Ուռա՜, Յուրա

Հունիսն ու սեպտեմբերն ամենասպասված ամիսներն էին: Յուրան լավ փող էր աշխատում, քաղաքն էլ ամուսնանում էր. ոմանք՝ սիրով: Բոլոր հարսանյաց սրահներում հնչում էր Յուրայի՝ աղբյուրի պես զուլալ ձայնը, նույնիսկ դեպքեր էին լինում, երբ մարդիկ՝ չնայած գարնանային սիրատոչոր զարթոնքին ու ձմռանը չմսրելու սիրակարոտ ահին, մի քանի օրով հետաձգում էին իրենց հարսանիքները, որ հենց Յուրան երգի: Հարսանիքների համար անթույլատրելի մայիսին ծնունդ-կնունքներին էր երգում, բայց դե հարսանիքի շաբաշն ուրիշ է: Մի վերնաշապիկ ուներ՝ դիմացի սարի բոլոր ծաղիկները վրան կային: Հենց այդ վերնաշապիկի պես էլ խայտաբղետ երգացանկ ուներ Յուրան՝ սկսած Մասիսի ճերմակած լանջերի ձյունից՝ վերջացրած պարոնայք սպաներով, որոնք, սակայն, գերադասում էին սպիտակ վերնաշապիկները շալվարների տակ խոթել՝ Մուռկայի հնչյունների տակ, քան թե բռնել Մասիս տանող անհաս փառքի ճամփան:
Անձամբ ինքը հարսանիքների վերջում, երբ հյուրերն արդեն սկսում էին աստիճանաբար հեռանալ, իրեն հատկացված սեղանին նստում էր, օղու բաժակը լցնում, ու գլուխը դնում ձախ ափի մեջ՝ հատկապես շեշտելով ամուսնական մատանու բացակայությունը: Հենց նման մի անկեղծ պահի էլ իրեն մոտեցած փեսու մանկության ընկերոջը ասաց ճակատագիր-նախադասությունը.
-Ես ձախորդ մարդ եմ, ախպե՛ր:
-Սենց ձեն ունեցողը ո՞նց կարա ձախորդ լինի, Յուրի՛կ,-զարմացել էր փեսու ընկերը:
-Հըլը նայի՝ հարսն ինչ սիրուն ա: Աշխարհի ամենասիրունն ա,-ասել էր Յուրան ու մի շնչով դատարկել օղու բաժակը:
Ստույգ չէ, բայց ասում են, որ այդ պահին փեսու ընկերն էլ առաջին անգամ նայել է հարսի կողմն ու հոգու ամենախորքում համաձայնել շատ բան տեսած Յուրայի հետ: Նույնիսկ վերջում ձեռքը գցել է երգչի ուսին ու միասին՝ հարսանյաց դատարկվող սրահում երգել են «Եկ այս գիշեր արթուն մնանք մինչև լույս»-ը:
Մնացին: Ըստ որոշ ականատեսների՝ գնացել էին նորաստեղծ ընտանիքի տան պատուհանի տակ կանգնել ու ամբողջ գիշեր երգել՝ «յոթ օր, յոթ գիշեր» հարսանիքը շարունակելու զուտ ընկերական, ջիգյարով ավանդույթին հավատարիմ լինելու ալիբիով: Ճիշտ է՝ շփոթված փեսեն ժամը մեկ, երբեմն էլ քսան րոպեն մեկ՝ պատուհանը բացում էր՝ ծխելու, բայց նույնիսկ նրա. «Ախպեր հերիք ա, թողեք քնենք»-ը չէր ստիպում Յուրային ու ընկերոջը հեռանալ աշխարհի ամենասիրուն հարսի պատուհանի տակից:
Յուրիի ձախորդությունները շարունակվում էին բոլոր հարսանյաց սրահներում: Արդեն 30-ն անց, երկու սպիտակ մազով մորուք պահող տղամարդը հատկապես գարնանային հարսանիքներին երկար-երկար նայում էր հարսների կողմն ու դատարկում օղու բաժակները: Մի անգամ նույնիսկ բարձր մտածեց.
-Ով երգի, ով հրեշտակի ծոցը մտնի:
-Յուրիկ ջան, բալա՛, գնա տուն, էլ երգ պետք չի,-կողքով անցել էր նորահայտ սկեսուրը:
Չհաշված հունիսյան, ավելի ճիշտ՝ հետմայիսյան ակտիվությունը, ամառը հարսանիքների համար համարվում է մեռած սեզոն: Դրա համար էլ հունիսից բացի երկրորդ սպասված ամիսը սեպտեմբերն էր: Ավելի ճիշտ՝ սեպտեմբերի վերջը, երբ արդեն սկսում է մի քիչ ցրտել ու մարդիկ մտածում են մենակ չքնելու մասին, ինչի լուծման ընդունված ձևը՝ մեծ աշխարհից լեռներով առանձնացած քաղաքներում ու գյուղերում, հարսանիքն է:
Այդ աշնանը Յուրան վերջնականապես համոզվեց, որ ձախորդ մարդ է: Կյանքում առաջին անգամ երգ էր գրել: Հատուկ ճշտել էր հարսի անունն ու երգը վերնագրել՝ «Սաթիկ»: Որոշել էր, որ պիտի մոտենա հարսուփեսի սեղանին, նայի ուղիղ հարսի աչքերի մեջ ու երգի:
Ցուլն ու խոզը մորթել էին, տարոսիկները սարքել էին, Սաթիկի շորը, չնայած վերջին պահին արդուկով մի քիչ այրել էին, բայց բիծն աննկատ տեղ էր, Ռուսաստանի ու, մանավանդ, Ամերիկայի բարեկամները հասցրել-եկել էին, ով էլ չէր եկել, փողն ուղարկել էր, հարսի օժիտը վաղուց պատրաստ էր, փեսեն նախորդ օրը վերջին անգամ ատամնաբույժի մոտ էր գնացել ու ամբողջացրել ատամնաշարը, ճիշտ է՝ բժիշկն ասել էր, որ լավ կլինի՝ երկու օր միս չուտի, նույնիսկ հարսի հորեղբոր կինն էր բարիշել հարսի մոր հետ՝ տասնամյակներ շարունակվող բամբասամարտից հետո, երբ եկեղեցու զանգերին զուգահեռ հնչեցին առաջին կրակոցները: Պատերազմն ամպերի պես իջել էր վաղ աշնանային լեռների տակ ծվարած քաղաքի վրա: Փեսեն զինվորական էր: Քաղաքն այնպիսինն էր, որ բոլոր հարսանքավոր տղամարդիկ էլ զինվորական էին:
Սաթիկին հետ տարան հոր տուն: «Սաղ դրա նավսն էր,-մղկտաց հարսի մերը՝ տեգորկնոջ արհեստական խոպոպիկները հիշելով,-Քոռանամ ես»:
Քաղաքում մնացին միայն կանայք, մեկ էլ մի տասը, քսան, երեսուն, քառասուն... տղամարդ. «Մեկս մնանք, որ տիրություն անենք» բասերով: Յուրան ռազմաճակատ տանող ճամփին «Սաթիկ» երգն էր երգում: Նայում էր հարսին տուն չտարած փեսին ու երգում էր: Փեսեն աչքերը փակել էր. երևի ինքն էլ էր երգում: Պատերազմ գնացող էդ ո՞ր ջահել տղան չի երգում...
Աստծո անունով երդվող կանայք կան, որ պնդում են՝ Սաթիկը 44 օր լացեց: Սկզբում որոշել էր հարսի շորը չհանել հագից. «Բա որ գա»,-ժպտուն աչքերով հեկեկում էր: Բայց հետո փորձառու կանայք համոզեցին. «Ուրիշը կառնենք,-մայրն էր,-համ էլ դա որ վառվեց, ես տենց էլ զգացի, որ մի բան լինելու ա»:
Սաթիկի փեսացուն ու Յուրան մի ջոկատում էին կռվում: Միասին էին առաջ գնում, նահանջում, մի կտոր հաց ուտում, մի բաժակ բան խմում, մի սիգարետ ծխում, մի երգ երգում...
Սնայրադները նոր էին ստացել: Հրամանատարն ասաց. «Անխնա կրակեք, դրանց տիրոջ մերը...»:
Հերթով ամեն մեկն իր անունը գրում էր վրան ու կրակում թշնամու կողմը: «Սմբատն» ամենահեռուն գնաց: Սաթիկի փեսացուն հմուտ հրետանավոր էր: Յուրան միշտ նրա կողքին էր, որ առաջինն ինքն իմանա Սմբատի մահվան մասին:
-Ախպե՛ր,- Յուրան էր,-Բեր էս մեկի վրա էլ Յուրա գրենք, էլի:
Սմբատը քթի տակ խնդաց.
-Թե՞՝ ուռա՜,-ասաց:
Գրեցին: Կարմիր ներկ էին ճարել գյուղի՝ անտեր դարձած տներից մեկում, դրանով էլ մեծ-մեծ տառերով գրեցին. «Յուրա»: Սմբատն անձամբ գրեց: Լիցքավորեց: Ու հնչեց հրամանը.
-Չկրակե՛լ: Հրադադար է հաստատվել:
Հովիկ Աֆյան