Տարոնի լեռներից մինչև Փարիզ ձգվող իմաստությունն ու ուժը

Անահիտ մայրիկը. Անահիտ Տեր-Մինասյանի հիշատակին

․․․․ Ելա տանից թափ քելացի,

Լանգով զարգի երթըս բացի,

Գուլոն տուն չէր, նստա լացի,

Վայ լե Գուլո, յաման Գուլո…

 

Գուլոյի երգը Մուշում ու ամբողջ Արևմտյան Հայաստանում գիտեն գրեթե բոլորը։ Իհարկե՝ քրդացված, թուրքացված, երբեմն էլ՝ ամբողջովին խեղաթյուրված տարբերակներով։ Սակայն Գուլոյին այստեղ չեն մոռացել։ Հարկավ, Գյուլիզարի ողբը միայն ողբ չէ․ այս հողերում բոլորի մտքում պահպանված անջնջելի դրոշմ է։

Նրբագեղ, ուժեղ, անկոտրում ու հպարտ կնոջ պատմություն է մշեցի Գյուլիզարինը։

Շուրջ 130 տարի առաջ իր պատմությամբ Մուշից մինչև Օսմանյան կառավարության դուռը հասած ու անգամ եվրոպական մամուլ ներթափանցած Գյուլիզարն ու իր ընտանիքը պետք է որ իրենց բաժին հասած անօրենության հետ հաշտված հարյուր հազարավոր հայերից մեկը լինեին ի սկզբանե․ այդպես էր ընդունված, այդպես էր ծրագրել Գուլոյին առևանգած ու կրոնափոխության հարկադրող Մուսա բեկը։ Բռնությամբ նրա տանը փակված, բազմաթիվ կտտանքների ժամանակ աչքը կորցրած Գուլոն գուցե տարիներ անց այսպես կարող էր հիշատակվել իրեն առևանգողների ժառանգների կողմից․ «տատս հայ էր, իր կամքով է մուսուլման դարձել, մենք հայերին շատ ենք սիրում»։

Սակայն Տեր-Կարապետյանների ընտանիքում նախընտրեցին այլ կերպ հիշատակվել, այլ թոռներ ունենալ, այլ ճանապարհ ընտրել։ Եվ զոհ գնալու փոխարեն ընտրեցին դիմադրության խորհրդանիշ դառնալու ճանապարհը։ Դիմադրություն, որի առջև տեղի տվեց նույն ինքը՝ Աբդուլ Համիդը, իսկ եվրոպական մամուլը ուշիուշով հետևեց Գյուլիզարի ու նրա ընտանիքի աներևակայելի, անզիջում պայքարին:

Գյուլիզարի դստեր՝ նշանավոր երաժշտագետ Արմենուհի Քևոնյանի շնորհիվ այս հոգեցունց պատմությունը արխիվացվեց ու առաջին անգամ լույս տեսավ Փարիզում՝ 1946-ին։ Այսօր Գյուլիզարի ոդիսականը սերնդեսերունդ պատմվող, երգվող ու տասնյակ տարիներ անց էլ աշխարհի տարբեր անկյուններում՝ այդ թվում նաև Թուրքիայում, մինչև օրս վերահրատարակվող բացառիկ գրական ու պատմական ժառանգություն է։

Էրգրի ճանապարհներին բազմաթիվ անմոռանալի պահեր, կերպարներ ու պատմություններ են դաջվել մտքումս, սակայն դրանցից մի քանիսն են միայն, որոնք հիշելիս շարունակում եմ փշաքաղվել մինչև օրս։ Երբեք չեմ մոռանա տեսարանը, երբ Գյուլիզարի թոռնուհին՝ ֆրանսահայ նշանավոր պատմաբան Անահիտ Տեր-Մինասյանն ու Սասունի Խաբլջոզի հյուրընկալ տներից մեկի մեծ մայրը՝ Լեյլան, նստած էին ուղիղ դիմացս, կողք կողքի։

Դեմքին «հանելուկ» դաջվածքներով 100-ամյա հայ Լեյլան, որին  ճակատագրի քամին Դեր Զորից էր բերել ու հասցրել Սասուն, ու որը հենց նոր էր վերադարձել ուրբաթօրյա նամազից, և Անահիտ Տեր-Մինասյանը՝ նույն պարտադրանքի դեմ դիմադրության խորհրդանիշ Գյուլիզարի թոռնուհին, որն ավելի քան մեկ դար անց եկել էր Մուշն ու Սասունը ճանաչելու և Գուլոյին առևանգած Մուսա բեկի թոռների հետ ծանոթանալու։ Նույն աշխարհի երկու տարբեր արտացոլանքները։ Նույն ճակատագրի երկու տարբեր բևեռները։ Նույն պատմության երկու տարբեր վերջաբանները՝ Անահիտն ու Լեյլան։

Լեյլայի դաջվածքներն ի՞նչ էին նշանակում, ծնողներին հիշո՞ւմ է, Մուշից ինչպե՞ս են Դեր Զոր հասել, Դեր Զորից ինչպե՞ս են Սասուն եկել։ Մեր հարցերը պատասխան չունեին, ինչպես որ Լեյլա տատիկը երբեք իրավունք ու առիթ չունեցավ իր կյանքի այս փուլերից որևէ մեկում որոշելու իր վաղվա օրվա ճակատագիրը։

«Կինը հանգիստ ձգեք», - ասաց Անահիտ մայրիկը։

Մայրիկ, այդպես էինք դիմում անվանի պատմաբանին Սասունի լեռներում միասին անկացրած բոլոր օրերի ընթացքում, քանի որ նա, ի սկզբանե, խնդրել էր չօգտագործել «տիկին» բառն ու իրեն «դուք»-ով չդիմել։ Ստրաբոնի համալսարանի պրոֆեսորը, հայոց պատմության ամենահեղինակավոր ուսումնասիրողներից մեկը մեզ համար մնաց Անահիտ մայրիկ, որն իր մեծ վաստակից ու անցած ճանապարհից գրեթե չէր խոսում, մեզ հետ Սասունի յայլաների ծղոտե վրաններում էր քնում, գյուղացի երեխաների հետ հավասար համեստորեն օգտվում էր գետնին փռած հյուրասիրությունից, անտրտունջ էր, համբերատար ու բոլորին հասկացող, անգին ու մեծահոգի խորհուրդներ տվող։

Հիշում եմ, երբ մենք շնչակտուր հաղթահարում էինք հերթական քարքարոտ բլուրն ու շտապում հետ նայել, որպեսզի տեսնենք, թե արդյոք Անահիտ մայրիկը կարողանո՞ւմ է մեզ  հասնել՝ զարմանքով պարզում էինք, որ 85-ամյա Տեր-Մինասյանը բոլորիցս ավելի դեմքի ամենագոհ ու անհոգ արտահայտությունն ուներ այդ պահին։ Իրականում նա գոհ ու երջանիկ էր, քանի որ հեքիաթը, որում մենք միասին հայտնվել էինք, ճիշտ այնպիսին էր, ինչպես որ պատմում էր իրեն մայրը՝ Արմենուհի Քեվոյանը և ինչպես իր բացառիկ հուշագրություններում գրել էր սկեսրայրը՝ Ռուբեն Տեր-Մինասյանը։
 

․․․ «Հա, մեր պարոն Ալիի մայրն էլ էր հայ, չէ՞, հա՛, էս ներքևի Վեդաթենց մայրն էլ է հայ կարծեմ»․ բնականաբար, սա միակ թեման էր, որի շուրջ կարող էր հայ հյուրերի հետ զրուցել Սասունի բարձրաստիճան զինվորականներից մեկը՝ մեր անակնկալ այցից շփոթված ու խոսակցության թելի ծայրը բռնել փորձելով։

Իհարկե, ովքեր են հայերի թողած ժառանգները, ի՞նչն է կապում այս իրար ատող կողմերին՝ երկու կողմերի միջև մնացած, ոչ մի կողմում իրենց տեղը չգտած կանայք։ Ցեղասպանության սարսափի ամենածանր բեռը կրած, ցեղասպանների համար սերունդներ ծնած կանայք։

«Աս ինչ աղվոր երկիր մըն է, ամենքի մեծ մայրերը հայ են․․․», - այսպիսին պիտի լիներ Անահիտ մայրիկի՝ հայ տատիկներով հպարտացող թուրք զինվորականին կարճ ու կտրուկ պատասխանը որը մինչև օրս հիշում ենք ծիծաղով, կարոտով ու ցավով։

2019 -ի փետրվարի 10-ին մեզնից հեռացած Անահիտ Տեր-Մինասյանը թողել է գիտական ահռելի ժառանգություն՝ լրացնելով հայ պատմագրության մի շարք առանցքային բացեր։ Սակայն դրանից զատ, Էրգրում Անահիտ մայրիկի հետ անցկացրած մի քանի օրերը, անշուշտ, մնալու են իմ և այդ օրերին նույն պատիվը կիսած ընկերներիս կյանքի անջնջելի հիշողություններից մեկը։

 

Սոֆյա Հակոբյան