Տե՛ր, Վեհափառը հաղթեց

«Քրիստոսի խոսքերը. «Ես չասացի, որ դուք չեք չարչարվի,

ես չասացի, որ դուք չեք տանջվի,

այլ ես ասացի, որ դուք կհաղթեք»:

Տե՛ր, Վեհափառը հաղթեց: Տե՛ր, գթա նրան»։

 

Գրիգոր Խանջյան

 

«Եվ մարդն ինչ է, եթե ոչ ճամփորդ արի, երբեք հոգնաբեկ, որ հավետ ընթանում է միշտ դեպի առաջ, միշտ դեպի երկինք ու բախում համառ դռները հույսի: Ու այդ ճամփին միայն սփռված է առատ «լույսը փառաց» մարդկային կյանքի: Եվ այդ ճամփով միայն մարդիկ կքայլեն ազատ, Արարչի հետ անտես ու իրենց մարմինը հոգու վերածած՝ կստեղծեն ինչ որ բարի է, ինչ որ ճշմարիտ, ինչ որ գեղեցիկ ու ինչ որ արդար»,-խորհրդածում է Վեհափառն իր երկնային բարձրությունից՝ մարմինը հոգի դարձրած։

Եվ հիմա էլ, ինչպես այնժամ, երբ մարդը հոգեբարոյական տեսակետից դեռ շատ է հեռու այն մակարդակից, ինչին որ հասել են իր իմացական ուժերը, երբ Արցախը մեծ ու արնահոսող վերքի պես կա, երբ մարդկությունը փնտրում է խաղաղություն, որով սկսվել է արարչագործությունը, երբ ամեն պահի տիեզերական հավասարակշռությունն անկայունության է բախվում, երբ մարդու մարմինն ավելի ծանր է, քան հոգին (այնինչ բանականը համառորեն ձգտում է հակառակին), ավելի քան հրամայական է ծնել և ունենալ հոգևոր հովիվ, որ մեզ կտանի դեպի ճշմարիտ Աստծու հավատքը։ Եվ այդ ժամանակ մենք կհաղթենք։

Օրերի պահանջով մեր սեղանին է Վազգեն Առաջին Վեհափառի այսօրեական ու բոլոր ժամանակների համար ստեղծած արժեքներն ամփոփող «Բացիր աչքերդ, հայ ժողովուրդ» ընտրանին։

Գիրքը կազմելիս և փոխադրելիս Արմեն Սարգսյանն ուսումնասիրել, հավաքել է կաթողիկոսի՝ տարբեր տարիներին հրապարակած հոդվածները, ակնարկները, ուսումնասիրությունները, ուղեգրությունները, խորհրդածությունները, ծաղկաքաղ է արել և ընթերցողի սեղանին դրել մի գիրք, որ Վազգեն Ա կաթողիկոսին ճանաչելու հնարավորություն է տալիս՝ որպես մշակութային գործիչ, պետականաշինության գործում երևելի հեղինակություն։

Այստեղ տեսնում ենք կաթողիկոսին որպես մեծ մտածող, իմաստասեր՝ «Անձնավորության գաղափարի մասին», որպես հետազոտող-գիտնական՝ «Խրիմյան հայրիկը՝ որպես դաստիարակ», որպես գեղագետ՝ «Հայրենի արևի տակ», «Ճամփորդական նոթեր»։ Գիրքը համեմված է կաթողիկոսի մասին տարբեր ժամանակների մտավորականների գնահատականներով։

1945, 1948, 1951 և 1953 թվականներին Խորհրդային Հայաստան այցելություններից ստացած տպավորություններն ամփոփված են «Հայրենի արևի տակ» ուղեգրության մեջ, որն ամբողջությամբ առանձին գրքով լույս է տեսել 1954 թվականին՝ հայերեն և ռումիներեն անվանաթերթերով։ Գրքի համար աղբյուր են եղել ինչպես գրավոր ժառանգությունը՝ «Էջմիածին» ամսագիրը, այնպես էլ Վեհափառի տարբեր տարիների ելույթներն ու քարոզները, ինչպես Սուրբ Ծննդյան քարոզն Էջմիածնի Մայր տաճարում, կաթողիկոսի Նոր տարվա պատգամը, որ հեռուստատեսությամբ հնչել է 1991-ի հունվարի 1-ին․․․․

Վազգեն Առաջին Վեհափառի խորհրդածությունների կենտրոնում մարդն է, հայը, հավատքը, Սփյուռքը, Արցախը, հայրենադարձությունը, Երևանը, այս բոլորի հանդեպ մարդու և հայ մարդու սերը։

Վեհափառը հավաստիացնում է, որ  «Փրկության լաստը ներսից է գալու»։ Որովհետև կա՛ Խրիմյան Հայրիկը, որ դաստիարակն է մի ամբողջ ժողովրդի, որովհետև կա՛ Վազգեն Առաջինը, որ հենց այդ ներսի փրկության լաստն է։

Սիլվա Կապուտիկյանն է վկայում, որ պետք էր լինել Վազգեն կաթողիկոս, որ ի զորու լինեիր աստվածամերժ իզմերի տիրակալության ժամանակ կառուցել եկեղեցի՝ ոչ միայն իրեղեն, այլ նաև մարդկանց հոգիներում։

Վեհափառն ընտրվելով կաթողիկոս, ծավալել է եկեղեցաշինարարական-վերականգնողական լայնածավալ գործունեություն: Հնարավոր բոլոր միջոցներով  նպաստել է հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդմանը, հոգևոր, մշակութային նոր արժեքների ստեղծմանը։ Նրա ուղեգրությունները, որ պատմում են, օրինակ, 50-ականների Երևանի մասին, հատուկ նպատակ են հետապնդել․ այս խոպան հողերն այլևս բերքատու են․ մարդիկ կարո՛ղ են վերադառնալ հայրենիք, ստեղծել, արարել, որովհետև Երևանը բոլորովին նոր է նորահարսել։ Կաթողիկոսը ջանք չի խնայում այդ օրերի հայաստանյան նկարագիրը գայթակղիչ, հարուստ ու խոստումնալից ապագայով ներկայացնել։ Ահա հավաքված է ժամանակի մտավորականության էլիտան․ «Ունկնդրե՛ք Արամ Խաչատրյանի «Երկրորդ սիմֆոնիա»-ն և կամ «Գայանե»-ն, ունկնդրե՛ք Սաթյանի, Բաբաջանյանի, Ստեփանյանի, Տիգրանյանի և կամ Ալեքսանդր Հարությունյանի գործերը․․․․»։ Ներկա են մեր նկարիչները, ճարտարագետները, կոմպոզիտորները, բանվորները, որոնց ձեռքերը սպասում են աշխատանքի։ Ի՜նչ հպարտությամբ, սիրով ու մանրամասնությամբ է պատմում ամեն քարի, շենքի, նվաճումի մասին։ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի սրահու՛մ  է ունկնդրում Արամ Խաչատրյան։ Պետական օպերան, Հայֆիլհարմոնիայի նորակառույց փոքր դահլիճը, երաժշտական (օպերետի) թատրոնը, հայկական երգի, պարի անսամբլը, հայ գուսանների նվագախումբը․․․ թվում է Վեհափառը ու համոզում՝ սա՛ է ապրելու երկիրը։

Սա վկայությունն է այն բացարձակ իրողության, որ Վեհափառի հայրենասիրությունը սահման չուներ: «Ընդունված է ասել, որ ոգին ավելի ծանր է, քան մարմինը մարդու, իսկ եթե մեզ հաջողվեր ժողովել, կշռել հայրենասիրությունը Հայրապետի, ես հավատացած եմ՝ այն հազարապատիկ ծանր կլիներ ոգուց»,-ասում է Գրիգոր Խանջյանը ու հավաստում, որ հաղթել է Վեհափառը:

Նրա՝ «Անձնավորության գաղափարի մասին» հոդվածը կարծես առանձին փիլիսոփայական տրակտատ լինի, որում շերտ առ շերտ բացում և տողատակերով  կարդում է մարդուն՝ որպես անձ, անհատ։ Ինչպես հունդի մեջ է ամբողջ բույսը, այնպես էլ անձի մեջ է հասարակությունը։ Ինքը եղավ այն անհատականությունը, որն իր մեջ ձևավորեց ամբողջ մի հասարակություն։ Նա քննում է անձը, անհատականությունը, հասարակությունը՝ հղումներ անելով տարբեր ժամանակների մտածողների, իր տաղանդը, բնատուր իմաստնությունը, փորձը զուգահեռելով ինչպես վերածնդդյան, այնպես էլ տարբեր ժամանակների մտածողների բացահայտումների հետ։ Այդպես ապացուցում է ճշմարտություններ, փաստում իրողություններ, որ անխուսափելիորեն շարժման մեջ են կյանքի ընթացքի, հասարակությունների զարգացման, ժողովուրդների կենսագործունեության հարափոփոխությունների հետ։

Այդպիսով է Վեհափառին հաջողվել մարդու «ես»-ի կատարյալ ու բարձրագույն վիճակին հասնել։

«Ինքնակերտումը իսկական Վահագնյան վերածնունդ է»: Նորոգումների տարիներ էին, Երևանը շունչ էր առնում, մարդիկ վերադառնում էին, Արցախը կա՛ր իր խնդրով։

«Եվ որպես գերագույն ստուգություն՝ հայացքս Մասիսն է փնտրում» ու գտնում է  մտածողության մեջ։ Աշխարհում ամեն մարդ իր տանն է ապրում։ Խրիմյան Հայրիկից մեջբերում է պանդուխտի կնոջ՝ Մարիամի նամակից հատվածներ․ «Քո պապու տանը օրական հարյուր մարդ էր ուտում, քո երեխաներն անհաց մնացին։ Եվ թե որ քո սիրտը չկտրտվի, ես ի՞նչ անեմ: Աստված թող տեսնի մեր դատաստանը և գութ դնի քո քարե սրտին»: Այսպես «խրատներով» հարկադրում է մարդուն, որ չբաժանվի իր հողից՝ կյանքի հավիտենական աղբյուրից, «որից դուրս կյանք չկա, այլ անիմաստ թափառում, այլասերում և մահ»: Հողի ու մարդու կապն անքակտելի է, հետևապես, ըստ կաթողիկոսի, առանց հայրենի կենդանի իրականության Սփյուռքն ունայնություն է։ Ուրեմն այդ իրականությունը պետք է սերմանել, ջրել, խնամել, հոգ տանել, որ կայանա՛ պետությունը։ Կաթողիկոսը կարծում է, թե պետական ձևը չես կարող ամեն տեղ կիրառել։ Ամեն ազգ իր պետական ձևն ունի, որովհետև պետության կազմակերպումն ազգի անձնավորության համաձայն է լինում։ Այդ անձնավորությունը ձևավորվում է պատմության ընթացքում։ Կաթողիկոսն ապացուցում է, որ պատմությունը սոսկ անցյալի շարադրանք չէ, այլ մեզ հետ տևականորեն քայլող իրականություն։

Այսօր էլ հրամայական է մարդկության խաղաղությունը․ ընդվզել է պետք ոչ թե պատերազմներ հրահրելու, այլ մեկ այլ իրականություն կերտելու համար։ «Ես կա՜մ ու գործում եմ իբրև մի այլ իրականություն»,-ասում է Վեհափառը ու գործում է իբրև մի այլ իրականություն, ուրեմն կլինի պետությունը, որովհետև, ասում է Հրանտ Մաթևոսյանը, շա՜տ շիտակ էր, պայծառամիտ ու անվեհեր մարդ էր, ասում է՝ «ի՜նչ մեծ հայ էր, ի ծնե՝ ի՜նչ ավագ ու տեր էր. իր արթուն կենդանությամբ կարող էիր գլուխդ անվրդով բարձին դնել՝ միամիտ, որ տանդ տակով ջուր չի գնալու և գլխիդ դավադիր սուր չի խաղալու»:

Վեհափառը հաղթել է, ու այդ առիթով է Լուսինեն պատարագում  երգելով՝ երկինքն ու երկիրը փառքով են լցված։

 

Վանուհի Բաղրամյան