Ծաղկավոր շորով

Շորերը կոկիկ դասավորեց դարակում: Մի շորեր էլ լինեին: Սև, վրան լայնացած շրջազգեստ, մոխրագույն պիջակ, հագին եղած միակ ծաղկավոր շորը, մեկ էլ օժիտում եղածը: Ցեցի դեմ բաց սրվակով օծանելիք դրեց դարակում ու պինդ փակեց պահարանը: Սկոչով: Հետո վերցրեց ջութակն ու դուրս եկավ տնից:

Ճաշն արդեն եփել էր՝ աջափսանդալ՝ տան ամենամեծ կաթսայով: Ո՛չ ամուսինն էր սիրում, ո՛չ երեխաները, ո՛չ էլ սկեսուրը: Սկեսուրն ամեն երեկո որդու գալու ժամին գնում նստում էր տան դիմացի նստարանին /իր մարդն էր սարքել/, ու սարից տուն դարձած որդին նստում էր մոր կողքին՝ մի-մի հատ ծխելու: Երկուսն էլ չէին խոսում. իրար ողջ-առողջ տեսնում էին, հերիք էր:

Մի գիշեր մարդուն հարցրեց.

-Սարում շատ ծաղիկներ կա՞ն:

-Հա,-ասաց մարդն ու վերմակը վրան քաշեց:

Մարդը մոր փորում պտղի դիրքով էր քնում: Մուշ-մուշ: Նստարանին ծխելուց հետո մտնում էր տուն, հաց ուտում ու քնում: Որ ամբողջ օրը սարում չլիներ, կմտածեր, որ սիրած ունի: «Երանի սիրած ունենար»,-ամեն գիշեր մտածում էր ինքը:

Լույսը բացվում էր անկոչ հյուրի պես, սկեսուրի ախուվախով, երեխաների վազվզոցով ու գոռոցով, մարդու պապիրոսի հոտով: Ինքն արդեն ձուն խաշած էր լինում, լավաշի մեջ, պանիր-կանաչու հետ դրած էր լինում, որ մարդը տանի: Մի քանի օր խուրջինի մեջ քաղաքից բերած քաղցրավենիք էլ դրեց, բայց մեկ է՝ չիմացավ, թե քանի ծաղիկ կա սարում:

Մարդուն ճանապարհելուց հետո սկսում էր նախորդ օրվա կեղտոտ շորերի լվացքը: Հետո երեխեքի դասերը, հետո տան ճաշը, հետո Լուսիկը կանչում էր կոֆեի: Լուսիկի մարդը խոպանչի էր, Լուսիկի վրայից անուշ հոտ էր գալիս, ու տանը միշտ քաղցր էր լինում:

-Դու անխելք ես,-ամեն օր ասում էր Լուսիկը:

Ինքը սիրում էր գնալ Լուսիկի տուն:

Մեծն աղջիկն էր: Դպրոցի միակ բացարձակ գերազանցիկն էր, բայց անցած տարվա աշնանն իրենց դասարան եկավ Դավիթը, ու 12 տարեկան աղջիկը մորը հարցրեց.

-Սովորում եմ, որ ի՞նչ:

Առաջ ինքը կասեր. «Որ չոբան չդառնաս», բայց հիմա իրենք չոբանի ընտանիք էին:

Աղջիկն ամեն օր դեղձ էր ուտում, ամենակարմիրները Դավիթի պապական տան այգում էին:

-Սովորում ես, որ իմանաս՝ ինչու ես դժբախտ,-աղջկա հարցից մի քանի օր անց, մի առավոտ՝ դստերն ու որդուն դպրոց ճանապարհելիս, հանկարծ ասաց ինքը:

Աղջիկն էլ միանգամից գտավ պատասխանը.

-Որ չսովորեմ, չեմ էլ իմանա, որ դժբախտ եմ:

Որդին պաչեց մորը, նոր գնաց դպրոց: Միշտ էր այդպես անում: Երևի միշտ է այդպես անելու՝ մինչև ծխելը:

Տաք եղանակին միշտ դրսում էր նստում սկեսուրը՝ հայացքը հեռու սարերին, որտեղից ամեն օր գալիս էր որդին, որտեղից մի օր գալու էր իր մահը: Հայացքից հնարավոր չէր հասկանալ, թե ո՞ւմ է ավելի շատ սպասում ծեր կինը: Ինքը մեկ-մեկ պատուհանից նայում էր սկեսուրին, որ վեց, թե յոթ սերունդ է կրթել գյուղական դպրոցում, որ պատերազմի հերոսի այրի է, որ մինչև հիմա անգիր գիտի Թումանյանի «Չարի վերջը», որի որդին հիմա սարերում գյուղի ոչխարն է արածացնում: Պատահում էր, որ նստում էր կողքին, բայց սկեուրը միշտ թույլ չէր տալիս: Սկզբում նեղանում էր, բայց մի օր սկեսուրն ասաց.

-Քեզ դեռ շուտ ա:

-Ծխե՞լը,-կատակին տվեց ինքը:

-Բա ի՞նչ անեմ,-հայացքը սարից մի պահ շեղեց ծեր կինը:

Երկար կլռեին, եթե սկեսուրը հանկարծ չասեր.

-Էն ծաղկավոր շորդ ինչի՞ չես հագնում:

Երեկոյան որդին մենակ ծխեց նստարանին: Իրենից առաջ սարից ուրիշ եկվոր էր եղել:

Գարնանը Լուսիկն էլ գնաց մարդու մոտ: Աղջիկն արդեն անբավարար գնահատականներ էր ստանում դպրոցում: Որդին հորն ամեն երեկո հարցնում էր, թե երբ է հետը սար տանելու: Ինքն էլ գարնանային «ուբոռկա» էր անում տանը, երբ հանկարծ գտավ: Պատյանի սև ներկն արդեն թափվել էր: Բացեց: Ջութակի բոլոր լարերը տեղն էին: Երբ նոր էր ամուսնացել, ամեն օր նվագում էր, երբ հղի էր, նվագում էր...Վերջին անգամ լուսադեմին նվագեց, բայց մարդն ասաց.

-Վաղը հավ կխաշես. ձվից հոգնել եմ:

Ասաց ու գնաց: Գոնե մենակ ասեր: Դրանից հետո էլ չի նվագում, նույնիսկ մոռացել էր, որ կա, ինքն իր ձեռքով դրել է պատյանն ու նետել նկուղը: Հիմա գտավ: Հիմա աղջիկն ամենաշատը դեղձ է սիրում, որդին սարն է ուզում, ամուսինը այնտեղից չի իջնում, հիմա գարուն է ու ինքը ծաղկավոր շորն է հագել և աջափսանդալ է սարքել, որը ոչ ոք չի սիրում:

Շորերը կոկիկ դասավորեց դարակում: Մի շորեր էլ լինեին: Սև, վրան լայնացած շրջազգեստ, շագանակագույն պիջակ, հագին եղած միակ ծաղկավոր շորը, մեկ էլ օժիտում եղածը: Ցեցի դեմ բաց սրվակով օծանելիք դրեց դարակում ու պինդ փակեց պահարանը: Սկոչով: Հետո վերցրեց ջութակն ու դուրս եկավ տնից: Էլ ոչ մեկը չտեսավ իրեն: Բացի իրենից:

Հա, խոհանոցում աջափսանդալի կողքին մի փոքր կաթսա էլ կար: Հաջորդ օրվա հավը խաշել էր, ամեն դեպքում:

 

Հովիկ Աֆյան