Թե չենք գտնում գոյության իմաստը, փնտրենք գոյությունից այն կողմ

Ուժից ավելի զորեղ ուժ

Մարդկային ցեղը հոգնել էր արդեն ուժի ու գեղեցկության պաշտամունքից և կամենում էր աստվածացնել աննյութեղենը, ժխտելով երկրային կյանքը՝ ձգտելու էր անմահության։ Այս կարծիքին էր Վարդան Գրիգորյանը, երբ գրում էր քրիստոնեության ամենաբարդ ճանապարհի մասին, երբ դեռ հավատում էինք Անահիտին, երկրպագում Վահագնին։

Պատմական ամեն ծանր շրջանի ախտորոշում երևում է գրականության մեջ.   վկայությունը՝ Վարդան Գրիգորյանի վեպերը։

Պատմությունը վիպասանության մեջ գեղագիտական ու սիմվոլիստական ըմբռնումներից հանել ու որպես ճշմարտություն մերկացրել է հեղինակը։ Սա, իհարկե, պայմանավորված է հեղինակի մասնագիտությամբ նաև։ Վիպասքերը կամ առասպելախառը զրույցները, պատմության սիմվոլիստական, գրոտեսկային ըմբռնումներն այլևս թվում են իրական։ Վարդան Գրիգորյանը կարծես պատմական տեսիլները դնում է իրականության սխեմաների մեջ ու լավագույնս տեղավորում այնտեղ։

1988-ին մենք էլի հերոսականության քաղց ու պահանջ ունեինք (ինչպես ենք)․ իրատեսության կուրացում, գոյապայքարի անհրաժեշտություն։ Ահա այդ օրերին գրվեց մեր հավատի՝ քրիստոնեության, որ ազգային է ու պետական, փորձությունների, նրա նյութեղեն ու իրական լինելու, նրա՝ մեր ունեցած հավատներից ամենաաննյութեղենը, բայց միևնույն պահին ամենաարժանահավատը լինելու վկայականը։ Դա «Մանյա այրքն է»։

Սա դեպքերի շարադրանք չէ, ոչ էլ գեղարվեստական էսթետիզմ։ Սա իրական, միս ու արյունից, բայց միևնույն պահին այդ ամենի փիլիսոփայական խորքերը ներկայացնող   վեպ է։

Երկու ներհակ, բայց  նաև կարող է հակամետ ուժերի կշիռն է քննում հեղինակը։ Մեկը ուժն է, մյուսը՝ հավատը։ Հայկից սկսած մինչև քառասունչորսօրյա պատերազմ այդ երկուսն են եղել անխաբ հենարանները մարտադաշտում։

Ապրում է մեր մեջ Տրդատ արքան, ապրում է մեր մեջ Գրիգոր Լուսավորիչը։

Ի՞նչ ավեր ու ի՞նչ շենություն բերին մեր երկրին այս երկու այրերը՝ թշնամի իրար, հարազատ նույն պետությանը։

Երբեմն թվում է, թե պատմությունը սկսվում է հենց Տրդատի բեմադրած դիվահարվելու պահից։ Ասես չի եղել նա հզոր ու չի կառավարել մինչև այդ։ Որովհետև տպավորություն է, թե մեր անվերջ վերադարձների շրջապտույտում չենք ապաքինվում տրդատյան այսահար ախտերից։

Ուրեմն վեպում ասում է, թե դիվաբախներին կարող է բուժել միայն Գրիգորը։ Կյանքի բանական խորհուրդը սերն է, բարությունը, հավատը։ Սրանք բուժիչ միակ մեթոդներն են։ Ուրեմն հարց է․ Գրիգորը սեր էր քարոզում ճգնակեցությա՞ն, կնոջը չսիրելու ու նրանից բաժանվելո՞ւ կենսափորձով։

Միամտություն։ Մանին ծնվել էր, որ մարդանար Գրիգորը, որ վերադառնար Սուրենին, հեթանոսվեր մի պահ։

Բարձրանում է լեռը Լուսավորիչը ու զարմանում՝ ինչու մի մեծ ժայռաբեկոր չի գլորվում ու տապալում կործանվածին։ Սա հետո Նարեկացու ատաղձը պետք է լիներ գուցե։ Մի՞թե 12 չարչարանքները քիչ էին պատժելու համար իշխանության փառքի մեղքը։ Մի՞թե Մանիից հրաժարվելը չհամարվեց ապաշխարանք։

Հաղթե՞ց՝ իր հավատի տարածումը բերելով։ Տրդատն իր արքայական հպարտությամբ, իր դիրքի գերակա գնահատությամբ որակում է այսպես․ ոչ թե դու, այլ ես հաղթեցի քեզ՝ ընդունելով հավատդ։

Դարեդար խաբված ասքերին՝ չկարծենք, թե մի գիշերում հավատավոր դարձավ անբեկանելի Տրդատը։ Կար պետական շահի խոր գիտակցում։ Պետք էր մարդիկ հավատային թեկուզ աննյութեղենին, միայն այնպիսի հավատով, որ ոչ մի սուր չէր կարող խոցել։ Հռիփսիմյան կույսերի պես ոչ մի կին չէր դավանի հին աստվածներին, ոչ մեկ թեկուզ մայրանալու համար իրենց Անահիտ դիցուհու պաշտամնունքի պատվին չէին չարչարվի, ինչպես Հռիփսիմյանները։ Ու հավատի այս ամրությունն էր, որ խեղճացրել էր հայոց արքային․ «հիշոցներ էր ուղարկում երկինք, որ գնդերի ու բանակների փոխարեն կույսեր ուղարկեց իր դեմ»։

Ե՛վ Տրդատի, և՛ Գրիգորի կերպարների գործողությունների հիմքում սերն է։ Պարտվում ու հաղթում են դրանով։ Ու սիրում էր Սուրենը Մանիին, Հովհաննես վանահայրը՝ Մարիամին, Թումանյանը՝ իշխանուհի Մարիամին։ Ու գուցե Սղուկը ճիշտ էր․ միգուցե Խոսրովադուխտը՝ Գրիգորին (Սղուկի դեմքի սպին վկա)։

Գրիգորը նահատակ ու սուրբ լինելուց առաջ մարդ էր՝ հողեղեն, իր անձնական դժբախտությամբ։ Իսկ գուցե նրա պայքարը ոչ թե հանուն էր, այլ ընդդեմ քրիստոնեությանը։ Ինչպես ասվում է, իրականում նա պայքարում էր Միածնի դեմ․ Մանին նվիրվել էր նրան, ու ինչ էլ աներ Գրիգորը, չէր կարող գերազանցել  ամենակատարյալին։

Հակամետ ու ներհակ։

Ո՞ւմ մեղադրել թափած արյան, մեհենական ամբողջ ժառանգության կործանման համար։ Մեղադրե՞լ հայոց արքային քրիստոնյաների երեք հարյուր տարվա կոտորածը շարունակելու համար։ Մեղադրե՞լ քրիստոնյաներին մարդկանց անցյալի հավատո ամբողջ ժառանգությունը կործանելու համար։ Պատասխանը կա․ «ո՞ր հավատն է առանց սրի աշխարհ տիրել»։ «Հավատներն էլ մարդկանց նման ծնվում, առնականանում ու զորանում, ապա զառամում ու մեռնում են»։

Ու ընդունեց Տրդատը, որ ուժից ավելի զորեղ ուժ ունենար իր պետության համար։ Ու ոչ թե ինքը հավատաց, այլ իրեն հավատաց Բարձրյալը։ Ու ոչ թե կրոնափոխ եղավ, այլ միևնույն էր, թե հավատի անունն ինչ է․ «Ինձ հավատ է պետք, ոչ թե հավատի անունը»։ Հավատը մեկն էր՝ հայրենիք՝ կենսավետ, ուժեղ։ Դրա համար պատրաստ էր մեհյանների ու բագինների քարերը համբուրել և երկրպագել հեթանոս չաստվածներին։

Այս կռվում, որ սկսվեց Անակից ու Խոսրովից ու ժառանգվեց, մահերը շատ եղան․ կյանքի գինը դարձյալ կշռվեց։ Նահատակվում էին՝ մահն ընծա ընդունելով։ Ոսկյա խաչի ծանրությունը իշխանություն ունենալու բեռն էր․ փայտյա խաչով ապրելն ու նահատակվելը խղճին մոտ է ավելի։ Իսկ մեզ կյանք էր պետք։ Ու մտածում էր Տրդատը՝ ուժ էին աստվածները հին։ Հայկի հոգին, որ հաղթության առաջին ու ճակատագրական բեռը կրողն է, այս մահերի համար կների՞։ Կենդանի էինք ու, ասվում է, կենդանի ենք եղել, քանի որ կյանքն է երկրպագվել։

Վերադարձը կերպարանափոխության գնով է։ Տրդատը կերպարանափոխվեց, Գրիգորը՝ նույնպես։ Մեկը՝ քրիստոնյա, մյուսը՝ հեթանոս։ Մեկը՝ իր՝ արքայի հորը սպանողի տղան, մյուսը՝ սպանվողի թագաժառանգը։ Ինչպես վեպի քրիստոնյա ու հեթանոս հերոսները, «մեկը՝ հաղթած, մյուսը՝ պարտված, բայց նույնացած ճակատագրով»։ Թշնամի՞ են։ Ուրեմն ինչո՞ւ սիրո խորհուրդ կրող այդ լեռան լանջերին ամենաքրիստոնյայի մարմինը հեթանոսները պատանեցին։

Ամենաամուր հավատն է պետք, որ ուներ Գրիգորը՝ 12 ամենաչարչարանքները տանելու ճակատագրով, Տրդատը՝ կերպարանփոխ լինելու ու հորը սպանողին ազատություն տալու պատմական վճռով։

Երկուսն էլ, սակայն, վստահ էին մի հարցում՝ հայրենիքը ապրելու է․ «Սուտ է։ Ո՞վ է թույլ տվել, որ գլուխդ մեր երկիրը վարկաբեկող հերյուրանքներով լցնես, աչքերիս նայես ու մեր խեղճությունից խոսես։ Ոչ թե մեր երկիրն ու ազգը, այլ դու ես թույլ ու թշվառ»։ Ինչպե՜ս կարող է վիրավորվել, թե հանկարծ որևէ մեկը կասկածի այդ հավատի հարցում։

Այս բոլորից հետո մտածել է պետք․ ունե՞նք իրավունք կասկածելու մեր գոյությանը։ Այդ դեպքում պարանը վիզներս անցկացնենք ու գոչենք․ «Պատրաստ եմ, ձգեք»։ Առողջ ընդունենք պարտությունները, դրանք դարձնենք զենք ապրելու համար ու թե չենք գտնում գոյության իմաստը, փնտրենք գոյությունից այն կողմ։

 

Վանուհի Բաղրամյան