«Ուզում եմ մորս ոչ թե քրդերեն, այլ մայրենի լեզվով «մայրիկ» ասել։ Շա՞տ բան եմ ուզում»

Նեմրութի ուրիշ առասպելը

Դիարբեքիրի խանձնված ու մերկ դաշտերով, Ուրֆայի հյուրընկալ Սևերեկով ճանապարհը տանում է դեպի առեղծվածների աշխարհ՝ Ադըյամանի Քյահթա։ Տարեկան տասնյակ հազարավոր զբոսաշրջիկներ անցնում են Նեմրութի ստորոտից մինչև գագաթ ձգվող ասֆալտե նորակառույց ճանապարհով՝ տեսնելու Նեմրութի բարձունքում գտնվող փառավոր ու խորհրդավոր «Հին Աստվածների սրբավայրը», սակայն այդպես էլ չբացահայտելով Քյահթայի «ամենաբաց», ամենահոգեցունց գաղտնիքը։ Այդ գաղտնիքը բոլորի աչքի առաջ է, բոլորին մոտ ու բոլորից հեռու։

Այդ նույն ասֆալտե ճանապարհի երկայնքով Նեմրութի լանջերին տարածվող գյուղերն ու դրանց բնակիչներն առաջին հայացքից ոչնչով չեն տարբերվում Թուրքիայի հարավ-արևելքի ամենասովորական գյուղական համայնքներից ու դրանց քրդախոս, արաբախոս, հազվադեպ՝ թուրքախոս բնակիչներից։ Եթե չլիներ Պոլսի Գալֆայան վարժարանից օրիորդ Առլետը, որն ինձ պատմել էր, թե ինչպես են քյահթացի իսլամացած հայերը գաղտնի իրենց աղջիկներին ուղարկում Պոլիս հայերեն սովորելու, թերևս, երբևէ իմ մտքով էլ չանցներ երբեմնի փառավոր Կոմմագենեի թագավորության սրտում՝ Անտիոքոս Երվանդունու կառուցած սրբավայրից մի քանի հարյուր մետր ներքև Ահմեդների շարքում Վահագններ, Գյուլբահարների մեջ Անահիտներ փնտրել։

Ու քանի դեռ հայ ու թուրք զբոսաշրջիկները Նեմրութի գագաթին Անահիտի, Վահագնի ու Արամազդի ավելի քան երկու հազարամյա արձանախմբի մոտ վիճում են, թե արդյոք հայկական, թե՞ հռոմեական ժառանգություն է նեմրության առեղծվածը՝ ես ու ներքևի գյուղից Սարգիսը, որին բոլորն այստեղ Մեմեդ են կոչում, մեկ այլ, «կենդանի» գաղտնիքի կծիկի թելերն ենք փորձում բացել։

Սարգիս

Ես ծնվել եմ Քյահթայի Ն․ գյուղում։ Հորական պապուս հայրը ցեղասպանության ժամանակ մեր գյուղում սպանված առաջին մարդն է։ Հիմա ես նրա անունն եմ կրում, որբացած պապիս անունով էլ մեր ընտանիքին մինչև հիմա գյուղում «Մալա Մարգար» են ասում, «մալա» քրդերեն նշանակում է «տուն»։

Մայրս շատ ավանդապաշտ կին է, իմ այս գիտակցության համար նրան եմ պարտական։ Եթե ինչ-որ բան ընտանիքս կարողացել է պահպանել՝ մորս շնորհքն է։ Նա ամեն կերպ պահպանել է մեր ավանդույթները, ուտելիքները, մեր իրական հայկական անունները։ Շատերին թվում է, թե մենք միայն Հրանտ Դինքի դեպքից հետո սկսեցինք բացվել, խոսել։ Այո, Հրանտ ախպարիկն իր կյանքով ու մահով շրջադարձային կետ դարձավ մեզ համար, բայց ես փոքր ժամանակ էլ դպրոց գնալիս փողոցի երեխաներից հայ լինելուս համար հայհոյանք էի լսում։ Ամեն ինչ այդ ժամանակ է սկսվել, ոչ թե Հրանտի մահից հետո։ Ես փոքր երեխա էի, երբ առաջին անգամ ձեռքս տվեցին հորական պապիցս մնացած միակ հայերեն գիրքը՝  Նոր Կտակարանը։

Այսպիսի մի բան էլ կա․ այս ճնշումներն ու խտրականությունը եթե չլինեին՝ գուցե այսքան ամուր չկապվեի իրական ինքնությանս։ Ես որոշեցի, որ պիտի անեմ այն ամենը, ինչի համար նրանք ինձ վիրավորում են։ Ես այն ժամանակ վզիս կախած խաչ չունեի, բայց նրանք այդ խաչը շապիկիս ետևում պատկերացնելով էին ինձ «գյավուր» ասում։ Շատ լավ, ես ձեռք կբերեմ այդ խաչը։ Նրանք ինձ հայ էին համարում ու փորձում մեկուսացնել, ուրեմն՝ շատ լավ, ես իսկական հայ կդառնամ։

2014 թվականին եմ կնքվել հայկական եկեղեցում. կրոնապաշտ մարդ չեմ, իմ «դարդը» կնունքը չէ՝ ինքնությունս է։ Ինձ համար կնքվելն ու խաչ կրելն ավելի շատ սա է նշանակում․ այն ամենն, ինչ ցեղասպանությամբ փորձել եք պարտադրել ինձ՝ ահա ես մերժում եմ այդ ամենը։ Այն կրոնը, որ փորձեցիք պարտադրել, ապրելակերպը, անունը և այս հարցում խաչը, որը կրում եմ վզիս՝ ամեն ինչ ասում է դիմացինին։ Ուզածս այն է, որ ընտանիքս Զատիկը գաղտնի  չնշի։ Սրա համար է, որ փորձում եմ մեր գյուղում էլ հնարավորինս մարդկանց ցույց տալ այդ ճանապարհը, որ ազատ արտահայտեն իրենց ինքնությունը, իրենց հավատքը։ Երբեմն ասում են՝ պայքարի մեջ ես, պայքար ես մղում։ Ես ոչ մի բան էլ չեմ մղում։ Ես ուզում եմ ես լինել։ Ուզում եմ հայ լինելուս համար չնվաստացվեմ անվերջ։ Ուզում եմ մորս ոչ թե քրդերեն դիմել, այլ մեր մայրենի լեզվով «Մայրիկ» ասել։ Շա՞տ բան եմ ուզում։

«Հայրի՛կ, գյավուրն ի՞նչ է»․․․

Երեք ճանապարհ ունեին հայերը 1915-ին․ կամ սպանվել, կամ բռնագաղթի ենթարկվել, կամ նրանց ուզած «տեսքը» ստանալ։ Քյահթայում էլ այսքան շատ հայերի ֆիզիկական փրկության պատճառներից մեկը ֆեոդալ հասարակարգն էր, այլ կերպ ասած՝ տեղի աղաները մարդկանց ստրկացրել, իրենց հովանու տակ են պահել։

Ընտանիքս մուսուլման չէ, բայց երբեմն հարկադրված են մուսուլմանի պես պահել իրենց։ Իհարկե, այստեղ բոլորը գիտեն ում ով լինելը։ Հայրս փորձել է իր ձևով մեզ պաշտպանել, վտանգից հեռու պահել։ Օրինակ՝ գալիս էի տուն, ասում էի. «Հայրի՛կ, ինձ գյավուր են ասել դրսում, գյավուրը ի՞նչ է»։ Պատասխանը լինում էր․ «Հացդ կեր, շատ մի խոսիր»։ Բայց մայրս ամեն ինչ պատմում էր մեզ։ «Դուք այս եք, ձեր իրական անունն այս է»․․․ Իհարկե, վերջում միշտ հավելում էր․ «Բայց դրսում զգույշ կլինեք»։

Մայրս մինչև հիմա խմոր անելիս վերջում վրան խաչ է անում։ Նրա՝ ինքնության արտահայտման այս ձևը շատ էր դուրս գալիս։ Մեր բառապաշարում նաև պահպանված հայերեն բառեր կան, որոնց մասին հետո եմ իմացել, որ հայերեն է։ Օրինակ՝ ասում են «խենթիկ», կոշկակարին ասում են՝ «գոշգար» և այլն։ Բայց մեր գյուղերում լեզուն, ցավոք, կորել է, քրդերեն են խոսում հիմնականում։

Իմ ընտանիքում Ռամադանի պահքը չեն պահում, թեև մեր ազգականների մեջ նույնիսկ իմամ դարձած մարդ կա։ Բայց այսպիսի մի բան էլ կա․ պահքն էլ պահես, իմամ էլ դառնաս՝ իրենց համար դու տարբեր ես։ Այդ իմամի հետ կապված մի միջադեպ կա. մի անգամ ժողովուրդը մզկիթում հրաժարվել է նրա առաջնորդությամբ նամազ անել, թողել ,ցուցադրաբար դուրս են եկել մզկիթից։ Գիտեն, որ հայ է։ Այդպիսի բաներ էլ կան։ Գալիս ես մեծ քաղաք, որտեղ ոչ ոք քեզ չի ճանաչում, թվում է, թե հանգիստ պիտի լինես, բայց մեկի հետ սեղան ես նստում, խոսքի մեջ հայ լինելդ իմանում են, վերջ, սկսվում է․ «Վայ, բա ինչու ամենասկզբից չէիր ասում»։ Կներեք, դուք մարդու հետ ծանոթանալիս ասո՞ւմ եք՝ «Բարև, ես այսինչն եմ, թուրք եմ, քուրդ եմ»․․․

Թթված մածունը․․․

Սահմաններ գծողներն ովքե՞ր են։ Սահմանի այս ու այն կողմում եղած մարդիկ ովքե՞ր են։ Ինչ-որ մեկն ինչ-որ գծեր է քաշել, բայց այդ սահմանի տարբեր կողմերում մնացած մենք նույնը չե՞նք։ Այս մարդիկ մեզ իրարից բաժանելու համար ձեռքներից եկած ամեն բան անում են, լավ, բայց մենք, մենք ինչո՞ւ ենք իրար զատում այսքան։ Սա քրդացել է, սա մուսուլմանացել է, սա այս է, սա այն է։ Իսկ ի՞նձ հարցրե՞լ եք, թե ես ով եմ։ Տես, ես չեմ խոսում նրանց մասին, ովքեր իրենց կամքով են կրոնափոխ եղել, իրենց ես էլ չեմ սիրում, բայց իր իսկ ոտքով քո դուռը եկածին ինչո՞ւ ես հետ հրում։

Հայի կամ ասորու ինչ-որ մի ինքնություն են գծել, հայն այսպիսին պիտի լինի, այնպիսին պիտի լինի։ Իմ դիմաց այդ սահմանները մի գծեք։ Ստամբուլի քրիստոնյա համայնքից որոշ մարդիկ գիտե՞ս ինչպես են մեզ նայում։ Թթված մածուն ես քեզ զգում, այսինքն՝ հայ ես, բայց փչացել ես։ Սա է այնտեղ իմ հանդեպ վերաբերմունքը։ Ես էլ ասում եմ՝ դուք Ստամբուլում 17 հայկական դպրոց ունեք, ինչո՞ւ են ձեր երեխաները թուրքերեն խոսում։ Բայց ես պայմանների իսպառ բացակայության պարագայում դեռ այս գիտակցությունը պահում եմ։

«Եթե նորից հայերին սպանելու հրաման լինի՝ առաջինը դու ես»․․․

Շատ-շատ եմ սիրում Հայաստանը, արդեն երեք անգամ հասցրել եմ գալ։ Աշխարհի ոչ մի կետում այդ ջերմությունը, այդ կարոտը, այդ անկեղծությունը չեմ զգացել։ Ստամբուլի հայ համայնքի պես մեզ այլ աչքով չեն նայում, ավելի ջերմ են։ Հայաստանում ասում ես Արևմտյան Հայաստանից եմ եկել՝ չեմ կարող բացատրել, թե ինչպես են քեզ նայում, ինչպես են ողջագուրվում։ Լրիվ անծանոթ մարդիկ․․․ Անհավատալի է։ Ողջագուրվելիս զգում եմ նրանց կարոտն այս հողերի հանդեպ։

Շատ մեծ ցավ եմ զգում Արցախի համար, ինձ ոչ մի կերպ այդ ամենից առանձնացնել չեմ կարող։ Ոչ մի բանից չեմ կարողանում ուրախանալ, չեմ կարողանում ապրել նախկին, սովորական առօրյայով․․․ Այս կողմերում ժողովուրդը հայերին ավելի ջերմ է վերաբերվում, բայց նույնիսկ այստեղ ատելությունն ու անհանդուրժողականությունն իրեն զգացնել տվեց։ Շատ դժվար էր, շատ։ Հայաստանից ազգականներիցս մեկի երեխան ռազմաճակատում զոհվեց, տղայի նկարով կիսվել էի, անգամ այդ ժամանակ մարդիկ եղան, որ ասացին․ «Հասկանո՞ւմ ես, թե ինչ ես անում»։ Նման մի հրապարակումն անգամ որակում էին որպես մեծ համարձակություն, շատերը վրաս հարձակվեցին։ Չեմ հասկանում սա ինչ ատելություն է, մենք այս ի՞նչ չհանդուրժվող ազգ ենք, այստեղ արդեն մի բուռ ենք մնացել, հիմա էլ Հայաստանի վրա են աչք դրել․․․

Սա մեծամասամբ քրդերով բնակեցված շրջան է։ Երբ թուրքերը նրանց ճնշում են՝ մենք աջակցում ենք, նրանց կողքին ենք լինում։ Բայց երբ հայերի հետ այս դժբախտությունը պատահեց՝ ոչ մի քուրդ կես բառ խոսք չասաց։ Ինչո՞ւ։ Ես միշտ ձեր կողքին եմ եղել, ձեր ցավը կիսել եմ, ձեր խնդիրների համար ձայնս եմ բարձրացրել։ Մի քուրդ մտավորական են ձերբակալում՝ սոցցանցում քանի էջ քննադատություն եմ գրում։ Իսկ դո՞ւք․․․

Միշտ գալիս են, ուրախ-ուրախ ասում են՝ «Տատիկս հայ է»։ Ասում եմ՝ ինձ նման բաներ մի ասեք։ Դա որպես դրական երևո՞ւյթ ես ինձ պատմում։ Բայց եթե տատդ հայ է՝ պապիկիդ անցյալն այնքան էլ մաքուր չէ։ Կնոջը, շատ կներես, ապրանքի պես վերցրել, սեփականացրել եք։ Սա է իրականությունը։ Ասում եք, թե պաշտպանության տակ եք առել, էդպես ամուսնացել են։ Իսկ հայերին պատկանող ունեցվածքն է՞լ եք պաշտպանելու նպատակով վերցրել։

Ցեղասպանության ժամանակ մուսուլման հոգևորականները քարոզել են, թե 7 հայ սպանողը դրախտ կգնա, սա բոլորը գիտեն։ Հիմա նույնիսկ կատակի թեմա են դարձնում։ Անգամ ոմանք, իբր կատակով, երեսիս ասում են․ «Մեզ չվստահես, վաղը եթե 1915-ի պես հրաման լինի՝ էդ 7-ից առաջինը դու ես, 6-ին էլ մի ձև կգտնենք»։ 

 

Սոֆյա Հակոբյան