Տուն-թանգարանը

Ասաց՝ մի բան կանենք ու գնաց: Եսիմ՝ ուր: Գրողի ծոցը, Օրուելի, ով սպանում է նույնիսկ հույսը: Սուրճը, որ պիտի խմեր, սառել-մնացել է: Բաժակին ձեռք չեմ տվել՝ ասես թանգարանային նմուշ լինի, էն որ լինում են՝ տուն-թանգարաններում, թե բա էս բաժակով խմել է անձամբ ինքը: Ինքը բացառիկ երազող էր ու ինչպես բոլոր երազողները, երբեք չէր քնում: Հենց նրա չքնելու արդյունքում էլ ծանոթացանք: Ուշ գիշերին քայլում էի փողոցում ու հանկարծ տեսա. կանգնել էր ու նայում էր աստղերին:

-Ի՞նչ ես անում,-մոտեցա:

-Նայում եմ,-ասաց:

-Ինչի՞,-զարմացա:

-Որ հիշեմ,-ժպտաց:

-Ի՞նչը:

-Բոլոր հարազատներիս տները, որ արդեն այնտեղ են ու որոնց պետք է այցելեմ:

Երբեք չէի մտածում, որ կգնա՝ ոչ փողը տալիս, ոչ հետը խմելիս, ոչ էլ շինարարությունն սկսելիս: Տունն երկուսով սարքեցինք, բոլորից երկուսով փախանք: Ինքը, որովհետև իրենց տանը ծխել չէր կարելի, ես, քանի որ աշխարհում ամենաշատը սիրում էի նրա հետ ծխելը: Տան քարերը ես բերեցի, գրքերը՝ ինքը: Ես պատերը շարում էի, ինքը ներսում գրքերն էր դասավորում: Տեսա ու ասացի՝ բա սվա՞ղը, ասաց սենց ավելի սիրուն ա:

Ուզում էր գիրք գրել՝ մեկ գիրք: Մի անգամ հարցրեցի, իսկ ինչի՞ հենց մեկը: Ասաց, որովհետև ամեն մարդ իր կյանքում մեկ գիրք պետք է գրի, մյուսները հորինվածք են: Իսկ ինչի՞ մասին ես ուզում գրել, հարցրեցի: Դե օրինակ ցորենի արտում աշխատող մի մարդու, որին ոչ մեկը չի ճանաչում, չնայած բոլորը հաց են ուտում, ասաց:

Երկուսս էլ սիրահարված էինք՝ ես Լիլիթին, ինքը՝ Անահիտին: Անահիտը 40 տարեկան կին էր, ամուսինը՝ խոպանչի, էրեխեքից փոքրը՝ 17 տարեկան: Ես չէի սիրում, որ ինքը Անահիտի հետ էր ծխում, ինքը չէր սիրում ամեն օր Անահիտի հետ ծխել: Դրա համար էլ որոշեցինք մեր տունը սարքենք, դռանն էլ գրենք՝ Ընկերություն: Ինքն առաջարկեց, նույնիսկ ասաց.

-Որ մեռնենք, կդառնա ընկերության տուն-թանգարան:

Ես մեռնելու մասին չէի խոսում, ինքը՝ ժպտալով էր խոսում: Ժպտալով էլ փողն ուզեց: Հայրս թաքուն տեղերը հպարտանում էր, որ տղան որոշել է ինքնուրույն ապրի ու փող տվեց, որ քար առնենք: Փողից մնացել էր, ինքն էլ ուզեց: Առանց մտածելու տվեցի:

Ես աշխատում էի՝ լուրջ հաշվապահ էի: Ամեն առավոտ նրան թողնում էի տանն ու գնում գործի: Երեկոյան գալիս էի ու սպասում նրան: Մեկ-մեկ չէր գալիս, բայց երբ գալիս էր սկսվում էր նոր օր, երբ մենք ամեն ինչ կարող ենք:

Հետո Անահիտի մարդն եկավ, ավելի ճիշտ՝ բերեցին: Նովոսիբիրսկում շենք սարքելիս երկրորդ հարկից ընկել էր ու ձախ ոտքը կոտրել: Դե առանց ոտքի խոպանում չես կարող, առնվազն լեվի գնալ: Ինքն էլ վերադարձել էր ընտանիքի գիրկը: Հարեևաններից կային, որ ականջին բան-ման ասացին, բայց խեղճ մարդը ճար չուներ, նախ տունն Անահիտի անունով էր, վռնդել չէր կարող, բացի այդ, եթե նույնիսկ վռնդեր կամ ինքը գնար, ո՞վ կպահեր իրեն: Որոշեց ներել:

Այդ կապակցությամբ գիշերը ամեն մեկս երկու տուփ ծխեցինք՝ մի 4-5 շշի հետ: Առաջին անգամ զգացի, որ ընկերոջս մասին ոչ մի բան չգիտեմ: Չէ, Անահիտին գիտեմ, բայց իրեն չգիտեմ: Օրինակ չգիտեմ, թե կյանքում ինչ է ուզում: Հարցրեցի ու պատասխանեց.

-Ոչ մի բան:

Խաբեց: Ամեն դեպքում ես համոզված եմ, որ եթե մեկն ասում է՝ կյանքում ոչ մի բան չեմ ուզում, խաբում է: Էլի հարց տվեցի.

-Բա փողը, որ վերցրեցիր, ե՞րբ ես տալու:

Ասաց՝ մի բան կանենք ու գնաց…

Նույնիսկ Անահիտին զանգեցի, ասաց՝ ես նման մարդ չեմ ճանաչում: Հետո ինքը զանգեց ու խնդրեց, որ եթե ինչ-որ բան իմանամ՝ իրեն էլ հայտնեմ: Ոչ մեկը լուր չուներ:

Սկզբում ազատվեցի գրքերից: Դրանք դեն նետել չէի կարող, ստիպված դրեցի արկղերի մեջ ու թողեցի…քաղաքի աղբամաններից մեկի մոտ: Փոշմանեցի իհարկե ու երբ ետ եկա՝ վերցնելու…քաղաքի անտունները՝ սոված ու կեղտոտ, ամեն մեկը մի գիրք վերցրած՝ կարդում էր: Փաստորեն քաղաքում տուն չունի ինտելիգենցիան, անցավ մտքովս…Ամեն դեպքում ֆոտոներ արեցի, թե ինչպես են մուրացկանները մոռացել մուրացկանության մասին ու այնպիսի դեմքերով էին գիրք կարդում, ասես իրենք էին պատրաստվում օգնել անցորդներին:

Հետո նրա բոլոր իրերից ազատվեցի: Հագուստն ամենահեշտն էր: Ինքը լավ էր հագնվում ու որոշեցի, որ քաղաքի ինտելիգենցիան արժանի է լավ հագուստի: Անտունները երջանիկ էին: Մի շաբաթ տանս պատուհանները բաց թողեցի ու նրա հոտն անցավ: Դժվարությամբ, բայց մոտեցա Ընկերություն պաստառին ու պոկեցի դռան վրայից: Միայն բաժակը թողեցի՝ սուրճով լի, չգիտեմ էլ՝ ինչու, ու անցա պատերին, սվաղեցի, ներկեցի, հիմա դրանք լրիվ ուրիշ գույնի են, նույնիսկ սպասքն ու կահույքը փոխեցի և…ամուսնացա: Լիլիթի հետ չէ, Լիլիթը հիշեցնում էր նրա մասին: Մարին հրաշալի աղջիկ է, թմբլիկ. ինձ միշտ մաքուր և կուշտ ճանապարհում է աշխատանքի և դիմավորում՝ հոգնած ու քաղցած: Ինքը շուտ է քնում, երբ նոր էինք ամուսնացել՝ ես էլ: Տարիներ անց, սակայն, ես հիշեցի իմ գիշերները, չնայած թարգել էի ծխելս: Նստում էի պատուհանի մոտ՝ մութ սենյակում ու նայում դուրս՝ քանի դեռ շատ ուշ չէր մարդկանց, հետո շներին, հետո ինքս ինձ: Այդ օրը հանկարծ Մարին զարթնեց.

-Ինչի՞ չես քնում,-ասաց՝ աչքերը տրորելով:

-Կարո՞ղ եմ մի հարց տալ,-ասացի:

-Ի՞նչ ա եղել,-Մարին իսկապես անհանգստացավ ու նստեց սեղանի մոտ:

-Ի՞նչ անեմ, որ էլ չնայեմ աստղերին,-նայեցի ուղիղ Մարիի աչքերին:

Մի պահ լռեց, աչքերն էլ չէր տրորում: Հետո ասաց.

-Արի հաց ուտենք. նենց սոված եմ:

Ժպտացի, որովհետև ես էլ սովածացել էի: Իհարկե հաց կերանք:

Մեր խոհանոցում պատուհան չկա, երևի դրա համար ուտելուց հետո, չնայած ուշ ժամին, հանկարծ ուզեցի դուրս գալ պատշգամբ ու ծխել:

 

Հովիկ Աֆյան