորեն նոր երևույթների մի բացառիկ արտացոլում էր՝ շնորհիվ բոլոր պատերին տեղ գտած բազմաթիվ ու բազմաբովանդակ պատկերաքանդակների: Դրանք խմբավորված են ըստ բովանդակության՝ կրոնական, աշխարհիկ, պատմական, դիցաբանական և այլն։ Ներսում, բոլոր պատերին՝ ներառյալ գմբեթը, տեղ են գտել հրաշագեղ որմնանկարներ. հետաքրքիր են հատկապես ավագ խորանի հատվածի որմնանկարները, որտեղ պատկերված են Երուսաղեմ մտնող Քրիստոսն ու նրան դիմավորողները։

Այսօր Աղթամարը հյուրընկալում է ոչ միայն հայ, այլև Թուրքիայում բնակվող բազմաթիվ ազգերի ներկայացուցիչ հյուրերի, ինչպես նաև զբոսաշրջիկների տպավորիչ մեծ հոսքեր է ընդունում հարևան Իրանից։ Ինչ արած. նրանց համար Սուրբ Խաչի կողքին տարածվող 13-րդ դարի բացառիկ խաչքարերով գերեզմանատունը ոչ թե պատմության թանկ ու խոսուն վկան է, այլ խնջույքի հարմարավետ վայր․․․

Ծովի մակարդակից շուրջ 1900 մետր բարձրությամբ Բարձր քարը՝ Աղթամարի ամենաբարձր կետը, թերևս, միակ վայրն է, որտեղ կարելի է վայելել Աղթամարն ու Հայոց Տավրոսն իր անբիծ պատկերների ու կատարյալ լռության մեջ։ Մինչև թուրք ժանդարմները կնկատեն «արգելված» բարձունքը հասնող հանդուգն հայ «զբոսաշրջիկին»՝ մի քանի րոպեն միանգամայն բավարար է աչքերում, մտքում ու հոգու ամենախորքում արձանագրելու կյանքիդ ամենատպավորիչ ու հոգեցունց պատկերներից մեկը․ Սիփանը, Արտոսը, Հայկական Տավրոսը, Նեմրութն ու դրանց գրկում մխրճված փիրուզագույն Վանա լիճը և անմիջապես կողքիդ, ճայերի պտույտների տակ «ծիկրակող» Առտերը՝ Վանի ամենափոքրիկ, Նարեկացու սիրելի կղզին։ Նման պահերին է, որ գիտակցությունդ ջնջում է բոլոր երկյուղներն ու կասկածները, անցյալից մնացած խռովքներն ու ապագայի հանդեպ վախերը։ Որովհետև Աղթամարի բարձունքից մնացած ամեն ինչ շատ, շատ փոքր ու աննշան է։

 

***

Վան քաղաքից դեպի հարավ-արևելք՝ Վարագ լեռան լանջերով դեպի վեր ձգվող ոլորապտույտ ասֆալտե ճանապարհը տանում է մի վայր, առանց որի անհնար ու անարդար է լքել սիրելի Վանը։ Վարագ լեռան «ճրագը», լեռան ստորոտին գտնվող Վարագավանքը ավելին է, քան կորուսյալ երկրի մի ավերակ։

Հայերն իրենց կաթողիկոսներից միայն մեկին են կոչել «Հայրիկ»։ Մկրտիչ Ա Վանեցին, նույն ինքը՝ Մկրտիչ Խրիմյանը Վարագավանքի վանահայրն էր 19-րդ դարում։ Նա այստեղ հիմնել է նաև դպրոց, հսկա գրադարան ու տպարան։ Այս դպրոցում առաջին անգամ բացառվել են տերթոդիկյան մեթոդները, այստեղ դասավանդել են Րաֆֆին ու Գարեգին Սրվանձտյանը։

Ըստ ավանդության Վարագավանքը հիմնվել է Քրիստոսի խաչափայտի մասունքների վրա, որոնք Հռիփսիմյանց կույսերը Հռոմից իրենց հետ էին բերել ու Վարագ լեռան ստորոտին թաքցրել դեպի Վաղարշապատ փախուստի ճանապարհին։ 7-րդ դարում Ներսես Տայեցի կաթողիկոսն այստեղ հիմնում է եկեղեցի, որն ավելի ուշ՝ 10-րդ դարում մեծ վանական համալիրի են վերածում Գագիկ թագավորն ու նրա դուստրը։ Ժամանակի ընթացքում ընդլայնված ու յոթ հիմնական շինություն ունեցած Վարագավանքը տեղի թուրքերն ու քրդերը մինչ օրս կոչում են «Յեդի քիլիսե», թարգմանաբար՝ «Յոթ եկեղեցի»։

Ինչպես Արևմտյան Հայաստանի գավառներում մինչև օրս վերջին շնչով լուռ դիմադրող վանքերից շատերը, Վարագավանքը նույնպես դարձել է տեղի բնակիչներից մեկի մասնավոր սեփականությունը, սակայն, ի տարբերություն իր բազմաթիվ բախտակիցների, մեկ հարցում Վարագավաքի «բախտը բերել է»․ վանքի փրկված կիսախարխուլ շինությունները խնամում և պահպանում է նույն գյուղի բնակիչներից Մեհմեդ Չոբանը՝ այս գործը ժառանգելով իր հորից, որը տեղի իմամը լինելով գյուղի քրդերին ժամանակին արգելել է ավերել վանքը։ Այժմ Մեհմեդն, իր հորը տված խոստմանը համաձայն, փորձում է մաքուր պահել Վարագավանքի ներսը, իսկ վերջերս էլ հասցրել էր ցելոֆանով ծածկել գլխավոր եկեղեցու տանիքը՝ շինության համար կործանարար անձրևի վնասը նվազագույնի հասցնելու համար։
Որքան երկարատև ու կայուն է մեհմեդների բարեհոգությունը վարագավանքերի նկատմամբ՝ ցույց կտա ժամանակը։ Ժամանակ, որը տրված է նաև մեզ՝ սահմանից այս կողմ մնացած «վարագավանքերի» ճակատագիրը ինքնուրույն որոշելու և այլոց բարեհոգությանը չթողնելու համար։

 

Սոֆյա Հակոբյան