Տան հաց

Պապան մեռավ գարնան կեսին: Երբ կակաչներ դեռ կան, ու սկսում են ժպտալ յասամանները: Երեք հարկանի տունը պապան էր կառուցել: Տնամերձ այգում պտղատու ծառերը պապան էր տնկել, երեք որդիներին ու երկու դուստրերին պապան էր մեծացրել: Մամայի հետ միասին, անշուշտ, բայց նույնիսկ մաման պնդում էր, որ «սաղ պապան ա արել»: Նույնիսկ իր զգեստապահարանն ու զարդատուփն էր բացում և ասում. «սաղ պապան ա արել»: Չնայած՝ մայիսյան սարերի պես կանաչ «ժիգուլի» ունեին, բայց պապան ձիով էր գնացել իր հարսանիքին՝ մամայի հետևից: Հետո, երբ մաման նստել էր թամբին, պապայի ձին սուրացել էր դեպի կանաչ սարերը: Հարսանքավորները մնացել էին շվարած: Մամայի ու պապայի հարսանիքը գյուղում միակն էր, որ անցավ առանց հարսի ու փեսայի: Պապան խենթ էր: Մաման սիրում էր:

Քանի դեռ ջահել էին միշտ ասում էր մամային. «Ես որ տեղ եմ գնում, դու պիտի հետս անպայման գաս»: Երբ արդեն մեծացել էին, էլ չէր թողնում: Հիվանդության օրերին, նույնիսկ այգի գնալիս՝ գոռում էր մամայի վրա, թե բա.

-Նստի տանը: Պետք չի, որ հետս գաս:

Վերջին գիշերն էլ հանկարծ աչքերը բացեց ու խնդրեց.

-Հանկարծ հետս չգաս:

Պապան մի ավանդույթ էր հիմնադրել: Ամեն ամիս ընտանիքի անդամներից մեկը պարտադիր պիտի մի կարևոր բան բերեր տուն: Կապ չունի՝ ինչ: Պապան հայտարարել էր, որ եթե նույնիսկ մի քար ես բերում տուն, դա ամենակարևոր բանն է: Փոքր տղան հենց քար էլ բերել էր՝ առաջին ամիսը: Պապան էլ անմիջապես դրեց հին պահարանի ոտքի տեղն ու պահարանն էլ չէր շարժվում: Պապան էլ ասաց.

-Տեսա՞ր՝ ինչ կարևոր բան ես բերել:

Ահա թե ով էր պապան, որ մեռավ գարնան կեսին: Մաման թաղմանը չմասնակցեց: Խնդրել էր իրեն տանեն կանաչ սարերը, նստել էր մի քարին ու նայում էր, թե ոնց են անթամբ ձիերը սարի ու երկնքի սահմանը հատում:

-Բա տունն ո՞ւմ ա հասնում,-պապայի հոգեհացի սեղանին ասել էր նրա մոտ ընկերը՝ կողքի մարդու ականջին:

Կողքի մարդն էլ պատասխանել էր.

-Դե երևի փոքր տղուն էլի. օրենքը տենց ա:

Քույրերն ամուսնացած էին: Փեսաները «ոսկի» տղերք էին: Սգո ամբողջ արարողությունն իրենք կազմակերպեցին, մամային իրենք տարան սարերը, իրենք բերեցին, իրենք ամենաշատն էին ծխում, ամենահաճախն էին որդիների ուսերին թմփթմփացնում, հյուրերի ձեռքից ծաղիկները վերցնում ու հանգուցյալի ոտքերի տակ տեղավորում: Փեսաները հարգում էին պապային ու ամեն անգամ նրա տուն գնալիս՝ պարտադիր մի կարևոր բան տանում էին:

Ամռանը, երբ պապայի քարն արդեն դրեցին, մաման որոշեց փոխել ննջասենյակն ու մեծ տան սենյակներից ընտրեց այն, որի պատուհաններից երևում էին սարերը: Որդիները չէին ուզում, բայց ինքը որոշեց, որ ամեն մեկն իր կնոջը պետք է վերցնի ու գնա՝ իր տունը կառուցելու.

-Մա՛մ, ախր մենակ կմնաս,-ասել էր մեծ տղան:

-Ամեն իրիկուն կգանք, մա՛մ ջան,-ասել էր փոքր տղան:

-Էդ պառավին չես տեսնո՞ւմ. մարդը մեռավ, երկու տղին էլ հանեց տնից,-ասում էին շուրջբոլորը:

Մաման մեծ տան առաջին հարկը դարձրեց հացի արտադրամաս: Փուռը նույնիսկ անուն ուներ՝ «Տան հաց»: Աշխատանքի ընդունեց տասը հացթուխի, որոնցից մեկը հմտացել էր գաթա թխելու գործում: Ինքն էլ հետներն աշխատում էր: Բայց գիշերները չէր դիմանում: Բազրիքը բռնելով բարձրանում էր աստիճանները, մտնում իր նոր սենյակ ու նայում՝ սարերին: Մինչև կփակվեին աչքերը:

Ամեն անգամ, երբ երեխաներից մեկը զանգում էր, պարտադիր հարցնում էր. «Տանը հաց կա՞»: Միշտ ասում էին՝ հա: Ինքն էլ ժպտում էր:

Ամբողջ քաղաքը հերթ էր կանգնում, որ «տան հաց» տանի: Մաման գաթան չէր վաճառում: Ամեն հաճախորդի հինգական հատ տալիս էր: Գուցե այդ պատճառով, գուցե սարսափելի ձմռանը հաջորդած գարնանը, քաղաքը փոխվել էր: Մարդիկ իրար տեսնելիս ժպտում էին, ավելի ճիշտ՝ իրար տեսնում էին: Քաղաքում տարածված հացի ու ծաղիկների բույրը ստիպում էր ոչ միայն սիրահարվել, այլև չվախենալ միասին ապրելուց: Այդ գարնանը քաղաքում ավելի շատ ամուսնացան, քան նախորդ ամբողջ տարվա ընթացքում:

Այդ գարնան կեսին պապայի տարին էր: Գերեզմանոցից հետո եկան տուն: Ոչ մեկը ոչ մի բան չէր բերել: Բոլորը եկել էին: Ավանդույթը չի մեռնում:

-Նստեք հաց ուտենք,-ասաց մաման:

 

Հովիկ Աֆյան