Սուրբ Սարգիսը թարգեց ծխելը

Գլուխը կախ քայլել Սարգիսը սովորել է հորից: Երջանկահիշատակը միշտ ասում էր. «Որդի՛, գետնին նայելով քայլիր, որ միշտ հիշես անցած ճանապարհդ»: Փոքր ժամանակ Սարգիսը չէր հասկանում՝ «անցած ճանապարհն» ինչ է, բայց գետնին նայելով քայլել սիրում էր, մանավանդ` երբ մի անգամ քաղաքի հին շուկայի գետնից թղթադրամներ գտավ, որով էլ գնեց առաջին սիգարետը: Ճիշտ է՝ երեկոյան տանը ոչինչ չկերավ, բացի հայրական ապտակներից, բայց երբ տարիներ անց հայրը մեռնում էր, կանչեց որդուն ու ասաց.

-Որ ծխես, ինձ կհիշես:

Սարգիսն էլ ծխում էր: Արդեն իր մազերն էին սպիտակ՝ հոր մազերի պես, արդեն ինքը որդի ուներ, արդեն հասկացել էր «անցած ճանապարհն» ինչ է, ու քանի որ հասկացել էր՝ ավելի շատ էր ծխում, քան առաջ: Ճարտարապետ էր: Որդին դպրոցում ու բակում պարծենում էր, թե բա՝ «պապաս ա քաղաքը սարքել»: Չէր խաբում. եկեղեցին Սարգիսն էր սարքել, շուկայի շենքը Սարգիսն էր սարքել. դե քաղաքն էլ ինչ է, եթե ոչ եկեղեցի ու շուկա, լավ, մեկ էլ ճանապարհ շուկայից՝ եկեղեցի, իսկ ավելի հաճախ՝ հակառակը: Հենց եկեղեցու կառուցումից հետո քաղաքը Սարգիսին կոչեց Սուրբ Սարգիս: Սրբի նման էլ էր: Օրինակ, չկար մի մարդ, որը տեսել էր, կամ լսել, որ Սարգիսը մարդ է ծեծել, հայհոյել, բղավել, խաբել, դավաճանել, գողացել, շնացել, հարևանի կնոջը կամ ունեցվածքը ցանկացել... Ամեն օր վաղ առավոտյան գնում էր գործի, ամեն օր ուշ գիշերին վերադառնում էր տուն՝ գլուխը կախ՝ փողոցում էլ, աշխատավայրում էլ, տանն էլ:

-Էնքան անհանգիստ եմ քո համար,-մի անգամ ասել էր կինն ու միանգամից շարունակել,-որ մեռնես, հաստատ դրախտ ես ընկնելու, իսկ դրախտում ծխախոտ չես գտնելու:

Սարգիսն էլ նոր սիգարետ էր վառել:

-Սաղ աշխարհը պայքարում ա ծխելու դեմ, սա՝ սաղ աշխարհի,-երևի ինքն իրեն ասել էր կինը:

Խեղճը երկար չապրեց: Մի աշուն, երբ հասկանալի չէ՝ աշուն է, թե ձմեռ, ուշ գիշերին մահճակալի մեջ թեքվեց դեպի Սարգիսն ու ասաց.

-Քաղաքը կառուցեցիր, բայց մեր կյանքը չկարողացար:

Առավոտյան չզարթնեց:

Սարգիսը գիշերներն էլ էր աշխատում: Բացում էր գծագրերը, մոխրամանն ու սուրճը դնում կողքին ու հանկարծ լուսանում էր: Պատվերը մի մեծահարուստից էր: Արտասահմանից վերադարձել էր հայրենիք ու որոշել հայրենի քաղաքում մեծ խանութ սարքել: «Ինչի՞ հենց խանութ»,-հարցրել էին քաղաքապետարանից: «Բա էլ ի՞նչ»,-պատասխանել էր: «Իսկապես որ, բա էլ ինչ»,-արձագանքել էին ու հաստատել շինթույլտվությունը: Հայրենադարձը որոշել էր, որ խանութը պետք է լինի քաղաքի կենտրոնում, որտեղ դեռ մնացել էին քարաշեն, խարխուլ տները, որտեղ դեռ ապրում էին երազող մարդիկ: Բողոք, իհարկե, եղավ, բայց բողոքի ակցիաները մարեցին փողով, ինչպես գրեթե բոլոր բողոքի ակցիաներն են մարում: Բայց հին քաղաքացիներից մեկը հենց շինհրապարակում մոտեցավ ճարտարապետ Սարգիսին ու ասաց.

-Լավ բա դու, որ էսքան հին մարդ ես, չես ամաչո՞ւմ:

Սարգիսը ծխում էր: Հին քաղաքացին էլ կանգնեց նրա կողքին՝ այնտեղ, որտեղ առաջ իր տունն էր, ու ինքն էլ ծխեց:

Մեկ-երկու ամսից խանութը կառուցվեց: Հայրենադարձ մեծահարուստն իրականում բարեսիրտ մարդ էր ու հատուկ ակցիա արեց այն մարդկանց համար, որոնք առաջ ապրում էին այդ տարածքում: Մեկ ամիս նրանք կարող էին խանութից ցանկացած բան գնել՝ 20 տոկոս զեղչով: Ու առնում էին: Քաղաքի մյուս ծայրում իրենց հատկացված բնակարաններից գալիս էին ու հերթ կանգնում, որ զեղչից օգտվեն:

Քաղաքը փոխվում էր: Առաջվա ցածլիկ շենքերին փոխարինում էին բարձրահարկերը, ու որքան ավելանում էին դրանք, այնքան շատ էր ծխում Սարգիսը: Արդեն դժվարությամբ էր քայլում, գլուխն արդեն ոչ թե կախում էր, այլ չէր կարողանում բարձրացնել: Ժպտում էր, երբ իր կառուցած քաղաքում քայլելիս՝ ծանոթ մարդ էր տեսնում: Քիչ էր ժպտում:

-Բարի լույս Ձեզ,-մի առավոտ ասաց մի երիտասարդ տղա՝ հավանաբար ճանաչելով արդեն հռչակավոր ճարտարապետին, կամ գուցե սիրալիրությունից:

-Ի՞նչ լավատես ես,-ժպտաց Սարգիսը:

Որդին չուզեց ապրել հոր կառուցած քաղաքում: Ամեն օր զանգում էր: Սարգիսն ամեն օր հարցնում էր որդուն.

-Ծխո՞ւմ ես:

-Չէ, պա՛պ, քանի անգամ ասեմ՝ չէ,-ամեն օր պատասխանում էր որդին:

-Ափսոս,-ժպտում էր Սարգիսը:

...

Հայրական տանը մարդ չկար: Հոր աշխատասենյակում անմար լույսը վառված չէր: Որդին ներս մտավ: Սեղանն ինչպես միշտ թափթփված էր, հին գրքեր, նոր գծագրեր, բայց...Բայց մոխրամանը չկար, մշտապես լեփ-լեցուն մոխրամանը, զզվելի հոտով մոխրամանը, սպիտակ եղած, բայց սևացած մոխրամանը, հին մոխրամանը:

-Փաստորեն ծխելը թարգել էր,-գլուխը հպարտորեն վեր բարձրացնելով՝ սա ասաց որդին, որը վերադարձել էր, քանի որ հայրերի հոգեհացին մասնակցելու համար որդիները միշտ վերադառնում են:

 

Հովիկ Աֆյան