Տե՞ր ես` Տե՛ր եմ

Այսօր Հրանտ Մաթևոսյանի ծննդյան օրն է. մեր գրական մշակույթի պատմության բացառիկներից մեկը կդառնար 88 տարեկան:

***

«Ես՝ զինվորս, կանգնել եմ մեն մի անգամ, մի եզակի անգամ ինձ տրված ժամանակի մեջ ու ասում եմ․ «Ես՝ ես եմ, ես տեր եմ իմ ժամանակին, ես իմ ժամանակի տերն եմ, այս իմ չարչարված երկիրն է, որը ես հայրենիք եմ դարձնում, իմ հայրենիքը։

Իմ հաղթանակը այսօր սկիզբն է ամեն ինչի գոյության, երեկվա հաղթական կանչերի և այսօրվա իմ փառքի, ծնողի սուրբ գերեզմանի և երեխայի զնգուն օրվա, սկիզբն է ամեն, ամեն ինչի»։

«Ես տեր եմ իմ ժամանակին» ակնարկից

 

Որպես նախաբան՝ սպիտակ թղթի առջև երկար մտորեցի։

Ասացիր՝ ես տեր եմ իմ ժամանակին, և լույսը եղավ։

Ասացիր՝ ես ե՛ս եմ, և լույսը եղավ։

Ասացիր՝ տերը, և լույսը եղավ։

Ասացիր՝ ուզում ես ավետարան գրել հայոց աշխարհի համար, և լույսը եղավ։

Դու մնացիր դու ու դարձար տերը՝ իմ ու քո ժամանակների։

Ու քանի որ ես գտա քո գիրը՝ որպես ավետարան, ես տեսա այնտեղ պատվիրանները (Աղունի չէ, այլ՝ Ելից)։

 

***

Պատվիրանը։ Մի եղիցին քեզ այլ աստուածք բաց  յինէն․․․

Բացասպարեզ նստել է Աստծո դեմ Հրանտը, ու նրան թաքուն նկարել են այդպես։ Բացասպարեզ է նստել, քանի որ խիղճը մաքուր է եղել Նրա առջև, քանի որ միշտ միտքն արթուն մնաց՝ իր հայրենիքի ճակատագրի, իր հայրենիքի գրականության, իր հայրենիքի քաղաքականության առջև։ Արթուն է եղել, մեզ հավատացրել, թե  Աստված միշտ արթուն ողջերի հետ է ու նրա հետ է։

«Աստված անկողմնապահ է․ Աստծու համար միևնույն է, թե ով կուտի, և ով կուտվի, քանի որ ինքը բոլորի մեջ է»։ «Մենք»-ով իրեն մեծարում է Ռոստոմ Մամիկոնյանը։ «Մենք»-ը զորանում է, մեծարվում է, վեհանում է, քանի որ տերն է իրեն անուն ընտրել։ Ինքն է ամենքը, և ամենքինն է պարփակված իր մեջ։ Բայց դա նրանից չէ, թե գոռոզանում է։ Դա նրանից է, որ ինքն է սկիզբը, որովհետև ինքն է տերը, իսկ տերն անսկիզբ է լինում։ Նա անհեր ու անմեր է, նա անտառից գտած ու Աստծու ծնունդ Ռոստոմ է։ Ուրեմն Աստված, որին աղոթում ու հայհոյում են Հրանտի գյուղացի ծնողները, մեր ճանաչածն է, միակն է։ «Ասենք, յուրաքանչյուր մարդու մեջ Աստված կա, ու յուրաքանչյուրի Աստվածն ամենախոր հարգանքի է արժանի։ Կողքինիդ մեջ փնտրիր Աստծուն»։ Ուրեմն մենք ենք մեր գլխի տերը։

«-Հիմա ի՞նչ եք ուզում դառնալ։

-Մի բան դառնայինք»։ Մենք մեր գլխի տերը դառնայինք։ (Չգիտես ինչու ես հանկարծ հիշեցի, որ ռուսները Հրանտի անունն ավելի շուտ են պատվել, հարգել)։

Պատվիրանը։ Յիշեսջիր զաւրն շաբաթուց սրբել զնա․․․

Ալխոյի ականջը խուլ։ Աղունինն էլ։ Ռոստոմինն էլ։ Թե նա հանգիստ ունենա, ժրաջան «բաճկոնավորները» կգան, քանդարարները կգան, անտառահատում կանեն։ Հովիվների հանրապետությունը կքանդեն, հողագործներին, բեռնաձիերին կհանեն դաշտերից, կասեն՝ ասֆալտապատում ենք։ «Մի օգնական չունեցավ իմ ախպերը»,-ողբո՞ւմ, թե՞ գովում է քույր Շուշանը։ «Ժողովրդի թիկունք իմ ախպերը»,-օրհնո՛ւմ է քույր Շուշանը։

Բեռից կողերն արյունոտ ու նրանց վրա պանրաջրից մրմռացող վերքերով Ալխոն մարդկանցից գլուխ չհանեց այդպես էլ։ Ասում են՝ էս պետությունն էլ մեղք է, որ բոլորը չաշխատեն ու ուտեն, ի՞նչ կլինի։

Քաշիր, քաշիր, ուսիդ մատաղ, եզո՜ ջան, ախպե՜ր ջան․․․

Մերը սա է։ Լույսը կբացվի, բարին կբացվի, եզո՜ ջան։

Տանը մի կտոր շաքար չկա, դու ասում ես՝ պատվիրանը պատվիրում է․․․

Իմ կռիվը պատվիրանը չընդունելը չի, այլ այն, որ հիմա շատ ենք օգտվում առիթից ու թաղվում ենք հերթական մեղքի մեջ՝ ծուլության։ Հրանտ Քառյանը ինչո՞ւ ասպիրանտուրա չտվեց։

Պատվիրանը։ Մի սպանաներ:

Շրջկենտրոնից հրահանգել են, որ հենց ա՛յդ արջին սպանեն։ Գևորգի չափ մեկը չգտնվեց մեր հայրենիքում, որ ուշ կրակեր, որ արջին՝ բնության զարդին, թողներ ապրեր, հետո կասեր՝ կրակեցի, չկպավ։ Ասում է՝ օտարներ են, անհայրենիք ոչմիտեղացիներ են։ Այսպես բոլոր գեղեցկությունները, բնության ու հայրենիքի զարդերը սպանեցինք, մենք մեր մեջ սպանեցինք։ Բայց մենք ստեղծող էինք, չէ՞։ Մահվան դատավճիռ կա նաև Ճրագթաթի առիթով։ Թե արջը վնաս էր տվել, ուզեցին մեղավորության համար պատժել, հասկացանք (չնայած արջին կարելի էր և բացատրել, ենթարկեցնել, ասենք՝ Նարինջը հրահանգները ոնց էր կատարում կրկեսում), բայց ի՞նչ մեղք ուներ Ճրագթաթը։ Մեղքը հետևյալն էր․ Ճրագթաթ ծմակը փայտ է եղել։ Մեզ սպանում ենք ներս ու դրսից։ Աղուն լինենք, որ ինչքան էլ գլխներիս տան, գոմը տուն սարքենք։

Պատվիրանը։ Մի շնանար:

«Էս-էս-էս-էս ուսերին ես մեծացել․ չգիտեինք, որ ուրիշի դռան շուն ենք մեծացնում»։ Սա միամիտ գյուղացու միամիտ համեմատություն չէ։ Սա քրոջ տղու, ներեք իհարկե, շանտղությունն է։

Աստված պատվիրել էր, Սիմոնը Աղունին ենթարկվել էր, բայց Աստծուն՝ չէ։ Սիմոնը որոշել էր խախտել պատվիրանը։

Պատվիրանը։ Մի գողանար:

«Էս ոտավոր երկրում մի կենտ ձիավոր իմ ախպերը»,- ողբո՞ւմ, թե՞ գովում է քույր Շուշանը։ Անտառագող Ալբերտ, սղոցարան, պորտաբույծներ, խնջույքասերներ, բարոյազուրկներ, ընչաքաղցներ, բաճկոնավորներ, չինովնիկներ, և եթե կուզեք իմանալ նաև կինոշնիկներ։ Արջը անտուն չպիտի մնա։ Մենք Ճրագթաթը չենք տեսել, նրա գեղեցկությունը չենք տեսել, դրա համար էլ համակերպվում ենք անտառահատումի հետ։ Իսկ արջը անտուն կմնա։ Ի դեպ նա փնփնթացել է մարդու հարևանությունից, բայց համակերպվել է։ Մենք էլ համակերպվեցինք մեր հայրենիքի գողերի, մեր հայրենիքի անտառահտման հետ։ Հրանտը չհամակերպվեց․ դրա համար գրիչը  ինչ-որ պահ դնում էր ծոցագրպանը։ Այնպես անտառահատեցինք, որ ծառ չմնաց, որի տակ Հրանտի երազած աղջիկը նստեր՝ ծնկներին Հրանտի գիրքը, ու կարդար։ Մեզնից մեր անցյալը գողացանք, մե՛նք գողացանք, արմատները կտրեցինք։ Բա Իշխանը ո՞նց ապրեր։

Իսկ Ռոստոմին, որ «միլիոնանոց ծմակիցը մի կոպեկի օգուտ չպոկեց ու մաքուր մնաց գրպանը դատարկ ախպերը», խոզ էին ասում։ Բայց մեր հավատն անսասան է։ Սրա պատասխանը կա։ «-Մեզ տեսնո՞ւմ ես,-գոռացինք․-լա՞վ եք տեսնում․ էս մեր տեղն է․ էդ տունը մեր տեսարանն է։ Մեր տեսարանն է, ձեր տեսարանը չի։ Մենք էստեղ պիտի կանգնենք՝ ու էդ տունը պիտի լինի-փասափուսեդ քաշի՛ր էս երկրից»։

Խնձորը կերածները մեր դրախտավայրում ի՞նչ գործ ունեն։ Տերը նրանց վռնդում է։ Նրանք չեն վիրավորվում, բայց տերը նրանց վիրավորում է, որ վիրավորվեն, սրանք գողանում են՝ համաձայն ար-տո-նա-գրի։ Բայց չէ՞ որ էս պետությունը բոլորին քիչ էր վճարում, որ խնայված միջոցներով էս երկիրը դարձնի երկիր, իսկ մարդիկ ոչ թե թուխս գողացող աղվեսի պես են, այլ արտոնագրով, վերնաշապիկով, ստո՛րագրությունով։

«-Ժողովուրդը գազազած ապրում է-դու քո հին ձիու վրա ես։ Գողանում էլ են, լրբանում էլ են․․․

Մեր ծանր հայացքի տակ նա լռեց, գդալը վար դրինք, ասացինք․

-Գիտե՜ս՝ ինչ փառք է, որ համատարած գողության ու մյուսի մեջ Ռոստոմ Մամիկոնյանը սպիտակ ձիու վրա մենակ կանգնած է»։

Եվ չիմացվեց՝ քեզ սիրելով՝ քանի մեղք գործեցի ու քանի պատվիրանի չենթարկվեցի։

«Մարդուս վրա երկնքից ինչ-որ հանդիսավորություն էր ցողվում, և մարդ իրեն զգում էր իմաստուն մի բան՝ փառահեղ մի բանի դիմաց, մարդ ուզում էր արհամարհել առօրեականը և կարողանում էր»։ Հրանտը վկա՝ կարողանում եմ։

 

Որպես վերջաբան՝ նույնպես շատ երկար մտորեցի սպիտակ թղթի առջև։

Մի՛ փնտրեք սյուժե իմ գրածում, քանի որ այն լրիվ չի Հրանտի գործերում։ Ինքն էլ է վկայել, որ իր գրվածքները սյուժետային կառուցվածքի վրիպանք ունեն, կուռ, համաչափ, սյուժետային պատմություններ չեն, դրա համար էլ Աստվածաշնչի պես բացիր որ էջն ուզում ես ու կարդա։ Մեկ է, չես հասկանա։

Հրանտի պատմությունները երբեմն կիսատ են թվում, բայց կիսատ գործերը պետք էլ չի ավարտվեն։ Թող ձգվեն դարից երկար, քանի որ ուզում ես միշտ լինի՝ մեր ներսի Աստծու պես (հիշում եմ․ ուրիշ աստվածներ չորոնել)։

Ես՝ զինվորս, կանգնել եմ մեն մի անգամ, մի եզակի անգամ ինձ տրված ժամանակի ու Հրանտի միջև ու ասում եմ․ «Ես՝ ես եմ, ես տեր եմ իմ ժամանակին, ես իմ ժամանակի տերն եմ, այս իմ չարչարված երկիրն է, որը ես քեզ նման հայրենիք եմ դարձնում, իմ հայրենիքը։ Քո հաղթանակի սկիզբն եմ շարունակելու, որ ամեն ինչի գոյության շարունակությունն է, երեկվա պարտության ավարտն է և վաղվա փառքի, անգերեզման երկրի և երեխայի զնգուն օրվա, ամեն ինչի շարունակությունն է»։ Ես էլ եմ տեր։

 

Վանուհի Բաղրամյան