Սուրբ է ծնունդը Քրիստոսի

Վերածնունդը՝ արալեզների ժամանակներից մինչև Նարեկացու դարաշրջան

 

Արմաղանին տղա էլավ։
Տարան կնքեցին, անուն դրին Դավիթ։
Տղան որ տուն բերին,
Մհեր ու իր կնիկ էրթմակոտոր էղան...։

Սասնա ծռեր

 

Մհերն ու իր կինը դառը ընտրության առջև էին. դա գենի, կյանքի շարունակականությունը թեկուզ իրենց մահվան գնով պահելու միակ լուծումն էր:

Մենք, սակայն, չենք մեռնում, այլ վերածնվում ենք, վերապրում ենք հոգով ու մարմնով:

Վերածնունդը՝ իբրև հարատևության միջոց, մեր ազգային ենթագիտակցության մեջ է՝ սկսած արալեզներին հավատալու ժամանակներից մինչև Նարեկացու դարաշրջան: Այն անկախ ժամանակից ու տարածությունից մեր ազգային գոյության հիմնասյունն է: Երբ այլևս մահն անխուսափելի է, անգամ արդեն տեսանելի, շոշափելի, զգալի, մենք փյունիկի պես ինքնահրկիզվում ենք, որ նոր ավիշով վերածնվենք:

Մահը խորթ է մեր հոգուն: Սկսած վաղ անցյալից մինչև անգամ մեր օրեր Ցեղասպանության գնով փորձեցին մեզ մոտեցնել մահվան, բայց ապարդյուն: Տերյանն ասում է՝ Որպես Փյունիկ կրակից կելնես, կելնես նոր
                                    Գեղեցկությամբ ու փառքով վառ ու լուսավոր:

Մեր մշակույթի մեջ մահվան ու կյանքի էքզիստենցիալ մտորումները, արձագանքները գրականության, արվեստի մեջ կապված են մեր ժողովրդի պատմական ճակատագրի հետ: Գոյապայքարի չընդհատվողատ շղթայում ապրելու մեր իրավունքի պաշտպանության միակ լծակը իմացյալ մահն է եղել:

Իսկ եթե սպանվել ենք, խնդիր ենք ունեցել իբրև ավանդ հետագա սերունդներին  ժխտել մեր մահը հայտնության ու հարության խորհուրդներով:

Արան Նվարդին էր սիրում: Արան մերժեց Շամիրամին ու սպանվեց: Բայց Արայի անունը պատահական չէ ընտրված: Ար սկզբնարմատն արարման խորհուրդն ունի: Եկան արալեզները. ասում են, թե վերակենդանացրին մեր Արային: Նա դարձավ մեր մեռնող և հարություն առնող աստվածը, ում պաշտեինք պիտի մինչև աշխարհի ամենահումանիստական կրոնը՝ քրիստոնեությունն ընդունելը:

Նախաքրիստոնեական Հայաստանում արալեզների լեգենդի հիմքը շան պաշտամունքն է եղել: Հայկական ժողովրդական հավատալիքներում եղել են շնանման ոգիներ, որոնք ապրել են Արարատ լեռան վրա կամ երկնքում: Մարտերից հետո նրանք իջել, լիզելով ապաքինել են վիրավորներին, կենդանացրել մեռյալներին:

Երբ Արտավազդը մեղանչեց հոր դեմ, պատիժը Արարատ լեռան քարանձավում հավիտենական բանտարկումն էր: Հավատարիմ շներն ամեն առավոտ կրծում են շղթաները՝ ազատությամբ նրան նոր կյանք տալու հուսադրումով: 

Մենք այդպես էլ ու հավիտյանս չհամակերպվեցինք մահվան երևույթի հետ: Մեզ սպանել չեն կարող. բանահյուսության մեջ ուժեղագույն, անհաղթելի հերոսների մահվան միակ ճանապարհը ինքնաոչնչացումն է. Սասունցի Դավթին սպանեց իր դուստրը՝ իր արյունը:

Փոքր Մհերն անմահացավ՝ սպասելով աշխարհի վերափոխման:

Փոխվեցին հավատքի տները, աստվածները, բայց վերածնվելու մեր հատկանիշը մնաց անփոփոխ:

16-րդ դարն աշխարհում համարվեց Վերածնունդի սկիզբ, սակայն նրա հիմքը մեր գրականության մեջ Նարեկացին 10-րդ դարում դրեց:

Գուցե ճահճացել էինք, ու պետք էր նոր մեկը, մտքի նոր սթափեցնող թռիչքով, որպեսզի վերարժևորեինք, վերադաստիարակվեինք, վերամկրտվեինք իբրև բանական մարդ: Եկավ Նարեկացին: Բոլորիս մեղքերն ամբարեց, ինքանախարազանման, ինքնամաքրագործման ճանապարհով հասավ մտքի ու հոգու կատարելության: Մենք վերստեղծվեցինք:

Արալեզներն ու փյունիկն այլևս մնացին լեգենդներում, բայց հավատը վերածնունդի նկատմամբ հիմնավորվեց նոր կրոնով:

Հեթանոսության ժամանակ  պտղաբերությունն էինք պաշտում: Քրիստոնեությունը սուրբ է համարում ծնունդի երևույթը. Սուրբ է ծնունդը Քրիստոսի: Մարիամ Աստվածածնի միջոցով Աստված իր որդուն ուղարկեց երկիր՝ մարդկանց մեղքերից դարձի բերելու: Աստվածամոր պաշտամունքը որոշ հետազոտողներ կապում են անգամ զարթոնքն ու պտղաբերությունը, ծնունդն ու հարությունը խորհրդանշող նախաքրիստոնեական աստվածների՝ Իշտարի, Մայի, Կիբելայի հետ: Այսինքն՝ ծնունդն ու հարությունը պաշտամունքի երևույթ են մարդկային պատմության ամբողջ ընթացքում:

Սուրբ ծնունդին մենք ավետաբեր լուրով ենք ողջունում իրար: Նարեկացին գրում  է «Տաղ Հայտնության»: «Ակնահաճո», «քաղցրաբույր», «գունագեղ» նկարագրություններով ազդարարում է Քրիստոսի հայտնությունը: Ներկայացնում է Հորդանան գետում նրա մկրտությունը: Ջուրը դեռևս հեթանոսական շրջանում պաշտվել է հատուկ ծիսակատարությամբ: Այն մաքրագործող ուժ է ունեցել: Ջրի  նկատմամբ պաշտամունքը ոչ թե կրոնական է, այլ ազգային. հեթանոսական: Ջրօրհնեքը քրիստոնեությունը վերագրել է Քրիստոսի մկրտության հիշատակին:   Մինչև այսօր էլ նշվում է Վարդավառի տոնակատարությունը, որը հեթանոս հայերը ձոնել են Աստղիկ դիցուհուն, քրիստոնյա հայերն այն կապում են Քրիստոսի պայծառակերպության հետ: Քրիոստոնեական մեկնաբանությունը կա Նարեկացու «Տաղ Վարդավառի» բանաստեղծության մեջ: Ըստ Ավետարանի՝ Քրիստոսը ճերմակափայլ զգեստներով հայտնվում է Թաբոր լեռան գագաթին: Տաղում երևում է Քրիստոսը, ով իր լույս ու ջերմությամբ է լցնում բնությունը, կյանք ու կենդանություն տալիս աշխարհին, մարդկությանը:

Մենք հավատում ենք Քրիստոսի ինչպես ծնունդին, այնպես էլ հարությանը. Համանուն տաղում Նարեկացին ոսկյա աթոռին բազմած արքայորդուն է ներկայացրել և նրան մկրտած Հովհաննես Մկրտչին, ով փորձում է շարժել արքայորդու սայլը՝ որպես քրիստոնեությունն առաջինը տարածող: Սայլը Արարատ լեռան լանջին է, որ իր բառիմաստով, իր խորհրդաբանությամբ ստեղծման, ծնունդի ակունք է:

Ամեն Սուրբ ծնունդի մենք մաքրում ենք մեր միտքը, մեր հոգին: Իսկ Հարության տոնին  զատվում մեղքերից, սկսում նոր՝ վերարժևորված կյանք:

Ծնունդի, Վերածնունդի խորհուրդը հայերի հոգևոր կյանքի,ազգային արժեհամակարգի ու մշակույթի անբաժան մասն են եղել՝ բոլոր ժամանակներում:

Եվ դա մեր ապրելու երաշխիքն է:

 

Հեղինակ՝ Վանուհի Բաղրամյան