Ստեփանակերտի «Օպտիկան», Մարգոյի դոշաբը և մեր վերքի աղը

«ArtCollage»-ը շարունակում է իր ընթերցողներին ներկայացնել Սոֆյա Հակոբյանի «Պատանդի օրագիրը» շարքը

 

*** 

Բլոկադայում, ասում են, կարևոր է ընկերներ ունենալը: Ես էլ ունեի, շատ կամ քիչ` չգիտեմ, բայց ունեի, և դա ինձ լիովին բավարար էր բլոկադան հավուր պատշաճի անցկացնելու:

Դե, ինչ բլոկադա, եթե մի հուշ էլ չունենաս քեզ երկու գազարով ու կոմպոտով այցի եկած Անիից (չնայած դու միայն գազարն էիր խնդրել), Բերդաշենից

«կառավարական» գազելով հյութալի տանձ ուղարկած Ասպրամից, Թաղավարդից վերջին բենզինով քարշ տրված պնդուկից, 6-7 կիլոմետրանոց համատեղ երջանիկ քայլքից, ու երկար, շատ երկար տևող մութ ժամերին մոմի լույսի տակ հակասական զրույցների զգացմունքային կամ զգացմունքները խնամքով թաքցնող զրուցակիցներից: 

Բլոկադային ընկերներիցս միայն մեկն էր, որն ամբողջ այդ ընթացքում Ստեփանակերտում էր, բայց և չէր: Երբ նոր էի եկել Ստեփանակերտ`միշտ կողմնորոշվում էի Մարգոյի հայրիկի` ձյաձ Սերգեյի օպտիկայի խանութով ու բոլորին մեծ ինքնավստահությամբ միշտ բացատրում`«Մարգոյի պապայի օպտիկայից վերև, Մարգոենց օպտիկայից ներքև»: Սա հավանաբար անում էի այդքան սիրով, ոչ թե որովհետև վերջապես սկսել էի այդ փոքրիկ քաղաքից գլուխ հանել, այլ որովհետև ամենասկզբում դա դեռ միակ ցուցիչն էր, որ ես այս քաղաքում ընկեր ունեմ: Ընկեր, որը այս քաղաքում էր, բայց չէր:

 

*** 

Մարգոյի հետ երկար, իսկապես անվերջ թվացող տարիներ աշխատել էինք կողք- կողքի, լրահոս էինք թարգմանում: Երկար, որովհետև դա ո՛չ իմ, ո՛չ Մարգոյի երազանքի գործը չէր, և այդպիսի գործերը, գիտեք, հավերժություն են թվում: 

Մենք միայն գիտեինք, որ Մարգոն Ստեփանակերտից է, Սոնայի մորքուրի աղջիկն է, շատ է սիրում անտառ ու լեռնային խոտաբույսերով թեյեր: Մի անգամ Արցախից գալուց իր հետ բերել էր իսկական արցախյան ուրց, որը խմելուց հետո մեր ռուսերենի թարգմանիչը ուղղակի ուշագնաց եղավ`բառի բուն իմաստով: Իհարկե, շտապօգնություն կանչելն ու դիմավորելն ինձ վրա էր, դե արի ու բացատրի` Ղարաբաղի ուրցն է մեղավոր: 

Եվ այդպիսին էր նաև Մարգոն`Ղարաբաղի ուրցի պես խորհրդավոր, ինչ-որ «խորքերից» եկած ու հաճախ մեկ հարվածով կամ խոսքով տապալող: 

Ես ուրիշ ոչինչ չգիտեի Մարգոյի, Մարգոյի տան, ծնողների ու նրանց «օպտիկայի» մասին: Երկար ժամանակ ամենատպավորիչ հուշը, որ ունեի Մարգոյի հետ կապված, դա այն էր, երբ եղբորս Մարտակերտ մեկնելու օրը արագ, խուճապահար նամակ էի գրել իմ` այն ժամանակ միակ արցախցի ծանոթ Մարգոյին, որովհետև այն ժամանակ դեռ պատկերացում չունեի, թե ոնց են գնում «Ղարաբաղ Տելեկոմի» քարտ ու հասցնում այն զինվորին: Լավ էի հիշում այդ դրվագը, որովհետև Մարգոն այդ ժամանակ (և գուցե մինչև հիմա էլ) միակ մարդն էր, որ եղբորս մասին նախադասությունը սկսեց «Շնորհակալ եմ եղբորդ» բառերով: Կասեք` հայրենիքի հանդեպ պարտքն էր, ինչ շնորհակալություն: Բայց, արի ու տես, կյանքն ու մահը, պատերազմն ու դրանց արանքում ընկած փոքրիկ խաղաղություններն ապացուցում են`զինվորը երբեմն արժանի է լսել այդ «շնորհակալությունը»:

Ինչևէ: Հետագայում, պատերազմից հետո ինձ էր մի քանի անգամ բաժին ընկել Արցախից ուրց ու էլի մի քանի սիրելի խոտաբույս Մարգոյի համար Երևան բերելու առիթը, բախտը կամ դժվարությունը: Դժվարություն բառը չեմ ասում, քանի որ նեղություն էի քաշում իր ծնողների՝ ամենայն խնամքով Մարգոյի համար պահած բարիքները բերելուց: Ոչ՝ բնավ: Դժվարություն եմ ասում, որովհետև, երբ հասկանում էի, որ Մարգոն, որի մանկությունը մնացել է այլևս հետպատերազմյան ու խոժոռ հայացքով քարացած Ստեփանակերտում, իմ թեթևությամբ չի կարող այստեղ գալ ու բուժվել չարաբաստիկ նոյեմբերից հետո` իսկապես ծանր էի շնչում: Իսկ ես, ես ինչ կարող եմ անել մեր Մարգոյի համար բացի մի փունջ տապալող ուրց բերելուց: Ոչինչ: 

 

*** 

«Դու ինչ կարող էիր`արեցիր».

Սա էր Մարգոյի պատասխանը, երբ ներսիցս կարծես կրակ պոկելով գրեցի`«Մարգուշ, ես որոշել եմ դուրս գալ Ղարաբաղից»: 

Բայց ավելի հետաքրքիր բաներ կային վերը նշված նախադասությունից առաջ, որ ասեց Մարգոն, և դրանցից առաջինը` «Լավ ես անում», երկրորդը`«Անվտա՞նգ է»: Այդ պահին երևի թե միայն Մարգոյի, խոժոռ հայացքով քարացած ճերմակ քաղաքի աղջիկ Մարգոյի համար էր, որ ես հայրենասիրական էգոիզմի բավարարման օբյեկտ չէի, ես միայն ես էի ու իմ կյանքն էի: 

Շնորհակալություն, Մարգո, որ հիշեցրել ես ինձ այդ մասին կյանքիս ամենաանելանելի պահին: 

 

*** 

Եթե փորձեմ հիշել անցյալում մնացած ճերմակ քաղաքի`ինձ համար Ստեփանակերտը Ստեփանակերտ դարձնող դեմքերին`անշուշտ, մեկը Մարգոյի հայրիկն է լինելու: Վազգեն Սարգսյան փողոցի վրայի իր «Օպտիկայի» դիմաց նստած ինչ-որ բան ընթերցելիս: Այս երեք պատկերներն անջնջելիորեն տպվել են իմ հիշողության մեջ. Ստեփանակերտը, Մարգոենց «Օպտիկան» և ձյաձ Սերգեյը: Իրեն հատուկ սրամտություններով կամ պարզապես հեռվից ժպտալով ուղեկցում էր միշտ դեպի տուն բարձրացող ճանապարհս, իսկ ես երբեք, երբեք հարցեր չէի տալիս իրավիճակի կամ նրանց պլանների մասին, որովհետև համարձակությունս ու հանդգնությունս չէր ների այս մարդկանց, Ստեփանակերտը Ստեփանակերտ դարձնող մարդկանց ասելու կանխագուշակածս ամենի մասին: Երբեմն էլ այնպես էր պատահում, որ չգիտեի`ես եմ ավելի վատ վիճակում, որ տանից, գերեզմաններիցս ու ողջերիցս հեռու եմ մնացել այստեղ, թե Մարգոն`որ լուսավոր Երևանում է, բայց առանց իր տան ու ծնողների: Եվ, իհարկե, ավելի «ցանկալի» էր, եթե դու էիր բլոկադայում, ոչ թե ամենաթանկերդ, ոչ թե տունդ, ոչ թե բոլոր գերեզմաններդ: Եվ հետևաբար`միշտ չէր, որ ես անցնում էի Մարգոենց «Օպտիկայի» մոտով տուն գնալիս, հաճախ նաև շրջանցում էի փողոցը, որովհետև գիտեի`ձյաձ Սերգեյի համար ես Մարգոյի մասին էի, բայց Մարգոն չէի, իսկ իմ համար նրանք ծնողի մասին էին, բայց ծնողս չէին, և կարիք չկար ավելորդ անգամ իրար վերքերի աղ լցնելու: 

Վերջին անգամ միայն, անխուսափելիորեն անխնա վերքոտվեցինք, երբ Մարգոյի ծնողները՝ անձրևի տակ ձեռք ձեռքի տված հասել էին դուռս` թարախային անգինաս բուժելու հավակնող դոշաբի հետ միասին: Այն դոշաբը, որ Մարգոյինն էր, բայց չէր հասել նրան բլոկադայի պատճառով: 

«Գիտես, չէ... », -դառնացած, բայց անխախտ կարեկցանքով փորձեց արտաբերել Մարգոյի մաման`Մարգոյի համար փայփայած դոշաբը ինձ մեկնելիս: 

«Գիտեմ...»: 

Սիրելի, Մարգո, ես միշտ խնայելով եմ խմել այդ դոշաբը, որ եթե մի օր հասնեմ Երևան`այս դոշաբից, արցախյան քո վերջին դոշաբից, այն դոշաբից, որ այդքան համեղ էր ու այդքան դժվար էր անցնում կոկորդովս, այդ դոշաբից քեզ էլ մի բան հասներ: Եվ կներես, որ դոշաբ այդպես էլ չմնաց, որովհետև վերջում ամեն ինչ իսկապես շատ վատ էր: 

 

*** 

Կարսից վերջին, հետբլոկադային վերադարձից հետո արցախցի Ասպրամը ասում է`«Երեք օր ա աչքերս փակում եմ`Անին եմ տեսնում»: 

Ոմանք էլ`վերադարձից են խոսում: Արցախ վերադարձից: Կարս ու Անի դառնալ չեն ուզում: 

Ո՞րն է ավելի ծանր բեռ`առանց ինքնությա՞ն, թե առանց հայրենի տան մնալը, առանց հո՞ւյս, թե առանց ինքնախաբեության քայլելը, առանց անցյա՞լ, թե՞ առանց ապագա մնալը: Չգիտեմ ու չեմ կարծում, թե որևէ մեկը հստակ գիտի: Միայն գիտեմ, որ բոլոր պարագաներում անթույլատրելի է մեկ բանը`հիշողությանը դավաճանելը: Երկու գազարի, Բերդաշենից եկած տանձի ու Թաղավարդի պնդուկի, անլույս օրերի լուսավոր զրույցների թաղված զգացմունքների, ճիշտն ասելու համարձակությունն ունեցողների ու մինչև վերջ ստողների, և ի վերջո`քո տան ու տուն չվերադարձածների հիշողությունը:

 

Սոֆյա Հակոբյան