Թե ուշանա էլ…

Երբ հայտարարվեց հաջորդ կանգառը, աղջիկը բնավ չգիտեր, թե ինչ է իրեն սպասվելու: Անվերջ ընթացող զբոսաշրջային ավտոբուսը անցել էր անծանոթ վայրերով, հարյուրավոր կիլոմետրեր: Սա իր Հայաստանը չէ, բանաստեղծի ասած` սրտի չափ փոքրը… Գնում ես, գնում, գնում ու էլի գնում…

Դեկաբրիստների 18 հասցեն ուղևորությունը պլանավորելիս արդեն իր նոթատետրում էր. ինչպես կարելի էր հասնել Պիտեր ու չլինել Դոստոևսկու տանը: Ապա եղավ Ալեքսանդր Բլոկի գերժամանակակից թանգարանում: Այնքան էր տպավորվել, որ մի քանի օր շարունակ այդ կախարդանքից դուրս գալ չէր կարողանում: Պարզապես թափառում էր ու ձգում այցելությունը հաջորդ գրողի տուն…

Երեք օր անց, հասկանալով, որ իր ունեցած ժամանակի մեջ չի տեղավորվելու, քայլեց դեպի Ֆանտանկա, Աննա Ախմատովայի տուն-թանգարան, որտեղ ցուցադրվում է նաև Բրոդսկու ամերիկյան սենյակը: Դեռ հինգ օր ուներ. վերջին երեքը թողեց Պուշկինին: Թողեց վերջում, որ լինի նրան առնչվող բոլոր վայրերում:

…Իսկ վաղ լուսաբացին պետք է Պետերբուրգից ուղևորվեր Վիբորգ:

Ծովափնյա քաղաք տանող ճանապարհին զբոսավարը խոսում էր Աննա Ախմատովայի`այդ վայրերում անցկացրած տարիների մասին: Ասմունքում էր նրա բանաստեղծություններից կտորներ և ներկայացնում ժամանակները, երբ ռուս գրականության ազնվազարմ տիկինը վայելում էր իր տխրուրախ ամառների  դրվագները այս հեռավոր անկյունում…

Թե ինչ պատմեց զբոսավարն այն բանից հետո, երբ տվեց Կոմարովո վայրի անունը` աղջիկը ոչինչ չլսեց: Նա մտովի հասավ իրենց ավարտական երեկոյին, երբ դասարանի տղաները, մի բաժակից հետո, այն էլ թաքուն խմած, գինովցել էին ու այնքան համարձակ դարձել, որ առանց կարմրելու` խոստովանություններ էին անում աղջիկներին ու անկաշկանդ շարժումներով կոտրատվում այն տարիների հիթերից մեկի տակ` на недельку до второго я уеду в Комарово, я за то, чтоб в синем море не тонули корабли…

-Ահա թե որտեղ է այն հայտնի Կոմարովոն. ով կմտածեր, որ ես մի օր անցնելու եմ այդտեղով,- ինքն իրեն խոսում էր աղջիկը, այնքան բարձր, որ կողքին նստած տղամարդը, որ ասածից միայն Կոմարովոն էր հասկացել, ժպտաց նրան.

-Да, через несколько минут мы будем в Комарово.

Կիսաժպիտով պատասխանեց թյուրընկալման մեջ եղող տղամարդուն:

Ընդամենը…

-Մոտենում ենք Ֆիննական ծոցին, խորհրդային Վիբորգին,- հնչում է զբոսավարի ձայնը և աղջկան վերադարձնում իրականություն:

Րոպե անց ավտոբուսն արագ դատարկվում է:

 

***

Դեռ դպրոցական տարիներից առանձնանում էր դասընկերներից. սովորություն ուներ ավելի շատ նայել-դիտել-տեսնելու, քան լսելու:  

Հիմա էլ չէր փոխվել: Դե կարևորը տեսնելն է, ինչը պիտի լսի, կարող է մի երկու նշումներ անել, ապա, երբ էլ ցանկանա, կմտնի համացանց և կստանա իր ուզած տեղեկությունը:

Էլի մի սովորույթ ուներ. խմբից առանձնանալը:

Սիրում էր առանձին քայլել:

Հիմա հատկապես. խմբում միակ հայն է, որևէ բան որևէ մեկի հետ քննարկել չի ուզում. անծանոթ են բոլորը: Զրուցակիցը մերթընդմերթ զբոսավար Նատալյան է դառնում`անչափ բանիմաց, միջին տարիքի այդ կինը, որ առանց կանխակալության ներկայացնում է 1939-45 թվականների խառնաշփոթ, հակասական ժամանակները` ռուս-ֆինն-շվեդական հարաբերությունների մասին, պատմում է ընդամենը 40.000 բնակիչ ունեցող քաղաքի մասին, որ շքեղորեն տարածված է Ֆիննական ծոցի ափին…

Էլի առանձնանում է խմբից: Ավելի ճիշտ, կամուրջն անցնելիս, որով պիտի մոտենային միջնադարյան ամրոցին, նկատում է ծառին նստած մի զարմանահրաշ թռչունի, որոշում, որ անպայման պիտի լուսանկարի ու հետ է դառնում: Իսկ երբ թռչունով զմայլվելուց հետո մոտենում է կամրջին, խումբն արդեն չէր երևում…

Հասնում է ամրոցի տարածք, միանում այնտեղ գտնվող մեկ այլ խմբի ու անգամ հարցեր է ուղղում օտար զբոսավարին:

Հանգիստ է, քանի որ Նատալյան հայտարարել էր`բոլոր ուշացածներն ու մոլորվածները 15:00 լինեն քաղաքի հրապարակում:

Եթե անգամ կորցնի խմբին, համոզված է, որ շատ բան չի կորցնի. հաստատ կգտնի իրեն հետաքրքրող դիտարժան բաներ:

Շարունակում է քայլելը`մտքում քարտեզագրելով հետադարձը, որ եթե խմբին այդպես էլ չհասնի, կարողանա նշանակված ժամին լինել հրապարակում:

Բռնում է մի նեղլիկ փողոց, իսկ դրանք շատ չեն, ու գնում է`ուղղությունը պահելով ծովածոցին. ամենագրավիչը հեռվից երևացող ճայերն են, նավերն ու այն հեռավոր ափին`օտար քաղաքը`ֆիննականը, որտեղ լինել ինքը չի կարողանա...

 

***

Հանկարծ օդը փոխվում է:

Առանց չափազանցնելու:

Եկեղեցի է տեսնում, ցուցանակ, հայոց տառեր ու նռներ, ապա ավելի հստակ է դառնում գրությունը` ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԻՔՆԵՐ:

Այ քեզ բան…

Այստեղ`այս սառնաշունչ օտար քաղաքում…

Արարատյան դաշտի բարիքներ…

Շունչը չի հերիքում: Չի քայլում, վազում է, այո, գրեթե վազում…

Այլ բան էր Սանկտ Պետերբուրգում այդ ամենին հանդիպելը, իսկ այս հեռավոր, հեռավոր վայրում…

Ուրեմն ճիշտ են ասում, որ մենք աշխարհով մեկ ենք` խոսում է ինքն իրեն, առանց շուրջը նայելու, թե մարդիկ ինչ կմտածեն…

Վերջապես: Հասնում է:

Ներս է մտնում:

Թաթա Սիմոնյանն է երգում`օտարություն… ճանապարհ… մեկ-մեկ ինձ Հայաստան տար…

Դարակներում ու ապակեծածակ սառնարանում, իրոք, հայոց ամեն տեսակի բարիքներ, անգամ մեղր ու ծիրան:

Դիմացի պատին եռագույնն է, հայոց այբուբենը`զարդանախշված:

Սկսում է բարձրաձայն կարդալ այբուբենը: Կարդում է, անգիր չի ասում, հատ առ հատ կարդում է հայոց այբուբենի տառերը`իրենց անուններով: Այդպես մեկ էլ երևի թե Գալշոյանի Գլակն ու Մամբրեն էին կարդում…

Արցունքներ են հոսում:

Ձայն է տալիս`կա՞ մարդ, ո՞վ կա, ովքե՞ր եք…

Պատասխան չկա:

Երկու-երեք րոպե անց ներս է մտնում միջին տարիքի մի երիտասարդ:

-Հա՞յ ես: Ի՛նչ եմ հարցնում, իհա՛րկե, հայ ես…

-Հա, քույրիկ ջան, որտեղի՞ց ես…

-Պետերբուրգից եմ… Էհ, ինչ եմ ասում, Երևանից եմ եկել, Շիրակից եմ, ասեմ գյումրեցի, քանի որ գյուղիս անունն ու տեղը քեզ բան չեն ասի երևի:

-Ես էլ Աշտարակից եմ: Երկու եղբայրներ ենք, արդեն 10 տարի կլինի, որ այստեղ ենք: Ընտանիքներով: Այս եկեղեցին տեսնո՞ւմ ես. մենք ենք խնամում բակը: Սա էլ մեր համեստ միջոցն է, որ ապրել կարողանանք:

Ու ցույց է տալիս խանութի տարածքը, դիմացի բակը, սրճարանը, որտեղ ընդամենը երեք կլոր սեղաններ են դրված`յուրաքանչյուրի շուրջ`3-4 աթոռ…

Երիտասարդը շարունակում է, մեկ էլ խոսքի կեսից`աղջիկը, թե`

-Իմ անունը Սոնա է: Չեմ սիրում, երբ զրուցելիս առանց անունը տալու եմ խոսում:

-Ես փոքրն եմ`Արմենը, Աշոտն ապրանք բերելու է գնացել: Իսկ վաճառողուհին կինս է`Անժելան:

Ապա ժպտալով հարցնում է աղջկան.

-Որքա՞ն ժամանակ ունես:

Սոնան նայում է հեռախոսին, մի երկու վայրկյան ինչ-որ հաշվարկ անում ու պատասխանում.

-Հրապարակում պիտի խումբը հավաքվի 15:00, բայց մինչև այդ ուզում եմ հասցնել գնալ ծովածոցի ափ:

Արմենը թե`

-Խնդիր չէ: Կհասցնենք:

Աղջիկն առաջին պահին չի հասկանում, թե ինչ պիտի հասցնեն, բայց տեսնում է, որ Արմենն ու Անժելան աչքով-ունքով ինչ-որ բան են իրար հասկացնում:

Մեկ էլ Անժելան է մոտենում, բարևում շատ սիրալիր, ու թե`

-Ի՞նչ սուրճ եք խմում:

-Լուծվող, ցանկացած:

Արդեն կլոր սեղանի մոտ են, ու շարունակվում է անչափ ջերմ զրույցը:

-Երբ ավարտվեց Արցախյան պատերազմը, երկու եղբայրներս, որ կամավորներ էինք, վերադարձանք ու փորձեցինք ապրելու միջոց գտնել: Ես կիսատ էի թողել ինստիտուտը, եղբայրս պատմության մասնագետ է, բայց ոչ մի տեղ աշխատանք չգտավ: Երկար չմտածեցինք, որոշեցինք ու մի օր վեր կացանք եկանք այս օտար քաղաքը: Շատ դժվար էր սկզբում: Բոլոր առումներով էր դժվար:

Մի պահ լռելուց հետո երիտասարդը շարունակում է համեմատաբար տխուր ձայնով…

-Հորս սրտով չէր մեր որոշումը: Անգամ վերջին օրերին`գալուց առաջ, բառ չէր փոխանակում մեզ հետ: Գաղթականի թոռներ ենք: Մեր պապն ու մամը մշեցիներ են:

-Ի՜նչ ես ասում: Ես էլ մորական կողմից եմ մշեցի: Էհ, հիմա է, որ բոլորս չգիտես թե որտեղից ենք…

Երկուստեք լռություն: Այն խախտում է Անժելան, զվարթաձայն Անժելան:

Սեղանին են հայտնվում հայկական կլոր գաթան, խորիզով, չրեղենով, Սոնայի սիրած սուջուխը, որ ամեն անգամ Գյումրի-Երևան ճանապարհին կանգնեցնում էր անգամ օտար վարորդներին, Ուջանի ներքևում և երկու-երեք կախան առած` վազում ընկնում մեքենան: Չէր մոռանում նաև վարորդին առաջարկել, գոնե մի փոքր մաս, եթե ոչ մի ամբողջ շարան` նայած այդ պահին ժլատությունը բռնած էր լինում, թե չէ…

Հիմա ինքը նստած է օտար քաղաքի մի ցանկալի տեղում, իրեն բոլորովին անծանոթ զույգի այնքա՜ն մտերմիկ ընկերակցությամբ:

Անգամ շունիկը, որ մերթընդմերթ մոտենում ու հոտոտում է ոտքերը, այնպես հարազատորեն է դա անում, ասես ամեն օր այդ ժամին ինքն հե՛նց այս մարդկանց հետ հե՛նց այս բացօթյա սրճարանից, հենց այս դեղնավուն դնչիկովի հետ է օրը սկսում…

 

***

Պիտի վեր կենա, բայց այնպես չի ուզում:

Արմենը գործի է գցում մեքենայի շարժիչը, աղջիկը ողջագուրվում է Անժելայի հետ, խոստանում հայրենի հող ու ջրին բարև տանել, և ուղևորվում են դեպի ծովածոց:

-Իմացիր, որ այս քաղաքում եղբայր ունես, -Արմենը մեկնում է ձեռքը աղջկան:

Ախր շա՜տ զգայուն հոգի ուներ Սոնան: Ձեռքի ափով սեղմում է ակնակապիճներից կախված արցունքի կաթիլները, ամուր գրկում Արմենին:

Մենակ մնալուց հետո քայլում էր ափի երկայնքով վերև-ներքև, մեկ նստում էր որևէ նստարանի կամ պարզապես մերձափնյա քարերին, մեկ կադրեր անում, ժպտում իր կողքով անցնող փոքրիկներին, բայց մտքով հայրենակիցների հետ էր, իր ժողովրդի կրկնվող ճակատագրի, հայրենիքից դուրս հայրենիքը սրտում ապրող հայերի, որոնց չգիտեր`մեղադրեր, որ լքել են հայրական օջախը, արդարացնե՞ր, որ այս օտար ափերում էլ հայրենիքով էին ապրում…

Ի՞նչ աներ…

Եվ ունե՞ր իրավունք`անելու…

 

***

Մի պահ ծովը տարավ իրեն:

Իր հայրենիքում ծով չկա, թեև ծով են ասում իրենց լեռնային գեղեցկուհուն:

Չհասկացավ էլ, թե ինչպես անցան րոպեները:

Պատահական անցորդներից մեկին խնդրել էր`լուսանկարել իրեն: Ինչն ինչ`դեռ չէր հանդիպել մեկին, որ հանկարծ մերժեր կամ հոժարությամբ չաներ դա. որքան էլ շտապելիս լինեին: Ավելին, լուսանկարելուց հետո էլ կանգնում էին, հավաստիանում, որ հավանում ես կադրերը, ապա նոր հեռանում…

Սա Մոսկվան չէր:

Այդ անհասկանալի քաղաքում մեկ-երկու մերժումից հետո այլևս որևէ մեկին չխնդրեց, որ լուսանկարեն իրեն, և դիմատետրում տեղադրված ամեն ինքնուկից հետո կարդում էր ընկերների հումորախառն մեկնաբանությունները`հանգստանում ե՞ս, թե՞ սելֆիներ անելու ես գնացել…

Մեկ-երկու նկարի փոխարեն տղամարդը տարբեր դիրք էր ընդունում, ցուցումներ տալիս ու ոգևորված կադրեր անում: Ինքն էլ կարգին ոգևորվել էր, այնքան, որ երբ անծանոթը հեռախոսը վերադարձրեց ու սիրալիր ցտեսություն ասաց, երբ ինքը նայեց ժամն ու տեսավ, որ ընդամենը րոպեներ ունի հրապարակ հասնելու համար, խառնվեց իրար…

Ու վազում է…

Միտքն է գալիս անվասայլակին գամված իր լուսավոր ընկերոջ գրառումը` ամենավառ երազանքս վազել կարողանալն է…

Ի՜նչ լավ է, որ վազել կարողանալը երբեք երազանք չի դարձել իր համար:

Կարող է վազել`երբ ուզենա, որքան ուզենա…

Անգամ ուր ուզենա…

Իհարկե, կհասնի խմբին, իհարկե, կնկատեն իր բացակայությունն ու կսպասեն, եթե անգամ մի փոքր ուշանա…

Ու վազում է…

Ջրերի վրայով ճախրող որորները, հեռվից իրեն հասնող նավերի շչակների սուլոցները, ամեն քայլին հանդիպող փայտաշեն գողտրիկ տնակները, իրեն մի քիչ զարմացած նայող, բայց ժպտացող մարդիկ`բոլոր-բոլորը խրախուսում են իրեն, որ հասցնելու է:

Իսկ միտքը անհանգիստ չէ բնավ…

Թե ուշանա էլ…

Չլինի-չլինի`Արմենն ու Անժելան հո կան ու կան…

Երանի թե օտար ափերում մեկը մյուսի նկատմամբ տածած ջերմության չափով ապրեին ամեն բացվող օրը հայրենիքում…

 

Գեղեցիկ Մարգարյան