Տունը

Լույսը վառեց Արեգը: Հետո ոտքերը դռան մոտ սրբեց ու ներս մտավ, չնայած՝ դռան մոտ ոչ մի շոր էլ չկար: Բնազդաբար, ասես հիշել-զգալով, որ երազանքի վրա եթե քայլում էլ են, ապա միայն մաքուր ոտքերով:

-Մեր տունը, -հայտնի չէ՝ խորը հոգոց հանեց, թե երջանիկ ժպտաց Արեգը:

-Վերջապես, -ձայնով ու մարմնով դողաց Սոնան:

Առաջին օրը քնեցին հենց գետնին, ոչ թե որովհետև մահճակալ չունեին, այլ քանի որ արդեն տասը չարքաշ տարի երազում էին՝ հենց իրենց տունն ունենան՝ առաջին գիշերը գետնին են քնելու: Գետինն, իմիջիայլոց, դեղնա-շագանակագույն մանրահատակ էր՝ իսպանական, ինչպես Սոնան էր երազում՝ ծովավազի պես: Տան բոլոր պատերը փիրուզագույն էին, միայն մանկական սենյակում, որտեղ դեռ ոչ ոք չէր ապրում, որոշել էին պատերին առագաստանավեր նկարել, ու չնայած՝ որմնանկարիչն անտաղանդ էր և կյանքում ոչ մի ծով չէր տեսել, փոխարենը բազմաթիվ մուլտֆիլմեր էր նայել, կարելի է ասել՝ ստացվել էր:

-Կկարողանանք չէ՞ ամեն ամիս վճարել վարկը, -գիշերվա կեսին, Արեգի տաք գրկում հանկարծ ասաց Սոնան, որը մի սովորական գրադարանավարուհի էր:

-Էս գիշեր մտածել չի կարելի, -աչքերը չբացեց սիմֆոնիկ նվագախմբի չորրորդ շարքում նստող ջութակահար Արեգը:

Ֆրանսիական պատուհանից բացվող երկնքում ճիշտ տասը հազար հինգ հարյուր ութսունչորս աստղ կար. Սոնան հաշվեց:

Վարագույր չկար, ու առավոտյան արևն ավելի շուտ շոյեց Սոնայի դեմքը, քան դա կաներ Արեգը: Կինը հանկարծ վեր թռավ՝ հիշելով, որ սուրճ չունեն, տուն ունեն, բայց սուրճ չունեն:

-Արեգ, -շշնջած կինը՝ երկար մազերը հետ տանելով:

-Գիտեմ: Հեսա կիջնեմ՝ առնեմ, -աչքերը նորից չբացեց Արեգը:

Կինը հենց այդ պահին հասկացավ, որ փաստորեն, ինչ-որ բան առնելու համար պետք է իջնել, իսկ ինչ-որ բանը վայելելու համար պետք է բարձրանալ: Ու Սոնան համբուրեց ամուսնուն, և Արեգը բացեց աչքերը:

Երկրորդ օրը, իսկ իրականում մեկ տարի անց, երբ սիմֆոնիկ նվագախումբը վերադարձավ երբեմն պատահող արտասահմանյան շրջագայությունից՝ յուրաքանչյուր երաժշտի գրպանում հարյուրական դոլարով՝ որպես պարգևավճար, Արեգը շտապում էր տուն՝ ուրախությամբ, որ այդ ամիս մի քիչ շատ կմուծեն տան վարկը: Իսկ տանը սկզբունքային փոփոխություններ էին տեղի ունեցել: Սոնան որոշել էր, որ խոհանոցի դռան վրա պետք է գրի՝ «երկիր», իսկ իրենց ննջասենյակի դռան վրա՝ «երկինք»:

Արեգը սիրուն շոր էր բերել կնոջ համար՝ շատ կանաչ: Սոնան համեղ ընթրիք էր պատրաստել ամուսնու համար՝ շատ մսով:

«Երկրում» տարածվել էր խորոված մսի հոտը, «երկնքում» Սոնան մոմեր էր վառել՝ վարդաբույրով:

-Սիրո՞ւն էր ծովը, -Սոնան չէր քնում:

-Վաղն ավելի շատ կմուծեմ, -մնացել էր «երկրում» Արեգը:

Իսկ աստղերը պակասել էին. տասը հազար հինգ հարյուր հիսունվեցն էին արդեն: Ցրտում էր ու Սոնան փակեց պատուհանը:

Հողը դեռ թաց էր գիշերվա անձրևից հետո, ասես ծովը նոր-նոր էր առաջին անգամ զատվել դրանից: Սոնայի կոշիկներն ամբողջովին ցեխոտվել էին: Օրվա այդ ժամին կինը սովորաբար դրսում չէր լինում, բայց այդ օրը գրադարան ոչ մեկը չէր մտել: Այդ օրը երրորդ օրն էր, ավելի ճիշտ երկու տարի անց այն օրից, երբ Սոնան միայն պատկերացրեց, թե ինչ սիրուն է ծովը:

Գրադարանի հենց դռանը գրված էր. «Փակ է»: Քիչ վերևում, հենց շենքի պատին, արդեն մաշված կարմիր տառերով մեկ ուրիշ գրություն կար. «Գիրքը մարդու հոգու տունն է»: Հետո Սոնան իմացավ, որ «փակ է»՝ կառավարության որոշմամբ, համաձայն որի գրադարանները պետք է լիցենզավորվեն ըստ դրանց հաճախելիության: Մարդիկ նստել ու հաշվել էին, որ ամսական յոթ-ութ թեկուզ հավատարիմ այցելու ունեցող գրադարանների մեծ շենքերը պահելը պետության համար թանկարժեք հաճույք է, ավելին՝ հաճույք էլ չէ, և ուրեմն դրանց զգալի մասը փակելով, պետությունը կտնտեսի մեծ փողեր, ինչի արդյունքում էլ թոշակները կավելանան 300 դրամով:

Սոնան դիտմամբ էր ցեխերի վրայով քայլում: Նա գիտեր, թե ինչ է նշանակում իր աշխատավարձը, ավելի ճիշտ՝ ինչ կնշանակի դրա բացակայությունը: Բայց գիրքն, անշուշտ, մարդու հոգու տունն է:

-Ոչինչ, մի բան կանեմ, -չասաց, թե կոնկրետ ինչ Արեգը:

-Բայց ի՞նչ, -չհանգստացավ Սոնան:

-Թատրոնի դիմաց ճաշարան են բացել: Հաստատ խոհարար պետք կլինի, -գլուխը տաք ճաշի մեջ կախեց Արեգը:

Վարդաբույրով մոմեր վաղուց չէին վառվել «երկնքում»: Սիմֆոնիկ նվագախումբը համերգների էր Ամերիկայում, թատրոնի դիմացի ճաշարանում էլ մարդիկ աշխատում էին մինչև ուժասպառ լինելը:

-Օվկիանոսը լրիվ ուրիշ բան ա, չես կարա համեմատել ծովի հետ, -հեռախոսով ասում էր Արեգը:

-Իսկ սիրո՞ւն ա, -շշնջում էր Սոնան:

-Չվախենաս հանկարծ. ամեն համերգից հետո ամեն մեկս 200 դոլար փող ենք աշխատում, -ուրախացնում էր Արեգը:

-Արեգ... մենք հեռու ենք իրարից, -աչքերը մաքրում էր Սոնան:

Բայց չորրորդ օրը, ավելի ճիշտ երեք տարի անց այն օրից, երբ Արեգն իրենց տանը գլուխը կախ տաք ճաշ էր ուտում, ամուսինն անսովոր ժամի զանգեց կնոջը:

-Հենց հիմա դուրս արի ու նայիր երկինք, -ասաց Արեգը:

Սոնան դուրս վազեց ճաշարանից:

-Ի՞նչ ես տեսնում, -Արեգն էր:

-Արև:

-Իսկ ես Լուսին... ու գիտե՞ս, աշխարհում չկա ուրիշ երկու բան, որ չտեսնեն իրար, բայց այսքան մոտ լինեն իրար:

Հետո Սոնան իմացավ, որ այդ օրվա համերգից ջութակահարները 500-ական դոլար են ստացել, ու Արեգն իրեն թույլ է տվել մի շիշ ֆրանսիական շամպայն խմել՝ միայն Սոնայի կենացն, անշուշտ:

Հինգերորդ օրը, ավելի ճիշտ 4 ամիս անց այն օրից, երբ Արեգն աշխարհի ամենախաղաղ օվկիանոսի ափին մի շիշ ֆրանսիական շամպայն խմեց, Սոնան բացեց տան դուռն ու գոռաց, բայց անմիջապես ծնկի իջավ ու ասաց. «Վա՜խ»: Կատվի ձագը հենց դռան մոտ էր: Ամբողջովին սպիտակ, կապույտ-կապույտ աչքերով:

-Գիտեի, որ կուրախանաս, -Արեգը երևաց դռան մոտ:

Ու մինչ Սոնան չէր հասկանում ում ավելի շատ սեղմի կրծքին՝ հայտնված կատվի՞ն, թե՞ վերադարձած ամուսնուն, Արեգն ասաց մի սարսափելի նախադասություն.

-Արդեն երեքով կլինենք:

Մի քանի գիշեր վարդաբույրով մոմեր վառվեցին «երկնքում»:

Կատվին Սոնան անվանեց «Ավելորդ»: Արեգը դեմ չէր: Արեգը երջանիկ էր՝ «երկրում» էլ, «երկնքում» էլ:

«Ավելորդի» հայտնությունից երկու ամիս անց, ավելի ճիշտ՝ վեցերորդ օրը Սոնան բակի միրգ-բանջարեղենի խանութից կանաչ խնձորներ առավ:

-Թթվաշ են, չէ՞, -հատուկ ճշտեց:

-Իսկականն են,-ամեն ինչ հասկացավ վաճառողը:

Արեգն ուշ վերադարձավ տուն այդ օրը: Ուշ և մռայլ: Ո՛չ Սոնան, ո՛չ «Ավելորդը» չէին կարողանում Արեգի ներսից բառեր հանել: Միայն այն ժամանակ, երբ կատուն ցատկեց Արեգի գրկից՝ գուցե հասկանալով, որ մարդիկ շատ հեռու են քնքշությունից, Արեգը նայեց Սոնային ու ասաց.

-Նորություն ունեմ:

-Ես էլ,-ժպտաց կինը:

-Որոշել են, որ սիմֆոնիկ նվագախմբին երեք շարք ջութակահարները հերիք են, պատկերացնո՞ւմ ես:

Սոնան մի պահ սառեց: Բայց միայն մի պահ.

-Ոչինչ... Մի բան կանես:

Լռեցին: Նույնիսկ կատուն ավելորդ շարժումներ չէր անում:

- ...Ու ինձ թվում ա՝ գիտեմ, թե ինչ կանես, -շարունակեց Սոնան:

Արեգը նայեց կնոջը և կինն ասաց.

-Մեզ ծով տար... Ես փող հավաքել եմ: Համ էլ...

-Ի՞նչ՝ համ էլ:

-Աշխարհի ամենասիրուն աղջիկը կամ ամենաուժեղ տղան պիտի ծովի ափին ծնվի:

Դուռը բացեց Սոնան, ու «Ավելորդն» ուղղակի դուրս վազեց՝ իր առաքելությունը փառքով կատարած:

Դուռը փակեց Արեգը: Յոթերորդ օրն էր:

Տան նոր տերեր արագ գտնվեցին: Ոչինչ չէր հուշում, որ այնտեղ մարդիկ են ապրել, միայն անկյուններից մեկում լուսանկար գտան՝ Արեգն ու Սոնան էին, երջանիկ ժպտում էին, Սոնայի հետևում երևացող դռան վրա գրված էր «երկինք», Արեգի հետևում՝ «երկիր»:

 

Հովիկ Աֆյան