Ծաղկում

Հայոց միջնադարյան մշակույթի կարևորագույն ճյուղ է եղել ձեռագրերի պատկերազարդումը՝ մանրանկարչությունը։ Եվ ինչպես իրենք՝ մատյանին շողացող այդ պատկերներն են թովիչ, այնպես էլ բառը, որով հայերենում բնորոշվել է մանրանկարչությունը՝ ծաղկում։

Դարեր շարունակ հայ վարդապետները հազարավոր աշխատություններ են ընդօրինակել կամ հեղինակել՝ հոգևոր, պատմագրական, քերականագիտական, բժշկագիտական և այլն, և այլն։ Սակայն ծաղկվել են հատկապես հոգևոր գրքերը, առավել չափով՝ Ավետարանները, ծաղկվել են վանքերում՝ անշտապ, խնամքով, երկյուղածությամբ։ Մանրանկարիչները սիրել են Քրիստոսին, սիրել են բոլոր նրանց, ում պատկերել են և այն գրքերը, որոնք ընդօրինակել են։ Պատահական չեն մատյաններից մեզ նայող կերպարների հանգիստ, անխռով հայացքները, վառ զգեստները, կապույտը, ոսկին։ Այդ պատկերներում չկա բժժանք, չկա «վերացականություն» արվեստաբանական այսօրվա իմաստով․ ամեն ինչ կոկիկ է, մաքուր, տրամաբանված։ Այս առումով խոսուն են նաև ձեռագրերի գունեղ խորանները, տիտղոսազարդերը, ամենատարբեր նախշերը և, իհարկե, գեղագրությունը, որ հայ գրչության անբաժանելի մասն է եղել։ Ամեն տառի գծագրական առանձնին լուծում տալը, ծառուծաղկի, կենդանիների, թռչունների նմանություն հաղորդելը հեշտ գործ չէր, և թերևս դարձյալ՝ արտահայտություն էր սիրո ու համբերատարության։ Իսկ որ ծաղկողներից շատերն իրենց անունն անգամ չեն հիշատակել մատյաններում (երբեմն նրանց մասին տեղեկություններ են հաղորդել իրենց սաները կամ ուսուցիչները), վկայում է այն մասին, որ վերջիններիս համար դա չի եղել «հեղինակային աշխատանք», այլ պարտականություն, ծառայություն, գուցե նաև աղոթքի ձև, ապաշխարության միջոց։ Հայտնի են Թորոս Ռոսլինի անունը, Հակոբ Ջուղայեցու, Նաղաշ Հովնաթանի, Սարգիս Պիծակի։ Այս անձնաց մասին որոշակի կենսագրական տվյալներ են պահպանվել։ Ծաղկողներ էլ կան, որոնց միայն անունն է հայտնի՝ սովորական անուն՝ Գրիգոր, Դավիթ, Հովհաննես․․․

1299 թվականին Կիլիկիայում ընդօրինակված՝ Եսայու մեկնություններում հանդիպում ենք մի բացառիկ խմբապատկերի՝ Գլաձորի ուսուցչապետ Եսայի Նչեցին՝ շրջապատված աշակերտներով: Երկնային ներշնչանքը նրա գլխավերևից լցվում է ունկը և դուրս գալիս շուրթերից՝ ճյուղավորվելով դեպի սաները: Մանրանկարից ցած՝ լուսանցքում, պատկերված է ծնկաչող աղոթող մի մարդ, որը հավանաբար հենց ծաղկողն է:

Հայ մանրանկարիչներն ակտիվորեն համագործակցել են իրենց այլազգի գործընկերների հետ, փոխադարձաբար հարստացրել միմյանց գիտելիքներն ու փորձը: Ուշագրավ է պատկերագրության համաքրիստոնեական այն տեսակը, որ կոչվում է «Գթության Աստվածամայր», երբ Աստվածածինը պատկերված է իր թիկնոցն աղոթողների վրա տարածած: Այսպիս մանրանկարներ հանդիպում են և հայոց մատյաններում։

Մեզ հասած հնագույն պատկերազարդ ձեռագրերից բացառիկ են «Ծուղրութի Ավետարանը» (974 թ․), որտեղ հանդիպում ենք Հիսուսի կյանքի ընթացքը պատկերող նկարաշարին, «էջմիածնի Ավետարանը» (989 թ․), ուր պատկերված են Մարիամի ավետումը, Զաքարիայի ավետումը, մոգերի երկրպագությունը, Հիսուսի մկրտությունը: «Զեյթունի Ավետարանում» (1256 թ․) բացառիկ է Դեիսուսի թեման (Հիսուսը կենտրոնում և նրա երկու կողմերում արտասվալից աղոթող սբ․ Աստվածամայրն ու Հովհաննես Մկրտիչը), ինչպես նաև խոհական Հովհաննես Ավետարանչի նկարը։

Աշխատանքի սկզբնական փուլում մանրանկարիչներն օգտագործել են երկրաչափական գործիքներ՝ նախ թույլ գծելով անհրաժեշտ հիմքերը։ Ապա ծաղկողը որդան կարմիրով, մորենով կամ օքրայով մագաղաթին է տվել պատկերի հիմնական ուրվագիծը և նկարի այն մասը, որ ծածկվելու էր ոսկեփոշով՝ սոսնձող նյութի օգնությամբ։ Իսկ վերջում նկարն ամբողջական տեսք է առել գուաշե ներկերով՝ ըստ տվյալ ժամանակաշրջանի և դպրոցի ոճի։

Մանրանկաչության լուրջ դպրոցներ են եղել Փոքր Հայքում, Անիում, Վասպուրականում, Արցախում, Կիլիկյան Հայաստանում, Գլաձորում, Տաթևում։ Այդ դպրոցներից յուրաքանչյուրն ունեցել է իր ուղղությունը, մշակութային ազդեցությունը, սակայն ուշագրավ է, որ թեմատիկ առումով՝ հայ մանրանկարիչները պատկերել են հիմնականում բժշկության, աղոթքի, հրաշքների և հրաշագործությունների տեսարաններ՝ ասես ջանալով ընթերցողին ներշնչել հոգևոր խաղաղություն, հույս, ջերմություն։ Հայկական մատյաններում գրեթե չի հանդիպում Ահեղ դատաստանի տեսարանը։ Ասես երկյուղն ու սերը միաժամանակ դրդել են մանրանկարիչներին զգուշորեն մոտենալ թեմային՝ շեշտադրելով նախ և առաջ դարձի ու ապաշխարության հանգամանքը։

Հետաքրքրական է նաև, որ հայ վարպետներն ավելի շատ ձեռագրեր են ծաղկել և սակավ որմնանկարներ ու սրբապատկերներ ստեղծել։ Այդպես տաճարների ներսը թողնվել է պարզ՝ ինքնակենտրոնացման և ապաշխարելու համար, իսկ մատյանները՝ վեհաշուք՝ ներշնչվելու և փառաբանելու համար։

Վերջին մեկ-երկու դարում միջնադարի հայ վարդապետին այնքան շատ վերագրվեց կամքի կաշկանդվածություն, խեղճություն և կույր հպատակություն։ Մինչդեռ նրանց ստեղծածը վկայում է խոնարհության, լուռ աշխատանքի, կատարյալ գիտելիքների, իմաստնության մասին։