Ծմակուտում, ինչպես Ագռավաքարում, ժամանակի չափումն ուրիշ է

Հրանտը վերադառնում է նույն Ծմակուտին, նույն Աղունին, նույն մորը

Տուն է ծնվում։ Ինը դարո՞ւմ, թե՞ ինը տարին էլ հերիք է, թե՞ ինն ամիս։

Էս է։

Էն ժամանակ Դեղձուն-Ծամը չի եղել, միայն Սանասարն է բերդը սարքել, պետություն հիմնել, տուն-տեղ արել։ Դեղձունը հետո՝ ուշ էր, որ եկավ։ Ագռավաքարի՞ց, թե որտեղից եկավ այդ կինը։ Դժվար է ասել։ Հաստատ Աստված չէր ստեղծել, թե չէ կիմանայինք։ Աստված Եվային էր ստեղծել։ Ուրեմն Դեղձունը եկավ, բայց պետությունն արդեն Սանասարի ձեռքում էր։ Հետո մեռավ Սանասարը․ ժողովուրդն այնպես ուզեց, որ նրա մահից հետո նանը գա, Դեղձունը գա, տեր կանգնի։

Տեր կանգնի իր ժամանակին, իր բերդին, իր պետությանը։ Բայց դա հետո։

Էս է։

Տուն է ծնվում։ Տունը սարքելու համար պետք է ընտրել ուրիշ մի քաղաքակրթություն, մի Մակոնդո կամ Ծմակուտ։ Այնտեղ հողը՝ լիուլի։ Տունը տրակտոր, վերամբարձ կռունկ, բանվորական բրիգադ չի սարքելու։ Որովհետև դրանք տղամարդու գործեր են։ Իսկ տղաները չկան։ Իսկ տղաները գնացին կռիվ ու չեկան։

Հրանտն ասում է. «…պիտի փառք տայի ջահել տղաներին, բայց իմ խոսքը եղավ թիկունքի մայրերի մասին»։

Ուրեմն էս է։ Տուն սարքողներն են։ Կանայք են։ Մեկը կլինի հարյուր տարեկան, մեկը կլինի որբ, մեկն էլ՝ Էլայզան։ Սրանք տարբեր ցեղերից են, չեն խոսում, որ խոսեն էլ, չեն հասկանա իրար։ Բայց նույն բանն են անում։ Տան հիմքերն են փորում, չոքել են հողին, մատներով խոլական պռճոկում են խոտերը, քարերը հանում, ձեռքերով երկրի պրկված ջղերը քաշքշում, հանում, քանդում, որ սարքեն։

Վերևն էլ արևը աշնան է։ Մեկը հարյուր տարեկան է, մեկը՝ որբ, մեկն էլ՝ Էլայզան։

Աղունը կանչել է, հավաքել գլխին։ Հրանտը՝ բանից անտեղյակ։ Հրանտը ուզում էր,   ուզում էր ծառերի մասին գրել (չէ՛, ծառերի անունից), ուզում էր աշնան արևի մասին գրել (չէ՛, արևի անունից), «Մեռելալույսը» սկսեց գրել․ հենց էդ պահին գրիչը թղթին դիպավ թե չէ, Աղունը էլի լեզու առավ (լեզուն հոր տնից էր բերել)։ Աղունն էլ որբ չէր։ Աղունն արդեն պետության տեր էր։ Կնապետության։ Էս է։ Հրանտը Աղունին չհակառակվեց, թողեց՝ «Մեռելալույսում» ապրի, հիշի, տանջվի։ Ինքը գնաց՝ տեր լինի, եթե չկարողացավ Աղունին, գոնե իր ժամանակին։

Աղունը զգաց կամ լսել էր, որ Հրանտը մտածել է, թե չգիտի, սուբյեկտիվ կլինի, թե չի լինի, երկրի ու տան կառավարումը կհանձնի հայ կանանց, ինչպես իր տանն է։ Սա որ լսել է ու որ հասկացել է՝ Հրանտը «Մեռելալույսում» իրեն թողել է կեսին ու գնացել, որոշել է՝ տուն սարքի, Սանասարի տան պես բերդ, պետություն․ կնապետություն։

Ու դրա համար ինքը գնացել, դարերը թափ է տվել ու իր փորձով օգնելու է կանչել Ուրսուլային, որովհետև սա էլ դուրս է եկել Մարկեսի գրչի լծից ու որոշել, որ չի մեռնելու, որ պահելու է թոռան թոռանն էլ։

Աղունը գիտեր՝ ծնունդը հեշտ չի, ինը դարում էլ հազիվ հասցնեն։ Բայց նրանց հետ նույն հողը փորում էր նաև Վուլֆի Էլայզան։ Սա որ լսել էր՝ Աղունը Արմենակից Արմենակ է սարքում, եկել էր մարդաստեղծման մի քանի  խորհուրդ տալու։ Ու էս երեքը  քարտեզի վրայից դուրս՝ մի տեղ, հողը փորում են, որ տուն սարքեն։ Երեքն էլ նույնն են՝ մայր են։ Երեքն էլ՝ իշխան են այդ մայրության։ Երեքն էլ մենակ են։

Ծմակուտում ժամանակի չափումը չկա։ Ինչպես Մակոնդոյում ժամացույց չկար, ու  դրա համար Ուրսուլան մոռացավ մեռնել, այնպես էլ Ծմակուտում, ինչպես Ագռավաքարում, ժամանակի չափումն ուրիշ է։ Բայց ծնունդը ինն ամիս, ինը տարի կամ դար է տևում։

Փորում են հիմքերը, հա՜ փորում են։ Ու մտնում հողի ընդերքի մեջ՝ իրենց անխուսափելի մենակությունը շալակած։ Աղունի՜կը որբ երեխա է, ասել են՝ նրա կաշին հաստ է, ասել են՝ նրան մի շալն էլ շատ է։ Ասել են՝ անխելք է, ասել են՝ ուշ հասկացող է։ Ու Աղունը մենակ է մնացել չսիրվելու ու չսիրելու բեռի տակ։ Ասում են՝ մենությունը Բուենդիաների անեծքն է։

Մենությունը բոլորիս ճակատագիրն է։ Ու հատկապես մայրերի, որ միակն են, որ իրենց մսից, արյունից, հոգուց, մտքերից, ամբողջ մարմնից պոկոտում են, նոր մարդ են ստեղծում, որ մենակ չմնան։ Արմենակը, որ գրող է, երևի կգրի մենակության մասին վեպ։ Մարդն անկարող է սիրել, դրա համար էլ դատապարտված է միայնության։ Հենց սա է Աստծո ծաղրը․ բա մոր սե՞րը։ Աղունն Արմենակից սարքի Արմենակ, որ վերջում փիլիսոփաները, գրականագետները, գրողները, տո բոլորը իրեն դատապարտեն մենակությա՞ն։

Տունը սարքում են։

Էս է։

Հիմքի քարերն են դնում։ Արդեն հուսավառ են ապագայի հանդեպ։ Աղունը գոմը քանդեց, իր գլխում, իր մտքում, իր հողում քանդեց։ Հրանտին փրկեց այն մեղքից, թե գոմում ծնվելով՝ նա հանդգնել է համեմատվել․․․ (գիտե՛ք, թե ում հետ)։ Ու հիմա տուն է սարքում․ ապագայի համար լավ է տրամադրված։ Հանկարծ Ուրսուլան լուր հասցրեց, թե գնդապետ Բուենդիան կրակել է կրծքին, որովհետև կնքվել է խաղաղության պայմանագիր, իսկ ինքը պատերազմի ավարտից հետո ստիպված էր լինելու լուսավոր ապագա կառուցել ու առերեսվել ապագային։ Փուլ եկան տան հիմքի առաջին քարերը, բայց կանայք իրենց չկորցրին։ Երկրի ջիղերը, էս կանանց գլուխները, նյարդերը, ուժերը նրանց զրկել էին թույլ լինելու իրավունքից․ նրանք կարող են ապրել ցանկացած իրավիճակում։ Էլայզան քարը քարին է դնում շյուղերով ոստայն գործելու պես ու խոսում տղայի հետ․ «Քո մայրը, տղա՛ս, հողի ուժ ունի մեջը։ Իմ քաշածին ոչ մի ուրիշ կնիկ չէր դիմանա»։ Կինը հող է, մայրը տուն է։ Լիֆատոն, Բախոֆենը, Մորգանը ու Աղունի խելքի համար նրանց նման դժվար անուններով այդ գիտնականները (գոնե կրթություն ստանար․ անիծվի դարպասեցին, անիծվելու է) ասել են հետո, շատ հետո են պարզել, թե հավաքչությունից հողագործության անցնելիս կնոջ դերը բարձրացել է։ Դա ե՞րբ էր։ Էն որ Սիմոնը ամաչել էր ասել, որ կինն իրենն է, կինը նրանցը չէ։ Դա ե՞րբ էր։ Էն որ «Երկիրը պահելու, Հիտլերին ջախջախելու հոգսը ևս նրանց ուսերին» դրվե՞ց։

Բա Աղունը լուծընկեր եղավ, բա Աղունին ո՞վ օգնի։ «Ներսեսն ահա տղա դարձավ, քրոջ հոգսն իր ուսերից վերցնում է»։ Բա Աղո՞ւնը։ Իշխանը ծի՜ծաղում է։ Բա Աղունին ո՞վ օգնի։ Հա՜, Աղունը քանի որ սերը ցույց տալու մի քիչ անկարողություն է ունեցել, ու համ էլ մանկության տարիներին դարպասեցին նրան մանկական տրավմաների է ենթարկել ու մի քիչ էլ չի սիրել, ու դրա համար պիտի անիծվի, Աղունը դատապարտվել է մենակության ու դրա համար ստիպված է եղել դառնալ թևավոր․ «Բա դու թևավոր ես չէ, բա դու չգիտե՞ս, որ թևավոր ես․․․ թևիդ արա, աղջիկ ջան, ու՜ թռիր»։

Ու Աղունը զգաց, որ հիմքի շաղախի համար ջուր է պետք ու․․․ լացեց (հարգելի ընթերցողին խնդրում եմ, որ այստեղ ինքն էլ հուզվի․ էպոսասացներից մեկն ամեն անգամ, երբ պատմում էր՝ ինչպես է Դավիթ ընկնում հորը, լաց էր լինում․ դա մեր պետության, ինքնության, ազգության անկումն էր, ու թլոր Դավիթի համար լաց էր լինում, որ հորն է ընկել։ Հարգելի ընթերցողին խնդրում եմ, որ հասկանա՝ Աղունի լացը մեր մայրերի լացն է, երբ երկունքով ինը ամիս, ինը տարի, ինը դար սարքում են ու սարքում, սարքում են ու սարքում, ու նրանց լացը մեր հողի, մեր ծնվելու, մեր ապրելու, մեր ձախողվելու, մեր ամեն ինչի լացն է)։

Աղունը լացեց, որ արցունքով շաղախ սարքի տան համար․ «Հավիտյան լաց է լինելու լուռ ու առանց բողոքի, և իր լացը տեսնում ու իրեն խղճում են, անհայտ մեկը հեռվից նայում է, անհայտ մեկը ներկա է՝ նրան ատում ու իրեն սիրում է։ Եվ ինքը լավն է, ինքն արդար է»։ Ինքն ուժեղ է․ մայր է.«յուրաքանչյուրի մեջ մի քնած Ինդիրա Գանդի կա՝ տղամարդու խելք ու կնոջ խիղճ»։ Բայց խիղճը ուրիշ պահի է գեղեցիկ․ երբ խեղճություն չի։ Իրեն ո՞վ խղճաց։ Էս խելագար աշխարհում ո՞վ է խղճում ում․ «Հիվանդ է, թող սատկի, հերթը ապրողներինս է»։ Դա կենդանու մասին էր իհարկե։ Մենք՝ անասնասեր, մենք՝ մարդախույս։

Էս է։

Տունը սարքում են։ Արդեն պատերը կան։ Պետություն է դառնում։ Մայրիշխանությունը կընդունեն որպես բացարձակ սահմանադրություն։ Էս է։ Սիմոնը թող ուժեղ զգա Սոնայի մոտ։ Ի դեպ, Մայրիշխանության ղեկավար բարձրագույն մարմնի առաջին նիստում կդրվի «Ճակատայինների կանանց վարքը և այդ կապակցությամբ մեր անելիքները» հարցը։ Կքննեն, կհասկանան՝ Աղունը ների՞, թե՞ էլի տաք ճաշ տա Սիմոնին։

Հրանտը պատմում է․ «Գյուղում զոհվածների հուշարձան էին կանգնեցնում, նաև ինձ էր խոսք տրված։ Ոչ մի անգամ այդպես պատասխանատվություն չէի զգացել։ Ելույթս էլ մի քիչ անսովոր եղավ։ Պիտի փառք տայի ջահել տղաներին, բայց իմ խոսքս եղավ թիկունքի մայրերի մասին։ Այդ մայրերը տասնութից քսան տարեկան աղջիկներ էին, որ հասցրել էին երկուսից հինգ երեխա ունենալ և ամուսիններից զրկվել։ Իրենց միսն իրենց բերանն առած ամեն ինչ քաշեցին»։ Քաշում են։

Հրանտն էլի վերադառնում է մորը, էլի Աղունին, էլի մայրերին, էլի իշխանությանը, էլի քայքայում է ջլերը պրկված, ու էս անզորությունը՝ անխուսափելի ճշմարտությունների առաջ, քամում է, ստիպում է վերադառնալ իրեն։ Ինչպես Հրանտն է վերադառնում նույն կետին, նույն Ծմակուտին, նույն Աղունին, նույն մորը, այնպես էլ ես եմ վերադառնում նույն Հրանտին, ում ուզում եմ պաշտպանած լինել նույն Աղունից, որ խնայի, որ մի բաժակ սուրճ տա ու թողնի հանգիստ Հրանտին էլ, իմ մտքերն էլ։

Տունը ծնվեց։

(Դեղձուն-Ծամը մահացավ էն պահին, երբ այլևս հոգ տանելու, տուն պահելու, պետության տեր լինելու բեռը թոթափվել էր)։

Էս է։

           

Վանուհի Բաղրամյան